ԱՓՍՈՍ ՄԻԱՅՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԼԻՆՈՒՄ Է … ՀԵՏՄԱՀՈՒ

Մայիսյան տոների խորհուրդը կարեւորելու, պատերազմ չտեսած նոր սերնդի մեջ եռատոնի հաղթական ոգին մշտարթուն պահելու, արյամբ ձեռք բերված հաղթանակների գինը արժեւորելու ու մերօրյա արժեհամակարգ դարձնելու նպատակն էր հետապնդում ԵԿՄ Սիսիանի վարչության նախաձեռնությամբ իրականացված` Աղվան Մինասյանի անվան ասմունքի մրցույթը, որն անցկացվեց Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում:
Իր բացման խոսքում անդրադառնալով բազում մարտահրավերների դեմ հանդիման հայտնված մեր իրականությանը` նախաձեռնության հեղինակ ԵԿՄ Սիսիանի վարչության նախագահ Արայիկ Վարդանյանը մասնավորապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երբ մեր հարեւան երկրում, ուր հերոսացնում են քնած մարդուն կացնահարող մարդասպանին, մենք, կարծես թե, մոռանում ենք մեր հաղթանակը կռողին, երկիր ու հող ազատագրողին, պատերազմում հաղթողին, եւ, այսպիսի մրցույթներ կազմակերպելով, հայրենասիրության այսպիսի բաց դասեր ներկայացնելով, փորձում ենք բարձրացնել հայրենյաց նվիրյալի, նահատակի, անվախ ու խիզախ զինվորի, քաղաքացու կերպարը, որով պիտի դաստիարակվի նոր սերունդը:13.05.2013_1
Դիմելով ասմունքի մրցույթի մասնակիցներին, ներկաներին, հանդիսատեսին, նախաձեռնության սատարողներին ու կյանքի կոչողներին` նա մասնավորապես ասաց` «Կրթեք եւ դաստիարակեք Աղվաններ, մեզ այսօր նրանք շատ են պետք»:
Իր տեսակի մեջ լինելով առաջինը` ասմունքի մրցույթը մեծ խանդավառություն էր առաջացրել հատկապես մասնակիցների շրջանում: Մրցույթը` մրցույթ, բայց գրեթե բոլոր մասնակիցները կարողացել էին մտնել վաղամեռիկ բանաստեղծ-զինվորի հոգու ներաշխարհը, ապրել, զգալ այն ամենը, ինչը, թերեւս, յուրահատուկ է միայն կյանքին, աշխարհին, մարդկանց սիրահարվածի հայացքով նայող պատանուն ու աղջկան: Յուրաքանչյուր դպրոց յուրովի էր ներկայացել, յուրաքանչյուր մասնակից յուրովի էր Աղվան Մինասյանի պոեզիային հաղորդակից դառնում,  մի բան, սակայն, ակնհայտ էր բոլորի մոտ ու բոլորի մեջ`  ափսոս միայն, որ այս ամենը լինում է … հետմահու:
ԵԿՄ Սիսիանի վարչությունը սահմանել էր մրցանակներ` լավագույն կատարումների եւ լավագույն մասնակցության համար:
Լավագույն դպրոց մրցանակին արժանացավ  ավագ դպրոցը:
Մ13.05.2013_2րցանակային առաջին տեղը գրավեց թիվ 2-րդ դպրոցի սան Հրաչ Խալաթյանը, 2-րդ տեղը` ավագ դպրոցի սան Աշխեն Հունանյանը, 3-րդ տեղը` 5-րդ դպրոցի սան Օֆելյա Բաղդասարյանը:
Պրոֆեսիանալ կատարման համար ժյուրի համակրանքին արժանացավ Աստղիկ Գեւորգյանը, համայնքապետի մրցանակին` Սաթենիկ Խալաթյանը, ինքնատիպ մասնակցության մրցանակին` թիվ 4 հիմնական դպրոցը:
ԵԿՄ վարչության կողմից հաղթողներն արժանացան դրամական պարգեւների, դպրոցները` DVD-ների եւ դիպլոմների: Տեխնիկական աջակցության ցուցաբերելու համար մշակույթի տանը նվիրեց հեռուստացույց:
Ամփոփելով Աղվան Մինասյանի անվան ասմունքի մրցույթը` ԵԿՄ փոխնախագահ Հրաչ Կարապետյանն ասաց, որ այն կդառնա ավանդական, որին այսուհետ կմասնակցեն նաեւ գյուղական դպրոցները:

Հ.Գ. Ի պատիվ ասմունքի մրցույթի կազմակերպիչների եւ մրցույթին մասնակցած քաղաքի 5 դպրոցների պիտի ասել, որ այն ոչ միայն ծառայեց իր նպատակին, ոչ միայն կայացավ իբրեւ լավ ստացված մշակութային միջոցառում, այլեւ ի դերեւ հանեց մշակութային այն մեծ ներուժը, որն ունի Սիսիան քաղաքը:
Բայց ունենալ մշակութային այսքան կարող ներուժ եւ լինել այսքան անմշակութային քաղաք, զարմանալի չ՞է…
Մի քաղաքում, որի համայնքապետարանում փակել են կրթության եւ մշակույթի բաժինը, իսկ հանրապետական օլիմպիադաներում հաղթողների պատվոգիր-դիպլոմները հանձնվում են մարզպետարանի բնապահպանության եւ գյուղվարչության պետի ձեռամբ, ուրիշ ի՞նչ պիտի լիներ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
13.05.2013

Մեկ Արձագանքման ԱՓՍՈՍ ՄԻԱՅՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԼԻՆՈՒՄ Է … ՀԵՏՄԱՀՈՒ համար

  1. Սահակյան says:

    Հետաքրքիր է, որ հոդվածի համար, իսկապես, հաջողված ու ինքնատիպ նկար է ընտրվել 5-րդ դպրոցի աշխատանքը ներկայացնող պատկերներից, իսկ հոդվածի համար շատ գեղեցիկ ու խոսուն վերնագիր է դարձել դարձյալ այդ դպրոցի աշակերտների շուրթերից արտաբերված խոսքերը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *