ԲՀԿ ՄԵԾԱՄԱՅՐ ՌՈԶԱ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՕԳՆՈ՞ՒՄ Է ՍԻՍԻԱՆԻ ԲՀԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ՝ ԴՈՒՐՍ ՊՐԾՆԵԼ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՑ»

Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետը ոտուձեռ է ընկել, և հերթական անգամ «քրեականի տակ գնացող» իր անունը փորձում է հիմա էլ փրկել ԲՀԿ-ական փափկասուն տիկնանց և «Սյունիքի պատվավոր քաղաքացի», «ԲՀԿ-ական մեծամայր» Ռոզա Ծառուկյանի «փեշերից ձեռքը գցելով»: Եվ զանազան առիթներ ու պատրվակներ է սարքում Սիսիանում նրանց հետ հանդիպումները «զուգադիպացնելու» Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներոմ անցկացվող միջոցառումներին «աջակցելով»:
Հերթական «տրյուկը» սեպտեմբերի 23-ին Սահյանի ծննդյան 100 ամյակին ընդառաջ գրական-մշակությաին միջոցառումն էր: Կեսօրվանից սկիզբ առած և Սահյանի ծննդյան 100 ամյակի  «շուքին տակ» քողարկված թատերականացված իլյուզիան երեկոյան մշակույթի տան բեմում «աննկատ» քաղաքականացավ՝ Համո Սահյանին մղելով վերջին պլան: Միջոցառման վերջում  այն վերածվեց  ԲՀԿ-ական մեծամայր Ռոզա Ծառուկյանի՝ Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետին մեծարելու, գովաբանելու հանդեսի, « մայրություն անելու» հավաստիացման:
Եթե ԲՀԿ-ական մեծամայր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վրա մայրական ու մարդկային առումով մեծ ազդեցություն ունեցող Ռոզա Ծառուկյանը և ԲՀԿ կանանց խորհրդի փափկասուն տիկնայք տեղյակ չեն, որ իրենց կուսակից, տարածքային կառույցի ղեկավար և Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետի ղեկավարած քաղաքապետարանի դեմ ընդամենը մի քանի օր առաջ է քրեական գործ հարուցվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու մեղադրանքներով, ապա դա խոսում է բարձր պաշտոն զբաղեցնող իրենց կուսակցի հանդեպ անտարբերության մասին, եթե գիտեն ու աչք են փակում, ապա՝ հովանավորության ու խրախուսման մասին: Իսկ եթե այդքանից հետո բռնում են «սերմացու գողացող մկան ձեռքը» և փորձում են «հանել քրեականի տակից», ապա «հայոց ա՞յս մայրերի ու կանանց ափերի մեջ է ազգի փրկությունը»:
Եվ ինչ երաշխիք այն խոսքերի անկեղծությանը, որ ԲՀԿ մեծամայր Ռոզա Ծառուկյանը հնչեցրեց, թե չի ցանկանում, որ իր 27 թոռներն ու ծոռները գաղթական դառնան: Գաղթական դառնան սիսիանցինե՞րը, որ իրենց քաղաքը ղեկավարում է «քրեականի» հետ հաճախ առնչվող և «քրեածին» կենսագրություն կերտող քաղաքապետը: Եվ արդյո՞ք Ռոզա Ծառուկյանի վերջին՝ «լավ է լինելու» մխիթարական խոսքերը «քրեականից պրծացնելու» մեսիջ էին՝ ուղղված Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետին:
Հետաքրքիր է՝  իսկ Գագիկ Ծառուկյանը տեղյա՞կ է Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետի և Սիսիանի ԲՀԿ կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանի «վառ ու պայծառ» նկարագրին և այս «թամաշաներին»…
Իսկ միգուցե այս ամենը տեղավորվում է «Մեր խոսքը գործ է» կուսակցության կարգախոսի շրջանակներո՞ւմ…

Վանուհի Վարդանյան
www.armversion.am
26.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *