ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ` ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Սիսիանի բացառիկ տեսարժան վայրերին ծանոթանալու, քաղաքի մասին պատկերացում կազմելու համար բոլորովին պարտադիր չէ շրջել ողջ քաղաքով: Բավական է անցնել միայն Սիսիան մտնող գլխավոր` Սիսական փողոցի 200-300 մետր հատվածը` Աղջկա արձանից մինչեւ Շաքեի կանգառ, եւ ձեր աչքերի առջեւ կփվռեն սիսիանյան բացառիկ տեսարժան պատկերներ, ու դուք կկարկամեք դրանց գեղեցկությունից, առատությունից, օրիգինալությունից ու բազմախոս լինելուց… Եվ այդ ամենը` ընդամենը փողոցի միայն մեկ մայթի վրա: Նույն փողոցի զուգահեռ մայթի եւ զբոսայգի հիշեցնող նախկին տարածքի տեսարժան վայրերն այս անգամ շրջանցում ենք, քանի որ դրանք միայն համաշխարհային` Գինեսի գրքին արժանի պատկերներ են…

Իզուր չի ասված, որ յուրաքանչյուր տան մասին կարծիք ու պատկերացում կազմում են հենց մուտքից, շեմից… Իսկ Սիսական փողոցը մեր քաղաքի մուտքն է, շեմը…

Այս փողոցը մի յուրահատուկ առանձնահատկություն էլ ունի DSC04183Սիսիանի համար. հենց այստեղով են սիսիանցիները եւ հյուրերը ամեն օր գնում սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հենց այստեղով են սիսիանցիները եւ հյուրերը ամեն օր գնում Պանթեոն, հենց այստեղով են սիսիանցիները եւ հյուրերը գնում… գերեզմանատուն… Սա էլ մեր Շանզելիզեն է… Փարիզից ենք պակա՜ս, Պիտերից ենք պակա՜ս, Գորիսից ենք պակա՜ս, թե` Վայքի՞ց ենք պակաս… որ Մայր փողոց չունենանք… Մայր փողոց ունենք, աշխարհը չունի…

Սա Սիսիանն է եւ վերջ… Եվ մենք այստեղ ապրում ենք, ու այսպես ամեն օր հայիլ-մայիլ կտրած` հիանում ու զմայլվում ենք մեր քաղաքի այս բացառիկ տեսարժան վայրերով ու մարդկային ամենաանկեղծ զգացումներով երախտագիտություն հայտնում մեր քաղաքի իշխանությանը` այն անգնահատելի ու բացառիկ սրտացավության համար, որ մեզ պարգեւել է ամեն օր ականատեսը լինելու այս եզակի արժեքներին, որ ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ` աշխարհի որեւէ քաղաքում չես հանդիպի, քանի որ միայն մենք` սիսիանցիներս ենք արժանի ունենալ այս գեղեցկությունը եւ օրիգինալությունը եւ ապրել բացառիկ տեսարաններով հարուստ ու ինքնատիպ Սիսիան քաղաքում…

Մենք` սիսիանցիներս, աստծուց հոգաչափ շնորհակալ ենք, որ ունենք այսպիսի գեղեցիկ, խնամված, քարը քարին դրված քաղաք, որ ունենք հոգատար, տիրոջ սրտացավությամբ Սիսիանի շենացման եւ բարեկարգման համար այսպես ցավող իշխանություն, ով մի քանի օր առաջ «Սոսի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ ինքը շատ լավ է աշխատում, եւ իր պաշտոնավարման շրջանում Սիսիանը անճանաչելիորեն փոխվել է… Տղամարդը, էն էլ` քաղաքապետը, հո սուտ չի՞ ասում. ինքներդ տեսեք ու համոզվեք, որ Սիսիանը, հիրավի, անճանաչելիորեն փոխվել է…

Իսկ ես, անճանաչելիորեն փոխված Սիսիանի շարքային բնակիչս, սիրով հրավիրում եմ ձեզ` մեզ հետ կիսելու այս անկրկնելի տեսարանների գեղեցկությունը եւ վայելելու դրանցով հիանալու բավականությունը…

Միշտ Ձեր` Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ

DSC04181 DSC04179
 DSC04180  DSC04185

4 մեկնաբանություն ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ` ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ հոդվածին

  1. Sona Harutyunyan says:

    Adonci poxocum aveli lav tesaran ka, qaylel miayn kaloshov…

  2. Juleta Hakobyan says:

    Anter-antirakan, bzktvac u baxti kmahachutyann toxnvac vostan syunyac!!! A PPPSSOOOS!!!

  3. Arutyun Margaryan says:

    Որ քայլողները գնալով պակասում են,մոլախոտը գլուխ է բարձրացնում!

  4. Աշխեն Շիրինյան says:

    Վա՜յ,մեռաաաաա,չկաաաաաամ ես…կարդում եմ ՛՛Տեսարժան վայրեր՛,մտածում եմ,լավ,էս ի՞նչ տեսարժան վայր կա Սիսիանում,որ ես տեղյակ չեմ….նյութը բացեցի ու հասկացա,որ էս տեսարժան խայտառակ վայրերով շատ եմ անցել….:Արև՜՜՜՜՜՜՜՜՜,դու անփոխարինելի ես,պլյուս ՍԱՐԿԱԶՄԴ…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *