ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ, ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ

« … Սյունիքը Հայաստանի աշխարհագրական ողնաշարն է, առանց որի Հայաստանը չի կարող գոյատեւել … »: Նման միտք է արտահայտել սպարապետ Գարեգին Նժդեհը դեռեւս  92 տարի առաջ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը  շրջափակման մեջ է: Թուրքիան մեր հարևան Վրաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ է կառուցում, քան` Հայաստանի:

Դեռեւս կանխված չէ արտագաղթը: Հանրապետությունում դեռ չի լուծվել գործազրկությունը վերացնելու խնդիրը: Հազարավոր ընտանիքներ գտնվում   են աղքատության մեջ: Նման անհանգիստ իրավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքատնտեսական հոգսերին այսօր ավելացավ նաև այն, որ համաձայն Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մարզպետների միջև կայացած  համաձայնությունների  և սույն թվականի հունվարի 15-ին ՀՀ Սյունիքի մարզի պատվիրակության և ԻԻ Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի գյուղատնտեսական կազմակերպության կենտրոնում կայացած ժողովի,  նախատեսվում է  Սյունիքի մարզի տարածքներից Արևելյան Ատրպատական նահանգին 10 տարվա վարձակալական իրավունքով որպես արոտավայր տրամադրել  50 հազար հեկտար և եւս 20 հազար հեկտար`  անասունների խնամքով զբաղվողների բնակ-կենցաղային պայմաններ  ստեղծելու համար: Նկատի ունենալով համաձայնագրերի բովանդակությունը,  նշանակում է` Սյունիքը կամաց-կամաց նվիրել մահմեդական աշխարհին, որի մասին նրանք շատ վաղուց են երազում:
ԻԻ Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի հիմնական բնակիչները ադրբեջանցիներ են, հավելենք նաև, որ Ղարաբաղի ազատագրումից հետո հազարավոր ադրբեջանցիներ վերաբնակություն են հաստատել այդ նահանգում: Հետևապես` նրանք խանդավառությամբ կողջունեն Սյունիքի մարզի պատվիրակության կողմից ստորագրված այդ «կարևոր» համաձայնագրերը և առանց նախապայմանների կամաց-կամաց (իրենց սովորությունների համաձայն) կտիրանան Սյունիքին և իրենց «բարեկամական» վերաբերմունքով ու մուսուլմանական քաղցր լեզվով առաջ կշարժվեն դեպի Արցախ, ապա նաև` Գեղարքունիքի մարզ` Սևանա լճում «լողանալու համար», ինչես երազում էր նույն սերումն ու ծագումն ումնեցող Էլչիբեյը:
Ողջախոհության կոչ ենք անում մեր հայրենակիցներին` քանի դեռ ուշ չէ, մեր ձայնը պետք է բարձրացնենք  այդ համաձայնագրերի ընթացքը կասեցնելու համար, միևնույն ժամանակ` պարզաբանում պահանջենք մարզպետարանի պատվիրակությունից` գիտակցե՞լ է, թե այդ արձանագրությունները ինչ հետևանքներ կարող են թողնել հանրապետության քաղաքական կյանքի և շրջակա միջավայրի վրա:
Եվ, վերջապես, նկատի ունեցե՞լ են, որ այդ հարցը մեր հանրապետության համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն: Արդեն այդ համաձայնագրերի մասին իրենց բացասական կարծիքն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ լրատվամիջոցներ եւ ՀԿ-ներ: Չմոռանանք ժողովրդական իմաստավոր` «Գյուղ կանգնի, գերան կկոտրի» ասացվածքը:
Այսօր այդ պահն է, որ ընդհանուր ուժերով համախմբված մեր խոսքն ասենք ի պաշտպանություն մեր տարածքների ամբողջականության` կանխելու համաձայնագրերի պահանջները կյանքի կոչելու  ընթացքը: Մենք պետք է չմոռանանք, թե ինչ ծանր ու դժվարին պայմաններում մեր պապերն ու հայրերը համախմբվելով Զորավար Անդրանիկի հրամանատարության ներքո,  հետագայում` սպարապետ Գարեգին Նժդեհի, կարողացան Սյունիքից դուրս շպրտել օտար զավթիչներին և ապահովել այսօրվա Հայաստանի գոյությունը:
Ուրեմն` քանի որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, չպետք է թույլ տանք, որ այն կոտրեն:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Սիսական ՀՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *