ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱ՞ԾԸ …

Պատմաբան, «Սյունի վանքը» աշխատության հեղինակ Թաթուլ Սյունին, հայոց ազգածագման (էթնոգենեզիսի) հիմնախնդիրները ուսումնասիրելու իննամյա ժամանակահատվածում, թեմային զուգահեռ, զբաղվել է նաեւ հայոց մեջ Սուրբ Թուխ Մանուկների պաշտամունքի ուսումնասիրությամբ՝ այն ամբողջացնելով մենագրությամբ:

Սիսիանի համայնքապետարանի դահլիճում պատմաբանը ներկայացրեց «Սուրբ Թուխ Մանուկների պաշտամունքի ծագումը» թեմայով գիտական բանախոսությունը եւ կոնկրետ շեշտադրումներով, հակիրճ տեղեկատվությամբ ներկաների ուշադրությունը հրավիրեց Թուխ Մանուկի պաշտամունքին եւ Թուխ Մանուկ սրբավայրերին: Թեման ավելի մատչելի դարձնելու նպատակով ցուցադրվեց նաեւ պատմաբան Ստեփան Զաքարյանի՝ «Հայաստանի առեղծվածները» հաղորդաշարի «Թուխ Մանուկի առեղծվածը» հաղորդումը, որից հետո բանախոսը ներկայացրեց իր կատարած բացահայտումները:

Քննարկաման ավարտից հետո Թաթուլ Սյունին պատասխանեց մեզ հետաքրքրող մի քանի հարցի՝ լույս սփռելու իր կողմից կատարված առեղծվածի բացահայտումներին:

-Քաղաքական, սոցիալական, տնտեսական դժվարին մեր ժամանակներում մի տեսակ անսովոր էր գիտական քննարկանը մասնկացելու հրավեր ստանալը, բայց եւ՝ հաճելի: Ինչո՞ւ որոշեցիք հենց Սիսիանում կազմակերպել այս քննարկումը:

-Գիտական այս բանախոսությունը, որը կազմակերպվել էր Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ, իմ երկարամյա գործունեության արդյունք հանդիսացող մենագրության հակիրճ, ամփոփ ներկայացումն է, որը վերաբերում է Թուխ Մանուկների պաշտամունքի ծագմանը: Ամփոփ, կոնկրետ շեշտադրումներով, առանց մանրակրկիտ վերլուծության, որի անհրաժեշտությունն ու հնարավորությունը, բնականաբար չկա, իմ աշխատությունը նախքան Երեւանում ակադեմիական քննությանը ներկայացնելը, որոշեցի այն ներկայացնել նախ հայրենակիցներիս: Դա իմ հոգու պարտքն էր, որովհետեւ ծնվել եմ Սիսիան քաղաքում եւ փորձեցի այս նոր մտքերը եւ գիտական բացահայտումները հանրահռչակել հենց Սիսիան քաղաքից:

-Ըստ Ձեր ուսումնասիրությունների եւ բացահայումների՝  ո՞վ է Թուխ Մանուկը հայոց պաշտամունքում:

-Ըստ իմ եզրահանգման, որին լիովին համոզված եմ, Թուխ Մանուկները Ուրարտական արքայական տոհմի թագավորներն են, արքաները, ովքեր իրենց կառավարման ժամանակահատվածում պաշտվել են իրենց հպատակ ժողովուրդների կողմից: Իշխանությունը կորցնելուց հետո էլ նրանք շարունակվել են պաշտվել հայ ժողովրդի մի ստվար զանգվածի կողմից, եւ, մոռացության մատնվելով հազարամյակաների հոլովույթում, այսօր հանդես են գալիս որպես Թուխ Մանուկ սրբեր, բայց որոնց իրական ինքնությունը հասարկությունը չգիտի:

-Ինչպե՞ս կհիմավորեք Թուխ Մանուկի առեղծվածի՝ այս բացահայտումը:

-Թուխ Մանուկի պաշտամունքային կենտրոն՝ կենտրոնական տաճար, չկա: Այդ պաշտամունքը զուրկ է կրոններին բնորոշ, գրավոր ամրագրված գաղափարաբանական ընդհանրական սկզբունքներից, կանոններից եւ ծիսակարգից: Գոյություն չունի նաեւ Թուխ Մանուկի պաշտամունքը կազմակերպող եւ իրականացնող կրոնական հաստատություն: Այդ պաշտամունքը ժողովրդի շրջանում լոկ բանավոր կերպով, հիշողությամբ սերնդե-սերունդ փոխանցվող ավանդական պաշտամունք է: Եզրահանգումը, որ ուրարտական արքաներն են «Թուխ Մանուկ» սրբավայրերի սկզբնական շինարարության իրական կառուցողները, հետեւաբար նրանք էլ հանդիսանում են սուրբ Թուխ Մնաուկների պատմական նախատիպերը: Ուրարտական ջրանցքաշինության եւ ջրոռոգման հիմնադիրը Մենուա արքան է: Ուրարտական քրմապետ-թագավորների կառուցած եւ արքայական տոհմի ժառանգական սեփականություն հանդիսացած օբյեկտները հետուրարատական ժամանակաշրջանում անվանակոչվել են արքայական դինաստիայի/տոհմի «Թուխ մանուկ» ժողովրդական-ավանդական անունով, որում «մանուկ» բաղադրիչը Մենուա արքայի անվանաձեւն է: Անուշտ, այստեղ կարեւոր գործոն է նաեւ լեզվական վերլուծությունը, ինչը մանրամասն ներկայացված է աշխատության մեջ:

-Ձեր խոսքում ասացիք, որ Թուխ Մանուկի պաշտամունքը Արեւմտյան Հայաստանից է տարածվել Արեւելյան Հայաստան, շեշտեցիք նաեւ, որ Սյունիքում, Սիսիանում Թուխ Մանուկին վերաբերող որեւէ սրբավայր չկա:

-Այո, Թուխ Մանուկի պաշտամունքը ես ուսումնասիրել եմ աշխարհագրական կտրվածքով եւ բացահայտել այն օրինաչափությունը, որ Հայաստանի արեւելյան հատվածի բնիկ հայության շրջանում Թուխ Մանուկի պաշտամունքը բացակայում է, եւ վերջին 180 տարվա ընթացքում, 1830 թ.ից հետո, այստեղ ստեղծված Թուխ Մանուկ հուշարձանները, մատուռները, սրբավայրերը արդյունք են արեւմտահայկական գաղթի, Արեւմտյան Հայաստանից տարբեր ժամանակներում քաղաքական եւ այլ պատճառներով հայերի տեղափոխման եւ Արեւելյան Հայաստանում բնակության հաստատման: Իսկ բնիկ սյունեցիների, բնիկ տավուշցիների, բնիկ լոռեցիների, բնիկ արցախցիների հոծ հատվածներում այդ պաշտամունքը բացակայում է իբրեւ սրբավայր, բացակայում են նաեւ մնացյալ պաշտամունքային դրսեւորումները:

-Որո՞նք են Ձեր հետագա քայլերը՝ աշխատությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու եւ Թուխ Մանուկի՝ ձեր բացահայտած առեղծվածը հանրահռչակելու առումով:

-Աշխատությունն ավարտված է, շուտով կներկայացնեմ ՀՀ ԳԱ համապատասխան ինստիտուտի մասնագետների քննարկմանը: Սա ինձ համար մի մասնիկն է այն հիմնական խնդրի, որն է հայոց էթնոգենզիսի կամ ազգածագման կնճռոտ խնդրի ուսումնասիրությունը, եւ, կարծում եմ, որ Թուխ Մանուկների խնդրի նման հանգուցալուծումը կբերի բավականին հստակեցումների՝ Հայաստան-Ուրարտու խնդիրը ճիշտ մեկնաբանելու: Արդեն նշեցի իմ եզրահանգման մեջ, որ եթե Թուխ Մանուկները Ուրարտական արքաներն են, ապա հայերը տեղաբնիկներ են, նրանց նախնիները պաշտել են այդ արքաներին, որը պահպանվել եւ հասել է մինչեւ մեր օրերը:

-Սա կարո՞ղ եք համարել նոր բացահայտում գիտության մեջ՝ Ձեր կողմից:

-Ես չեմ ուզում նման գնահատական տալ, դա թողնում եմ գիտնականներին եւ ձեզ:

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

6 մեկնաբանություն ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱ՞ԾԸ … հոդվածին

  1. Marine Baghiryan says:

    Կրիշնա բառը նշանակում է թուխ մանուկ, ի դեպ Կրիշնայի օրը հնդիկների մոտ համընկնում է մեր թուխ մանուկ ուխտագնացության օրվան։

  2. Թուխ Մանուկները ու Վարդգես Մանուկները նախատեսված են եղել բացառապես սեռատարիքային անցումների հետ կապված պաշտամունքային ծեսերի իրականացման հետ, ու ընդհանրապես կապ չունեն Արարարտյան (Ուրարտական) թագավորների պաշտամունքի հետ: Եթե այդ թագավորներից մեկը Մենուա կամ Մեն է կաչվել, դա դեռ չի նշանակում, որ պիտի Թուխ Մանուկները կապված լինեն այդ թագավորի ու իր հաջորդների պաշտամունքի հետ, առավել հակագիտական ու անհիմն պնդում դեռ չէի լսել

  3. Արթուր says:

    Եթե ԹուԽ Մանուկ սրբատեղին կամ մատուռը մինչ օրս պահպանվել է, կնշանակի, որ այն գործող է, այսինքն դիմում են խնդրանքներով և ստանում են համապատասխանը։ Դա էլ վկայում է այն, որ հասարակ մահկանացուն և իր կյանքի ընթացքում և առավել ևս մահից հետո, այդպիսի խնդրանքներին․․․, ոչինչ անել չէր կարող։
    Կնշանակի, առ այն, որ Թուխ Մանուկը հզոր և Աստվածային էակ է եղել, Ով անմահ է ու միշտ կա, հետևապես արձագանքում է խնդրանքներին։
    Մենք Մեծամորի մոտ Տարոնիկ գյուղի հարևանությամբ ունենք վիշապաքարեր, որոնք դրսից բերված չեն և եթե չեմ սխալվում, ունեն յոթ հազար տարվա հնություն։ Ինչպես նաև կան հավերժության նշաններով կնիքներ և այլն․․․։ Ճիշտ նույն Վիշապաքարերից, կան նաև Հնդկաստանում ու կոչվում են՝ “Շիվալինգա”-ներ՝ լինգ-ձող(քլունգ)։
    Այսպիսով կարելի է ենթադրել, որ Թուխ Մանուկը Արիական ժամանակների Աստվածն է, Ով պաշտվել է նաև Արիական Հայաստանում, հետևապես այո Կրիշնան է, իսկ “Թուխ Մանուկ”-ը թարգմանաբար հենց Կրիշնա էլ նշանակում է։
    Եզրակացությունն այն է, որ Թուխ Մանուկը՝ Կրիշնան, Աստվածն է, Ով հզոր է ու հավերժ, հետևապես այսօր էլ արձագանքում է դիմողներին։ Իսկ որ արձագանքը կա, դա փաստ է։
    Կան առավել հանգամանալից ապացույցներ ասվածին միս ու ոսկոր հաղորդելու համար, բայց կոծկելուն ձգտողը․․․, միայն թե չգիտեմ ինչու՞։

  4. Մեծամորի մոտ, Տարոնիկ գյուղի հարևանությամբ կան վիշապաքարեր, որոնց հնությունը մոտ 5000 տարի է, ինչպես նաև գտնվել են հավերժության նշանով՝ կեռ խաչեր, կնիքներ ու մատանիներ։ Կնշանակի Հայաստանի այդ տարածքում նույնպես եղել է “Արիական քաղաքակրթություն”։
    Թուխ Մանուկի սրբատեղի՝ մատուռները մինչ օրս կան, նշանակում է արձագանքում են խնդրանքներին, այսինքն գործող են։ Հասարակ թագավոր ու մահկանացուներն ովքեր մահացել ու գնացել են, այդպիսի ուժերի չէն կարող տիրապետել։ Կնշանակի աստվածային էակ պետք է , որ եղած լինի։
    “Թուխ Մանուկ”-ը թարգմանաբար “Կրիշնա”-ն է և արիական ժամանակներից է գալիս, եթե ոչ ավելի վաղ։ Իսկ “Վիշապաքար”-երն էլ նույն նույն Հնդկաստանի տարածքի “Շիվալինգա”-ներն են՝ “լինգ”- ձող(քլունգ), Շիվինի գյուղ ևս ունենք։ Եթե չուզենք տեսնել ակնհայտը, ապա առիթ միշտ էլ կգտնենք։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *