ԲՈԼՈՐՍ ՊԻՏԻ ՄՏԱԾԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ԼԱՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-Պարո՛ն Թանգյան, արդեն 4-րդ տարին է` Դուք Սյունիքի մարզպետի խորհրդականն եք Սիսիանի տարածաշրջանում եւ առնչվում եք ամենատարբեր մարդկանց ամենատարբեր խնդիրներին: Որո՞նք են դրանք:
-Ընդհանրապես` տարածաշրջանին եւ Սիսիան քաղաքին բավականին շատ մտահոգող խնդիրներ են եղել, շատ հարցեր էլ լուծում ստացել են: Մարդկանց մտահոգել են թե՛ մասնավեր, թե՛ հանրային խնդիրները, ինչպիսիք են` բուժօգնության, գազիֆիկացման, խմելու եւ ոռոգման ջրի: Այն հարցերը, որոնք տեղում հնարավոր է լուծել, լուծվել են, այն հարցերը, որոնք մարզպետի լիազորությունների սահմաններում են, դիմել ենք նրան և նրա օգնությամբ են լուծվում: Շատ հարցերի լուծումն էլ տրվել եւ տրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից:
Կոնկրետ տարվա այս պահի համար, երբ սկսված է ոռոգման սեզոնը, քաղաքի հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչներին մտահոգում էր ոռոգման ջրի խնդիրը: Քանի որ այդ թաղամասը մտնում է «Տոլորս ՋՕՄ»-ի մեջ, իսկ ՋՕՄ-ը որոշակի հնարավորություններ չուներ ոռոգման ջուր մատակարարելու, «Ջրմուղ» ՓԲԸ -ն էլ արգելել էր խմելու ջրով ոռոգում իրականացնելը, բնակիչները կանգնել էին դժվարին խնդրի առաջ: Դիմել էին տարբեր տեղեր, հարցը չէր լուծվել, դիմել էին մեզ: Խնդիրը բարձրացրել ենք Սյունիքի մարզպետի առաջ, նրա միջնորդությամբ համաձայնություն ենք ձեռք բերել «Ջրմուղ» ՓԲԸ-ի տնօրեն Ջիվան Մարգարյանի հետ, ըստ որի, բնակիչների հետ կնքվել է համապատասխան պայմանագիր, եւ տվյալ տարածքի  տնամերձերի ոռոգումն այժմ իրականացվում է «Բռնակոթ ՋՕՄ»-ի միջոցով: Սիսիանում այսօր ոռոգման խնդիրը լուծված է:
-Որպես մարզպետի ներկայացուցիչ Սիսիանում, ենթադրվում է, որ պիտի Սիսիանի տարածաշրջանի շահերը պաշտպանեք մարզպետարանում: Այդպե՞ս է:
-Այո՛: Հենց տարածաշրջանի շահերը պաշտպանելու հետեւանք է այն իրողությունը, որ այսօր Սիսիան քաղաքում գազիֆիկացման խնդիրը գրեթե հիմնովին լուծված է, լուծված է նաեւ գյուղական շատ համայնքներում, որոշ համայնքներում` լուծման փուլում է, իսկ գազատար մայրուղուց հեռու գտնվող համայնքների համար էլ խնդիրը քննվում է: Դեռեւս մինչեւ 2007թ-ը չլուծված էր մնում Սիսիան քաղաքի շատ թաղամասերի գազիֆիկացումը: Բնակիչները ամենատարբեր հասցեներով բարձրացնում էին հարցը, ակնարկում, որ նախընտրական խոստումներ են տրվել եւ չեն կատարվել: Բայց ահա բնակիչների հետ մարզպետի հանդիպումներում կարեւորագույն այդ հարցը նույնպես լուծում ստացավ: Նրա անմիջական միջնորդությամբ կառավարության կողմից 5 մլն դրամ հատկացվեց Շիրվանզադե փողոցի գազիֆիկացմանը: Իսկ նախկինում նույնպես չգազիֆիկացված` քաղաքի  Երիտասարդական փողոցի, Շահումյան փողոցի 29 բնակարանոց փախստականների շենքի, Կենտրոն թաղամասի, Կամարներով շենքերի տարածքը գազիֆիկացվեց Զանգեզուրի ՊՄԿ տնօրենի կողմից հատկացված մոտ 13 մլն դրամ գումարով: Եվ ոչ միայն` քաղաքում: Կոմբինատի հատկացրած գումարներով ամբողջությամբ գազիֆիկացվել է Մուծքը, կատարվել է ոչ միայն Նորավան, Իշխանասար համայնքների բնակիչների կողմից վճարվելիք ներդրումը, այլեւ հատկացվել են մայր գազատարից մինչեւ բնակարաններ հասնող խողովակները: Անգեղակոթ եւ Շաքի գյուղերում մարզպետի միջնորդությամբ գազիֆիկացումը շարունակվում է ԻՖԱԴ-ի ծրագրով, Աշոտավանի գազիֆիկացման խնդիրը օրակարգում է, Ձորերի շրջանի համայնքներինը պայմանավորված է Իրան- Հայաստան գազամուղի գործարկմամբ:
Անցյալ տարի մոտ 10 համայնքում իրականացվել է խմելու ջրի անցկացման ծրագիր` ԾԻԳ-ի միջոցով, այս տարի էլ մոտ 7 համայնքում աշխատանքներ են տարվում:  Զանգեզուրի կոմբինատի կողմից հատկացված 7,5 մլն դրամի ներդրմամբ ամբողջությամբ լուծում ստացավ Ծղուկ համայնքի խմելու ջրի հարցը:
Բազմաթիվ այլ հարցեր էլ կան համայնքներում: Թասիկը, Որոտանը, Գետաթաղը գյուղտեխնիկայի խնդիր ունեն: Իհարկե, համայնքներում հարցերը 100%-ով լուծված չեն, բայց աշխատանքները շարունակվում են, համոզված եմ, որ առկա այդ հարցերին լուծում նույնպես կտրվի: Եվ պատահական չէ,որ Սիսիանի տարածաշրջանում կատարված բազմաթիվ աշխատանքների ֆինանսավորման համար Մաքսիմ Հակոբյանին թե՛ Սիսիանի, թե՛ Բռնակթի համայնքներում համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհեցին, ինչն, անշուշտ, երախտագիտության նշան է:
-Պարո՛ն Թանգյան, տպավորություն կա, որ բոլորը Սիսիանի միասնականությունից են խոսում, համախմբվածությունից. բայց արվում է ամեն ինչ` հատկապես Սիսիանը անմիաբան տեսնել: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Կարծում եմ` դա ձեռնտու է որոշակի խմբերի կամ խմբավորումների: Բայց բոլորս էլ սիսիանցի ենք, ապրում ենք Սիսիանում, եւ ինչքան միասնական լինենք, այնքան Սիսիանի օգուտն է: 4-րդ տարին է, որ աշխատում եմ մարզպետարանում եւ 4-րդ տարին է` անմիջական շփում ունեմ Սիսիանի ողջ տարածաշրջանի հետ, տեսնում եմ, որ ժողովուրդը միասնական է եւ հավատով: Հուզող հարցերը պիտի համախմբված վեր վարձրացնենք, որ կարողանանք մենք էլ մեր տարածաշրջանը պաշտպանենք եւ լավ ներկայացնենք:
-Դրսում ուրիշ տպավորություն կա Սիսիանի մասին որպես ինտելեկտուալ, արժեքային համակարգ ունեցող քաղաք, բայց անմիջական շփումը բոլորովին այլ տպավորություն է թողնում:
-Դրա համար յուրաքանչյուրս պիտի մտածենք մեր քաղաքի լավ լինելու համար: Ամեն մարդ իր տեղում իր աշխատանքը կատարի, իմանա, որ ոչ միայն իրավունքներ ունի, այլեւ` պարտականություններ: Բոլորս պիտի մտածենք մեր քաղաքը լավ ներկայացնելու մասին:
-Ինչպե՞ս պիտի լավ ներկայացնենք, երբ ժողովրդի անունից, ընտրողի շահից, Սիսիանի շահից առանց ամաչելու եւ բարձրաձայն խոսում են նույնիսկ նրանք, որ կոպեկներով ծախել-ծախծխել, փոշիացրել են Սիսիանի համայնքային սեփականությունը, տարիներ ի վեր միայն գցել են Սիսիանի հեղինակությունը: Ո՞րն է Ձեր վերաբերմունքը:
-Ես չեմ հարգում այն մարդուն, որն իր անձնական շահը պաշտպանելու համար ժողովրդի անունից է խոսում եւ իր անձնականի համար է ժողովրդի շահից խոսում: Եթե մարդը ազնիվ նպատակներով է աշխատում, միայն նա՛ իրավունք ունի ժողովրդի անունից եւ շահից խոսել եւ գտնվել նրա կողքին: Իրականում ժողովրդի հետ աշխատողին ժողովուրդը ճանաչում է:
– Ո՞րն է այսօր Սիսիանի ընդհանրական շահը:
– Խնդիրներ շատ կան ե՛ւ քաղաքում ե՛ւ համայնքներում: Պետք է լինի մարդ, որ կարողանա դրանք վեր հանել եւ գտնել դրանց լուծման ուղիները:
– Սիսիանն իրեն ներկայացնող, իր մտավոր, ինտելեկտուալ բարի համբավը վերականգնող, բարեկիրթ, իրեն արժանի, իրեն վայել լիդերի խնդիր ունի՞:
– Այո՛:
– Եվ ունե՞նք լիդեր:
– Դա հեշտ չէ ասելը: Լիդերն ինքն իրեն չի ծնվում: Նրան ձեւավորում է ժողովուրդը: Հենց այնպես եթե մեկը վեր կենա եւ ասի` ես լիդեր եմ… ժողովուրդն ի՛նքը միայն կարող է պատասխանել, թե ով է իր լիդերը: Իսկ նա էլ պիտի ժողովրդին համոզի, որ ինքն է լիդերը:
– Ինպե՞ս եք վերաբերում այն իրողությանը, որ Սիսիանի համայնքի գործող ղեկավարը 9 տարի Սիսիանի համար քիչ թե շատ նշանակալի որեւէ բան արած չլինեով, պաշտոնական եւ այլ շրջանակներում, մամուլում 9 տարի միայն Սիսիանը անեկդոտի եւ հումորի առարկա դարձրած լինելով, շարունակում է համայնքի ղեկավարի պաշտոնում իրեն «անփոխարինելի» տեսնել` անգամ` տարիքն այդքան առաջացած, առողջական եւ այլ հիմնախնդիրներով: Վիրավորանք չէ՞ Սիսիանի համար, մանավանդ որ դեռեւս անցյալ տարի ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հարությունյանն է հայտարարել`«Ամոթ է Սիսիան քաղաքի համար նման քաղաքապետ ունենալը»:
– Դա ժողովրդի խնդիրն է, եւ ժողովուրդն ինքն է ընտրում իր ղեկավարին: Երբ ժողովուրդը վստահում է նրան, ղեկավարը պիտի բարի լինի պարտավորություն վերցնել նրա նկատմամբ եւ այդ վստահությունը չոտնահարել:
– Պարո՛ն Թանգյան, չնայած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դեռեւս հեռվում են, սակայն Ձեր անունն էլ շրջանառվում է համայնքի ղեկավարի հնարավոր թեկնածուների շարքում:
– Այո՛, շրջանառվում է: Կարող եմ ասել, որ ինքս այսօր մեծ շփում ունեմ ժողովրդի հետ,  աշխատանքային ամենօրյա առնչություններ, ընդունելություններ, հանդիպումներ թե՛ գյուղական համայնքների, թե՛ Սիսիանի բնակիչների հետ: Եվ այդ շփումը կա դեռեւս հացամթերումների կոմբինատում աշխատածս տարիներից` 1996թ.-ից ի վեր: Ժողովուրդն ինձ ճանաչում է, ինձ գիտի, մեծ մասն անձամբ շփվում է ինձ հետ: Մարդիկ ինչպիսի հարցով դիմել են, հիմնականում նրանց հարցերին դրական լուծում է տրվել: Ինձանից գոհ են հեռացել: Ես գտնում եմ, որ սիսիանցիների հետ ես շատ լավ կաշխատեմ, եւ համարում եմ, որ, իրոք, իրականում աշխատանքային փորձ էլ ունեմ: Լիդերին բնորոշ հատկանիշներ ունեմ թե` ոչ, ժողովուրդը կասի:
– Այսինքն` առաջադրելու եք Ձեր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում:
– Այո, քանի որ զգում եմ, որ իրականում ժողովուրդն ինձ նման մարդու կարիքը ունի: Դա ժամանակը ցույց կտա: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը խղճի մտոք ընտրություն կկատարի, իսկ ընտրվածն էլ նրա վստահությունը չպիտի չարաշահի: Աշխատել ժողովրդի համար եւ լինել ժողովրդի կողքին:
– Ձեր առաջադրման մասին ասում են, սակայն, որ թեեւ, մարզպետի նախընտրած թեկնածուն եք, բայց առաջադրվելու եք ձայներ փոշիացնելու համար, որը, իրականում, նպաստավոր է լինելու մարզպետին ավելի ձեռնտու, թույլ եւ հեշտ կառավարվող թեկնածուի համար, ինչպես` միշտ:
– Շրջանառվող անուններից ոչ մեկին չեմ ուզում թերագնահատել, չգիտեմ էլ, թե ովքեր կառաջադրվեն, քանի թեկնածու կլինի, համենայնդեպս` չեմ մտածում, որ ես այն թեկնածուն եմ, որի մասին մարդիկ պիտի մտածեն որպես ձայներ փախցնողի: Ընդհակառակը, ես եմ մտածում, որ երբ առաջադրվող թեկնածուներն ի հայտ գան, հետո կերեւա` ով է ձայն փախցնելու համար, ով` ոչ: Ինչ վերաբերում է իմ` մարզպետի նախընտրած թեկնածուն լինելուն, ասեմ, որ նախ` մարզպետը մե՛ր մարզի մարզպետն է, եւ եթե իմ թեկնածությունը նախընտրի, նշանակում է` նա իմ աշխատանքը տեսել է եւ գնահատում է, համայնքապետերին էլ բազմիցս ասել է, որ նրանց բախտը բերել է, քանի որ ես եմ նրանց հետ աշխատում: Կարծում եմ` մարզպետը սխալված չի լինի, որ իմ թեկնածությունը պաշտպանի: Իսկ մարզպետի բնավորությունը ճանաչողները պիտի նաեւ իմանան, որ նա ոչինչ չի թաքցնում. եթե չցանկացավ պաշտպանել, չի պաշտպանի, ցանկացավ` կպաշտպանի:
– Դուք օրերս մասնակցեցիք Արեւիսի ոսկու բաց հանքի շահագործման ծրագրերի նախագծի քննարկմանը: Սիսիանի համար ի՞նչ կարեւոր խնդիրներ կլուծվեն հանքի շահագործմամբ:
– Կբացվի մոտ 100 աշխատատեղ` 100-120 հազար դրամ աշխատավարձով, որը սոցիալական շատ հարցեր կլուծի: Զարգացման լավ հեռանկարներ կբացվեն նաեւ շրջակա համայնքների համար: Արեւիսի դպրոցում արդեն որոշակի աշխատանքներ կատարվել են, բնակիչները լավ ընդունեցին հանքարդյունաբերողներին:
– Մոտ ժամանակներս շահագործման պատրաստվող քարերի մշակման` հանրապետության հզոր գործարաններից մեկը եւս 300-ից ավելի աշխատատեղ է առաջարկելու Սիսիանին:
– Քարերի մշակման գործարանի առկայությունը Սիսիանում ես համարում եմ մեր ժողովրդի մեծ հարստությունը: 300 եւ ավելի մարդու` գործարանում աշխատելու դեպքում շատ բան կփոխվի Սիսիանի զարգացման մեջ: Ինչքան զարգանա արդյունաբերությունը տարածաշրջանում, այնքան այն նպաստելու է նաեւ գյուղատնտեսության զարգացմանը եւ տարածաշրջանի զարգացմանը:
– Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:
– Ուզում եմ հավատալ, որ մեզ սպասվում է ազնիվ եւ արդար ընտրություն, իսկ ընտրության գնացողը չի մտածելու միայն իր անձնական շահի մասին: Նա նախ պիտի մտածի, թե իր կատարած ընտրությամբ ինչքան օգուտ կբերի իր համայնքին:
Ուզում եմ հաջողություն ցանկանալ նաեւ «Որոտանի» գործունեությանը, որովհետեւ, իրոք, իրականում նա կարողանում է վեր հանել մեր տարածաշրջանի հուզող հարցերը եւ շատ հարցերի պատասխաններ տալ:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *