ԳՅՈՒՂԱՊԵՏԸ «Ի ՇԱՀ ԺՈՂՈՎՐԴԻ՞»Է ԲԱԺՆԵՏԵՐ ԴԱՐՁԵԼ

357Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար ՆԱԻՐԻ ՖԻԼՈՍՅԱՆԻՆ:
Ըստ դատախազության՝ Դաստակերտ համայնքում հէկ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում հէկ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց Ֆիլոսյանը, ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել եւ դարձել ընկերության մասնակից: Բացի այդ, օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորություններից եւ, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաեւ ինքը: Ֆիլոսյանը որեւէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողատարածքում կատարվող հէկ-ի ինքնակամ շինարությունը…”: Մեզ հետ զրույցում Ն. Ֆիլոսյանը, մեղմ ասած, տարօրինակ պատասխան տվեց.
– Մի մարդ, որ սրտացավ է լինում համայնքի համար, էդպես է լինում, էլի:
– Այսինքն` ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը:
– Ընդհանուր առմամբ, որպես համայնքի շահերի մասին մտածող, մեղավոր չեմ, բայց օրենքով որոշակի չափով մեղավոր եմ: Այսինքն, որ շինարարությունը չեմ կանխել: Թե չէ բաժնետոմս եմ ձեռք բերել, թե ինչ եմ արել, դա հաստատ որեւէ մեկին չի վնասել, ընդհակառակը եղել է ի օգուտ համայնքի: Այսինքն, եթե համայնքապետը մի գրամ ավել փող ունենա, հաստատ կես լուման համայնքի վրա է ծախսելու, եթե իհարկե սրտացավ համայնքապետ է:
– Ձեզ մեղադրում են պաշտոնական լիրազորությունները չարաշահելու մեջ, դա համայնքի  նկատմամբ սրտացավության հետեւա՞նք եք համարում:
– Շինարարության հետեւանքով ոչ մի գյուղացի չի տուժել, ոչ էլ, առավել եւս, համայնքը: Էդ էական վնասն էլ իրականում էական օգուտ է եղել: Այսինքն՝ ապօրինի կառույցը գնահատվել է ավագանու կողմից, որի հետեւանքով համայնքի բյուջե փող է մտել: Դրանից բացի, համայնքում կամուրջ կար, որը փլվել էր. էդ կազմակերպությունը վերանորոգել է: Օրենքով, հա, հասկանում եմ, որ համայնքի ղեկավարը պարտավոր էր շինարարությունը դադարեցնել, բայց ժողովրդի վիճակը վատ էր, ու իրենք էդ շինարարության վրա` աշխատելով հացի փող են վաստակել: Համայնքի ղեկավարը անձնական շահից չի գնացել դրան: Եթե մի տեղ էլ աչքս փակել եմ, դա արել եմ` ի շահ ժողովրդի: Էդ համայնքի ղեկավարը` տեսնելով իր համայնքի բնակիչների վիճակը, որ մարդը էսօր երեք հազար դրամ գումար է աշխատում, մյուս օրը կարա մի պարկ ալյուր գնի` իր ընտանիքը պահի: Դա համայնքի ղեկավարի համար շատ ավելին է եղել, քան թե իր ութ տոկոս բաժնեմասը: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

աղբյուրը՝http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21746:2012-04-04-19-07-00&catid=110:2012-05

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *