ԲԱՑԵՑ ԻՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԴՌՆԵՐԸ

Սիսիանի գեղարվեստի դպրոցը այն եզակի կրթօջախներից է, որը բախտ է ունեցել վերջին 10 տարում 3 անգամ հիմնանորոգվել եւ վերանորոգվել:
Առաջին անգամ դպրոցի շենքը հիմնանորոգվել է 1998-ին` Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ, 2-րդ անգամ 4 տարի առաջ պետբյուջեի ֆինանսավորմամբ փոխվել է տանիքը: 3-րդ անգամ դպրոցը վերանորոգելու եւ նոր տեսքի բերելու պատվախնդիր գործն իր վրա է վերցրել Վիվա Սել ընկերությունը` տրամադրելով 25 մլն դրամ:
Հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին ընթացիկ տարվա օգոստոսի սկզբներին, որն իրականացրել է «Սանամենց» ՍՊԸ-ն (տնօրեն` Սամվել Օրդուխանյան): Ամբողջությամբ ջեռուցվել է շենքը, տեղադրվել են ժամանակակից պատուհաններ եւ դռներ, արտաքին տեսքի նախագծային փոփոխությամբ ավելացել է ոչ միայն 2 նոր դասասենյակ, այլեւ` գեղարվեստական նոր լուծմամբ այն դարձել է ավելի գեղեցիկ ու ակնահաճ:

Նոյեմբերի 25-ին կրկին իր հյուրընկալ դռները բացեց գեղարվեստի դպրոցը թե՛ սաների, թե՛ հիմանորոգումը ֆինանսավորող կազմակերպության ներկայացուցիչների, թե՛ պաշտոնատար անձանց ու այցելուների առջեւ:
Դպրոցի հիմանորոգումը ֆինանսավորելու համար Վիվա Սելին եւ նրա գործադիր տնօրեն Րալֆ Յիրիկյանին խորին շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնեց Սիսիանի նորընտիր քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Դպրոցի բացումը եւ այս գեղեցիկ հանդիսությունը նա խորհրդանշական համարեց իր աշխատանքային գործունեությունն սկսելու համար: Րալֆ Յիրիկյանին գնահատեց որպես ազգի ընտրյալ, որը նման ձեռնարկները համարում է ոչ թե բարեգործություն, ոչ թե օգնություն, այլ` հոգու պարտք, իսկ նրա` Սիսիանում գտնվելը եւ դպրոցի բացումը համարեց պատմական:
Իր երախտագիտությունը եւ շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Հովիկ Իսաջանյանը` հավելելով, որ դպրոցի 100 երեխաների համար ավելի մեծ ու գեղեցիկ նվեր չէր կարող լինել, քան` տաք ու լուսավոր դասասենյակներում  պարապմունքներ անցկացնելու այս հնարավորության ընձեռումը:
Դպրոցի ուսմասվար Էդիկ Հակոբջանյանը անհրաժեշտ համարեց հիշել, որ այն հիմնադրվել է 1968թ-ին մեծապատիվ Զախար Խաչատրյանի կողմից, որի անունն է կրում այժմ դպրոցը, իսկ դրանից 7 տարի առաջ էլ որպես ստուդիա այն գործել է նրա առանձնատան մի ամբողջ հարկաբաժնում` հիմք դնելով այսօրվա գեղարվեստական ձեռքբերումներին: Իր գործունեության 40 տարիների ընթացքում դպրոցը տվել է անվանի շատ ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, որոնք այսօր պատիվ ունեն աշխատելու աշխարհի լավագույն քաղաքներում` բարձր պահելով հարազատ կրթօջախի անունը: Նա հավելեց, որ այս տարի 14 շրջանավարտից 13-ը, անցյալ տարի` 10-ը ընդունվել են հանրապետության մասնագիտացված ուսումնական հաստատություններ, ինչը դպրոցի եւ նրա մանկավարժական կոլեկտիվի նվիրական աշխատանքի արդյունքն է: 99
Գեղեցիկ ու անկեղծ էր դպրոցի սան Իզաբելա Գրիգորյանի խոսքը: Նա ասաց, որ 4 տարի հաճախում է դպրոց, սովորում է Աշոտ Ավագյանի դասարանում եւ շատ շնորհակալ է այս հաճելի նվերի համար, քանի որ այլեւս ստիպված չի լինի ցրտից սառած ձեռքերը տաքացնել վառարանին մոտեցնելով, եւ վրձինն այլեւս չի սառչի իր փոքրիկ ձեռքերում:
Տաք ու լուսավոր դասարանում նա անպայման տաք ու լուսավոր նկարներ կնկարի:
Րալֆ Յիրիկյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասաց նաեւ, որ իբրեւ մարդ, իբրեւ քաղաքացի սիրում է իր հայրենիքը, իր երկիրը, եւ իր բիզնեսը զարգացնում է իր հայրենիքի տնտեսության մեջ եւ շեշտեց. «Մեր եկամուտը ստացվում է հասարակության գրպանից, ուրեմն` մենք պետք է շնորհակալություն հայտնենք հասարակությանը եւ նրա բազմաթիվ խնդիրներից մի քանիսը վերցնենք մեզ վրա եւ լուծենք: Չմոռանանք, որ մեր երկրում պետությունը դեռ հասակով փոքր է, եւ ձեռք մեկնենք հասարակությանը: Ես այսպես ասում եմ բոլորին, որովհետեւ իրենք պիտի չմոռանան, որ առանց հասարակության իրենց գործերը չեն զարգանալու: Մի մոռնաք, ու մի մոռնաք հասարակությանը, որովհետեւ դուք առանց հասարակության ոչ մի բան չեք արժում»:
Ժապավենը կտրելու պատիվը Րալֆ Յիրիկյանը վերապահեց դպրոցի սաներին, քանի որ սա նրանց կրթօջախն է եւ ամեն ինչ արված է նրանց համար:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *