ԱՐՎԵՍՏԸ ՊԻՏԻ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ, ՔԱՆ` ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն անգամ, երբ նկարիչ Ավագ Ավագյանն իր նոր նկարներն է ցուցադրում, ապրում ես ոչ միայն նրա նկարներով հիանալու նոր պահեր, այլեւ ամեն անգամ զարմանում,  թե որքան մեծ է նրա սերը գույնով, երանգով, հույզով աշխարհն ու բնությունը բացահայտելու  ցանկությունը: Ու ամեն անգամ նրա գույներն ավելի տաք, թափանցիկ, նրա պատկերներն ավելի ազնիվ, նրա ընկալած աշխարհն ավելի բանաստեղծական է ներկայանում, ավելի արարչամերձ ու անաղարտ:
Ավագը թեւ չի ստացել գեղանկարչական մասնագիտական կրթություն, եւ նկարչություն սովորելու մանկության երազանքը մնացել է Շաքեի շքեղաշուք ու նկարչագեղ ձորում, բայց հենց այդ երազանքն էլ  դարձել է նրա գեղանկարչության ուսուցիչը, ջրվեժաշառաչ մանկության ձորը` գեղանկարչության դպրոցը:
Հետո ստացել է տեխնիկական լավ կրթություն, աշխատել, բայց նկարեն գեղեցկությամբ մանկության ձորի մեծ երազանքը  մշտապես ապրել է նրա հոգում. «Ես մտածել եմ, որ նկարչությունն իմ մեջ է, ո՞վ կկարողանա խլել ինձանից, – ասում է Ավագ Ավագյանը, – ու այդ զգացումով եմ ստացել այլ մասնագիտություն, բայց միշտ իմ մեջ ապրեցրել եմ այն միտքը, որ … Աշխատում էի բժշկական տեխնիկայի գործարանում, ինձ համար նաեւ վրձիններ էի պատրաստում, արվեստի, գեղանկարչության վերաբերյան գրականություն հավաքում, կարդում էի մեծ նկարիչների մասին, ասես նախապատրաստվում էի, ու, պատկերացնու՞մ եք, երբ գործարանն  այլեւս դադարեց աշխատել, երեւի միակ մարդը ես էի, որ ուրախացել էի դրա համար…»:
Նկարիչ ընկերներից մեկը` Սլավիկ Խաչատրյանն էլ ասում է, որ գուցե գեղանկարչական մասնագիտական որեւէ կրթություն չստանա՞լն է Ավագի համար մեծ առավելություն, որովհետեւ նա աշխարհը, բնությունը ընկալում է յուրովի, ինքնատիպ, միայն իրեն յուրահատուկ:
Նկարիչ դառնալու մեծ երազանքն այնքան է «կլանել» Ավագին, որ նա ձգտել եւ հասել է շատ ավելիին, քան կարող էր թույլ տալ իրականությունն ու իրավիճակը: Ինչպես ինքն է ասում, իրեն ավելի շատ նկարիչ է դարձրել այն հետաքրքրասիրությունը, որ ունեցել է աշխարհի, գույնի, երեւույթի նկատմամբ այլոց` մեծ նկարիչների ունեցած պատկերացումների մասին: Ու այդ հետաքրքրասիրությունը գեղանկարչության մասին գրքեր կարդալուց հետո նրան տարել է աշխարհի մեծագույն թանգարաններ` սեփական աչքերով տեսնելու մեծերի կտավները, իրեն հետաքրքրող հարցերին ինքն անձամբ պատասխան գտնելու: Քչերը կլինեն մեր նկարիչների մեջ, գուցե` հազվադեպ, որ Լուվրի, Ամստերդամի, Գերմանիայի, Վենետիկի աշխարհահռչակ թանգարաններ այցելած լինեն` տեսնելու, զգալու, ապրելու այն, ինչ տեսել, զգացել, ապրել են գեղանակարչության արարիչները: «Մեծ արժեքի հետ  շփվելիս ինքդ էլ վեհանում, վսեմանում, աստվածանում ես,- ասում է Ավագը: -Շատերը տխուր են ապրում, որովհետեւ ծանոթ չեն այն ուրախություններին, այն հաճույքին, այն բավականությանը, այն վեհությանը, այն աստվածային վսեմությանը, ինչը պարգեւում է մեծ ու իսկական գեղարվեստը, դրա համար էլ նսեմ են ավելի, քան կարող է նսեմ լինել մարդ արարածը»: Այդ կապերի, եվրոպական արժեքների իմացության շնորհիվ բազմաթիվ նոր կապեր է ստեղծել, նոր ընկերներ ձեռք բերել, նոր հնարավորություններ բացել իր համար: Քանիցս նրա նկարները ցուցադրվել են Գերմանիայի ճանաչված ցուցասրահներում, քանիցս տեղի լրատվամիջոցներն են գրել Ավագի ցուցադրությունների մասին, ու Ավագի գույների, տաք ու ջերմացնող պատկերների միջոցով նրանք էլ Հայաստանն ու հայ մարդուն, հայ նկարչին են ճանաչել ու սիրել, ուրախացել ու զարմացել, որ իրենց համար անհայտ մի գյուղից սերած մի երիտասարդ այդքան շատ բան կարող է իմանալ իրենց մշակույթի մասին ու այդքան ջերմորեն նրանց ներկայացնել նաեւ իր անաղարտ ու մաքուր բնաշխարհը: «Իմ նպատակը չէ օտարերկրացիներին ցույց տալ, թե Հայաստանի լեռները որքան բարձր են, ձորերը` ինչքան  շատ, կիրճերը` որքան խորը, իմ նպատակը դրանց նկատմամբ հիացմունք, հույզ, ուրախություն պարգեւելն է: Եւ եթե ստացվում է, ուրեմն` իզուր չեմ նկարում»: «Դժվար չէ հասկանալ ու գնահատել նկարը,- ասում է Ավագ Ավագյանը:-Լավն է այն նկարը, որն ազդում է քո զգացմունքների վրա, հուզում է քեզ եւ բանաստեղծականությամբ համակում: Նկարը բացատրել,  թարգմանել պետք չէ»,- ասում է: Հիշում եմ Ճապոնական մի ասացվածք` բանաստեղծությունը խոսուն նկար է, նկարը` լուռ բանաստեղծություն: Ավագն, իրոք, համամիտ է այդ մտքին:
Շատերից եմ լսել, որ գեղանկարչական աշխատանքի համար արժեք են համարում կտավի չափն ու ծավալը: Բայց Ավագն ասում է, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Մեծ չափի եւ մեծ ծավալի մեջ կարող ես եւ ոչինչ չասել, ինչպես որ մեծ պոեմի մեջ չկարողանաս ասել այն, ինչը կարող ես ասել մի քառյակի, մի փոքրիկ բանաստեղծության, մի հայրենի միջոցով: «Ամեն նկար իր չափն ու ծավալը ինքն է որոշում, իսկ արժեքը նրա ասելքն է, նրա խորքը, նրա թողած տպավորությունը: Լավ գործը մարդուն ազնվացնում է, վատ գործը` հիվանդացնում, խաթարում: Մեկի համար ծառը վառելափայտ է, մեկի համար` ներշնչանքի առարկա, մեկի համար` «Նաիրյան դալար բարդի», ու մարդկային ներդաշնակությունը եւ բնությունը խաթարվում են այնտեղ, երբ նյութապաշտությունն է իշխում: Իմ բախտը բերել է նաեւ, որ ծնվել եմ այս նկարչագեղ ձորաշխարհում, իմ ծննդավայրն իմ ամենամեծ ոգեւորության եւ ներշնչանքի աղբյուրն է, ինչպես եւ յուրաքանչյուր մարդու համար իր ծննդավայրը, բայց իմ հավատամքը Տիցիանի խոսքերն են, որ ասում է` Արվեստը պիտի ավելի ուժեղ լինի, քան` բնությունը»:
Ամեն ինչից բացի եւ ամեն ինչից հետո չեմ կարողանում Ավագ Ավագյանին դուրս տեսնել Շաքեի շքեղաշուք ձորից: Թեեւ գուցե դա նրա «ստեղծագործական տարածքը» նեղացնում- փոքրացնում է, բայց, իմ կարծիքով, նրա սկիզբը անվերապահորեն այս ձորից է սկսվում, ու այս փոքրիկ աշխարհն է նրան տանում մեծ աշխարհ` իր տաք, միայն այս ձորին յուրահատուկ արեւաբույր, արեւագույն, արեւաթույր, արեւապաշտ գույների ողջ ներկապնակով:
Երբ պատկերասրահում, ուր ցուցադրված են նրա նկարները, զրուցում էինք Ավագի հետ, ու դրսում ցուրտ ձմեռ էր, Ավագն ասաց, որ ոմանք կարծում են, թե ձյունը, ձմեռը նկարչի թշնամին են, որովհետեւ գույնն ու երանգն են քիչ: «Բայց իրականում այդպես չէ, ամեն եղանակ իր հմայքն ունի, իր գույնն ու երանգը»: Իսկ Ավագի «ձմեռների ու ձյուների» մեչ այնքա~ն արեւ, այնքա~ն ջերմություն, այնքա~ն թեթեւություն կա, որ կարող է «հալեցնել» անգամ ամենասառը հոգին:
Ջերմացրեք ձեր հոգիները Ավագ Ավագյանի կտավների «կրակների վրա», ու աշխարհը որքա~ն ավելի գեղեցիկ կթվա, կյանքը` որքա~ն ավելի սիրելի, դժվարությունը` որքա~ն ավելի հեշտ հաղթահարելի, այս աշխարհում ապրելը` որքա~ն ավելի աստվածատուր պարգեւ…

Արեւհատ Ամիրյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *