ԳԵՏԱԹԱՂԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հնագույն ժամանակներից բնակեցված է եղել  Լորաձորի Գետաթաղ գյուղը: Գյուղի արևելյան կողմում բարձրանում է Եղիակ լեռնագագաթը, իսկ արևմտյան կողմում` Սառընծակերը, որտեղից սկիզբ է առնում և գյուղից ներքև՝ հանդամասում, Լորագետին է խառնվում Սալկուտ գետակը: 1897 թ. ամռանը գյուղ այցելած հայ ազգագրության հիմնադիր, ե-րախտաշատ գիտնական Երվանդ Լալայանը գրում է. «Լորի և Դարաբասի մէջ, Շնաթաղ գետի ձախ ափին, ընկնում է Գետաթաղ գիւղը: Նրա արևելեան կողմից բարձրանում է Եղիակ գագաթը, իսկ արևմտեան կողմից Սառնըծակերը: Այս վերջինս այսպէս է կոչւում, որովհետև սարի գագաթին մի ժայռ քար կայ, որի ծակերի մէջ սառոյցը (սառնը) մնում է և ամառ ժամանակ»: Գետաթաղի տեղորոշման վերաբերյալ միանգամայն ճիշտ նկարագիր է տվել Հայր Ղևոնդ Ալիշանը: «…ի ներքոյ Լորի,- գրում է նա,- այն է ի Հս. կայ Գետաթաղ 90 տամբ, առ գետեզերբն և յան-կեան զոր գործ է ընդ նմին վտակ մի որոյ և գեղեցիկ և բարգաւաճ նշանակի բուսաբերութիւն»:
Բնակատեղիի տեղագրությունը, որը արտացոլում է բնակավայրի իրական բնաշխարհագրական վիճակը, էական փոփոխության չի ենթարկվել, և համապատասխանում է գյուղի այսօրվա դիրքին:
Գյուղի շրջակայքի հին բնակատեղերում (Բաբաձավար, Խաչի-հողեր, Սարահունջ, Տանձա-տափ և այլն), գերեզմանոցներում և այլ կարգի հնությունների ավերակներում հայտնաբերվել են կավե զանազան ամաններ, սափորներ, բրոնզե կացնի քարե կաղապարներ, գյուղատնտեսական գործիքներ, տնային գործածության իրեր, պաշտամունքային պարագաններ և այլն, ինչն ապացուցում է բնակավայրի հնագույն լինելը:
Գետաթաղի հնության ապացույցն է կամարակապ, առանց գմբեթի, չորս սյունների վրա կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին, որը համարվում է V-VI դարերից եկող բազիլիկ կառույց: Մ. Հասրաթյանի դիտարկմամբ՝ «V-XVII դդ. միջնադարի այս երկարատև ընթացքում Հայաստանի, մասնավորապես Սյունիքի պատմական անցքերի բախտակիցն է եղել նաև փոքրիկ մեկուսի Լորաձորը:… Գետաթաղի և Լորի XVII դարում գրեթե հիմքից վերակառուցված եկեղեցիները, որպես V-VI դարերից եկող բազիլիկ շենքեր (հատկապես Գետաթաղինը) այն ժամանակների զորեղ ապացույցներն են»: Եկեղեցու մուտքի հարավային մասում կանգնեցված գեղաքանդակ խաչքարին արձանագրված է. «ԵՍ ՄԽԻԹԱՐ ԵՐԵՑ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԵՂ-ԲԱԻՐ ԻՄ… ԹՎ. ՉԼ» (1281):
Մատենագրական վաղ ժամանակաշրջանի աղբյուրները Գետաթաղ գյուղանվան վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանել: Համանուն գյուղ չի հիշատակվում Սյունյաց աշխարհի XIII դարի տոհմական պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն Տանն Սիսական» երկի Տաթևի վանքի սահմանները հաստատող` «Սիւնեաց երկոտասան գաւառաց հարկք եկեղեցւոյ ըստ հին սահմանին» հարկացուցակում (Հին ցուցակ): Սկզբնաղբյուրներում գյուղը Գետաթաղ անվամբ թերևս առաջին անգամ հիշատակվում է տեղացի վաճառական, ճանապարհորդ Բաս-տամանց Փիրզադեի «Ուղեւորութիւն Փիրզատէի Ղափանեցոյ» խորագրով ձեռագիր ուղեգրական գործում: Փիրզադեն, 1586 թ. դուրս գալով հայրենի գյուղից, մեկնել է Արևմտյան Հայաստան, եղել Վան և Բաղեշ քաղաքներում, Կիլիկիայի Ադանա քաղաքում, այնտեղից անցել Կ. Պոլիս և ճանապարհորդել Եվրոպայի բազմաթիվ երկրներով: «… Սպանիայ` Մատրիլ քաղաքն, Էնկից Փառանկ երկիր. Փարիզ քաղաք…»
Նոթատետրում Փիրզադեն հաջորդաբար նշում է այն երկրներն ու քաղաքները, որտեղ  եղել է:
Սյունյաց երկրի քաղաքական-տնտեսական համեմատաբար կայուն վիճակն ուղեկցվել է հոգևոր կյանքի ու նյութական մշակույթի զարթոնքով, ձեռագիր-մատյանների ընդօրինակման ու պատկերազարդման աշխատանքների աշխուժացմամբ: Պահպանված մատենագրական աղբյուրները հավաստում են, որ Գետաթաղը եղել է Սյունիքի արդյունավետ գրչօջախներից մեկը, ուր ստեղծված ձեռագրերից մի քանիսը հասել են մինչև մեր օրերը և պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Գետաթաղի եղեղեցին  տակավին միջին դարերից ունեցել է գրչատուն, իսկ XVII դարից պահպանվել են այդտեղ ընդօրինակված թե՛ մագաղաթյա, թե՛ թղթյա բազմաթիվ մատյաններ, որոնց զգալի մասն ունեն գեղարվեստական հարդարանք: Միաժամանակ աչքի են ընկել նշանավոր գրիչներ ու ծաղկողներ, որոնց բեղմնավոր գործունեության արդյունքում կորստից փրկվել և մեզ են հասել մի շարք ձեռագրեր: XVII դարի առաջին կեսում Գետաթաղում ճանաչված գրիչ ու նկարիչ էր Ղուկասը, որը գրչագրել է յոթ ձեռագիր: Որպես ծաղկող՝ նրա անունը Ավետարանի հիշատակարանում գրչագրված է այսպես. «Արդ` գրեցաւ զհոգելից տառս թվականիս ՌԿԵ (1616), յերկիրն Որոտան, ի գեղւս որ կոչի Գետաթաղ, ընդ հովհանեաւ Ս. Աստուածնիս, ձեռամբ Ղուկաս անարժանիս, ի խնդրոյ Զաքարիա կրօնաւորի…»:
1619 թ. Ղուկաս գրիչը ընդօրինակում է XII դ. նշանավոր աստվածաբան, մատենագիր և շարականագիր Ներսես Լամբրոնացու ստեղծագործությունների թագն ու պսակը համարվող «Մեկնութիւն պատարագի» («Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ Պատարագիբ») ձեռագիրը (ստացող` Սարգիս եպիսկոպոս, Ղազար քահանա):
1621 թ. Ղուկաս գիրչը ընդօրինակել է մի Ժողովածու` Ներսես րաբունապետի համար: Ձեռագրի հիշատակարանում ասվում է.
1622 թ. Ղուկասը գրիչներ Գրիգորի և Հակոբի հետ ընդօրինակում է մի «Յայսմաւուրք» (ստացող` Արիստակես վարդապետ): Ինչպես հիշատակված է մատյանում, Արիստակես վարդապետը եղել է Մովսես մեծ րաբունապետ «քաջ իմաստասերի» աշակերտը, որը Սյունիքում հիմնադրել է բազմաթիվ գրչատներ և կուսանաց վանքեր:
1623 թ. Ղուկաս գրիչը ընդօրինակում է «Աւետարան»: Ավետարանում պահպանվել են երեք ավետարանիչների պատկերները` Մատթեոս, Ղուկաս, Հովհաննես: Ղուկաս գրչի ընդօրինակած մեկ այլ Ավետարան (ստացող` Հովհաննես կրոնավոր) թվագրվում է 1673-ին: Ավետարանում պահպանված նկարները կատարված են վարպետորեն, գունազարդումը բազմերանգ է, ուր օգտագործված է նաև ոսկի: Լուսանցքազարդերում աչքի են ընկնում երկրաչափական, բուսական նուրբ զարդերը, ճկուն թռչուններն ու բանվածքազարդ խաչերը: Ուշագրավ է, որ ձեռագիրն ունի X-XI դդ. մագաղաթյա պահպանակներ: Հետագա հիշատակությունից երևում է, որ ձեռագիրը տարվել է Կարին (Էրզրում), իսկ 1916 թ. հանձնվել է Էջմիածնի Մայր Աթոռի մատենադարանին:
Ղուկասի մոտ բավականին հաջողված է նկարների գունային համադրումը: Դրանք ունեն հագեցված գունաշար, որտեղ գերիշխում է կանաչը, կապույտը և մուգ կարմիրը, որոնք ոսկու զու-գակցությամբ ստեղծել են հաճելի միջավայր: Ղուկաս գրչի ընդօրինակած վերջին մատյանը 1628 թ. վեց մագաղաթյա փոքրադիր թերթերի վրա Ներսես Շնորհալու Տաղարանն է («Ներսէս Շնորհալի աշխարհ ամենայն, առաւօտ լուսոյ»):
Գետաթաղի գրչատունն իր գործունեությունը շարունակել է նաև XVII դարի երկրորդ կեսում: Ձեռագրերի ընդօրինակման աստվածահաճո արվեստը շարունակել են նաև գրիչներ Ավետն ու Սամուելը: 1639 թ. գրչագրված Շարակնոցում գրիչ Ավետը հայտնում է, որ ձեռագիրն ընդօրինա-կել է լավ և ընտիր օրինակից :
Սամուել քահանա գրիչը 1657 թ. նույնպես ընդօրինակել է Շարակնոց :
Գետաթաղի գրչատունն ունեցել է սեփական մատենադարանը, որտեղ պահվել են ընտիր մատյաններ: Դատելով գրչատան բազմաբովանդակ գործունեությունից՝ ենթադրվում է, որ գյուղն ունեցել է դպրատուն, իսկ դպրապետն էր Ներսես րաբունապետը: Գյուղի գրչատան ձեռագրերի մասին, ցավոք, մատենագրական աղբյուրները սակավ տեղեկություններ են հաղորդում, և մեզ դրանց չնչին մասն է հասել միայն: Այդ փրկված մասունքներն էլ, ինչպես տեսնում ենք, հիմնականում վերաբերում են XVII դարին: Այսպիսով` Գետաթաղում գրչագրված մատյանները փաստական վկայություններ են այն մասին, որ գյուղը եղել է հայ գրչության և մանրանկարչության նշանավոր և հարուստ գրչօջախներից մեկը: Այդտեղ ընդօրինակված ձեռագրերը փառահեղ վկայախոսներ են գետաթաղցիների գեղագիտական բարձր ճաշակի ու գրասիրության:
Ընդհանրապես, Գետաթաղում ստեղծված ձեռագիր մատյանների գոյության փաստը ինքնին թույլ է տալիս եզրակացնել, որ գյուղում գրչագիրմատյանների ընդօրինակությունն ու պատկերազարդումը եղել է չափազանց հարգի:
Հոգևոր կյանքի զարթոնքն ուղեկցվել է նաև նյութական մշակույթի վերելքով: Այդ շրջանում է, որ գյուղացիների ուժերով հիմքից վերակառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որի գեղեցիկ քանդակազարդ դռան ճակատին արձանագրված է. «ԷՍ ԵԿԵՂԵՑԻՍ ԿԵՂ ՇԻՆԵՑ: ԹԻՎՆ ՌՃԺ-ՌՃԺԱ 1650»: Տառերի թվական նշանակությունը թյուրիմացաբար նշված է 1650, սակայն ստացվում է 1661 կամ 1662 թվականը: Պետք է նկատել, որ շատ դեպքերում «շինեց» կամ «շինել» տերմինը օգտագործվել է ոչ միայն «հիմնարկել», «կառուցել» իմաստով, այլև «վերակառուցել, նորոգել» նշանակությամբ, ինչպես ժամանակին նշել է Հ. Օրբելին: Ուստի, հակված ենք կարծելու, որ արձանագրությունուvorotan23092013-1մ առկա «շինեց» տերմինը բովանդակային առումով առնչվել է եկեղեցու վերանորոգման մեծածավալ աշխատանքներին: Եկեղեցին ունեցել է շրջապարիսպ:
Գետաթաղը համարվում էր Տաթևի վանքապատկան գյուղերից մեկը: Դատելով Տաթևի վանքին տրվող հարկաչափի միավորից, Գետաթաղը եղել է միջին մեծության գյուղ:
Գետաթաղի` XVII դարավերջին արդեն իսկ նշանավոր բնակավայր լինելը հավաստվում է այն փաստով, որ գյուղի մասին հիշատակություն կա Իսրայել Օրու՝ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ծրագրային նկատառումներով եվրոպական տերություններին հղած 1699 թ. սեպտեմբերի 22-ի զեկուցագրում, որում նշված է, որ գյուղը կարող է տրամադրել 5000 մարդ. «Գետաթաղը` 5000 մարդ»: Նկատենք, որ Օրու` գյուղի բնակչության թվի վերաբերյալ հաղորդած տվյալը որքան էլ որ այդ և հետագա ժամանակաշրջանի համար այնքան էլ ստույգ չէ, այդուհանդերձ, գյուղի հիշատակման փաստն ինքնին պերճախոս վկայում է XVII դարավերջին Սյունիքում նրա ունեցած որոշակի դերակատարության մասին:

ԳԵՎՈՐԳ  ՍՏԵՓԱՆՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
23.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *