ԳՅՈՒՂԸ, ՈՐՆ ԱՄԵՆԱՇԱՏ ԹԻԹԵՂՅԱ ՆՈՐ ՏԱՆԻՔՆԵՐՆ ՈՒՆԻ

ՀԱՄԱՅՆՔ


Սառնակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշավան Վարդանյանը մի օր ակնարկեց, որ «Որոտանը» կարծես թե աչքաթող է արել Վերին գոտու գյուղերին, եւ հոդվածներ քիչ են տպագրվում, մինչդեռ այնտեղ, խոսքն առավելապես Սառնակունքի մասին էր, այնքան շատ ու այնքան լավ գործեր են կատարվել, որոնք արժանի են լուսաբանման, եւ մեզ հրավիրեց Սառնակունք: Համաձայն լինելով բարեկամական «մեղադրանքին», շնորհակալություն հայտնեցինք հրավերի համար, եւ ահա … Սառնակունքում ենք:


Զրուցեցինք նախ համայնքի ղեկավար Մանուչար Մկրտչյանի հետ: Ասաց, որ նախորդ տարիների համեմատ, երբ Սառնակունքում արդեն 200-220  հեկտար ցանքս է կատարված լինում, այս տարի կատարվել է ընդամենը 20 հեկտար: Պատճառը ոչ միայն գյուղացու` ֆինանսական միջոցների սղությունն է, սերմացուի բացակայությունը, պարարտանյութերի աննախադեպ թանկ գները, այլեւ` անընդհատ անձրեւները: Մայիսի վերջն էր, իսկ գյուղացին դեռեւս ցանքս չի արել, հող չի մշակել: Գյուղացու համար տարին կամ երաշտ է, կամ` գերխոնավ, կամ` ճգմաժամային: Բարձրադիր լինելու հանգամանքը նպաստեց, գոնե, անցյալ տարի գարնանացան դաշտերի համար պետական սուբսիդիա ստացան, հայտնի չէ, այս տարի կստանան, թե` ոչ:
Սառնակունքն ունի 1008 հեկտար վարելահող, 4075,3 հեկտարը տրված է վարձակալության: Համայնքապետն ասում է, սակայն, որ դժվարությամբ են հավաքագրվում հողի հարկերը: Ամիսը 5-600 հազար դրամի հարկ պիտի հավաքվի, մինչդեռ առ այսօր հավաքվել է ընդամենը մեկ ամսվա գումարի չափով: Շատերը կան, որ հողը չեն կարողանում մշակել, եկամուտ չեն ստանում, բայց օրենքով սահմանված կարգով հողի հարկը պիտի վճարեն: 10-15 արդեն նախկին սեփականատեր հրաժարվել է իր հողակտորից, եւ 34 հողակտորի փաստաթղթեր ներկայացված է կադաստրի տարածքային բաժին` այդ հողերը համայնքային սեփականություն ճանաչելու համար: Մեր հարցին, թե դրանից ինչ է փոխվելու, համայնքապետն անկեղծությամբ պատասխանեց. «Դրանք հիմնականում ցածր բերքատվություն ունեցող,  բնակավայրից բավականաչափ հեռու գտնվող հողակտորներն են, որոնք տարիներ շարունակ չեն էլ մշակվել: Այս հանգամանքով ընդամենը սեփականատերն է փախվելու, հողը մնալու է նույն չմշակվող հողը: Վարձակալողներ չկան: Ասում են` հիմա էլ փորձում են հողակտորները խոշորացնել, բայց այստեղ էլ հստակություն չկա»:
Սառնակունքում էլ փակ դռներ կան, իհարկե, բայց համայնքապետն ասում է, որ դրանք այն տներն են, ովքեր ժառանգներ չունեն, մահացել են կամ` շատ վաղուց են հեռացել գյուղից: Հիմա, հակառակը, շատ երիտասարդներ կան, որ կուզենան ամուսնանալ, ընտանիք կազմել, տուն-տեղ ունենալ, բայց ` տուն չունեն, գյուղում տուն կառուցելը կամ որեւէ տեղ տուն գնելը անհնարին մի բան է գյուղացու համար: «Մի ժամանակ արտահոսքը մեծ էր,-ասում է գյուղապետը,-հիմա կարծես թե դադարել է, գնացածների մեծ մասը վերադարձել է, գյուղում նոր ծնունդներ կան: Սառնակունքը մայրուղուն մոտ է, ժողովուրդը կարողանում է «շուկա» մտնել, վաճառել-գնել: «Ի վերջո, տարածաշրջանում կ՞ա մեկ ուրիշ բնակավայր, որ այսքան շատ թիթեղապատ նոր տանիքներով շինություններ ու շենքեր ունենա, որքան` Սառնակունքը»,-զրույցին միջամտում է համայնքապետի աշխատակազմի քարտուղար Սամվել Մնացականյանը, կարծես հաստատելով համայնքապետի ասածը եւ ակնարկելով, որ այն, ինչի մասին մինչ այժմ խոսում էինք, բնորոշ է ոչ միայն Սառնակունքին, այլեւ` բոլոր գյուղերին, այլեւ` ողջ երկրին:
Գյուղապետն ասաց, որ համագործակցում են զանազան ծրագրերի, միջազգային կառույցների հետ: Գյուղի համար որպես ամենամեծ ձեռքբերում համարեց դպրոցի շենքի հիմնանորոգումը: Այսօր անգամ քաղաքի ¥Երեւան¤ ցանկացած դպրոցի խանդ կարող է առաջացնել Սառնակունքի միջնակարգ դպրոցը, որ հիմնանորոգվել է Սոցներդրումների հիմնադրամի եւ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Դպրոցի հիմնանորոգման վրա ծախսվել է 200 միլիոն դրամ: «Անհնար է դպրոցից հիացմունքով չհեռանալ,- ասում է համայնքապետն ու հավելում,- կարեւոր է նաեւ լավ վերանորոգածը լավ պահպանելը, ինչին սրտացավ են վերաբերում դպրոցի տնօրինությունն ու կոլեկտիվը»: Առավել քան համոզիչ էր նրա ասածը, երբ եղանք դպրոցում: Ինձ համար, գոնե, հաճելի հիշողություններ արթնացան, երբ տեսա աշակերտների կոշիկների համար առանձնացված դարակները. աշակերտները դպրոց մտնելուն պես փոխում են դրսի կոշիկները եւ մաքուր ու գեղեցիկ դասասենյակ մտնում միայն ու միայն դպրոցի համար նախատեսված ոտնամաններով:
Գյուղապետը շատ կարեւորեց հիրավի ճարտարապետական գողտրիկ շինության` մշակույթի տան հիմնանորոգումը: Ասաց, որ անցյալ դարի 50-ական թվականներին կառուցված գեղեցիկ շինությունը կործանումից փրկելու ու շենքը պահպանելու համար մեծ օգնություն է ցուցաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` հատկացնելով մոտ 9 մլն դրամ: Փոխվել է տանիքը, տեղադրվել են եվրոպատուհաններ, դռներ: «Բայց շենքի ներսն անմխիթար է,- ասաց համայնքապետը,- քանի որ շինությունը ծավալով բավականին մեծ է, մեծ ներդրում է պահանջվում ներսի վերանորոգման համար: Ձեռքներս ծալած չենք նստում: Ճարտարապետական գեղեցիկ շինությունը պահպանելու եւ գյուղում մշակութային կյանքը կազմակերպելու մտահոգությամբ դիմել ենք քաջ հայտնի Րալֆ Յիրիկյանին: Մեծապատիվ հայը, իհարկե, ներողամտություն է հայցել այս հարցում օգնել չկարողանալու համար, բայց եւ 3 միլիոն դրամ է հատկացրել, որով գույք ենք ձեռք բերել կենցաղի տան համար»: Համայնքապետն ասաց, որ կենցաղի տունը 2008-ին հիմնանորոգվել է դարձյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հատկացված 12 մլն դրամով: Իսկ «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ դպրոցի աշակերտական խորհրդի համագործակցության արդյունքում ստացած դրամաշնորհով իրականացվել են կենցաղի տան ներսի հիմնանորոգումը, իսկ հարդարման աշխատանքները կիրականացվեն հաջորդ դրամաշնորհով: ՆՕՎԱ ծրագրով վերանորոգվել, կահավորվել է բուժկետը: «Բայց բուժկետն առանձին էլեկտրասնուցում չունի, պատկան մարմիններն էլ չեն համաձայնվում համայնքապետարանի հաշվիչից բուժկետին հոսանք տրամադրելու մեր առաջարկին եւ պնդում են, որ այն առանձին աբոնենտ պիտի դառնա` վճարելով մոտ 200 հազար դրամ, ինչի հնարավորությունը բուժկետը չունի»,- ասաց գյուղապետը եւ հավելեց, որ բուժքույրը ձմռանը «հանգրվանել է» համայնքապետարանի սենյակներից մեկում, մինչեւ տեսնեն, թե հարցն ինչպես կլուծվի:
Ընթացիկ տարվա առաջին մեծ ուրախությունը գյուղապետը համարեց նոր մանկապարտեզի բացումը գյուղում, ինչը հնարավոր է դարձել «Վորլդ Վիժնի» աջակցությամբ: Կազմակերպության կողմից հատկացված 7 միլիոն եւ համայնքապետարանի 500 հազար դրամ համայնքային ներդրման շնորհիվ ամբողջությամբ հիմնանորոգվել է Սառնակունքի նախկին պետական տնտեսության վարչական շենքը, կահավորվել, ջեռուցվել եւ հատկացվել նորաբաց մանկապարտեզին, ուր հաճախում է 3-5 տարեկան 15 երեխա: «Վորլդ Վիժնի» հատկացրած եւս 763 հազար դրամով, կահավորվել է նաեւ մանկական խաղահրապարակը: Չափազանց հաճելի եւ ուրախալի էր գյուղում տեսնել աղմկաշատ այս բակը:
Գյուղապետը խոսեց նաեւ համայնքի հիմնախնդիրներից` առանձնացնելով խմելու ջրի որակի բարելավման, գյուղամիջյան փողոցների բարեկարգման, լուսավորության անցկացման եւ այլ հարցեր, անդրադարձավ անասնագլխաքանակի նվազմանը, թեեւ գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված է, գազի գնի թանկացման պատճառով շատ բնակիչներ նախընտրում են տունը ջեռուցել ավանդական եղանակով: «Մինչեւ պետական պատշաճ ուշադրություն չեղավ բարձրադիր գոտու գյուղերի,  գյուղացու եւ գյուղատնտեսության նկատմամբ, գյուղը շատ դանդաղ տեմպերով առաջ կգնա, կամ էլ…»,- ասաց գյուղապետը, հույսը չկորցնելով, որ եթե այսօր խստաշունչ բնակլիմայական պայմաններում ապրող Սառնակունքում «թիթեղյա նոր տանիքներով շենքերի» թիվն ավելանում է, ապա ուշադրության մեծացման դեպքում գյուղն, իսկապես, կշենանա, քանի որ բերրի են Սառնակունքի հողերը, հարուստ` արոտավայրերը, իսկ սառնակունքցին` արարող ու աշխատող:


2010_58Անուշավան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 1994 թ.-ից Սառնակունքի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Ասում է, որ դպրոցն ընդունել է 67 աշակերտով, այսօր աշակերտների թիվը 112-ն է: 2005-2006-ին դպրոցն ունեցել է 130 աշակերտ: Նվազման միտումը 1-2 տարի էլ ակնհայտ կլինի, բայց հետո  աշակերտների թվի աճ կարձանագրվի. այդ է վկայում վիճակագրությունը: Դպրոցում աշխատում է 20 ուսուցիչ, երթեւեկող է միայն 3-ը: Տնօրենն ասում է, որ աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս է իրենց դպրոցի շրջանավարտներին եւ նույնիսկ հորդորում նրանց ամուսնանալ եւ մնալ հայրենի գյուղում, որովհետեւ գյուղն ամուր ու կայուն է հատկապես դպրոցով:
Խոսելով կրթական մակարդակից ու կրթության որակից` Անուշավան Վարդանյանը թեեւ դժգոհ չէ իրենց դպրոցից, բայց գտնում է, որ ուսման մակարդակն ընդհանրապես ընկնում է, գրքի, ստեղծագործելու, տրամաբանելու նկատմամբ հետաքրքրությունը նվազում ու պակասում, ինչը մեծ մտահոգություն է համարում ոչ միայն իր համար: Կարեւորելով դպրոցական առարկայական օլիմպիադաները` շատ հարցերում համաձայն չէ օլիմպիադայի կազմակերպման եւ անցկացման առկա վիճակին: Դեմ է, որ խնդիրը դրվում է օլիմպիադաներին աշակերտների մասնակցության թվաքանակին, որով, կարծես, ավելի շատ ձեւական կողմն է ապահովվում: «Առարկայական օլիմպիադային, իմ կարծիքով, յուրաքանչյուր առարկայից կարող է մասնակցել 1-2 աշակերտ, ոչ թե` 20, ինչպես հիմա է արվում: Օլիմպիադան կարելի է կազմակերպել ոչ միայն քաղաքի դպրոցում, այլեւ` գյուղական, որովհետեւ մեր աշակերտներն ամեն տարի ականատես են լինում կողմնակալ վերաբերմունքի եւ խտրականության, ինչը հիասթափեցնում է նրանց: Կոնկրետ Սառնակունքի դպրոցն ունի օլիմպիադա անցկացնելու շենքային, կազմակերպական, մանկավարժական հնարավոր ողջ ներուժը`վերին գետու գյուղերի դպրոցների առարկայական օլիմպիադան այստեղ անցկացնելու: Կարծում եմ` կազմակերպիչներն այս մասին կարող են մտածել: Իհարկե, օլիմպիադայի մասնակցությամբ եւ գրաված ու չգրաված տեղերով չէ, որ կարելի է ուսման մակարդակ չափել: Մեր դպրոցից ամեն տարի 5-6 աշակերտ ընդունվում է պետական բուհեր: «Լավ, շնորհալի աշակերտներ կան,- ասում է դպրոցի տնօրենը,- բայց վառ անհատականություններ, տաղանդավոր երեխաներ, ցավոք, չկան»: Երբ խոսեցինք արդիական` ավագ դպրոցի մասին, տնօրենն ասաց, որ գյուղական դպրոցների համար առայժմ այդ խնդիրները տարբերակված չեն, բայց ավագ դպրոց հասկացությունը ճիշտ է համարում, գտնելով, որ բոլոր երեխաները չէ, որ պետք է 12-ամյա կրթություն ստանան, մյուսներն էլ թող հիմնական կրթություն ստանան:
Տնօրենը հավաստեց, որ դպրոցում մեծ է հետաքրքրությունը ռազմահայրենասիրական կրթության նկատմամբ, եւ որպես ապացույց բերեց իրենց 4 շրջանավարտների` նմանօրինակ բուհերում սովորելը, մեծ է հակումը նաեւ առավելապես մանակավարժական կրթության նկատմամբ, ինչը պայմանավորում է աշխատանք ունենալու հեռանկարով: «Լավ դպրոցը լավ վերանորոգված եւ լավ կահավորված շինությունից առաջ նախ`լավ մանկավարժական կոլեկտիվն է,- ասաց տնօրենը,- երբ 2008-ին մեր դպրոցը բոլոր ոլորտներով ճակատային ստուգման ենթարկվեց Վերահսկիչ պալատի կողմից, լավ աշխատանքի համար համակարգիչներ նվեր ստացանք մարզպետարանի կրթուրյան վարչության եւ բարեփոխումների ծրագրի կողմից եւ 80 կոմպլեկտ աշակերտական սեղան-նստարան»,- հավելեց տնօրենը` մեկ անգամ եւս կարեւորելով լավ մասնագետների եւ մանկավարժների դերն ընդհանրապես եւ իր դպրոցում` մասնավորապես:
Սառնակունքի դպրոցում ամենայն խնամքով ու հարգանքով պահպանել էին հին ու նոր բոլոր լավ ավանդույթները, մասնավորապես` խորհրդային տարիներից մնացած «անարժեք համարվող» ցուցադրական հարուստ նյութը, ինչը միայն նրանց կայուն արժեհամակարգի գնահատման մասին է խոսում: Համոզվում ես, որ լավ վերանորոգված, գեղեցիկ կահավորված ու մաքուր հատակով ու միջանցքներով դպրոցը կենդանի օրգանիզմ է եւ անցյալից գալով է շարունակվում դեպի վաղվա օրը…


2010_5971-ամյա Պայծառ Վարդանյանն ահա արդեն 10 տարի վեց շնչից բաղկացած ընտանիքի հոգսը հոգում է ճամփեզրին առեւտուր անելով: Նախկինում կթվորուհի է եղել: Ասում է` իր թոշակից ու այստեղ վաճառած ավելուկի եկամուտից բացի ուրիշ եկամուտ չունեն: «Օրեկան մեկ-երկու կոպեկ ենք տուն տանում-յոլա գնում», հետո ավելացնում է, որ հարսը դիմացի գազալիցքավորման կետում էր աշխատում, էն էլ փակեցին, ու 20 հոգի անգործ մնացին: Իր մնան շատերն են էս ճամփի առեւտրի հույսին, ավելուկ է, ծնեբեկ է, սունկ է, չորացրած խոտաբույսեր են, վաճառում են, համ տունն են յոլա տանում, համ էլ զբաղմունք է էլի: Երբ հարցրեցինք, թե օրեկան կամ սեզոնի ընթացքում ինչքան եկամուտ է ունենում, Պայծառ մայրիկը պատասխանեց` «Փողն արժեք չունի, եղածը թանկ է, պակաս-պռատ ենք, էս ապրել չի, որ մենք ենք ապրում: Գումարն էնտեղ գալիս է, էնտեղ ծախսվում, չենք էլ հասցնում հաշվել: Բայց գոհ եմ, որ գոհ չեղա, ի՞նչ…»,-ասում է Պայծառ մայրիկը` սրբելով տկար աչքերը:
Պայծառ տատի «առեւտրի կետում» իրեց սունկն են վաճառում նաեւ դպրոցականներ Հայկն ու Սարգիսը` 14-15 տարեկան այս պատանիները: Դասերից հետո օրեկան 5-6 կմ ճանապարհ են ելնում սար, 2-4 դույլ սունկ հավաքում ու մինչեւ մութն ընկնելը  կանգնում այս ճամփեզրին եւ սպասում գնորդի: Պատահում է` առեւտուրը լավ է լինում, պատահում է` միջին: Դպրոցի տնօրենն ասում է, ու չի հանդիմանում եւ չի կարող հանդիմանել երեխաներին, որ առեւտրով են զբաղվում, քանի որ բացասական կողմերով հանդերձ` այս կերպ երեխաները սովորում են գումար վաստակել, ու իրենց վաստակած գումարի հարգը գիտեն: «Միայն 3 տեսակի կոշիկ են բերում դպրոց, հաշվեք` ամեն ընտանիքում 1-2 դպրոցական, ծնողներն ինչպե՞ս հասցնեն: Միեւնույն է, եթե ասեմ էլ, որ սնկի չգնան, լավ են սովորելու, ճիշտ չի լինի, գոնե այս գործով լավ են զբաղվում եւ այս տարիքից սովորում են աշխատել: Սեփական քրտինքով գումար վաստակող մարդը կյանքում իր տեղը կգտնի»:
Տղաներն ասացին, որ սեզոնին մի 50-60 հազար դրամի սունկ են վաճառում, իրենց կոշիկի, հագուստի, դասագրքերի վճարն են տալիս, ծնողներին էլ օգնում են:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *