ԲՆԱԿԻՉ, ՈՐ ՀԻՇՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Մեզ  դիմել էին Գայի թաղամասի թիվ 2 շենքի մի խումբ երեխաներ` գնալ- տեսնել, թե ինչպես են որոշ բնակիչներ թաղամասի մանկական միակ խաղահրապարակի սեղան-աթոռը հանել-տեղափոխել այլ տեղ, որ վրան … կարտ խաղան:
Եղանք Գայի 1-ի բակում: Զրուցեցինք  երեխաներից մեկի տատի` Նազիկ Հակոբյանի հետ: Մեզ տեսնելով`  հավաքվեցին շենքի այլ բնակիչներ եւս:
Նրանք ասացին, որ նախկինում խաղադաշտը միայն մեքենաների կայանատեղի էր, բուրդ լվանալ-չորացնելու վայր, իսկ հիմա ոչ միայն Գայի թաղամասի, այլեւ` ողջ Սիսիանի միակ խաղահրապարակն է, որը երեք տարի առաջ կահավորել եւ համայնքին է նվիրել Վորլդ Վիժն կազմակերպությունը: Խաղադաշտը ցանցապատել է, ներկել:
Շնորհակալ լինելով Վորլդ Վիժնին իրենց երեխաներին այդպիսի նվեր տալու համար, միաժամանակ նշեցին  այն բազմաթիվ խնդիրները, որ շահագործումից երեք տարի անց  առկա են քաղաքի «գործող» միակ մանկական խաղահրապարակում, ասելով, որ խաղասարքերը հիմա կարիք ունեն վերանորոգման, կոտրված մասերի փոխման: Տրտնջացին, որ խաղասարքերը տեղադրվել են հողի մեջ, քամին որ բարձրանում է, աչքդ էլ բան չի տեսնում: Երխաները խաղալու ժամանակ նաեւ ընկնում են, վնասվում, արյունոտվում: «Քաղաքապետարանն էլ  գոնե կանաչապատեր, կամ` ասֆալտեր տարածքը,  երեխա են, խաղում են, ինչքան էլ զգույշ լինես, մի բան  ջարդվում է, ջարդված մասերը վերանորոգեն»:
Թեեւ խաղահրապարակի ցանցապատերը շատ հատվածներում քանդված էին, վնասված, մի մեքենա էլ հանդիսավոր կայանել էր ներսում, այն շարունակում է մնալ շրջակա բոլոր շենքերի երեխաների օրը հեքիաթով լցնող միակ մանկական վայրը` իր  սահարանով, ճոճանակներով, տիկ-տակով, որը հետո այլեւս կյանքում ոչ մի տեղ չի հանդիպում, բացի մանկության աշխարհից:
Մեր հարցին` իրենց երեխաների համար է, գուցե իրե՞նք վերանորոգեն  ու վերականգնեն վնացված ու ջարդված մասերը, ասացին, որ հնարավորություն չունեն, սոցիալապես անապահով մարդիկ են, թող գոնե մի բան էլ համայնքն անի, մենակ սուտ խոստումներ տալուց են լավ:
Թեեւ երեխաների խնդրանքով էինք գնացել Գայի թաղամաս, բայց իրենց խնդիրները բարձրացրեցին նաեւ բնակիչները:
Գայի 1-ի 5-րդ հարկի բնակիչ Սվետա Մանուկյանը խնդրեց համայնքային իշխանության ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրել իրենց շենքի տանիքի հիմնախնդրին. «Տանիքների վրա քար ենք շարում, որ քամին չքշի-չտանի շիֆերը, մի օր էլ էդ քարերն են ընկնելու բնակիչների գլխին… »:
5-րդ հարկի մեկ ուրիշ բնակիչ` Եղնիկ Հարությունյանը նույնպես դժգոհեց շենքի անմխիթար տանիքից ասելով, որ անձրեւաջրերը լցվել են իրենց բնակարանը եւ փչացրել վերջերս արված վերանորոգումը: «Մեր մուտքի բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի են, մի տղամարդ չկա, որ անձրեւների ժամանակ բարձրանա տանիք, քանդրտված շիֆերները դասավորի, որ անձրեւաջուրը չլցվի տունը, կին տեղով ես եմ բարձրանում»:
Իր դժգոհությունը հայտնեց նաեւ Էլիզան: «Եթե բակը մենք ենք մաքրում, շքամուտքերը մենք ենք մաքրում, էդ վարձերը ինչի՞ համար ենք մուծում, մի բանով էլ իրենք  թող մեզ  օգնեն: Աղբի վարձերը բարձրացրել են, բայց էլի աղբամանները լիքն են: Թեեւ բնակիչներն էլ են անշնորհք, աղբը լցնում են աղբամանների շուրջը»:
Ասացին, որ երբ աղբահանության օրերը ավելացնելու խնդրանքով դիմել են քաղաքապետին, վերջինս պատասխանել է, թե` «գումարը չի հերիքում»: Բնակիչն ի՞նչով է մեղավոր, որ գումարը չի հերիքում, բա վարձավաճարները ինչի՞ համար են  բարձրացրել:
Մարո անունով մի երիտասարդ կին, ում բնակարանի պատուհանի տակ է անմիջապես տեղադրված աղբակուտակ կետը, սրտնեղեց, որ ոչ պատուհան բացել է լինում, ոչ` շնչել, հավելելով, որ տարածքը մինչեւ աղբակուտակ կետերը պատրաստելը ավելի մաքուր էր, քան` հիմա, քանի որ կուտակված աղբը քամին ու կատուներն էլ մյուս կողմից են ցրիվ տալիս շրջապատով մեկ:
Հետո այնքան ափսոսանքով ու երանությամբ հիշեցին, թե առաջ  ինչքան լավն էր իրենց շենքը, իրենց բակը, իրնեց շենքի շրջակայքն ու իրենց թաղամասը:
Խոսեցին նաեւ անապահով ընտանիքներին նախընտրական շտաբերի կողմից խոտացած ու չտված օգնությունների, բակերի քանդրտված վիճակի, շենքերի նկուղներ լցվող ջրերի եւ այլ հարցերի մասին, հետո էլ ակնկալիքով հարցրեցին` գոնե մի բան փոխվելո՞ւ է…
Կփոխվի թե` չի փոխվի, դժվարանում ենք ասել, որովհետեւ փոխողը մենք չենք, իսկ նրանց փոխարեն պատասխանել չենք կարող: Միայն կարող ենք ասել, որ հինգ տարիների մեջ եթե նախընտրական մի-մի խոստում կատարված լիներ… ու «փոխողներն» էլ  պատասխանատվության մի փոքր զգացում ունենային իրենց ընտրողների հանդեպ եւ նրանց չհիշեին միայն ընտրությունից` ընտրություն…

«Որոտան»
22.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *