ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ-95 ՆՈՐՕՐՅԱ ՈՍԿԵՁԵՌԻԿԸ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


«Ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն իր բարձրարվեստ բազմապիսի ստեղծագործություններով մնայուն  հիշատակներ է թողել, որոնք վկայում են նրա հավատարմությունը ավանդականին, ազգայինը նորովի մեկնաբանելու արհեստավարժ կարողությանը:
Իր բեղուն եւ տարաբնույթ գործերով նա կարող է համեմատվել միջնադարի հայ մեծ վարպետների` Գալձակի, Սիրանեսի, Մոմիկի եւ այլոց հետ: Իր տաղանդի շռայլ գույներով Բաղդասար Արզումանյանը եզակի եւ ինքնատիպ երեւույթ է արդի հայ ճարտարապետների ընտանիքում. նրա նմանը չկա:
Ճարտարապետի իր բեղուն գործունեւոթյունը նա զուգակցել է գրքային գրաֆիկայով, թանկարժեք մետաղից գեղարվեստական ձեւավորումներ կատարելով, եկեղեցական սպասքի եւ հանդերձանքի ձեւեր հորինելով, հայկական ճարտարապետական հուշարձաններ չափագրելով ու հրատարակելով, նույնիսկ հանդես գալով որպես շնորհալի ծաղրանկարիչ:
Որպես հայ ճարտարապետների կենսագիր` պարտքս համարեցի պատշաճ գնահատականի արժանացնել իմ սաներից ավագի` Բաղդասար Արզումանյանի ստեղծագործական բազմահարուստ վաստակը, մեր եւ գալիք սերնդի հիշողությանը հանձնել նրա անունն ու գործերը` հիշատակելով այնպես, ինչպես հայկական միջնադարի վարպետաց վարպետների անունները:
Թվում է, թե այդ մասին շարադրելը հեշտ է, քանզի առատ է նրա գործերի շտեմարանը, սակայն նաեւ` դժվար, այդ ամենը շռայլ ու բազմազան լինելու պատճառով»:
Այսպես է գրել ճարտարապետ Վարազդատ Հարությունյանն իր «Նորօրյա ոսկեձեռիկը. ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի կյանքն ու ստեղծագործական վաստակը» գրքում, որը տպագրվել է 2004 թ.-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց սրբազնագույն եւ վեհափառ Գարեգին 2-րդ կաթողիկոսի հրամանով եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մեկենասությամբ:
(Ներկայացվող նյութը քաղված է վերոհիշյալ գրքից):

Բաղդասար  Հայրապետի Արզումանյանը ծնվել է Սիսիանի շրջանի Մազրա, այժմ` Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924 թ.-ին ընտանիքով տեղափոխվել է Նախիջեւան: Ի ծնե` գեղասեր, ի վերուստ նկարչական շնորհներով օժտված պատանու գեղարվեստական ունակությունները ծլարձակեցին, երբ 1928 թ.-ին, փոխադրվելով Երեւան, ընդունվեց Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութնամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որով հարստացած` 1936 թ.-ին ավարտեց այդ հաստատությունը: Առաջին աշխատանքներից մեկը նշանավոր Գրքի պալատի (այժմ` հրատարակչությունների շենքը Կորյուն-Տերյան փողոցների անկյունում) նախագծի մշակմանը մասնակցելն էր, որը նաեւ ճակատագրական եղավ նրա համար. հրապուրվելով ճարտարապերությամբ` 1938 թ.-ին ուսումը շարունակում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: Նրա ուսումնառությունն անցնում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ծավալված բուռն շինարարության բովում հայկական նորոգ ճարտարատերությունը զարգանում էր` հիմնվելով ժողովրդի հարուստ ժառանգության, ավանդույթների ստեղծագործական վերաիմաստավորման վրա: Նրա ուսման տարիները համընկան նաեւ խորհրդային երկրի ամենամռայլ ժամանակաշրջանի հետ. հնձում էր ստալինյան եղեռնը: Նրա ուսուցիչներ Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը հայտնվում են հեռավոր աքսորում, բանտարկվում է պրոֆ. Նիկողայոս Բունիաթյանը: Պակասը կարծես լրացնում է 1941 թ.-ին սկսված Հայրենական մեծ պատերազմը, եւ 2-րդ կուրսի ուսանող Բաղդասար Արզումանյանը զորակոչվում է բանակ: Պատերազմի ավարտից հետո նա շարունակում է ծառայել Արեւելյան Գերմանիայում եւ զորացրվում է միայն 1946-ին` կուրծքը զարդարած «Հայրենական պատերազմի 2-րդ կարգի» եւ «Կարմիր աստղի» շքանշաններով, «Արիության համար», «Քյոնիքսբերգի գրավման համար», «Գերմանաիայի դեմ տարած հաղթանակի համար» եւ այլ մեդալներով:
Վերադառնալով Երեւան` նա ավարտում է կիսատ մնացած ուսումը:
Բաղդասար Արզումանյանն իր աշխատանքային գործունությունն սկսում է Երեւաննախագիծ ինստիտուտում  սկզբում որպես շարքային նախագծող, իսկ երբ ծլարձակում են նրա մասնագիտական կարողությունները, արժանանում է արվեստանոցի գլխավոր մասնագետի, ապա` ղեկավարի պաշտոններին: Նրա առավել հիշարժան նախագծերից են Երեւանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը, Էրեբունի թանգարանի շենքը, ճոպանուղու ներքեւի կայարանը, Երեւանի կոնյակի գործարանի հավելված մասը եւ այլ աշխատանքներ: Նրա նախագծով է կառուցվել նաեւ ծննդավայրի` Բարձրավանի` Հայրենական մեծ պատերազմում  զոհվածների հիշատակը հավերժացնող ինքնատիպ հուշարձանը:
1955 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահաժառանգ, Ամենայն հայոց կաթողիկոս դառնալով` Վազգեն Առաջինն իր եկեղեցական-ազգային գործունեությանը զուգընթաց նպատակադրվում է իրականացնել շինարարական-վերանորոգչական ծրագրեր, ինչի համար Մայր Աթոռին առընթեր ստեղծում է մասնագետներից բաղկացած խորհրդատու հանձնախումբ, որը գլխավորում է աքսորից վերադարձած անվանի ճարտարապետ Միքայել Մազմանյանը: Հանձնախմբի կազմում ընդգրկվում են շնորհաշատ ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանը, Բաղդասար Արզումանյանը, հայ գեղանկարչության մեծատաղանդ վարպետ Գրիգոր Խանջյանը եւ այլք: Բացի շենքերի նախագծումից, Բաղդասար Արզումանյանը ներգրավվում է այնպիսի բնագավառներում, որոնցում առհավետ արձանագրում է իր բազմաշնորհ կարողությունները: Նրա նախագծով են կառուցվել Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նոր Նորքի Սուրբ Սարգիս, Սպիտակի Սուրբ Հարություն, Քաշաթաղի Սուրբ Նահատակաց, Գյումրիի Սուրբ Հակոբ, Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն  եկեղեցիները, Սեւանի Վազգենյան դպրոցի եկեղեցին,  Մայրավանքի վանատունը, Գանձատունը, Հայրենք-Սփյուռք հուշակոթողը,  Վեհարանի բակի խաչքարը, նոր Վեհարանի գահասրահը, ոսկեկուռ սկիհներ, կաթողիկոսական գավազան, եկեղեցական ամենաբազմազան սպասք ու զարդեր եւ այդ ամենի հավերժական գլուխգործոց հայոց Ոսկեկուռ Այբուբենն ու Ոսկեկուռ Խաչը:
Շուրջ կես դար Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական կարողություններն ի սպաս դրեց Սուրբ Էջմիածնի գահակալներ Վազգեն Ա-ի, Գարեգին Ա-ի, Գարեգին Բ-ի տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Նա մնաց հավատարիմ ազգային ճարտարապետության հարուստ ավանդույթներին` հանդես բերելով իր թարմաշունչ մտածողությունը: Ապրեց օրհնյալ կյանք: Իր մահկանացուն կնքեց 2001 թ.-ի նոյեմբերին:
Մայր Աթոռը խորին ցավով ու ափսոսանքով ընդունեց իր հավատավոր զավակի, անվանի ճարտարապետի մահվան լուրը` գրելով`«…Ի խորոց սրտի մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բազումողորմ Աստված, հայցումով, որ Տերը երկնային երանավետ բարձունքներում խաղաղության մեջ ընդունի Բաղդասար Արզումանյանի լույս հոգին եւ Սուրբ Հոգու շնորհիվ մխիթարություն ու սփոփանք պարգեւի նրա սգակիր ընտանիքին:
Խունկ ու Աստվածային օրհնություն Բաղդասար Արզումանյանի շիրիմին»:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *