ԲԱՐԻ ԼՈւՐ` ՎԱՂԱՏԻՆԻՆ

Գյուղն ասես ափիդ մեջ է` երիզված տաք քարապատնեշ-ժայռերով, որոնք անդրադարձնում են կլանած արեւի ջերմությունը, ու գյուղը տաք է: Տաք է գյուղացիների սիրտը, հոգին: Այդ տաք ու ջերմ միջավայրում փախստականները շատ շուտ մոռացան, որ իրենք փախստական են, մարտունեցիները շատ շուտ յուրացրեցին Վաղատինի ավանդույթները, աղջիկ տվեցին-աղջիկ առան, ու գյուղն իր հոգու ջերմությամբ կարողացավ հաղթահարել իր բաժին դժվարությունները եւ ապրել` լավ օրվա հույսով: 800 բնակիչ ունի: Փոքրացող, խեղճացող, ծերացող մեր մյուս գյուղերի հետ որ համեմատում ես, էլի փառք ես տալիս: Դպրոցում 130 աշակերտ է սովորում: Չէ՛, առաջվա հետ չես համեմատի, բայց էլի փարատվում ես: Շրջանավարտների 40-50 %-ը սովորում են բուհերում: Ասում են` վատ չէ: Դե համ էլ էսօր ով է ավելի լավ ապրում, որ Վաղատինն ապրի. իր դառը քրտինքով իր օրվա հացն է վաստակում, իր հարուստ պատմությամբ ու անցյալով հպարտանում: Առաջ Սոցիալիստական աշխատանքի հերոսներ ուներ, այսօր բոլորն են աշխատանքի հերոս, առաջ Հայրենականի փառապանծ հայրենակիցներ ուներ, այսօր` Արցախի ազատամարտի 5 մարտիրոսներ ու պատվանուն երկրապահներ, առաջ ինտերնացիոնալ էր, այսօր` հայրենանվեր: Քաղաքականապես էլ ակտիվ է համայնքը: Իրենք սիրում են իրենց մասին ասել, որ տարածաշրջանի ամենաքաղաքականացված համայնքն է, եւ բոլոր քաղաքական ուժերն այստեղ հեղինակություն եւ ուժ ունեն: Սիրում են ասել նաեւ, որ իրենց համայնքով կարելի է որոշել համապետական ցանկացած ընտրության արդյունք: Լավ է թե վատ, չեմ կարող ասել, կարեւորն այն է, որ նրանք այսպես կարեւորում են իրենց դերը, իրենց ձայնը, իրենց ակտիվ կենսակերպը եւ առողջ դիրքորոշումը երկրի կյանքում: Եվ` ոչ միայն: Այսօր այնքան էլ հեշտ չէ գյուղի համար խնդիր լուծելը: Մի հարց լուծելու համար հազար դուռ են թակում, հազար մարդու ոտ են գնում, հազար ձեւի գիր ու գրություն են պատրաստում: Երբ գյուղի առաջնահերթ խնդիրների մասին խոսում էինք երիտասարդ համայնքապետ Շահեն Գրիգորյանի հետ, ձայնը շատ ավելի խանդավառ էր` վերջապես գյուղի գազիֆիկացման հարցը մտել է 2010թ.-ի մարզի զարգացման ծրագիր մեջ` ՀՀ կառավարության` վերջերս Սյունիքի մարզում գումարած արտագնա նիստի քննարկումների ժամանակ: Մինչ այդ համայնքի բնակիչների անունից նամակ էր նախապատրաստվել ՀՀ նախագահի անունով, մինչ այդ, ինչու չէ, խանդով էին նայում հարեւան` Աղիտու համայնքում ընթացող գազիֆիկացման աշխատանքներին, վաղուց գազիֆիկացված Նորավանին այն դեպքում, երբ Վաղատինը նրանցից հեռու է 4-5 կմ, իսկ մայր գազատարից` ընդամենը 5 կմ:
Այս բարի լուրից խանդավառ էր գյուղապետը, ու այդ խանդավառությամբ, ուսերից ասես մի ծանր բեռ գցած, պատմեց արդեն այն աշխատանքների մասին, որ համայնքի ուժերով ու միջոցներով է արվել: Ասաց, որ փոխվել է խմելու ջրի ջրագծի 60 %-ը, վերանորոգվել եւ կահավերվել է կենցաղի տունը, կառուցվել է մարզահրապարակ, ապահովվել համապատասխան մարզագույքով, Զանգեզուրի ՊՄԿ-ի ֆինանսավորմամբ վերանորոգվել է մշակույթի տան տանիքը: Արցախյան ազատամարտում նահատակված 5 վաղատինցի պայծառ երիտասարդների հիշատակը հավերժացնելու համար գյուղի կենտրոնում կանգնեցվել է հուշաղբյուր, շուտով ավարտին կհասցնեն պանթեոնի կառուցման աշխատանքները եւ հավուր պատշաճի բացում կկազմակերպեն, օգնում են դպրոցին, դպրոցականներին, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Վիվա Սելի կողմից տեղադրված հեռահաղորդիչ կայանի շնորհիվ անհամեմատ բարձրացել է կապի որակը ոչ միայն գյուղում, այլեւ` հարեւան համայնքներում, որոնց նույն կայանն է սպասարկում: «Մի առաջնահերթ խնդիր էլ ունենք,- ասաց գյուղապետը: -Խմելու ջրի ջրահավաք-ջրբաշխիչ կառույցը սովետի ժամանակից անավարտ է մնացել ու մինչ օրս էլ նույն վիճակում է` վտանգելով ջրի որակը, ինչի համար հակահամաճարակային կայանից հաճախ են մեզ դիտողություն անում: Ֆինանսական աջակցության համար նամակով դիմել ենք Վիվա Սելի տնօրեն հարգարժան Րալֆ Յիրիկյանին եւ հույսով սպասում ենք…»: Հույսը համակեց նաեւ մեզ, եւ ուզում ենք, որ այս լավատեսությունը համակի նաեւ Վաղատինին, որ հողի, քարի, ծառի հետ կռիվ տալով վաստակում է իր հացը հանապազօրյա` բացճակատ ու արդարամիտ:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *