ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ

14

-1999թ-ից Իշխանասարի համայնքապետն եմ: Որպես համայնքապետ ինձ ամենից շատ ուրախացնում է այն իրողությունը, որ, ի տարբերություն շատ բնակավայրերի, Իշխանասարում ոչ թե արտահոսք է, ոչ միայն կայունացում է, այլեւ` ընտանիքների թիվը ավելանում է: Իմ` համայնքապետ ընտրվելու ժամանակ 60 ընտանիք էր ապրում գյուղում, հիմա` 76: Ավելացել է ծնունդների թիվը, ամուսնություն կա, խնամիություն կա, առաջընթաց կա: Գյուղացին ջուրն ունի, հողն ունի, խոտհարքն ունի, անասունն ունի, աշխատում-ապրում է; Շրջկենտրոնին` մոտ, տարանցիկ մայրուղուն` մոտ: Շատ բնակավայրերի համար գազը որ երազանք է, Իշխանասարում գազն էլ կա, եւ 30 ընտանիք արդեն օգտվում է բնական գազից: Շատ բնակավայրերի համար որ արտադրածն իրացնելը մեծ հոգս է, Իշխանասարի համար «Վորլդ Վիժնը» նաեւ այս հարցն է լուծել. հենց մայրուղուց գյուղ տանող խաչմերուկի վրա կառուցվել է բոլոր հարմարություններով շուկա, ուր իրենց ապրանքն են վաճառում նաեւ Շաքեի, Սիսիանի եւ հարակից գյուղերի բնակիչները: Աղավնաձորցին կարող է, մերոնք չ՞են կարող:
Կարծում եմ` ամեն ինչ միանգամից չի լինում ու հեշտ չի լինում: Բայց եթե գյուղում դպրոցը կայունանում է ու աշակերտների թիվը շատանում, եթե ութնամյա դպրոցը միջնակարգ է դառնում, առաջընթաց է: Եթե դպրոցի շենք չունեցող գյուղում 60 տեղանոց նոր դպրոցի հիմքեր են փորվում, առաջընթաց է: Իսկ այդպիսի առաջընթաց Իշխանասարն արդեն ունի. մայիսի 1-ից կսկսվի 210 մլն դրամ արժողությամբ նոր դպրոցի շենքի շինարարությունը: Գումարի կեսը հատկացրել է ՄԱԿ-ի` փախստականների հայաստանյան գրասենյակը, կեսը` Սոցներդրումների հիմնադրամը:
Գյուղապետարանի շենք չունեցող համայնքը այսօր դա էլ ունի, խանութ չունեցող գյուղը դա էլ ունի, վերանորոգված ակումբի ու կապի շենք ունի, ու մտածում ենք նաեւ մշակույթի տուն ունենալու մասին, որի հնարավորությունները նույնպես կան. դիմել ենք Զանգեզուրի ՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանին` սեփականատիրոջից գնելու եւ համայնքին նվիրելու 7 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող նախկին դպրոցի շենքը` մշակույթի տուն դարձնելու համար:
Ոչ միայն Իշխանասարի, այլեւ հարեւան համայնքների համար կարեւոր է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Սիսիանի մասնաճյուղի կողմից կառուցված կերաղացը, որին զուգահեռ կառուցվում է 1000 թեւ թռչնի համար ինկուբատորը, այն նաեւ նոր աշխատատեղեր կբացի: Սրանք, իրոք, լուրջ ձեռքբերումներ են գյուղի համար, իսկ գյուղի բնակիչներին հիմա զոռով էլ հողից չես կտրի:
Հիմնախնդիրները: Այո՛, որ գյուղը չունի, որ Իշխանասարը չունենա: Բայց տարիներ շարունակ թեւերի բաժանված գյուղը հիմա համախումբ է, եւ, կարծում եմ, ղեկավարից շատ բան է կախված: Վայ այն համայնքին, որի ղեկավարը ուժեղ չէ եւ համախմբվածության կրող չէ: Իմ աշխատանքը բերեց նրան, որ համայնքապետի` նախորդ ընտրությունների ժամանակ մրցակից չունեցա: Մարդիկ գնահատեցին այն, ինչ արել եմ եւ անում եմ համայնքի համար: Իսկ որպես համայնքի ղեկավար կգոհանամ իմ աշխատանքից միայն այն ժամանակ, երբ հիմնովին կլուծվի նաեւ ոռոգման ջրի հարցը, որը, ցավոք, այսօր շատ լուրջ հիմնախնդիր է: Թեեւ մի քանի տարի առաջ Գերմանական տեխնիկական համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ կառուցվեց 7.5 կմ երկարությամբ ջրատարը, սակայն Սպանդարյան ջրատարի` չգործարկվելու պատճառով խնդիրը մնաց չլուծված նաեւ Իշխանասարի համար, ու միայն հիմա է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում կառավարությունն ընդգրկել նաեւ մեր համայնքը, որն իրողություն կդառնա միայն  2010թ-ին:
Մեծ ու փոքր այլ գործեր էլ կան: Համայնքի կյանքում մեծ դեր է խաղում «Վորլդ Վիժնը», նրա աջակցությամբ 3 կմ երկարությամբ ջրագիծ տարվեց արոտավայր: Ցանել ենք 490 հա գարնանացան ու աշնանացան, եւ ակնկալում ենք բարեբեր տարի:
Չեմ կարծում, թե այն, ինչ կատարվել ու կատարվում է, բավարար է ու սահմանագիծ: Կարեւորն այն է, որ Իշխանասարն ապրում է բնականոն կյանքով, թեւ անելիքներ դեռ շատ ունենք:

Մարատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

294 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *