ԳԵՂԱՆԿԱՐԻ ԱԶՆՎԱՑՆՈՂ ՈՒԺԸ

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացվեց ՀՀ նկարիչների միության անդամ, նկարիչների միության` Սյունիքի մասնաճյուղի նախագահ,  Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա մտավորականներն ու նկարիչները նշեցին, որ վերջին տարիների` Սիսիան-գորիսյան մշակութային շփումներն ու առնչությունները դարձել են ավելի ակտիվ ու աշխույժ, ինչը հարստացնում է ոչ միայն մասնակիցների, այլեւ` մարզային մշակութային կյանքը: Նշվեց, որ այս փոխադարձ շփումների արդյունքում է, որ անցյալ, ինչպես եւ` այս տարի, Գորիսի արվեստասեր հանրությանն են ներկայացվել նկարիչներ Սլավիկ Խաչատրյանի եւ Աշոտ Ավագյանի աշխատանքները, իսկ ահա հերթականը` Ժիրայր Մարտիրոսյանի աշխատանքների ցուցադրությունն է Սիսիանում:
Խոսելով Սյունիքի մշակութային հարուստ ավանդույթների ու արժեքների մասին` գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանը մասնավորաբար անդրադարձավ գեղանկարչությանը: Հավելեց, որ հայ գեղանկարչության ասպարեզում քաջածանոթ սյունիքյան ծագմամբ գեղանկարիչներ Հենրիկ Սիրավյանի եւ Կուրոսի արժանավոր հետնորդն է Ժիրայր Մարտիրոսյանը, ով նրանց լավագույն ավանդույթները շարունակելով` կարողացել է ստեղծել իրենը, ինքնատիպը, յուրովին: «Գեղանկարչության արհեստավարժ» որակելով նրան` հավելեց, որ վիթխարի գեղարվեստական հարստություն է Ժիրայր Մարտիրոսյանի գեղանկարչությունը, ինչը մարդուն մղում է լինել բարի, լինել ար2011_65ժանապատիվ, լինել հոգեւոր, եւ, անգամ մեր դժվարին ու բարդ ժամանակներում, պահպանել մարդկային նկարագիրը:
Սիսիանցի նկարիչ Սլավիկ Խաչատրյանը գովելի համարեց փոխադարձ շփումները մշակութային ոլորտում, ասելով, որ նման ցուցահանդեսները մեկ անգամ եւս հիշեցնում են, որ կյանքն ու աշխարհը առանց հոգեւորի աղքատ ու տխուր կլինի: Անդրադառնալով արվեստագետ ընկերոջ աշխատանքներին, նշեց, որ` նկարիչը, ինչ որ նկարում է, նախ` ինքն իրեն է նկարում, իր ներաշխարհը: «Ժիրայրի նկարներում երեւում է նրա հոգու հարստությունը, հայրենասիրությունը, մեծ սերը Գորիսի ամեն անկյան նկատմամբ եւ հայրենի աշխարհն այնքան սիրով է ներկայացնում: Անկեղծ է, համեստ եւ հրաշալի մարդ»:
«Մեր սերնդի մեջ, Սյունիքում եւ Հայաստանում Ժիրայրի նկարչությունը որակ է, մեծ որակ,- ասաց նկարիչ, Ժիրայրի համակուրսեցի Աշոտ Ավագյանը: -Դա արդեն գնահատական է: Հետաքրքիր է նրա մոտեցումը բնությանը, նատյուրմորտին, եւ ամեն ինչի մեջ սեր կա, որից ծնվում է այդ մեծ որակը»:
Ինքը` նկարիչը, ում աշխատանքներն այդ օրերին ցուցադրվում էին նաեւ Գորիսում, Արցախում, Երեւանում, իր համար մեծ պատիվ համարեց Սիսիանի պատկերասրահում եւս ցուցադրվելը, որովհետեւ, ըստ նրա, պատկերասրահն իսկական միջավայր է եւ ըստ արժանվույն ներկայանալու, եւ ըստ արժանվույն գնահատվելու: Ժիրայր Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ աշխարհն ու մարդկանց ընկալելու իր կերպն ունի, նկարչի, մասնավորաբար իր համար այդ կերպը համարեց գույնով, գծով, պատկերով իր աշխարհընկալումն արտահայտելը, հավելելով, որ եթե կարողացել է հասկացվել, ուրեմն` արդարացված է իր ապրած կյանքը, իր կատարած աշխատանքը: Սիսիանցի արվեստասեր հասարակությանը ցանկացավ արվեստով եւ խորը զգացումներով լեցուն օրեր, որովհետեւ Սյունիքը եղել է եւ կա որպես մշակութային օրրան, իսկ անգամ բարդ ու դժվարին մեր ժամանակները չեն դիմազրկի նրա մշակութային կյանքը:
Թեեւ մեզանում ընդունված է սովորաբար ցուցադրության օրը միայն ներկա գտնվել ցուցասրահում, բայց այն, ինչն արվեստասերը վերցնում է թեկուզ միայն այդ օրը, անշուշտ, այդ զգացողությունը դեռ երկար ժամանակ ապրում է նրա մեջ` նրան պահելով արվեստի մաքրող եւ առինքնող լույսի պարույրներում եւ միշտ հիշեցնում, որ` աշխարհը գեղեցիկ է, բնությունը` կատարյալ, մարդը` աստվածաստեղծ:

Սեփ. լրատվություն 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *