ԲՌՆԱԿՈԹ

Բռնակոթը ոչ միայն Սյունիքի, այլև հանրապետության ամենախոշոր և ամենանշանավոր բնակավայրերից  մեկն է, որը պատմության անմոռաց, հրաշալի էջեր ունի: Համագյուղացիները հպարտանում են այդ էջերով, գյուղի անցյալով ու ներկայով, ինքնատիպ ու հենց Բռնակոթին բնորոշ պատմությամբ:

ԳՅՈՒՂԻ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղի անվան ծագումնաբանության շուրջ տարբեր կարծիքներ կան: Ոմանք կարծում են, որ անունն առաջացել է եկվոր ինչ-որ բռնեցիների և կոթեցիների անվանումներից: Դա չհիմնավորված  տեսակետ է, պարզապես՝ ժողովրդական ստուգաբանություն:  Առավել ընդունելի է հետևյալ տեսակետը: «Կոթ» նշանակում է շեն, գյուղ, բնակավայր, «Բուռ»՝  բուռ, ափ:  Այսինքն՝ գյուղ, շեն, բնակավայր՝ ափի մեջ:

Դարերի ընթացքում  օգտագործվել են գյուղի անվան մի շարք տարբերակներ. Բռնակոթ, Բռնակոտ, Փռնակոթ£ Ըստ Բռնակոթի ընտանեկան մատյանի 1848 թվականին գյուղն ունեցել է  91 գերդաստան և 742 բնակիչ: Ներկայումս ունի 775 տնտեսություն 2254 շունչ:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ՍՆՎՈՒՄ  ԱՐՄԱՏՆԵՐԸ

Եղած սկզբնաղբյուրները վկայում են, որ գյուղը տասնյակ հարյուրավոր տարիների պատմություն ունի: Շուրջ հազար հինգհարյուր տարի առաջ Բռնակոթի խոշոր ավան լինելու վկայագիրը նշանավոր պատմաբան, մեր հայրենակից Մորուս Հասրաթյանը համարում է 5-6-րդ դարերում կառուցված խոշոր բազիլիկ եկեղեցին, որը սկզբնական շրջանում եղել է հեթանոսական մեհյան: Իսկ ըստ Հայկ Խաչատրյանի՝ Բռնակոթը Բաբելոնի հասակակիցն է՝ հինգ հազար տարեկան:

Առաջին գրավոր հիշատակությունը 13-րդ դարում թողել է Ստեփանոս Օրբելյանը: Գյուղը մտել է Մեծ Հայքի թագավորության 15 աշխարհներից առաջինի՝ Ծղուկի, իսկ 428 թվականին՝ հայոց թագավորության անկումից հետո, Սյունիքի հետ միասին՝ մարզպանական  Հայաստանի կազմի մեջ: Մարզպանության ներքին վարչա-տարածքային կառուցվածքում Ծղուկը մնացել է որպես գավառ: Այնուհետև, դիմակայելով մեկը մյուսին փոխարինելու եկած օտար բռնակալների ասպատակություններին, գյուղն իր ինքնությունը կարողացել է պահպանել և 17-րդ դարի 40-ական թվականներին մտել է Պարսկական Շուշիի խանության Սիսիանի մելիքության կազմի մեջ:

ՍԻՍԻԱՆԻ ՄԵԼԻՔՈՒԹՅԱՆ ՕՐՈՐԱՆԸ

Սիսիանի մելիքությունը, որը գոևատևել է շուրջ 200 տարի, ղեկավարել են բռնակոթյան երկու նշանավոր տոհմեր՝ սկզբում  Մելիք-Սաֆռազյանները,  այնուհետև՝ Մելիք-Թանգյանները: Թեև մելիքանիստ գյուղը սկզբում Անգեղակոթն էր, սակայն 18-րդ դարի երկրորդ կեսից այն փոխադրվում է  Բռնակոթ: Սաֆռազյան տոհմից նշանավոր էր Մելիք Սաֆռազ Երկրորդը, ում օրոք 1699 թվականին Իսրայել Օրու գլխավորությամբ տեղի ունեցավ Անգեղակոթի նշանավոր գաղտնի ժողովը, ուր դրվեցին  հայ ժողովրդի անկախության պայքարի առարկայական հիմքերը:

Մեծ համբավ և հռչակ է վայելել Մելիք Թանգյան մելիքական տան Մելիք Թանգի Կարապետի Մելիք-Կարապետյանը՝ Մելիք Թանգի Երկրորդը:

Ծնվել է 1791 թվականին և մելիքի տիտղոսը կրել է 31 տարեկան հասակից: Իր իշխանության չորրորդ տարում` 1826 թվականին, սկսվեց  ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, որը և ավարտվեց 1828 թ.-ին: Շարունակելով իր հոր՝ Մելիք-Կարապետի քաղաքականությունը, նա հակվում է դեպի Ռուսաստան և մեծ աջակցություն ցուցաբերում Անդրկովկաս ներխուժած ռուսական զորաբանակներին: Հաշվի առնելով նրա ռազմական շնորհքն ու տաղանդը, շուտով ռուսական կայսրության կողմից ստանում է հազարապետի զինվորական կոչում, նշանակվում ոչ միայն Սիսիանի, այլև՝ ողջ Սյունիքի զորապետ: Քանի որ Թուրքմենչայի պայմանագրով թույլատրվել էր նաև 540270_253141824803150_1709354175_nպարսկահայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան, Մելիք-Թանգի 2-րդը, լինելով հեռատես քաղաքական գործիչ, ձեռնամուխ եղավ գաղթականների հաշվին Սիսիանի հայ բնակչությունը ամրացնելու և բազմացնելու կարևոր գործին: Մեծ ջերմեռանդությամբ մելիքը ձեռնարկեց երեք կարևոր միջոցառում ևս: Ձմռան բքերի պատճառով փակվում էր Նախիջևանից Սիսիան մտնող՝ Սիսիանի լեռնանցքը, և առևտրականները հաճախ մնում էին ցրտի և սառնամանիքի մեջ: Որպես ժամանակավոր կացարան նա Արագլի լեռան վրա կառուցեց  մի իջևանատուն, որի շինարարության համար 1845 թվականին ռուսական կառավարության կողմից պարգևատրվում է Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշանով:

Երկրորդ ձեռնարկումը Անգեղակոթի տակ Որոտանի աջ և ձախ ափերն իրար կապող Փուլի երկթռիչք կամուրջն է: Ներկայումս պահպանվել են կամրջի միայն հետքերը: Նա է կառուցել նաև Որոտան գյուղի հարևանությամբ մինչև այսօր գործող կամուրջը: Ժամանակի կարևոր խնդիրը ճանապարհների անվտանգության ապահովումն էր, քանի որ քարավանների վրա հարձակումները հաճախակի էին կատարվում: Շուշի-Նախիջևան առևտրական ճանապարհի վրա շուտով Բռնակոթը վերածվում է կարևորագույն հանգույցի:

Նրա հաջորդ ձեռնարկումներից  մեկը1848 թվականին Բռնակոթի եկեղեցու նորոգումն ու զանգակատան կառուցումն էր: Այդ կառույցը նվիրել է իր վաղամեռիկ որդի Ղազարի, եղբայր Ղուկասի և նրա որդի Կարապետի հիշատակին: Զանգակատան ճակատային մասում փորագրված է. «Ես Սյունյաց հազարապետ Մելիք-Թանգկի-Մելիք-Կարապետեան շինեցի գաւիթս եւ կաթողիկես հիշատակ ի վերա գերեզմանի միամոր որդի իմոյ աղա Ղազարին, եխբար Ղուկաս Բեկին, որդի Կարապետ աղին»:

…Տաթևի հետ հաղորդակցությունը կարգավորելու նպատակով նա 1853 թվականին սերունդներին թողեց նաև մի հոյակապ կամուրջ: Այն գտվում է Դավիթ-Բեկի բերդի ստորոտին: Ասում են, թե երբ ավարտել է կամուրջը, մելիքն ասել է, եթե ժայռը չփլվի, կամուրջը չի քանդվի: Նա կարևորել է նաև մատաղ սերնդի կրթության գործը: Առատաձեռնորեն օգնել է կրթական հաստատություններին, Տաթևի վարժարանին: Տաթևի վանքին է նվիրել 40 դեսյատին հող:

…Թեև 1840 թվականի ապրիլի 10-ի ռուսական օրենքով մելիքների վարչական և դատաստանական իրավունքները վերացել էին, սակայն նա մինչև իր կյանքի վերջ կարողացավ պահպանել իր տիտղոսը: Նա իշխանության է եկել 1822 թվականին և փաստացի իշխել մինչև իր կյանքի վերջը՝ մինչև1866 թվականը, շուրջ 44 տարի: Մահացել է 75 տարեկան հասակում: Թաղված է եկեղեցու ներսում: Նրան հաջորդում է եղբայրը՝ Մելիք-Ղուկասը, որովհետև որդին
մահացել էր: Ի դեպ, ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների, նա ունեցել է 2 զավակ` մեկ տղա և մեկ աղջիկ: Տղան կարճ է ապրել: Հայրը նրան ուսման է ուղարկել Ագուլիս: Այստեղ էլ մեզ անհայտ պատճառներով նա 1848 թվականին մահացել է: Որդու դին Սիսիան է փոխադրել մելի-քի կինը: Բերել է Դաստակերտի սարերով: Նա թաղվել է հենց մելիքի կողմից նոր կառուցված եկեղեցու գավթում, որտեղ հետագայում թաղվել է նաև մելիքը: Տապանաքարի վրա գրված է. «Այս է տապան Սյունյաց հազարապետ Մելիք- Թանգու որդի Ղազար աղին 1821-1848թթ.»:

meliktangiՇատ հետաքրքիր և ողբերգական ճակատագիր է ունեցել նրա դուստրը` Խանումը: Եկեղեցու ճակատային մասում գրված է նաև նրա անունը: Բայց որտեղ է թաղված, հայտնի չէ: Այդ 22 ամյա գեղեցկուհուն հայ մեծ վիպասան Րաֆֆին հանդիպել է Խոյ քաղաքում, գավառի իշխանի հարեմում: Նա պատմում է, որ երբ մտել է Խոյ, իր մոտ են եկել գավառի իշխանի մարդիկ և հարցրել նրա ով լինելը: Նա ներկայացել է որպես անգլիացի բժիշկ: Երբ այդ մասին տեղյակ են պահել իշխանին, նա Րաֆֆուն հրավիրել է բուժելու իր հիվանդ որդուն և կնոջը: Հետո դռնապանապետը, որը կրոնափովաված հայ է լինում, բոլոր մանրամասնությունները պատմում է վիպասանին: Իր «Ճանապարհորդություն Պարսկաստան» ուղեգրության մեջ Րաֆֆին գրում է. «Նա պատմեց, որ տիկինը ազգով հայ է և Ս. գավառի  մելիք Թ.-ի  աղջիկն է: …Նա պարսիկ իշխանին յուր կողմն գրավելու համար` ընծայեց նրան յուր  մի հատիկ գեղեցիկ աղջիկը, որ արդեն նշանված էր մի հայ երիտասարդի համար: Փեսան, երբ որ լսում է, թե յուր սիրուհին պետք է տարվի իշխանի կանանոցը, մի քանի ընկերներով գալիս է և ճանապարհը կտրում է, որ ազատե նրան: Բայց բռնվում է և քաղաքի հրապարակում գլխատվում է…»: (Րաֆֆի, հ. 9, էջ 42,43):

Փեսացուի մահվան լուրը լսելուց հետո նա գամվում է անկողնուն. չի ուտում, չի խմում և անընդհատ լացում է: Լինելով բժիշկ, հոգեմետ դեղերով Րաֆֆին կարողանում է որոշ չափով մեղմել այդ դժբախտ աղջկա վիշտը: Ու հետո պայմանավորվում են  դռնապանապետի հետ, որ վերջինս կազմակերպի աղջկա փախուստը: Թե հետագայում ինչ ճակատագիր է ունե¬նում այդ պայմանավորվածությունը, մեզ արդեն հայտնի չէ:

… Մելիք Թանգի Երկրորդին  փոխարինած Մելիք-Ղուկասի իշխանությունը կարճ է տևում: Ինչպես վկայում է հայ մեծ ազգագրագետ Երվանդ Լալայա¬նը, «Երկու տարուց հետո ռուսները վերջացրին մելիքությունը»:  Թեև թվականությունը չի նշված, այդուհանդերձ կարելի է կարծել, որ դա կապված էր ցարական Ռուսաստանի նոր վարչա-տարածքային բաժանումների հետ: 1868 թվականին ստեղծվեց Ելիզավետպոլի նահանգը, իսկ Սիսիանը Զանգեզուրի գավառի կազմում մտավ այդ նահանգի մեջ:

ՈՐՊԵՍ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Բռնակոթը միշտ էլ եղել է Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի առաջին գծում: Բռնակոթցիները Տեր Ավետիսի գլխավորությամբ ապավեն կանգնեցին Դավիթ-Բեկի  ազատագրական պայքարին: Հատկապես նրանք իրենց փառքով պսակեցին 20-րդ դարի սկզբների մահ ու կենաց կռիվներին: 1905 թվականը պատմության մեջ մտավ որպես հայ-թաթարական ընդհարումների  տարի: Նույն  թվականի կեսերից իրավիճակը խիստ սրվեց նաև Սիսիանի շրջանում: Առավել ագրեսիվ էին տրամադրված թուրքաբնակ Շուքար, Ջոմարդլու, Շխլար, Սիսիան (այժմ` Հացավան), Աղիտու, Վաղատնի գյուղերը: Առաջին ընդհարումը տեղի  ունեցավ 1905-ի հունիսի 25-ին: Նախիջևանի կողմից եկած մի հարյուր կոզակի միջամտությունից հետո կռիվը դադարում է: Սակայն օգոստոսի 16-ին թուրքերի ձեռքով Եռաբլուրի մոտ սպանվում են բռնակոթցի  4 բեկեր՝ Սաֆրազբեկյաններից և Մելիք-10294352_541261135991216_5053526311821921091_nԹանգյաններից, որը հուզումների մեծ ալիք է բարձրացնում Սիսիանում:

Շրջանի ինքնապաշտպանության գործի ղեկավարումը Նիկոլ Դումանի կողմից  դրվել էր Քեռու` Արշակ Գավաֆյանի վրա, որն այստեղ էր եկել իր օգնականի՝ Դրաստամատ Կանայանի հետ: Գալով Սիսիան, Քեռին իր շտաբը տեղավորում է  Բռնակոթու: «Իմ՝ Բռնակոթ գալու օրն իսկ Քեռին կարգադրեց, որ զինւոր առնեմ եւ անցնեմ Թազա գիղւ որ հանդիսանում էր շրջանի գիւղերի սիրտը եւ մի տեսակ հանգույց էր դէպի Մազրա տանող ճանապարհի (Հ. Գևորգյան, «Դրո», Երևան, 1991թ., էջ 213): Դրոն կատարում է Քեռու հրամանը և ընդամենը մի 10 հոգով մեկնում Թազագյուղ (ներկայումս՝ Թասիկ): Նույն երեկոյան այստեղ է գալիս նաև Բռնակոթի քահանայի տղա, Վահան Խորենու մեծ եղբայրը՝ Հովհաննեսը՝ 15 հոգուց բաղկացած զինված ջոկատով: Առավոտյան Դրոն եկեղեցում ճառով պետք է հանդես գար: Սակայն հանկարծ կրակոցներ են լսվում: Աղմուկ-աղաղակը տարածվում է գյուղով մեկ: Սիսիանի (ներկայումս՝Հացավան) թուրքերն անցնում են հարձակման: Բռնակոթից նոր օգնական ուժեր են գալիս: Այստեղ է հասնում նաև Քեռին: Թուրքերը աստիճանաբար տեղի են տալիս: Քեռու ուռաներին արձագանքելով, բռնակոթցիները մտնում են գյուղ:

Հատկապես դեկտեմբերին սկսեցին ակտիվանալ Աղուդի և Վաղուդի գյուղերի թուրքերը: Նրանք փակում էին Գորիս գնացող ճանապարհը, կատարում վայրագ սպանություններ: Դեկտեմբերի 25-ին հայերը հարձակվեցին Աղուդի գյուղի վրա: Թուրքերը մեծ զոհեր տալով փախան Վաղուդի: Այստեղ մարտն ավելի թեժ բնույթ ստացավ: Թուրքերը մարտի դաշտում թողեցին 60, իսկ հայերը՝ 22 զոհ: Այս կռվում ընկավ նաև Թանգի-բեկ Մելիք-Թանգյանը, հին դաշնակցական Ստեփան Ստեփանյանը, որոնք թաղված են  Բռնակոթի «Վիրի մահլի» գերեզմանատանը: Ընդհարումները դադարեցին միայն1906 թվականի կեսերից հետո:

Սակայն 1918 թվականին սկսվեցին նոր խմորումներ: Այդ շրջանում էր, որ Սիսիանին ապավեն կանգնեց Անդրանիկը: 1918 թվականի հուլիսի վերջերին նա իր ջոկատով և հազարավոր գաղթականներով Կապանի կողմից մտնում է Զանգեզուր: Ամենուր նրան աղ ու հացով են դիմավորում: Օգոստոսի սկզբներին նա արդեն Գորիսում էր: Ինն ամիս նա մնում է Սյունյաց աշխարհում՝  նախ կենտրոն ունենալով Գորիս քաղաքը, ապա Սիսիանի Անգեղակոթ գյուղը: Այդ օրերին Անդրանիկը հենվում էր Սիսիանի 3 խոշոր գյուղերի՝ Բռնակոթի, Անգեղակոթի և Ղարաքլիսայի (ներկայումս՝ Սիսիան) վրա: Բռնակոթը շատ արագ վերածվում է Անդրանիկի ինքնապաշտպանության կազմակերպման երեք ծանրության կենտրոններից մեկի: Բռնակոթը փաստորեն 1918-ից մինչև 1922 թվականը շրջանի կենտրոնն էր:

Անդրանիկը անընդհատ շրջում էր գյուղերում, հանդիպում մարդկանց հետ, ոգևորում նրանց, լսում նրանց խորհուրդներն ու առաջարկությունները: Մինչև հիմա էլ մարդիկ հիշում են նրա ելույթները Բռնակոթ, Ույծ, Ղարաքիլիսա (այժմ Սիսիան) գյուղերում: Նրան ժողովուրդը փաշա էր կոչում: Փաշայի մուտքը յուրաքանչյուր գյուղ իրադարձություն էր: Փաշան միշտ սպիտակ նժույգով էր: Մարդկանց շրջանում լեգենդներ էին պտտվում նաև նրա սպիտակ ձիու՝ Ասլանի մասին: Հայտնի է նրա կողմից Բռնակոթ գյուղում հրավիրված ժողովը: Ասում են, թե «Աղալոյենց մեյդան» էր հավաքվել ողջ գյուղը: Մարդիկ եկել էին տեսնելու և լսելու կենդանի Անդրանիկին: Մարդիկ կարոտ էին նրա խոսքին: Պատրաստ էին կատարելու նրա բոլոր առաջադրանքները: Այդ ժամանակ բռնակոթում նույնպես տեղավորված էին Անդրանիկի զորախմբի առանձին ջոկատներ, որոնց զինվորները նույնպես բաժանվել էին տների վրա: Թաղերում ստեղծվել էին, այսպես կոչված, մայրապետեր, որոնք կարգավորում էին բոլոր հարցերը, հոգում զորաջոկատի բոլոր հոգսերը:

…Անդրանիկի ներկայությունը Սիսիանում ունեցավ խոշոր նշանակություն երկրամասի ինքնուրույնությունը ապահովելու համար: Փաստորեն այդ ժամանակ Զանգեզուրը եզակի հայկական շրջան էր, որ զերծ մնաց թուրքական բարբարոսական ավերածություններից: Սիսիանը երբեք չի մոռանում Անդրանիկին: Նա իր հերթին երբեք չի մոռացել սիսիանցիներին: Մի առիթով ասել է. «Եթե առիթ ունենաք, հաճեցեք իմ բարևները հաղորդել տալ Զանգեզուրի, Ղափանի և Սիսիանու ժողովուրդներուն»:

…1919  թվականի  մաիտի  25-ին  Զանգեզուրից  Անդրանիկի հեռանալուց  հետո, երկրամասը բաժանվում է երկու պաշտպանական  հատվածների՝ Կապար-Գողթի (Կապան, Գողթան, Գենվազ)  և Սիսիանի: Կապար-Գողթի զինված ուժերի հրամանատար է նշանակվում Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը այստեղ է գալիս 1919 թվականի օգոստոս  ամսին, իսկ Սիսիանի  զինված ուժերի հրամանատար, ծնունդով Կապանի Վերին Խոտանան գյուղից  Պողոս Տեր-Դավթյանը:  Այդ շրջանի դեպքերի ականատես ու մասնակից  բռնակոթցի Արտեմ Բալյանը, ասում էր, որ նա այս կողմերն էր ուղարկվել Ստեփան Շահումյանի կողմից: Հայտնի է, որ Նժդեհյան մաքռումների արդյունքում մենք պահպանեցինք Սյունիքի ինքնությունը: Այդ պայքարում նույնպես իրենց փառքով պսակեցին նաև բռնակոթցիները: Նժդեհի կենսագիր Ավոն` իր «Նժդեհ» աշխատության մեջ նշում է Սիսիանից աչքի ընկած հետևյալ զինվորական և քաղաքական գործիչների անունները` Վահան Խորենի-Բռնակոթից, խորհրդարանի անդա, բարձրագույն կրթությամբ, թաղված է Գորիսում, Սերգեյ Մելիք-Յոլչյան-Սիսիանից, համալսարանական, Զանգեզուրի նահանգապետ, մեռած Թեհրանում, Համբարձում- շենաթաղցի, քաջ վաշտապետ, Կրթող Հովհաննես- շենաթաղցի, հսկա մարմնով, զարզանդ, ազդող ձայնով, վայրենի տեսքով, Շխլարի ձորի թուրքերը սրանից սարսափում էին, Զախար Տեր-Ղազարյան-Սիսիանից, հրամանատար, Պողոսի (Պողոս Տեր-Դավթյան, Հ.Ա.) աջ բազուկը, Սիսիանի քաջ կոմիսար,Նիկոլայ Կրմենյանց-Սիսիանի Բռնակոթ գյուղից, գործիչ, Դավիթ-դարբասցի, հին գործիչ, մարտիկ, Սարգիս- անգեղակոթցի, վաշտապետ, Մելիք-Թանգյան Սիմոն-բեկ-Բռնակոթից, մատակարար, մեռած Թավրիզում, Աստղիկ Սաֆրազբեկյան- ղարաքիլիսեցի, որբանոցի կառավարիչ, Միշա Սաֆրազբեկյան- ղարաքիլիսեցի, սպա, Ավագ Բունիաթյան-Բռնակոթից, կոմիսար, Սիսակ Բունիաթյան-Բռնակոթից, վաշտապետ, սպանվեց հակաբոլշևիկյան կռիվներում, Առուստամ Բունիաթյան- Բռնակոթից, օգնական վաշտի հրամանատարի, սպանվեց Ղարաքիլիսայում (Ավօ, «Նժդեհ» Բեյրութ, 1918թ., էջ 102):

ՀԵՂԿՈՄԻ  ԵՎ ԴՐՈՅԻ  ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր պատմագրության մեջ նշվել է, թե իբրև Սիսիանում 1920 թվականի մայիսին տեղի է ունեցել ապստամբություն: Սակայն դա այդպես չի եղել: Սիսիանում ապստամբություն տեղի չի ունեցել: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Բոլշևիկյան կազմակերպությունների որոշմամբ Սիսիանի հեղափոխական ուժերի կենտրոն է հայտարարվում Բռնակոթը: Մայիսի 24-ին այստեղ Մուշեղ Զաքարյանի նախագահությամբ հրավիրվում է խորհրդակցություն, որն ընտրում է հեղափոխական կոմիտե: Հենց այդ օրերին Դրոն, իր զորաջոկատով, կարմիր բանակի ջոկատների ճնշման տակ  Ղարաբաղից նահանջում է Զանգեզուր, ամրանում Ղարաքիլիսայում (այժմ՝ Սիսիան): Նա քաղաքացիական կռիվներից խուսափելու նպատակով, բռնակոթցիներին առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Վերջիններս ընդունում են առաջարկը և Դրոյին գյուղ են հրավիրում: Դրոյի և հեղկոմի բանակցություններն ավարտվում են հաջողությամբ:  Բանակցություններից հետո ճոխ սեղան է բացվում, բաժակաճառեր են ասվում: Նույն օրը գյուղի հրապարակում հանդես է գալիս Դրոն, որի ելույթը  սղագրվել է նույն ժողովի մասնակից, հին բոլշևիկ Նիկոլայ Արզումանյանը: Ահա այն. «Բռնակոթցիներ: Դուք ինձ լավ եք ճանաչում. Հիշու՞մ եք 1905 – 1906 թվականները, երբ ես Սիսիանը փրկեցի: Այն ժամանակ ես հենց գյուղում էի մնում: Ես ավելի լավ հեղափոխական եմ, քան սրանք: Եթե ես հավատացած լինեմ, որ Ադրբեջանում իսկապես խորհրդային իշխանություն է հաստատված, չեմ կռվի: Այնտեղ կեղծ բելշևիկներ են տիրություն անում և հիմա նրանք ձեզ խաբում են, որ զինաթափ անեն, հետո բոլորիդ կոտորեն: Բացի այդ բոլշևիկների դրությունը իրենց բուն երկրում՝ Ռուսաստանում, խախուտ է: Հետևապես մենք չենք կարող նրանց հույսով մեր զենքը վայր դնել: Խելքի եկեք, ցրվեք ձեր տները, եղբայրասպան կռվի պատճառ մի եղեք»: Այս ամենն արդեն ոչ մի հող չեն թողնում ապստամբական տրամադրությունների վրա: Հետագայում գյուղ է գալիս Հայոց պառլամենտի անդամ Վահան Խորենին և շնորհակալություն հայտնում համագյուղացիներին ցուցաբերած խոհեմության համար:

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ  ԳՅՈՒՂ

Սիսիանի տարածաշրջանում առաջին դպրոցը բացվել է Բռնակոթում 1879 թվականին՝ Գևորգ կաթողիկոսի կոնդակով: Այդ շրջանում ըստ Լեոյի Սյունիքում գործել է 2 դպրոց՝ մեկը Տաթևում, մյուսը՝…Ծխական դպրոց Սիսիանի գավառում, Բռնակոթ գյուղի մեջ, որը ես չեմ տեսել (Լեո, Երևան, 1985թ., հ. 8, էջ 90): 1919-20 թվականներին դպրոցում աշխատել է 4 ուսուցիչ, որից երկուսը եղել է կին: Սիսիանի առաջին կին ուսուցչուհին Եղիսաբեթ Հակոբյանն էր, որը 1917-ին ավարտել էր Բաքվի հայոց Հռիփիսիմյան օրիորդաց  գիմնազիան: Բաքվում ապրող բռնակոթցիների խնդրանքով վերադարձել է գյուղ և 1917-ից  անցել մանկավարժական աշխատանքի: 1938-ին նրան շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում: Արժանացել է Լենինի շքանշանի: Դպրոցում դասավանդել են լայն ճանաչում ունեցող այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք են Խորեն քահանան, Սադաթ Սաֆրազբեկյանը, որը եղել է նաև Գորիսի երկամյա ռուսական ուսումնարանի վերակացուն, արքեպիսկոպոս Նիկողայոս Մելիք Թանգյանը, որը երկար տարիներ ղեկավարել է նաև Ատրպատականի թեմը և 1905-06 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ արժանացել  Զանգեզուրի Ղևոնդ երեց» անվանվանը, Գևորգ Հակոբյանը, Իշխան Հովակիմյանը, Բագրատ Շիրինյանը, Էդիկ Հակոբջանյանը, Սերյոժա Առաքելյանը, Կանյակ Իսկանդարյանը, Տիգրանուհի Հովհաննիսյանը, Լենա Առաքելյանը, Հայկանուշ Թանգյանը և շատ ուրիշներ:

Գյուղը երկրին տվել է գիտության 70 դոկտորներ և թեկնածուներ: Գյուղի՝ Ադոնց տոհմից է սերել աշխարհահռչակ  պատմաբան, բյուզանդագետ, բանասեր Նիկողայոս Ադոնցը: (Երկրորդ ազգանունը՝ Տեր-Ավետիքյան): Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները: Ադոնցը թողել է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն շուրջ 80 արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը: Նրա՝ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը  XX դարի հայագիտության խոշոր նվաճումներից է: Ն. Ադոնցի անունով է կոչվում Սիսիանի պատմության թանգարանը: Ադոնցը կյանքից հեռացել է 1942 թվականի պատերազմական մի ցրտաշունչ օր՝ հունվարի 27-ին, Բրյուսելում: Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում մնում է այն տունը, որտեղ ծնվել է նա: Այն կառուցվել է 1861 թվականին: Մուտքի դապասի վերևի սալաքարի վրա գրված. «ԱՅՍ Է ՏՈՒՆԸ ՍՈՒՆԵԱՑ ԲՌՆԱԿՈԹՑԻ ԲԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԱՌԱՔԵԼԵԱՆ ՏԷՐ ԱՎԷՏԻՍԵԱՆՑԻ 1861»: Առաքելը եղել է Ադոնցի պապը, Դավիթ Բեկի նշանավոր զորավարներից մեկի՝ Տեր-Ավետիսի թոռը: 19-րդ դարից մեզ հասած Սիսիանի եզակի տներից մեկն է: Նրա երկրորդ հարկը փլվել է 1931 թ. երկրաշարժից:

Գյուղը տվել է նաև այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրանտ Ադոնցը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մուշեղ Ադոնցը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Գևորգյանը՝գյուղի Խորեն քահանայի զավակը, տեխնիկական գիտությունների դոկտոր Խորեն Տեր-Գևորգյանը՝Վահան Տեր-Գևորգյանի եղբոր՝ Հովհաննեսի որդին, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վիկտորյա Հակոբջանյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Երվադ Սարգսյանը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Սմբատ Բադալյանը, տնտեսագիտության դոկտոր Գարուշ Հարությունյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ Արամ Բալյանը և Հրաչիկ Քարամյանը, բժշկական գիտությունների դոկտոր, զինվորական բժիշկ գեներալ Միքայել Աստվածատրյանը և շատ ուրիշներ:

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԳՅՈՒՂ

Հայրենական Մեծ  պատերազմին մասնակցել են 916 բռնակոթցիներ, որոնք աչքի են ընկել իրենց արիությամբ ու խիզախությամբ: Նրանցից շատ-շատերն արժանացել են մարտական պարգևների՝ շքանշանների և մեդալների, իսկ երկուսը՝ Սամսոն Մկրտումյանն ու Լիպարիտ Իսրայելյանը՝ Սովետական Միության հերոսի կոչման, որոնց կիսանդրիները 1990 թվականին տեղադրվել է գյուղի կենտրոնական հրապարակում: Հեղինակը մեր հայրենակից, շնորհալի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է: Հարկ է նշել նաև, որ բռնակոթցիներն աչքի են ընկել նաև Առաջին համաշխարհային պատերազմում: Նրանցից հրետանավոր Բալի Բալյանը արժանացել է  Գեորիգևյան 4 խաչի:

Բռնակոթցիները ակտիվ մասնակցություն ունեցան նաև Արցախյան գոյամարտին: Սիսիանի առաջին մարտական ջոկատների, ինչպես նաև ՙՂարաբաղ՚ կոմիտեի տեղական կազմակերպության կազմակերպիչը բռնակոթցի Վուրգ Ոսկանյանն էր, որի արձանը վերջերս կանգնեցվել է Սիսիան քաղաքում՝ դարձյալ  քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի ձեռքերով: Նա զոհվել է 1993 թվականին՝Քարավաճառի համար մղված մարտերից մեկի ժամանակ:

Հայրենական պատերազմում Բռնակոթը տվել է շուրջ 400, իսկ Արցախյան պատերազմում՝ 7 զոհ: Նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով գյուղում կանգնեցվել են հուշարձան-կոթողներ: Ի դեպ, գյուղում կանգնեցվել է նաև 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնով հուշարձան-կոթող: Այն Սիսիանի տարածաշրջանի՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է: Գյուղի երիտասարդության հանգանակած միջոցներով (անվտանգության մարմիններից  գաղտնի) այն կառուցվել է 1975 թվականին` Մեծ եղեռնի 60-ամյակի առթիվ: Հուշարձանը գտնվում է  գյուղից  վերև գտնվող զբոսայգում: Հուշարձանի հեղինակը նույն գյուղացի շնորհալի քանդակագործ վաղամեռիկ Լևիկ Դիլանյանն է:

ԲՌՆԱԿՈԹՑԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԵՄՔԵՐ

Բռնակոթը գիտնականների ստվար ջոկատի կողքին տվել է նաև մի շարք պետական, կուսակցական ու զինվորական գործիչներ: Կեսկատակ-կիսալուրջ Սիսիանում ասում էին, թե բռնակոթցիները երեխային հատիկալիցի ժամանակ սանրի ու դանակի հետ հատակին դրել են նաև կնիք: Տղա, թե աղջիկ իբր միշտ կնիքն են վերցրել, և իբր մանկուց բոլորը պաշտոնի են ձգտել: Իհարկե ոչ ոք պաշտոնամոլ չի ծնվել, բայց ինչին հասել են՝ հասել են իրենց գիտելիքներով, կազմակերպական ունակություններով, մարդկային անկեղծ ու անմիջական հարաբերություններով: Հետաքրքիր ճանապարհ է անցել դրանցից մեկը՝ Անահիտ Լալայանը: Նա առաջին կինն է, որը զբաղեցրել է դիվիզիայի քաղբաժնի պետի պաշտոնը: 1931 թվականին աշխատանքի է անցել Համկ/բ/ կուսակցության կենտկոմում: Մահացել է Սիբիրյան աքսորում՝ 1945 թվականին: Գեներալ Միքայել Աստվածատրյանը եղել է կարմիր բանակի գլխավոր նևրոպաթալոգը: Թաղված է Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկի գերեզմանատանը: Գևորգ Սաֆրազբեկյանը՝ նույն ճանաչված վարժապետ Սադաթ Սաֆրազբեկյանի որդին, հասել է մինչև Միջին Ասիայի զինվորական օկրուգի քաղվարչության պետի պաշտոնին: Տաջիկստանում կռվել է բասմաչների դեմ, Բլյուխերի հետ կազմակերպել Հեռավոր Արևելյան բանակը: Մոնղոլիայում եղել է նաև ՍՍՀՄ արտակարգ և լիազոր ներկայացուցիչ: Նա նույնպես անհատի պաշտամունքի զոհերից է: Բռնակոթցիներից Սերգեյ Մաժունցը եղել է ՍՍՀՄ առողջապահության ժողկոմի տեղակալ, Մոսկվայի ԳՈՒՄ-ի տնօրեն: ՀԿԿ կենտկոմի քարտուղարի պաշտոնը կրել են Պապիկ Մկրտչյանը, Մուշեղ Ադոնցը, Թելման Դիլանյանը: Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ է եղել Գագիկ Ոսկանյանը: Ներկայունս  նույն պալատի հանձնաժողովի անդամ է: Սիսիանի կուսշջկոմի առաջին քարտուղարներ են աշխատել Արտավազդ Դիլանյանը, Պավել Սաֆյանը, Հենզել Առաքելյանը: Այդ պաշտոնը առավել երկար զբաղեցրել է Արտավազդ Դիլանյանը: Սիսիանի գավառամասային կոմիտեի առաջին քարտուղար են աշխատել  Թովմաս Ադոնցը և Բագրատ Թանգյանը: Սիսիանի շրջանի զարգացման գործում մեծ ներդրում ունեն բռնակոթցիներ Հրաչիկ Աղայանը, որը շուրջ 30 տարի եղել է ժողկրթբաժվար և Շավարշ Ոսկանյանը: Շրջխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը զբազեցրել են բռնակոթցիներ Բագրատ Ալեքսանյանը, Սեդրակ Թանգյանը, Արտավազդ Դիլանյանը և Սամվել Սահակյանը: Սիսիանի քաղխորհրդի գործկոմի առաջին նախագահ է աշխատել Պավլիկ Պետրոյանը: Սիսիանի առաջին քաղաքապետ՝ Գառնիկ Հովակիմյանը:

Որպես վերջաբան հիշենք Սիսիանում տարածված այս կատակը՝ երբ  բռնակոթցուն հարցնում են՝ որտեղի՞ց ես, պատասխանում է.

-Ասեմ՝ բռնակոթցի եմ, կասես՝ գլուխ է գովում:

ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 Սիսիան, պատմաբան
29/10/2014թ.

3 մեկնաբանություն ԲՌՆԱԿՈԹ հոդվածին

  1. Գոհար Մառկոսյան says:

    Սիրում եմ իմ Բռնակոթը և Բռնակոթցիներին

  2. Բարև Ձեզ , հարգելի Հենզել, թե ինչ հուզմունքով կարդացի հոդվածը Բռնակոթի մասին, դա ինձ է հայտնի; Չէի սպասում, որ հայրիկիս էլ կհիշատակեք, իսկ երբ նրա անունն էլ կարդացի, լաց եղա; Շնորհակակություն անչափ, ես նրա ալբոմը գրառուներով նվիրել եմ Բռնակոթի թանգարանին; Ալբոմը Բռնակոթ գյուղի նշանավոր մարդկանց մասին է կենսագրություններով և լուսանկարներով; Առողջություն Ձեզ;

  3. Բարև Ձեզ , հարգելի Առաքելյան,մեծ հուզմունքով ու հպարտությամբ կարդացի հոդվածը Բռնակոթի մասին, խիստ զարմացած եմ, և չէի սպասում, որ հայրիկիս անունը չեք հիշատակել, մանավանդ,որ լավատեղյակ եք նրա հայրենանվեր էությանը ու եթե չեմ սխալվում երբեմնի լավ ընկերներ էիք: Ինչևէ, փաստը խոցում է,բայց չի խանգարում սիրել իմ Բռնակոթը և բռնակոթցիներին/մանավանդ հայրիկիս մահից հետո /և իհարկե, առիթ բաց չեմ թողնում գլուխ գովալու՝ասելով, որ բռնակոթցի եմ:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *