Գյուղ պահող բիզնես, որտեղ կարևորը համբերությունն է, ազնվությունը, կայունությունն ու աշխատասիրությունը

Ընդամենը 7 տարի առաջ էր, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արամ և Արմեն Ստեփանյան եղբայրների օգնությամբ Սյունիքի մարզի Շամբ գյուղում հիմնվեց «Տատնի» հանքային ջրերի և «Դարբաս» լիմոնադների գործարանը: Եղբայրներն այդ գործարանը հիմնադրեցին, որքան էլ արտառոց թվա, ոչ թե շահույթի ակնկալիքով, այլ հայրենասիրական մղումներով, որպեսզի աշխատատեղեր բացելու միջոցով ծննդավայրի զարգացմանը նպաստեն: Համենայն դեպս, գործարանի աշխատանքները սկսելիս Արամ Ստեփանյանի միտքն այն էր, որ այդ գործարանի շահույթն իրենց պետք չէ, ինչ շահույթ էլ լինի, այն տարբեր ծրագրերի միջոցով նորից ներդնելու են ծննդավայրում: Ու եթե մեկնարկի ժամանակ՝ 2010 թ., գործարանն ուներ ընդամենը 25-30 աշխատող և արտադրում էր տարեկան մոտ 200-300 հազար շիշ ջուր ու զովացուցիչ ըմպելիքներ, ապա այսօր աշխատողների թիվն անցնում է 40-ը, իսկ արտադրանքի ծավալը տարեկան շուրջ 2-3 միլիոն շշի է հասնում: Ու եթե սկզբում ընդամենը 3 ապրանքատեսակ էր արտադրվում, ապա այսօր արդեն ապրանքատեսակների թիվը հասնում է մոտ 3 տասնյակի: Սկզբում դժվար էր, դեռ պետք էր արտահանման թղթաբանական խնդիրները, տեղական շուկայում տեղ գրավելու հարցերը լուծել: 2013-2014 թթ., ինչպես «Անկախի» հետ զրույցում նշեց գործարանի գործադիր տնօրեն Ռաֆիկ Ղարիբյանը, լավ տարիներ էին, կամաց-կամաց արտադրությունն ու արտադրանքի ծավալներն աճեցին, արտահանման խնդիրները լուծվեցին, շուկան էլ արդեն սկսեց ճանաչել «Տատնի» ու «Դարբաս» ապրանքանիշերը: Բայց 2015 թ., երբ արդեն պետք է մտնեին զարգացման ու շահութաբերության փուլ, Ռուսաստանում սկսվեց տնտեսական ճգնաժամը, և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ գործարանի գործերն էլ սկսեցին ձախ գնալ, արտադրությունը բավականին տուժեց: «Տասնյակ միլիոններ այդ ժամանակ տուժեցինք: Նոր սկսում էինք թափ առնել, արդեն որոշակի շահույթ էր երևում, նորից սկսեցինք տուժել: Ու այնպես ստացվեց, որ գործարկումից 5 տարի հետո էլ վնասներով էինք աշխատում: Հետո Լարսում վթարներ եղան, նորից խնդիրներ ունեցանք: Մեր արտադրանքն էլ լրիվ արտահանվում է մեքենայով: Թեև Լաստանավով ճանապարհ կա, բայց այ42876_largeնքան թանկ է, որ դրա մասին մտածում ես միայն ծայրահեղ դեպքում, երբ պայմանագրային ժամկետների մեջ պետք է տեղավորվես: Եթե օրինակ՝ կոնյակ տանես, ուրիշ է: Եթե ջուր ես տեղափոխում, մեկ մեքենա ջուրն արժի ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլար, կոնյակի դեպքում` 100 հազար դոլար: Այսինքն` կոնյակ կամ այլ թանկարժեք բեռ տեղափոխողը կարող է ճանապարհին լրացուցիչ 5000 դոլար զոհաբերել ու իր բեռը լաստանավով տեղ հասցնել, բայց ինձ համար դա իմ բեռի կես գինն է, ես չեմ կարող այդքան զոհաբերել: Շատ բարդ է, երբ նոր հիմնադրված գործարանը, սկզբնական դժվարությունները հաղթահարելով, պետք է մտնի նորմալ զարգացման հուն, ու մեկ էլ ճգնաժամը նորից հետ է շպրտում: 2016 թվականին սկսեց կարգավորվել վիճակը, արդեն փոքր շահույթ երևաց, ինչը հույս ներշնչեց, որ գործարանն արդեն սկսում է շնչել: Իսկ եթե 2015 թվականի անկումը չլիներ՝ ավելի լավ էր շնչելու»,- պատմեց Ռաֆիկ Ղարիբյանը: Դժվար իրավիճակից դուրս գալու համար գործարանը 1 միլիոն դոլար վարկ է վերցրել ու 5 տարվա մեջ նաև այդ վարկն է սպասարկել ու մարել: Դա էլ վնասով աշխատելու վրա ազդող գործոններից էր: Իսկ այդ դժվարին պահին, նշում է գործարանի գործադիր տնօրենը, թե՛ պետական մարմինները, թե՛ բանկերը որևէ աջակցություն կամ հատուկ պայմաններ չեն տրամադրել, որ սկսնակ բիզնեսը չկործանվի և կարողանա հաղթահարել դժվարությունները: Իրենք, սակայն, հույսը աջակցության վրա չեն էլ դրել, սեփական ուժերով են փորձել ամեն ինչ հաղթահարել, և հաջողվել է անգամ 5 տարի տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով վարկը մարել: Գործարանի արտադրանքի 85-90 տոկոսը արտահանվում է, հիմնականում՝ ԱՄՆ և Ռուսաստան, իսկ Ռուսաստանից էլ` ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ: Մի ժամանակ «Տատնին» ու «Դարբասն» արտահանվում էին նաև Բելգիա, բայց ներկայումս այդ ուղղությամբ արտահանումը փոքր-ինչ թուլացել է: Արտահանման հետ կապված խնդիր, փաստորեն, չունեն, գործարանն ամբողջությամբ նոր է, հագեցած գերժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով և արտադրում է ISO ստանդարտների արտադրանք: «Ամեն դեպքում, այս գործարանը շահույթ չի հետապնդել: Նույնիսկ պահ եղավ, որ մենք նստեցինք խորհրդի, որպեսզի հասկանանք` միգուցե արժե գործարանը վերապրոֆիլավորել և ուրի՞շ բան արտադրել: Որովհետև արդեն ահագին վնասներ էինք կրում: Մտածեցինք, մտածեցինք ու որոշեցինք հաստատուն մնալ և մեր ընտրած ուղեգծից չշեղվել»,- նշում է գործարանի գործադիր տնօրենը: Չշեղվեցին ու կարողացան հաղթահարել խոչընդոտները: Հիմա էլ փորձում են դուրս գալ զարգացման ու շահույթով աշխատելու ուղի, թեև դա այնքան էլ հեշտ չէ: Ամեն դեպքում, ինչպես ընդգծում է Ռաֆիկ Ղարիբյանը, բիզնեսը չձախողելու համար ա42877_largeմենակարևորը մեծ աշխատասիրությունն է, հավատն ու նվիրումը: «Եթե աշխատեցիր, նվիրվեցիր, նվիրված աշխատեցիր, հավատացիր քո հաջողությանը, մի քիչ էլ սիրես քո հողը, ջուրը՝ արդյունքը հաստատ երևում է, հաստատ… Մեկ էլ ես կառանձնացնեի ազնվությունը: Այսօր ես բիզնեսում հաճախ եմ տեսնում անազնիվ մոտեցումներ ու առաջարկներ, դրանից մենք հիասթափվում ենք: Հիմա, փառք Աստծո, ազնիվ գործընկերներ ունենք, ու եթե դու էլ ես իրենց հետ ազնիվ աշխատում, արդեն կայուն համագործակցություն է ձևավորվում, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, որն անպայման փոխհատուցվում է հաջողությամբ: Ես կնշեի նաև պարտաճանաչությունը: Մեր գյուղի լեզվով ասեմ` է մի քիչ էլ պետք է հաստակողություն ունենաս, որ ասես` պիտի հասնեմ նպատակիս ու աննահանջ հասնես»,- ասում է մեր զրուցակիցը և հավելում` դժվարությունները հաղթահարելու հարցում իրենց օգնել է կայունությունը` որակն ու գնային քաղաքականությունը կայուն պահելն ու «խաղեր տալուց» խուսափելը: Այս առումով էլ ընդգծում է` դժվարին պահին կարող էր գայթակղություն լինել, որ որակի հաշվին կարողանային մատչելի գին առաջարկել շուկային ու փորձել մրցունակ լինել: Բայց իրենք որոշեցին պահպանել որակն ու գոյատևեցին, ոչ-ոքի չխաբեցին, խոտան ու վատորակ ապրանքի հաշվին գին չգցեցին և կարողացան հաղթահարել ծայրաստիճան բարդ իրավիճակը: «Ասացինք` այսօր լավ չի վաճառվո՞ւմ, ոչինչ, վաղը լավ կվաճառվի, բայց մեր ապրանքն ունի իր արժեքն ու որակը: Շատ առաջարկներ են եղել ցածրորակ ապրանքով շուկա գրավելու, բայց մենք մեր վարկանիշի, համբավի ու ապրանքանիշի հետ չենք ուզում խաղալ: Համբերատար առաջ ենք գնում,- եզրափակում է Ռաֆիկ Ղարիբյանն ու վերջում շեշտում,- բիզնեսում պետք է համբերատար լինել, կամաց-կամաց առաջ գնալ, մեզ հենց դա է օգնել»:

Ankakh.com

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *