ԲՈԼՈՐՍ ՄԻ ՕՐ ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ …«ՆԱԽԿԻՆ»

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԱՄԱՅՆՔ

Հարցազրույց Ախլաթյանի նորընտիր համայնքապետ Արմեն ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ

-Պարո՛ն Բեգլարյան, Դուք Ախլաթյանի համայնքի ղեկավար էիք ընտրվել 2005 թ-ին: Սակայն 2008-ի համայնքապետի ընտրություններում, ձայների նվազագույն տարբերությամբ, չվերընտրվեցիք: Իսկ ահա 2012-ի ընտրություններում, ձայների զգալի առավելությամբ, կրկին ընտրվեցիք Ախլաթյանի համայնքի ղեկավար: Ինչո՞վ կբացատրեք:
-Նախ` ասեմ, որ ինձ չընտրելով ախլաթյանցիներն ամենամեծ լավությունը հենց ինձ արեցին, բայց դրանից համայնքը չշահեց, որովհետեւ իմ շատ ծրագրեր ու նախաձեռնություններ այդպես էլ իրականություն չդարձան: Բայց` կյանքը, իր իրական կողմերով, շատ ուսանելի դասեր տվեց ինձ բոլոր առումներով. ես ավելի լրջացա, ավելի հարստացա կենսափորձով, ավելի պրագմատիկ դարձա, ինչն այս անգամ ավելի շատ կօգնի ինձ` ավելի ճիշտ եւ շրջահայաց աշխատել:
-Բայց` ի՞նչը փոխվեց. Դուք էլի Դուք եք, համայնքի բնակիչն էլի նույն համայնքի անդամն է:
-Շա՛տ բան: Փոխվեցի եւ ես, եւ համայնքի բնակիչը, որ ամեն անգամ  նորի հետ նոր հույսեր է կապում: Մարդիկ կան, որ երբեք ինձ ձայն չեն տվել, չեն էլ տալու, բայց կան նաեւ, որ վերանայում են իրենց նախկին որոշումը, ձայն են տալիս` մի բան փոխված տեսնելու ակնկալիքով, որովհետեւ անընդհատ տեղում մնալը նաեւ լճացման է տանում, իսկ մարդիկ նոր բան են ուզում: Ընդամենը` սա: Ոչ ես եմ ամենազոր դարձել, ոչ` նախկինն էր ամենաանզոր: Չեմ ասի, թե նախորդ անգամ էլ մեծ անվստահություն կար իմ հանդեպ, բայց, գուցե` փորձի պակասը, գուցե` դյուրահավատությունը, գուցե` մարդկանց իրականում չճանաչելն էր, որ …Բայց մարդիկ շարունակում են հույսեր կապել, իսկ հույսը մեծ ուժ է, նախորդի հանդեպ էլ հուսախաբությունը, հավանավբար, դարձավ նրան վերստին չհավատալու պատճառ:
-Իսկ չընտրվելու մտավախություն չկա՞ր:
-Մտավախություն միշտ էլ պետք է լինի:
-Այդ դեպքում` ինչո՞ւ գնացիք ռիսկի` մտնելով ընտրապայքարի մեջ:
-Մեծամիտ չթվամ, ինչպես Դուք եք ինձ հաճախ անվանել, մանավանդ` արդեն աշխատանք էլ ունեի, բայց` փոփոխություն անելու հանրային պահանջ կար համայնքում: Որ ասեմ` պոտենցիալ թեկնածուներ էլ չկան այսօր համայնքներում, հավատացեք: Համայնքային աշխատանքի կենսափորձ ունեցող ուսուցիչ Արկադյա Բադալյանն էր առաջադրվել, սակայն, առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց, եւ իմ առաջադրվելը դարձավ հանրային այդ կարիքի բավարարմնան պահանջ:
Մարդիկ հոգնել էին, մարդիկ նորություն էին ուզում, նորի հետ նոր հույսեր էին կապում, ահա այս իրավիճակում եմ առաջադրվել ու հաղթել:
– «Նախկինի» հոգեվիճակը չէ՞ր կաշկանդում, եւ սա ռեւա՞նշ էր Ձեզ համար:
-Չէ՛: Պաշտոնը հավերժական չէ: Մի օր բոլորս էլ «նախկին» ենք դառնում: Աթոռը , անշուշտ, միայն արտաքին կողմից է փայլուն, ներսից այն ավելի շատ պատասխանատվություն է, պարտավորվածություն, հուսախաբ չանելու մտավախություն, թե չէ` եթե որեւէ բան չի փոխվելու քո ընտրվելով, հենա` նախկինն աշխատում էր էլի, թող աշխատեր:
-Ի՞նչ է փոխվելու համայնքի կյանքում եւ ի՞նչ հույսեր են կապում համայնքի բնակիչները Ձեզ հետ, երբ հիմնական խնդիրները համակարգային են:
-Ճի՛շտ եք: Բայց հարցեր կան, որ կարելի է լուծել միայն համախմբվածության, միմյանց հարգելու ու օգնելու դեպքում: Համոզվել եմ, որ անգամ տեխնիկայի բացակայության պարագայում նույն գործը կարելի է եւ ձեռքով կատարել, եթե կա ցանկություն, համախմբվածություն:
-Նման ընտրություններում, սովորաբար, որոշիչ գործոն է համարվում ազգակցական, բարեկամական, խնամիական կապը: Ձեր պարագայում այդ գործոնը ի՞նչ դեր ունեցավ:
-Ես ու նախկին համայնքապետն էլ ազգակցական, բարեկամական կապեր ունենք: Եթե որոշ պարագայում այդ գործոնը դեր ունենում է, ապա հաջորդ ընտրության ժամանակ այն հիմնականում չի գործում, քանի որ մարդիկ կամ` հիասթափվում են, կամ` հուսալքվում եւ նորին ընտրելով` նրա հետ են նոր հույսեր կապում:
-Ասում եք` նախորդ անգամ չընտրվելը շատ բան սովորեցրեց Ձեզ: Ի՞նչ:
-Դա կյանքի մեծ փորձություն ու մեծ դաս էր ինձ համար: Հիմա ես ավելի պատասխանատու եմ, ավելի իրատես ու գործնական: Միայն ես չեմ փոխվել: Ժամանակներն են փոխվել, մարդիկ են փոխվել: Նախկին` 1000 դրամի փոխարեն այսօր առաջարկվող տաս հազար դրամն էլ որոշիչ չէ. մարդիկ կոնկրետ աշխատանք են ակնկալում, ոչ թե` դատարկ խոստումներ:
Բայց ամենակարեւորը, որ ես ունեցել եմ չընտրվելուց հետո, հասկանալն էր, որ, չախշատելու պարագայում անգամ, հարգանքս չեմ կորցրել մարդկանց մոտ: Թերեւս, ամենակարեւոր երաշխիքը սա է եղել, որ, անկախ ամեն ինչից, ինձ նորից վստահություն է ներշնչել առաջադրվելու:
-Ի դեպ, նախընտրական ծրագրերը լո՞ւրջ են ընդունում համայնքում:
-Եթե իրատեսական չեն, չէ՛: Ծրագիր էլ չեմ ներկայացրել: Նստել-խոսել ենք, ասել եմ, եթե համախմբվելու ենք` աշխատենք, առաջադրվեմ, եթե` չէ, ո՛չ:
-Եվ…
-Եվ առաջին արդյունքը արդեն համայնքն ինքն է զգում, որը կարեւոր ձեռքբերում է. կա համախմբվածություն, չկա թշնամական վերաբերմունք` ով է ձայն տվել, ով չի տվել: Ընտրությունը փակված էջ է, եւ սկսում ենք աշխատել: Ի դեպ, դրան շատ բանով նպաստել է նաեւ այն, որ ինձ առաջինը շնորհավորել է հենց իմ չընտրված մրցակիցը, որով հենց ինքն է շատ բարձրացել բոլորի աչքում: Առաջին քայլը, որ արել ենք համայնքի համար, դարձյալ միասին ենք ձեռնարկել, կարգավորելով խմելու ջրագծի վթարված հատվածները:
-Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան համայնքում:
-Ասացի արդեն` խմելու ջրի որակի եւ քանակի կարգավորման խնդիրը, մշակույթի տան հիմնանորոգումը, շենքն արդեն վթարային եւ վտանգավոր է դարձել, դրսի ախլաթյանցիների համախմբումը: Կարող եւ նախանձախնդիր մարդիկ կան, ում համար ծննդավայրին օգտակար լինելը մարդկային մեծ ընկալում է: Կստեղծենք հիմնադրամ, եւ առաջնահերթ լուծում  պահանջող համայնքային հիմնախնդիրները այսպես կփորձենք լուծել:
-Ինչպե՞ս ես պատկերացնում համայնքը 4 տարի հետո:
-Անշուշտ, ավելի լավը, քան` հիմա է: Նույնը կարծում են նաեւ համայքում, եւ դա ինձ լիցք է տալիս հասնել այդ լավին:
-Սա վերադա՞րձ էր Ձեզ համար:
-Սա համարենք նոր սկիզբ: Եվ` այնպիսի սկիզբ, որ մարդիկ չզղջան իրենց վստահության քվեն ինձ տված լինելու համար:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *