ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂ Է ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՎ, ԹԻԿՈՒՆՔԸ` ԲԱՆԱԿՈՎ

Բանակի եւ զինվորի նկատմամբ խիստ ընդգծված վերաբերմունք ունի յուրաքանչյուր հայ մարդ: Այդ իսկ պատճառով էլ մեծ է հանրային ուշադրությունը բանակին եւ զինվորին առնչվող ամենափոքր իսկ խնդրին: Լինելով համեմատաբար փակ տարածք, այն նաեւ հասարակության աչքի առջեւ է: Ու պատահական չէ, որ բանակին եւ զինվորին առնչվող խնդիրները երբեմն հասարակությունը պահում է խոշորացույցի տակ` այն ավելի անխոցելի, անթերի, վստահելի, ուժեղ տեսնելու ակնկալիքով:
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունները մեկ անգամ եւս հավաստում են, որ մեր պատերազմը դեռ չի ավարտվել, ու հարկ է, որ պատերազմող երկրի զինվորը իր թիկունքին ավելի ամուր, ավելի ուժեղ զգա ժողովրդի ուշադրությունը, հոգատարությունը:
Այս նպատակն է հետապնդում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` բանակ-հասարակություն շփման գիծը մոտեցնելու, սերտացնելու համար օրերս տրված հրամանը, որով հորդորում է հասարակական կազմակերպություններին, արցախյան պատերազմի վետերաններին, շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին հանդիպումներ կազմակերպել զորամասերում, մարտական հենակետերում, զինվորական հոսպիտալներում եւ զոհվածների ընտանիքների հետ, ունենալ բաց ու անկեղծ, հայրենասիրական զրույցներ, քննարկումներ, վեր հանել առկա խնդիրներն ու թերացումները:DSC03007
Ձեւավործած խումբը օրերս այցելեց Զանգեզուրի կայազորի` Աղիտուի զինվորական հոսպիտալ, եղավ Սիսիանի թիվ N զորամասում, զրուցեց զինվորների, սպայակազմի, հրամանատարության, հոսպիտալում եւ զորամասի բուժկետում բուժվող հիվանդ զինծառայողների հետ:
«Ծառայում եմ Մեղրիի զորամասում, առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել եմ Աղիտուի հոսպիտալ, բուժումներ եմ ստացել, առողջ եմ, վաղն արդեն կգնամ ծառայությունս շարունակելու»,- ասաց Անդրանիկ Ղազարյանը:
Խմբի անդամները կարեւորեցին Սիսիանի զորամասի բուժկետ ու ճաշարան այցը, եղան գրադարանում, զրուցեցին թե ղեկավար կազմի, թե զինվորներ հետ:
Սիսիանի զորամասի ճաշարանի պետ, ավագ ենթասպա Լուսինե Գրիգորյանը նշեց, որ ինքը շատ լավ է պատկերացնում ոչ միայն ճաշարանի դերը զորամասում, այլեւ` իր դերը, քանի որ ինքն էլ մայր է, իր 2 զավակները ծառայել են հայոց բանակում: «Ես ոչ միայն զինվորական ճաշարանի պետ եմ, այլեւ` մայր, ծնող, եւ որպես այդպիսին բացառում եմ, որ որեւէ զիվոր սոված մնա: Դրանից բացի` հիմա բոլոր զինվորներն էլ քաջ գիտեն եւ իրենց իրավունքները, եւ պարտականությունները, եւ որեւէ մեկը թույլ չի տա, որ ճնշեն իրեն, կամ` անտեսեն դրանք: Այսօր շատ բան է փոխվել, եւ մի քանի տարի առաջ դրսեւորված բացասական երեւույթները գրեթե վերացել են: Ունենք հատուկ անկյուն, որտեղ նշում ենք զինվորների ծննդյան օրերը, ես բոլորի ներկայությամբ հայտարարում եմ հոբելյարի անուն-ազգանունը, բոլորը շնորհավորում են, հետո նա ավելի մտերիմ ընկերների հետ նշում է իր ծննդյան օրը, այդ օրը հնչում է իր սիրած երաժշտությունը, տրվում է հատուկ սնունդ: Իհարկե` զորամասը տուն չէ, որ ամեն ինչ թույլատրելի լինի, բայց արվում է ամեն ինչ, որ զինվորն իրեն լիարժեք զգա, ուշադրության եւ հոգատարության պասկաս չունենա»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:DSC03023
Կողքից էլ հուշեցին, որ Սիսիանի զորամասի ճաշարանը բազմիցս լավագույնն է ճանաչվել 4-րդ բանակային կորպուսում:
Զորամասի բուժկետում բուժում էր ստանում միայն մեկ զինվոր, ինչը դրական համարեց զորամասի բուժծառայության պետ Շահեն Բադալյանն ասելով, որ կատարվում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները` գործը բուժկետին չհասցնելու:
«Զինվորական բժիշկը ամեն վայրկյան զգոն է, որ ճակատագրերի խեղման պատճառ չդառնա, ծնողների արցունքի տեղիք չտա: Բուժկետ այցելող զինվորն ինձ համար առաջին հերթին հիվանդ մարդ է, հետո նոր` ծառայող: Եվ քանի որ նա տնից-տեղից կտրված է, ծնողական հոգատարությունից հեռու, ուստի մեր վերաբերմունքով փորձում ենք լրացնել այդ բացը: Դա ավելի է պարտավորեցնում»,-հավելեց բժիշկը:
Ամփոփելով երկօրյա հանդիպումները, զրույցները` խմբի անդամ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության Սիսիանի բաժանմունքի պարետային ծառայության պետ, կապիտան Սարգիս Աղաջանյանն իր տպավորությունները դրական համարեց` նշելով, որ բավականին փոփոխություններ կան իր նախորդ այցերի համեմատ:
Իսկ «Հայորդիք» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Նունե Կիրակոսյանը նշեց, որ իր համար ամենակարեւորը եւ զորամամսում, եւ զորանոցներում, եւ բուժկետում, եւ ճաշարանում աչք շոյող մաքրությունն էր: «Ցանկացած ծնող հանգիստ կզգա իրեն, երբ իմանա, որ իր զավակը ծառայում է այսպիսի պայմաններում»,-ասաց նա:
Ինչ խոսք, բանակն ուժեղ է իր թիկունքով, իսկ թիկունքը` բանակով:

«ՈՐՈՏԱՆ»
12.12.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *