ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ` ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀՐԱՉԻԿ ՆԻԿՈԼԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Պարո՛ն Խաչատրյան, մեր ավանդական հարցը Ձեզ` ինչո՞ւ եք առաջադրել Ձեր թեկնածությունը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում:
-Միանշանակ` քաղաքապետ ընտրվելու համար: Բայց դա ինքնանպատակ չէ: Երբ ներսում ես, սովորույթի ամենազոր ուժով կարծես հարմարվում ես այն վիճակին, որի մեջ ապրում ես, ժամանակի ընթացքում էլ, կարծես, այն դառնում է սովորական, եւ, մի տեսակ, հարմարվողական մտածողությամբ հաշտվում ես «յոլա գնալու» մտքի հետ:
Բայց` տեւական ժամանակ դրսում ապրել-աշխատելուց հետո երբ վերադառնում ես քո հայրենիքը, քո ծննդավայրը, ու տեսնում ես, թե ինչ ողբալի վիճակում է քո քաղաքը, անհուն ցավ ես ապրում, ասելով` լավ, մենք ումի՞ց ենք պակաս, ինչո՞վ ենք պակաս, որ…մեզ նման քաղաք է բաժին հասել:
-Ինչի՞ց եք դժգոհում:
-Սիսիանի մեծության տասնյակ ու տասնյակ քաղաքներ եմ տեսել ու մի տեսակ խանդով եմ լցվել, որ իմ քաղաքն էլ նման չէ դրանց: Ասում են` Սիսիանը հեռու է, կտրված է, տեղը լավը չի: Ընդհակառակը, Սիսիանի գրավիչ տեղը, դիրքը, պատմամշակութային հարուստ արժեքներն են, որ այսօր շատերին Սիսիան են բերում, բայց Սիսիան ոտք դնողը, առաջին հայացքից, բնականաբար, նրա արտաքին տեսքով պիտի պատկերացում կազմի թե՛ քաղաքի իշխանության, թե՛ բնակչության մասին: Մեր քաղաքի այսօրվա կեղտոտ, փոշոտ, անբարեկարգ, քարուքանդ տեսքը արդեն բավարար է հասկանալու համար, որ քաղաքում սրտացավ, մտահոգ իշխանություն չկա:
Քաղաքապետ դառնալու իմ հիմնական նպատակը ոչ թե զուտ աթոռ վերցնելու ցանկությունն է, այլ` Սիսիանի բնակիչ լինելու վիրավորվածությունը, որ հնարավորությունների այս դարում Սիսիանը վերածվել է գյուղաքաղաքի:
-Այսօրվա համայնքային իշխանությունը հակառակն է ասում, որ Սիսիանը միայն իր պաշտոնավարման օրոք է զարգացել, ինչի՞ն համամիտ չեք:
-Ասելը քիչ է: Բոլորս տեսնում ենք, որ իշխանությունը կտրված է ժողովրդից, ժողովուրդն էլ արդեն որեւէ լավ բան չի սպասում իշխանությունից: Եվ բնական է, որ մտածելու է այդպիսի իշխանությունը փոխելու մասին:
-«Բոլոր որոշումները` համայնքի գիտությամբ» Ձեր կարգախոսը ամբողջությամբ ամփոփո՞ւմ է Ձեր ասելիքը համայնքի բնակչին:
-Նման կարգախոս ընտրելու նպատակը համայնքի բնակչությանը համայնքի կառավարմանը ոչ միայն մասնակից դարձնելն է, այլեւ` համայնքում կատարվող ամեն ինչին իրազեկելը: Համայնքապետը օրերս Գայի թաղամասի, մյուս թաղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գարաժատեղեր է խոստացել տասնյակ ու տասնյակ բնակիչների: Բայց բնակիչը չի՞ մտածում, որ Սիսիանում արդեն այդքան ազատ տարածք չկա, ու ցավալի է, որ երբեմն կաշառվում է այդ կեղծ խոստումով: Դրա համար եմ պնդում, որ համայնքի բոլոր որոշումները պիտի ընդունվեն համայնքի գիտությամբ` նրա համաձայնությամբ կամ` անհամաձայնությամբ:
-Բայց օրվա իշխանությունները գտնում են, որ հիմա էլ է այդպես, եւ համայնքապետն ամենուրեք հայտարարում է, որ ավագանու հետ է որոշում համայնքին վերաբերող բոլոր հարցերը:
-Իր ասելո՞վ է: Թող ցույց տան վերջին 10-12 տարվա ընթացքում ավագանու մի որոշում, որ ընդունված չլինի միաձայն, որ մեկն ու մեկը ընդդիմացած կամ` իր անհամաձայնությունը հայտնած լինի համայնքապետերի որեւէ  առաջարկությանը, ընդդիմացած լինի այն քաղաքականության դեմ, որ տարվել ու տարվում է, ինչի արդյունքում համայնքի իսկական սեփականատերը` համայնքի բնակիչը, զրկվել է համայնքային հսկայական սեփականությունից: Ի՞նչ ունի այսօր Սիսիանի համայնքի բնակիչը քարուքանդ փողոցներից, աղբակույտերից, փոշու ամպերից բացի:
– Դուք Մոսկվայում աշխատում էիք, այնտեղ լավ էր, փոշուց ու քարուքանդ փողոցներից էլ հեռու էիք: Ինչո՞ւ վերադարձաք: Ձեզ պե՞տք էր իրական Սիսիանի հետ այս բախումը, եւ դեռ այն փոխելու դժվարին հոգսի տակ եք փորձում դնել Ձեզ:
-Երեւում է` դրսում չեք ապրել, որ զգաք, թե ինչպես է օտար հողը փախչում ոտքերիդ տակից: Դրսում թե դու ես քեզ օտար զգում, թե` քեզ են օտար ընդունում: Դրա համար էլ վերադարձել եմ ծննդավայր: Պարզապես չէի պատկերացնի, որ Սիսիանն այսքան թշվառ վիճակում պիտի գտնեմ: Չհաշտվելով ու չհարմարվելով այդ վիճակի հետ, այն փոխելու ցանկությունը վերածվել է լուրջ մտադրության, եւ, իմ մեջ գտնելով ստեղծված վիճակը փոխելու բավարար ուժ, կամք, մտել եմ ընտրապայքարի մեջ:
-Սիսիանում այսօր ունենք այն, ինչ ունենք: Ի՞նչ ռեսուրսով եք ապահովելու այդ փոփոխությունը:
-Ընդամենը` մի քիչ սրտացավություն, ընդամենը` մարդկային շիտակ փոխհարաբերություն, ընդամենը` մի քիչ պարկեշտություն, եւ, համոզված եմ, որ փոփոխություն կլինի: 1-2 տարվա մեջ այն չի նկատվի, բայց երբ սիսիանցիները տեսնեն անգամ ամենափոքր տեղաշարժը, կհավատան: Իսկ դրսում ապրող տասնյակ ու տասնյակ սիսիանցիներն էլ, համոզված եմ, մեծ սիրով ներդրումներ կկատարեն այստեղ: Այնինչ, տեղյակ եմ, որ գործող քաղաքապետը իր պահվածքով ու կեցվածքով վանել է բոլոր նրանց, ովքեր ցանկացել են այստեղ ինչ-որ նախաձեռնություն հանդես բերել:
Վաղ թե ուշ` սիսիանցին Սիսիան է վերադառնալու, եւ պիտի մի օր այդ վերադարձի սկիզբը դնել` Սիսիանը հայրենիք, ծննդավայր լինելուց բացի նաեւ ներդրումային հրապուրիչ միջավայր դարձնելու համար:
-Դուք նոր անուն եք սիսիանյան քաղաքական պայքարում: Դժվա՞ր չէ` միանգամից գալ ու մտնել քաղաքական դաշտ:
-Ընդհակառակը: Նորը միշտ էլ հետաքրքրություն է առաջացնում իր նկատմամբ: Հներին, նախկիններին ժողովուրդն արդեն քիչ թե շատ ծանոթ է, ճանաչում է, վստահում է կամ` չի վստահում եւ ճանաչելով է, որ նաեւ միանշանակ մերժում է, ինչպես` գործողին, իսկ նորի հետ, այնուամենայնիվ, նոր հույսեր կապում է: Նոր լինելը, կարծում եմ, մեծ առավելություն է իմ պարագայում:
-Դուք որեւէ կուսակցության չեք հարում եւ որեւէ կուսակցության անդամ չլինելով եք մտել ընտրապայքարի մեջ:
-Որեւէ կուսակցության անդամ չեմ, բայց դեռեւս 1990-ական թվականներին ակտիվ հասարակական, հանրային գործունեության մեջ եմ եղել: Մասնակցել եմ արցախյան ազատամարտին, Սիսիանի սահմանների ինքնապաշտպանությանը, Ֆիզուլիի, Լաչինի միջանցքի մարտերին:
Իսկ կուսակցական չլինելը նույնպես առավելություն եմ համարում, քանի որ Սիսիանի բնակչության 10-20 տակոսն է կուսակցական, մնացածը` անկուսակցական են, եւ ես լինելու եմ Սիսիանի բնակչության անկուսակցական մեծամասնության քաղաքապետը, որ պաշտպանեմ նրանց շահերը եւ նրանց իրավումնքները:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ամենալուրջ մրցակիցը:
-Ոչ թե` լուրջ մրցակից, այլ` լուրջ կողմնակից եմ համարում Սիսիանի ընտրողին, Սիսիանի ժողովրդին, հանուն ում էլ մտել եմ ընտրապայքարի մեջ:
-Շատերը մտածում էին, որ Դուք ինքնաբացարկ կտաք:
-Այդպես մտածելն իրենց իրավունքն է, բայց տեսաք, որ ինքնաբացարկ չեմ հայտնել եւ լրջորեն պայքարում եմ քաղաքապետ ընտրվելու համար, քանի որ, ինչպես արդեն ասացի, Սիսիանը փոխելու  անհրաժեշտությունն է այսօր ծառացել բոլորիս առջեւ:
-Դէ, բոլոր թեկնածուներն են այդպես ասում:
-Եթե բոլորն են ասում, առավել եւս, բայց` ինչո՞ւ է Սիսիանը անմիաբան, պառակտված, քարուքանդ ու ավերակ: Ինչո՞ւ են Սիսիանի արժանապատվությունը այդքան հեշտ ու հանգիստ ոտնահարում` տապալված մի քաղաքապետի կրկին պարտադրելով Սիսիանին:
Դա էլ պատճառներ ունի: Սիսիանի առջեւ ծառացած լուրջ հիմնախնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է սեփական հարցերը լուծելով: Դրա համար էլ քաղաքը դարձել է ոչ մեկինը:
Քաղաքը պիտի քաղաքապետը համախմբի, բայց` դրսից են ղեկավարում, դրսից են որոշում նրա քաղաքականությունը, իսկ մեր քաղաքում մենք ենք ապրում եւ մենք պիտի այն ղեկավարենք, որովհետեւ այստեղ են ապրում նաեւ մեր զավակները, այստեղ են ապրելու մեր թոռները…
-Այսօր հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվել. համայնքապետի 3 թեկնածուներից 2-ը միանշանակ դեմ են գործողին, եւ դա լուրջ շանս է Սիսիանի համար` նրանից ազատվելու:
-Համայնքի ղեկավարի պաշտոնին արժանանալու համար գործողին դեմ լինելը դեռեւս քիչ է: Դու պիտի կարողանաս ապացուցել, որ` ավելի արժանի ես, ավելի ունակ ես, ավելի ինքնուրույն ես, ավելի ջանադիր ես` Սիսիանը այս վիճակից հանելու համար: Բնակչությունը, միեւնույն է, համայնքի ղեկավարին միշտ էլ քննադատելու է, որովհետեւ խնդիրներն են անսպառ, բայց քաղաքապետն է, որ պիտի կարողանա գտնել այն ճիշտ ճանապարհը, որը շոշափելի փոփոխություն կբերի համայնքին, որ արժանանա հարգանքի ու վստահության: Այս դեպքում` անգամ նրա բացթողումները, նրա թերացումները հանդուրժելի ու տանելի են դառնում:
Տեղական ընտրություններում յուրաքանչյուր ընտրող պիտի մտածի իր քաղաքի, իր փողոցի, իր բակի, իր շքամուտքի մասին եւ այդ մտահոգությամբ գնա ընտրության: Այս դեպքում, համոզված եմ, մարդիկ ճիշտ ընտրություն կկատարեն:
-Սիսիանի շատ հիմնախնդիրներ պայմանավորում են մայրաքաղաքից, մայրուղուց հեռու լինելով:
-Հայաստան փոքր երկրի համար հեռուն ո՞րն է: Սրտացավությունը ներսից է պակասում, մտահոգ իշխանություն ու իշխանավոր չունենալուց է: Մայրաքաղաքից հեռու քի՞չ քաղաքներ կան, որ Սիսիանի նման ավերակ ու փոշոտ չեն, որ բարեկարգ են ու գեղեցիկ:
-Եթե չընտրվեք, կշնորհավորե՞ք նորընտիրին:
-Չընտրվելու մասին չեմ մտածում, բայց` այո, կշնորհավորեմ: Կխնդրեմ նաեւ ուշադրության առնել իմ նախընտրական ծրագրի կետերն ու դրույթները:
-Եթե անգամ գործո՞ղը ընտրվի:
-Գործողն, իհարկե, չի ընտրվի, մեծ ամոթ կլինի Սիսիանի համար նրա ընտրվելը: Բայց, հարգելով Սիսիանի կատարած ընտրությունը, նրան էլ կշնորհավորեմ: Պիտի, վերջապես, սովորենք քաղաքակիրթ քաղաքականության ավանդույթ ստեղծել: Եթե նախորդները միմյանց չեն շնորհավորել, դա նրանց քաղաքական եւ մարդկային արժանիքների մասին է խոսում: Ես անպայման կշնորհավորեմ` մտածելով, որ` եթե չընտրվեցի, գոնե մի լավ բանի սկիզբ դնեմ` հանուն Սիսիանի, որովհետեւ իմ նպատակը հանուն Սիսիանի է:
-Իսկ եթե Ձեզ չշնորհավորե՞ն…
-Ինքս պատրաստակամություն կհայտնեմ` նրանց հետ համագործակցելու: Սա էլ կդառնա լավ ավանդույթի սկիզբ, ինչի կարիքը Սիսիանն այսօր այնքան շատ ունի:
-Ի՞նչ եք մաղթում սիսիանցիներին:
-Մաղթանքը մի տեսակ կենացի տպավորություն կթողնի: Ես կոչ եմ անում սիսիանցիներին` լինել իրենց արժանապատվության տերը, սոցիալական ծանր վիճակի խայծը կուլ չտալ` ընտրաձայն վաճառելով: Ձայնդ ում վաճառեցիր, ուրեմն` իրավունքդ էլ վաճառեցիր նրան: Հետո, երբ որեւէ հարցով դիմես քո ընտրաձայնը «գնած» քաղաքապետին, հեգնելու է քեզ, ասելով` «ես քեզ պարտավոր չեմ: Փող եմ տվել, ձայն ես տվել»:
Թանկ պատիվը մի օրվա կամ` մի ժամվա համար չպետք է վաճառել: Հետեւանքը լինելու է այն, ինչ կա այսօր…

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *