ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ Տիգրան, թեեւ այս նամակի հասցեատերը անմիջականորեն դու չես, բայց դու ես նրա կրողը, քանի որ այն, ինչի մասին պիտի խոսեմ, կապված է քո անվան հետ` որպես Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու, որը քաղաքական լրջագույն պայքարի էր դուրս եկել քաղաքական այլ լուրջ ուժերի եւ անհատների հետ կամ` դեմ:
Հարգելի՛ Տիգրան, քարոզարշավի նախավերջին օրը` հոկտեմբերի 9-ին, Ձեր հանրահավաքի ժամանակ, Սիսակ Նահապետի անվան հրապարակում դպրոցահասակ մի երեխա ինձ տվեց քո լուսանկարով մի բացիկ, որի հաջորդ երեսին գրված էր` «Բարեւագիր» (արտագնա աշխատանքի մեկնած որդուց` ծնողներին), (տեքստում «բութը» բացակայում է): Երբ կարդացի «Բարեւագրի» առաջին տողը, առաջինը, որ աչքս ծակեց, «վոնց եք» բառն էր` գրված տառասխալով: Շարունակեցի կարդալ: Ու ինձ թվաց, որ անագորույն դաժանությամբ ու բարբարոսաբար խոցոտել, վիրավորել, հայհոյել եք Հայոց լեզվի շքեղաշուք տաճարը, աստվածաշունչ հայերեն բառն ու բանը: Մեջս բանասերը խոցվեց` վիրավորանքից, հայությունս, լրագրողը, գրչի մարդը եւ ընթերցողը խոցվեց, 1700-ամյա ոսկեղենիկ, մեսրոպատառ, երկաթագիր հայերենս ու Ոսկեդարս խոցվեց, աստվածացունց «Նարեկս», շարականաշուրթ Շնորհալիս ու հայրենատաղ Քուչակս խոցվեց, անգլիացի մեծ բանաստեղծ լորդ Ջորջ Բայրոնի` հայոց լեզվի պաշտամունքը խոցվեց, որ ասում էր թե` «Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն հայերենն է»: Հետո` յոթնապատիկ Տերյանի` «Աղոթքի պես հնչող Արքայականը» խոցվեց,  հետո` Սահյանի` մաքրամաքուրն ու ապուպապոտը, հետո…Ու մտածեցի` եթե մի հրաշքով հանկարծ այս «Բարեւագիրն» ընկներ լորդ Ջորջ Բայրոնի ձեռքը, որը Մխիթարյան մատյաններն էր խորին երկյուղով ու հիացմունքով թերթում` նրանցից ճառագող հոգեւոր լույսն ըմբոշխնելու ու վայելելու, մարդեղանալու ու աստվածանալու համար, կհասկանա՞ր, որ դա էլ…հայերեն գիր է, եւ այս լեզվի մասի՞ն պիտի ասեր, թե` «Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն է»: Հազի՛վ թե, հազի՛վ:
Նույն օրը հարթակից հնչեց քո կուսակից ընկեր, ԱԺ պատգամավոր եւ հեղինակավոր քաղաքական գործիչ Արմեն Ռուստամյանի խոսքը, որ` «Միանգամից կարող է ստորագրել այն բոլոր բառերի տակ, որը կներկայացնի Տիգրանը, իսկ Տիգրանը մենակ չէ, եւ այն պատասխանատվությունը, որ նա ստանձնել է, ստանձնել է իր կուսակցության առաջ, իր ընկերների առաջ»: Հակված եմ ենթադրել, որ «Բարեւագրի» տակ դրված «քաղաքապետ» ստորագրությունը քեզ նկատի ուներ, ուրեմն եւ` քո կուսակցությունը եւ կուսակից ընկերները նույնպես այս «Բարեւագրի» պատասխանատվության կրողներն են:
Հարգելի՛ Տիգրան, Ձեր «Բարեւագրով» դու եւ քո թիմը հաղորդակցվեցիք հազարավոր մարդկանց հետ, հարյուրավոր երեխաների հետ, որոնք այնպե՛ս խանդավառությամբ իրենց գլխավերեւում պահում էին քո ցուցապաստառները, նկարները եւ բաժանում այս «Բարեւագիրը»: Դու նրանց համար գուցե արժեք էիր, խորհրդանիշ, հայրենասերի կերպար, որին պիտի որ ցանկանային նմանվել, իսկ երեխաները, հատկապես` տղաները, իրենց մեջ ի ծնե զինվորի կերպար ունեն փայփայած, եւ դու էիր այդ պահին դրա մարմնացումը: Այս «Բարեւագիրը» նրանց համար անառարկելի «հայերեն խոսք էր», քանի որ…քո նկարի վրա էր գրված, ուրմեն` նրանց կարծիքով` դու ես գրել, իսկ քանի որ դու ես գրել, ճիշտ է: Քո կարծիքով` իրո՞ք ճիշտ է: Երբ նրանք մեծանան ու կրկին կարդան այս «Բարեւագիրը», համոզված եմ` խորապես կհիասթափվեն, որովհետեւ, որպես ազգընտիր հերոս, ինչպես պահպանել ես հող-հայրենին, նույնկերպ չես պահպանել հող-մայրենին: Իսկ դրանք նույնն են:
Հիմա մտածում եմ` եթե այս կերպ դու վարվեիր նաեւ մարտական զենքիդ հետ, ինչպես վարվել ես մեր հզոր հոգեւոր զենքի` «աստղալույս ճամփաներ կտրած» հայոց լեզվի հետ…իսկ  ինչի՞ համար էր մեր ու ձեր պայքարը. չէ՞ որ Սիսիանը տարիներ ի վեր շնչահեղձ էր լինում անգրագիտության ճահիճում:
Ձեր «Բարեւագիրը» գրված է բազմաթիվ ուղղագրական, կետադրական, ոճական, լեզվական սխալներով, եւ որպես քարոզչահնարք այն տարածվել է քաղաքական մի ուժի կողմից, որն իրեն ազգային ու գաղափարական է համարում: Սա զուտ փողոցի ժարգոնը, ցածրաճաշակ ու անգրագետ խոսակցական լեզուն գրավոր խոսք բերելու պարզունակ դրսեւորում չէ: Սա, թերեւս, մտածողություն է, վերաբերմունք, ընկալում ազգի, ազգայինի, լեզվի նկատմամբ: Այս «Բարեւագիրը» նախ Ձեր մասին խոսեց: Նրա լեզվամտածողությունն ինձ համար որոշ ենթատեքստեր բացելու հնարավորություն ընձեռեց: Ինչպե՞ս են իրենց թույլ տվել դրա հեղինակները փորձառու թեկնածուների եւ քաղաքական լուրջ ուժեր ներկայացնող անձանց դեմ համայնքապետի պաշտոնի համար քաղաքական լրջագույն պայքարի ելած իրենց թեկնածուին` քեզ ներկայացնել հատկապես որպես «աշխատող տղայա», «տվեք ձեր ձայնը եդ տղուն»` այս ընկալումով չափելով քեզ եւ այս կերպ քեզ ներկայացնելով հանրությանը, որն էլ կարծիք հայտնեց թե` «քաղաքապետարանում «լավ տղա» պաշտոն չկա, կա` «քաղաքապետ» պաշտոն»:
Եթե, ասենք, 100 տարի հետո այս «Բարեւագիրն» ընկնի օտարերկրացի մի հայագետի ձեռքը, ի՛նչ պիտի մտածի, որ մենք ազգովի անգրագե՞տ ենք, որ երկու տող առանց տառասխալի բարեւագիր գրել չե՞նք կարող: Ծայրահեղ դեպքում` եթե իրականում նման նամակ է ուղարկվել ծնողին, արժե՞ր նույնությամբ այն տպագրել ու տարածել: Նման բաներ, ի դեպ, իրականում ինքս եմ անում` հեղինակի անգրագիտությունն ու տգիտությունն ընդգծելու համար: Գուցե ցանկացել եք  «Բարեւագրի» այս ձեւով անմիջականություն եւ մտերմիկ երա՞նգ հաղորդել տեքստին: Նամակի ժանրն ինքնին մտերմիկ ու անմիջական ոճ է եւ, ինչպես ասում են` դրանք լուսվորված պատուհաններ են, որոնք հեղինակի խորքը տեսնելու հազվադեպ հնարավորություն են տալիս, օգնում ամբողջացնելու նրա անհատական ու հասարակական նկարագիրը: Սրանո՞վ չափենք Ձեր «խորքը», անհատական ու հասարակական նկարագիրը:
Հարգելի՛ Տիգրան, քո «զենքը» քո զենքն է: Այստեղ ես դու ազգընտիր հերոս Տիգրան Պողոսյան: Ես փառաբանում եմ քո մարտական ուղին, ու մաղթում, որ ճանապարհդ միշտ լուսավոր լինի…
Օգտվելով առիթից` շատ եմ ցանկանում քեզ, «Բարեւագրի» հեղինակներին եւ մեր ընթերցողին պատմել նաեւ մարդկության պատմությանը հայտնի առաջին նամակի պատմությունը, որը գրվել է Բաբելոնում, մագաղաթի վրա, Անտիկ շրջանում: Այն գրել է զինվորի կինը` իր սիրեցյալ ամուսնուն.«Բաբելոնը մեծ քաղաք է: Բայց ես տխուր եմ, որ դու չկաս: Հայտնիր ինձ, թե երբ ես գալու, որ սիրտն իմ մի քիչ ուրախանա»: Գեղեցիկ է, ճի՞շտ է: Առինքնող, ազնվացնող, վեհացնող, խռովահույզ, սիրով, անմիջականությամբ, ջերմությամբ առլեցուն: Մեղեդի՛ է, հոգո՛ւ մեղեդի, որով չափվում է հեղինակի «խորքը», ամբողջացնում նրա անհատական ու հասարակական նակարագիրը:

Հ.Գ. «Բարեւագիր» գրելիս զգույշ եղեք, սիրելիներ, չէ՞ որ դրանք Ձեր «խորքը» տեսնելու լավագույն հնարավորությունն են, Ձեր  անհատական ու հասարակական նկարագիրն ամբողջացնելու բանալին:
Բարեւներով` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *