Արմեն Գևորգյանը ներկայացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին: Փոխվարչապետը շնորհավորել և նոր պաշտոնում հաջողություններ է մաղթել կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարևոր և միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրան կհաջողվի իրականացնել կառույցի առջև դրված խնդիրները:

«Ոլորտում իրականացվում են և առաջիկա տարիներին ևս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման եւ խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պարոն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Արմեն Գևորգյանը:

Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի հնարավորը՝ իր առջև դրված խնդիրները լուծելու և ոլորտում արձանագրված ձեռքբերումները շարունակելու համար:

Փոխվարչապետը նաև արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի եւ երկարատև աշխատանքի համար Անդրանիկ Անդրեասյանը պարգևատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

Աղբյուրը՝ http://norlur.am/?p=78294

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *