ԲԱՆԱԿԸ ՈՒԺԵՂ ՄԱՐԴՈՒ ՏԵՂ Է…

Սերյոժա Հայրապետյանը դժվարությամբ համաձայնեց զրուցել իր անցած մարտական ուղու, զինվորականի կենսագրության, ստացած մեդալների, շքանշանների մասին: Ասաց՝ մենակ ինքը չի, իր նման հարյուրավորները կան, ինքն էլ նրանցից մեկն է… Բայց լրագրողի համառությունը հաղթող դուրս եկավ «անհավասար մարտում»: Հետաքրքիր էր զրույցը կյանքի 50 տարիներից 25-ը զինվորական համազգետով ապրած մարդու մասին ու նրա հետ:

Շատերի նման ինքն էլ է 88-ից ներգրավվել համազգային զարթոնքին, գյուղի երիտասարդների հետ բարձրացել Աղոթարան: «Մեր ոչխարի հոտերը թուրքերը գողացել էին, եռապատիկը ետ բերեցինք, բայց դա չէր գլխավորը. կամաց-կամաց գիտակցեցինք, որ սկսվում է մի հզոր ալիք, մի կարեւոր գործընթաց, որն իր մեջ էր ներառում բոլորիս: Գյուղի երիտասարդները ջոկատներ կազմեցին: Ես Մախնոյի (Արայիկ Մուրադյան) խմբում էի: Բռնակոթի դիրքերից հասանք մինչեւ ազատագրված տարածքների սահմաններ: Հետո զինվորական լինելը դարձավ ճակատագիր, կենսագրություն, ապրած մի ողջ կյանք»: Հարցիս, թե որտեղի՞ց «սովետական ինտերնացիոնալիզմով դաստիարակված» սերնդի մեջ այն ոգին, այն ուժը, այն կամքը, թշնամուն իր որջում ոչնչացնելու ներքին մղումը, ասում է, որ դա արյան հետ է փոխանցվել իր պապից: «Պապս քնում-զարթնում էր Անդրանիկի մասին պատմություններով: Բռնակոթում եղած ժամանակ նա էլ, թեեւ ունեւոր չեն եղել, բայց բոլորի նման սննդամթերք են տարել Անդրանիկի զորքին: Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, առանց վարանելու միացանք կամավորական ջոկատներին: Մայրս մի քիչ վաշ-վիշ արեց, բայց հայրս ասել էր՝ որ իմ տղան չգնա, էն մեկի տղան չգնա, բա ո՞վ գնա… Դա Բռնակոթում Անդրանիկ տեսած մարդու դաստիարակության արդյունքն էր»:

Եվ պատերազմի մասին միայն կինոներից ու գրքերից պատկերացում ունեցող այդ սերունդն ինքը դարձավ պատերազմն իր ուսերին, իր հոգում, իր գիտակցության մեջ տանողն ու կրողը, ում կամքի ու զենքի ուժով էլ հայրենի հող ազատագրվեց: «Երբ առաջին անգամ հանդիպակած մարտի ես բռնվում, նաեւ վախի զգացում ես ունենում, բայց հետո այն դառնում է սովորական: Առաջին ցնցումը, որ ապրեցինք, Ահարոնի մահն էր, Վաչիկ Թանգյանը մեր խրամատում, մեր աչքի առաջ կտոր-կտոր եղավ: Առաջին անգամ մի տեսակ այլ զգացում ունեցա, երբ մեր կրակոցից թուրք էր զոհվել… Բայց հետո փոխվում ես, պնդանում ես, ձգվում ես, կամաց-կամաց գիտակցում ես նաեւ, որ… մարդասպան չես… դու սպանում ես նրան, ով եկել է … քեզ սպանելու… սա է պատերազմի օրենքը»:

Պատերազմ հաղթած մարդու հոգեբանությունը բոլորովին ուրիշ է: Պատերազմից հետո է դժվար… Ու շատերը չեն կարողանում հաղթահարել այդ բարդույթը: Դրա հետեւանքներն են ծանր: Հարցնում եմ՝ «Զինվորը նախկին լինո՞ւմ է»: Պատասխանում է՝ «Զինվորը մինչեւ կյանքի վերջ… զինվոր է: Դա հոգեբանական վիճակ է, որից դժվար է ձերբազատվել: Մարտական ուղի անցած, ընկերոջ զոհվելը աչքի առաջ տեսած, թուրք սպանած, սահման պահած, դիրքեր գրաված մարդը կուզենա, շատ կուզենա մառանալ իր ապրածն ու տեսածը, որովհետեւ դա անընդհատ իր հետ է, իր մեջ է եւ «հետապնդում է», բայց դա անհնարին է… Ինչպես մոռանաս քո կենսագրությունը, քո ապրած կյանքը»:

94-ի հրադադարից հետո շատերի նման կարող էր հեռանալ զինվորական կյանքից եւ հրաժեշտ տալ զինվորական համազգեստին: Բայց… «Սովետական բանակից զորացրվել էի սերժանտի կոչումով, ծառայություն էի անցել Բայկանուրում, Ենիսեյսկում, եւ լավ էի տիրապետում զենքին: Զինադադարից հետո Սիսական ջոկատի հրամանատարն ու շտաբի պետը առաջարկեցին 2-3 տարի էլ մնալ բանակի շարքերում, մինչեւ այն կադրային սպաներով կհամալրվեր: 2 տարին դարձավ 5-6 տարի: Հետո էլ տեսան, որ կադրայիններին չենք զիջում, առաջարկեցին մնալ ծառայության մեջ: 25 տարի ծառայել եմ հայոց բանակում: Սերժանտից դարձել եմ լեյտենատ, հետո՝ մայոր, դասակի հրամանատարից՝ վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար…»:

Կյանքի 25 տարին զինվորական համազգեստի մեջ ապրած մարդու համար դժվա՞ր է համազգեստին հրաժեշտ տալը հարցին միանգամից չի պատասխանում: Ասում է՝ հավանաբար: Բայց ինքը դեռ ծառայության մեջ է, աշխատում է պահակային ծառայությունում, 3 օրը մեկ հագնում է զինվորականի համազգեստը, եւ շարունակում ծառայել հայրենիքին ու հայոց բանակին: Հարցիս՝ ինչո՞ւ թողեց զինվորական ակտիվ ծառայությունը, ասում է՝ «Բանակը ուժեղ մարդու տեղ է. ուժեղ՝ հոգով, ուժեղ՝ ֆիզիկապես: Իսկ իմ ծառայությունն ինձ արդեն դուր չէր գալիս, առողջական լուրջ խնդիրներ էին ծագել, եւ ես չէի ցանկանում, որ իմ պատասխանատվության տակ ծառայող զինվորը իր առջեւ տկար եւ ուժասպառ զինվորական տեսներ»:

Ասում եմ՝ ի՞նչպես է գնահատում մեր բանակի 25 ամյակը: Ասում է՝ կարեւորը տարիքը չի, տարիքը միայն տարեթիվ է, կարեւորը այն ուժեղ, մարտունակ, ժամանակի սպառազինության պահանջներին համապատասխան դարձնելն է: «Դիրքեր պահելը կռվելուց էլ դժվար է, պատասխանատվությունը միայն ժամապահի վրա դնելը սխալ է: 90-ականների կռիվը չէ, որ կարողացանք ինքնաշեն ու որսորդական հրացաններով թշնամուն դիմակայել ու պատերազմ հաղթել: Հակառակորդին էլ պետք չէ թերագնահատել: Չէ՞ որ դիվերսիայի են ուղարկում պատրաստված, պարապած դիվերսանտներին, եւ նրանց պիտի համարժեք պատասխան տալ: Բանակի համար ինչ էլ արվի եւ ինչքան էլ արվի, երբեք շատ չի, եւ դրա կարիքը միշտ կա»:

Հարուստ զինվորական եւ մարտական կենսագրություն ունեցող մարդը ի՞նչ է զգում հիմա՝ ետահայաց նայելիս…

«Գոհ եմ իմ անցած ճանապարհից եւ իմ ապրած կյանքից: Եվ հայրենիքիս եմ ծառայել, եւ լավ ընտանիք ունեմ, երկու տղաներս իրենց պարտքը նույնպես կատարել են: Ավագ որդիս՝ Շահենը, երկու տարի առաջ է զորացրվել, կրտսերը՝ Լեւոնը, 4 օր առաջ, հացս էլ վաստակում եմ արդար ու հալալ քրտինքով…»:

Իսկ ստացած բազմաթիվ մեդալնե՞րը, շքանշաննե՞րը, պատվոգրե՞րը… Մարտական ծառայության, «ԼՂՀ մարտական ծառայության», «ԼՂՀ մայրական երախտագիտության» եւ բազմաթիվ այլ պարգեւնե՞րը… Անհամեստություն չի անում, եւ ասում է, որ գնահատված լինելը հաճելի զգացողություն է: «Դու ուրախանում ես ոչ թե մեդալ կամ՝ շքանշան ստանալուդ համար, այլ՝ քո գործած քաջագործությունների, քո կատարած սխրանքների համար»: Թեեւ բոլոր պարգեւներն ու մեդալները սիրելի են, քանի որ յուրաքանչյուրը մի-մի քաջագործության համար է, բայց 15-ից ավելի մեդալների, շքանշանների մեջ առանձնացնում է 2015-ին ՀՀ նախագահի կողմից ստացած «Արիության մեդալը», որին արժանացել էր Նախիջեւանի սահմանին հունիսի 26-ին կատարված մարտական գործողության ժամանակ, երբ կարեւոր հենակետ գրավեցին: «Ցավոք, ունեցանք զոհ՝ անգեղակոթցի պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը, 2 վիրավոր, բայց շատ կարեւոր մարտական գործողության արդյունքում հենակետ գարվեցինք»: Զրույցի վերջում խնդրեց իրեն չառանձնացնել որեւէ մեկից եւ ասաց՝ ինչ որ ասում է իր մասին, առանձնապես իր մասին չէ, զինվորի մասին է, հայրենիքի զինվորի, հայ զինվորի, իսկ ինքը նրանցից մեկն է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

3 մեկնաբանություն ԲԱՆԱԿԸ ՈՒԺԵՂ ՄԱՐԴՈՒ ՏԵՂ Է… հոդվածին

  1. Լյուբա says:

    Հրաշալի հոդված,հրաշալի մարդու մասին,տաղանդավոր խմբագրի կողմից …

  2. Qajazun Parsamyan says:

    Hayraoeryan@ im koxmic amenahargvac spanerica inq@ im avaq @ngerna exel &arayutyan @ntacqum iran bolor@ sirumein u chein hakacharum

  3. Hakob says:

    Es karoteci ko het anckacrac im orerin komandir jan!!!

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *