ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԸ` ՔԱՂԱՔԻ ԱՍՖԱԼՏԻ ՎՐԱ

Մեր տոնացույցում մի տոն էլ ավելացավ. այսուհետ հոկտեմբերի երրորդ կիրակին նշվելու է որպես գյուղատնտեսության աշխատողի օր: Վերջապե՛ս: Վերջապես գյուղատնտեսության աշխատողն էլ իր անգույն, կարկտազարկ, խորշակաբեր, ցրտահարված ու երաշտակուլ, մարդոց ու Աստծո կողմից մոռացված իր գյուղական կյանքի մեջ …գուներանգ մի օր ունեցավ` տոն: Վերջապես հայրենի երկրի իշխանավորները «դեմքով շրջվեցին դեպի …գյուղը»: Ո՞ր գյուղը, սրամտեցին գյուղացիները, ամեն մեկը ցանկանալով, որ այդ գյուղը …իրենը լիներ: Եվ գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնակատարությունը, վերջապես, «բացահայտեց» այդ «գյուղը». Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտան, որտեղ գյուղատնտեսության աշխատողները «պատիվ ունեցան» նշել իրենց մասնագիտական տոնը:
Հյուսիսային պողոտայի «քաղաքական զբոսանքներին» մի քանի ժամով փոխարինեցին «գյուղական անշառ գաղափարները»: Գյուղից այծը, կովը տարել էին, խոտն ու ծղոտն էլ` հետը, եւ քաղաքի ասֆալտի վրա գյուղատնտեսության աշխատողի տոն էին նշում:
Կեցցե՛ գյուղատնտեսության աշխատողի օրը: Ուռա՛:
Ոչ ոք, իհարկե, դեմ չէ, որ տոների` սպասված հերթը գյուղաշխատողին էլ հասավ: Ոչ ոք դեմ չէ, որ գյուղում արտադրված գյուղմթերքը ցուցադրվի քաղաքում, այն էլ` էլիտար` Հյուսիսային պողոտայում: Ոչ ոք դեմ չէ, որ, իրոք, հայրենի իշխանությունները թեկուզ այս տարբերակով են «դեմքով շրջվել դեպի գյուղը»: Լավ է, որ մի նոր բանի, մի լավ բանի սկիզբ է դրվում: Եվ, գուցե, հաջորդ տարիներին գյուղաշխատողի օրը արժանի կհամարեն նշել, օրինակ, ասենք, ոչ թե Հյուսիսային պողոտայի ասֆալտի վրա, այլ` որեւէ մարզի որեւէ գյուղում` հողի վրա, դաշտի մեջ, որ գյուղատնտեսությանը նվիրված տոնը, իրոք, տոնի համ ու հոտ ունենա, որ գյուղաշխատողի տոնը գյուղատնտեսության հետ կապ ունենա, ոչ թե` ցուցադրականության:
Եթե մնացած բոլոր արժանահիշատակ ու համազգային տոները Երեւանում նշելը ընկալելի ու հասկանալի է, բնական ու օրինաչափ, ինչո՞ւ գյուղատնտեսության աշխատողի տոնն էլ` Երեւանում: Գուցե հենց սա՞ է մերօրյա իրական վերաբերմունքը գյուղի, գյուղատնտեսության եւ գյուղաշխատողի նկատմամբ: Կամ էլ` գյուղատնտեսության` գյուղի աշխատողը իր տոնը նշելու սիրտ չունի, որովհետեւ տոնի զգացողությունը հոգուց պիտի բխի, ու հոգում պիտի նախ տոն լինի, իսկ նրա հոգում … գյուղմթերքը  մարդավայել արտադրելու եւ արտադրածն արժանապատիվ իրացնելու  մշտարթուն հոգսն ու մտահոգությունն է:
Գյուղին, գյուղատնտեսությանն ամբողջ կյանքում առնչված բազմափորձ ու վաստակաշատ մի մարդու հետ զրուցեցի այս թեմայով, ասաց` ախր գյուղատնտեսության աշխատող կա՞ մեզանում բառի բուն իմաստով, որ գյուղաշխատողի տոն էլ լինի: Բոլոր գյուղացիներն են հիմա գյուղատնտեսության աշխատող: Հաստիքները կան, պաշտոնները կան, բայց` վարորդը կարող է ագրոնոմ «աշխատել», ագրոնոմը վարորդ դառնալ: Դրա համար էլ մեր գյուղն ու գյուղատնտեսությունն այս օրին են: Բայց գյուղաշխատողի փորձառու եւ հմուտ մարդու իր եզրակացությունը լավատեսական էր, ասելով` նորը միշտ դժվար է ճանապարհ անցնում, էդ քայլը, մի օր, գուցե, գյուղատնտեսության աշխատողի տոնի ճանապարհը կթեքի դեպի գյուղը:
Ու լքված եւ լքվող մեր լեռնային ու սահմանամերձ գյուղերը, մեր «հալվող-մաշվող» վարելահողերը, մեր «հոգադարձ եղած գյուղտեխնիկան», մեր գերանդին, մեր բահը, մեր անուժ-անբուժ արտ ու դաշտը, մեր ցամաքող առուները երբեւէ տոն ունենալու բնական ցանկությամբ թող շարունակեն ապրել իրենց կյանքը` մի օր էլ իրենց «փողացում» տոն նշելու ամենափրկիչ հույսով:
Կեցցե՛ գյուղատնտեսության աշխատողի օրը: Ուռա՛: Ուռա՛:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *