ԳՈՆԵ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԼԻՆԵՐ…

Տորունիքում մարտի 9-ին համայնքի ղեկավար եւ ավագանի են ընտրելու: Վարորդը մեզ գյուղ հասցրեց ոչ թե հիմնական՝ Սիսիան-Դաստակերտ, այլ՝ ավելի երկար, բայց՝ թերեւս ավելի «անցանելի»՝  Ախլաթյանի դաշտամիջյան Ճանապարհով:
Զուգադիպություն էր, պատահականություն, թե՝ նախընտրական շրջան, մեզանից բացի Տորունիքում Սիսիանից այլ «հյուրեր» էլ կային. «Ռազմավարական զարգացման գործակալության» ծրագրի ներկայացուցիչն էր եկել՝ արոտներում խմոցներ տեղադրելու հարցերով: Գյուղում էր ոստիկանության մայոր Աշոտ Այվազյանը: Ի զարմանս մեր հարցական հայացքի, իր ներկայությունը համայնքում բացատրեց ոչ թե  օրինախախտության դեպքով, այլ՝  համայնքային ոստիկանի պարտականությունների կատարմամբ, ինչը, նրա ասելով, հնարավորում է համայնքի բնակչին ավելի վստահել ոստիկանին, իսկ իրավապահին՝ ավելի մոտ լինել համայնքին:

Էստեղ հողից դուրս եկած ամեն ինչից փող են սարքում…

Զարմանալի մարդաշատ էր նաեւ համայնքապետարանը:
Բայց դա ընտրություններով չէր պայմանավորված:vorotan19022014-2
Քրիստինե Հախվերդյանը եկել էր տեղեկանք վերցնելու: Ասաց, որ ուզում է վարկ ստանալ, ուզում են անասուն գնել: Հետո պատմեց, որ այդպես են կարողացել տնտեսություն ստեղծել, եկամուտ ունենալ: «Բա գյուղում ուրիշ ի՞նչ անենք: Գյուղում ապրելու օգուտն էլ էն է, որ անասուն պահես: Էդպես ենք կարողացել մեկ գլուխը դարձնել մոտ երկու տասնյակ, ընտանիք պահել, երեք աղջիկ ունեմ, մեծս դպրոց է գնում…»: Քրիստինեն ոչ նեղսրտած էր, ոչ՝ դժգոհ, ոչ՝ բողոքավոր, ինչպես հաճախ է պատահում ամենուրեք: Մեր՝ տղա որ ունենաս, իմաց տուր խոսքին էլ չափազանց խանդավառ ասաց՝ անպայման: Զրույցը նրա հետ հաճելի էր, տրամադրություն բարձրացնող: «Ուրիշ բան չենք ուզում, մենակ էս ճանապարհը սարքեն, մնացածը մենք անում ենք՝ հույսներս մեզ վրա…»: Մտածեցի, թե որքան լավ է, որ այս մարդիկ հաղթահարել են «հումանիտար լուբու» հոգեբանությունը, եւ իրենց հույսը իրենց վրա է: «Նպաստի էլ չեն սպասում, արդեն ամոթ են անում նպաստով ապրելուց: Դա էլ մի 4 ընտանիք է ստանում գյուղում. հիվանդ, հաշմանդամ եւ ծերեր ունեցող ընտանիքներ են»,- ասաց համայնքի ղեկավար Անահիտ Հակոբյանը, ում խոսքը «խլելով» Քրիստինեն ավելացրեց՝ սեզոնը որ բացվում է, տներում մարդ չես տեսնի, բոլորը դաշտերում են: «Հողից դուրս եկած ամեն ինչից փող են սարքում էս մարդիկ,- ասաց Անահիտ Հակոբյանը,- խնջլուզից սկսած, մասուր-ուրցից դուրս եկած,- բայց գոնե ճանապարհ լինի, որ մարդիկ իրենց հավաքած-ստեղծածը Սիսիան տանեն: Ավտոբուս էլ չկա, վարորդները հրաժարվում են այս գծի վրա մեքենա վարել, ձեռ չի տալիս՝ ասում են…»

Այս խաչքարը գյուղի «անձնագիրն է»…

vorotan19022014-3Նախկինում գյուղը ադրբեջանաբնակ էր: 88-ից հետո փախստականներ եկան, շահումյանցիներ, սիսիանցիներ: Բայց հիմա բոլորը տորունիքցի են, իրենց այդպես են համարում, այդպես զգում, մի տան նման՝ մեծ տան:
Նոյեմ մայրիկը ծնունդով Անգեղակոթից է, 16 տարեկանում ամուսանացել է Բաքու, 82-ին, դեռեւս «դեպքերից առաջ», ընտանիքով եկել են Սիսիան, հետո՝ Տորունիք, բայց այնպես «անխաթար» խոսում է անգեղակոթյան բարբառով, ասես երեկ է դուրս եկել իր ծննդավայրից: Հիմա ինքը տորունիքցի է եւ առանց իր հողի, իր այգու, իր եզակի ծաղկանոցի չի պատկերացնում իր կյանքը: Գոհ է ամեն ինչից, 72 ամյա կինը  կյանքի մնացորդը չի ուզում դժգոհ ու տրտնջալով ապրել, թեպետ մի մեծ ցավ ունի սրտում՝ հաշմանդամ որդի, եւ համայնքապետարան էր եկել համայնքի ղեկավարին խնդրելու միայն, որ միջոց ձեռնարկեն՝ կանխելու հարեւանի կովերի, հավերի ու խոզերի  «գրոհը»  իր այգու, մարգերի, ծաղկանոցի վրա…
Նույն խնդրանքով Գոհար Հարությունյանն էր եկել, Ռոզա Հայրապետյանը…
Գյուղամիջում մի խաչքար կա՝  արցախյան ազատամարտում զոհված շահումյանցի Կամո Աղաջանյանի եւ բաքվից փախած Ալեքսանդր Իսայանի հիշատակին է կանգնեցված: Նրանք Պանթեոնում են ամփոփված: Այստեղ այլ սրբավայր չկա: Ու այս խաչքարը դարձել է գյուղի հայրենացման, հայացման «անձնագիրը»

Տորունիքում գարունն էլ է շուտ գալիս…

Տորունիքը արեւկող է, ու այստեղ գարունը «շուտ է գալիս»: Ի տարբերություն այլ համայնքների, այստեղ համայնքային ընտրություններն էլ են «շուտ գալիս»vorotan19022014-1
Անահիտ Հակոբյանը 4-րդ անգամն է առաջադրում իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում: Մեր՝ «ինչո՞ւ» հարցին անմիջապես արձագանքում է աշխատակազմի ղեկավար Արամ Պետրոսյանը՝ «Մենք ենք ուզում» ասելով:
Ինքը՝ տիկին Անահիտն ասում է՝ «Կիսատ գործեր ունեմ»: Մեղքս ինչ թաքցնեմ, ասում եմ, որ այդ արտահայտությունն ասոցացվում է Սիսիանի վերջին ղեկավարների՝ «իրենց թալանը մինչեւ վերջ ավարտելու» մտքի հետ: Իր համայնքի պարագայում նա չի համաձայնվում եւ ավելացնում է, որ գիշերային լուսավորություն են անցկացրել մի քանի թաղում, ուզում է ավարտել, որ խմելու ջրի հարց կա, ուզում է մինչեւ վերջ լուծել, որ ոռոգման ջրի հարցը կիսատ է մնացել, որ համայնքային արարողությունների համար կենցաղի տուն են ուզում վերանորգել, եւ արդեն տարածքի փաստաթղթերն են նախապատրաստում, որ…
Մեր՝ անցյալ ընտրությունների նման առանձնապես մրցակցություն չկա, պայքար չկա, հետաքրքի՞ր է «անպայքար» ընտրության մասնակցելը  հարցին էլ պատասխանում է, որ մրցակից ունի՝ Մարգարիտա Գրիգորյանը: Իսկ ձեւական չէ՞ հարցին էլ պատասխանում է՝ «Դե հիմա որ մարդը ընտրվի, թող ընտրվի: Եթե տրամադրված է համայնքի համար մի բան անել, թող լինի, մենակ թե իմանամ, որ համայքնի համար է»:
Հարցնում ենք, թե այսօր ի՞նչն է առաջնահերթ գյուղի համար, ասում է, որ յուրաքանչյուր ամենափոքր հարցն էլ հարց է գյուղի համար: «Առաջին ընտրաշրջանում, անկեղծ եմ ասում, համարյա բան չեմ արել գյուղի համար, ու 3 տարի խիղճս հանգիստ չի եղել, տանջվել եմ, մեղադրում էի միայն ինձ, հետո տեսա որ, կարող եմ…ու հիմա էդպես չի, հարցեր ենք լուծում,  մարդկանց սոցիալական վիճակն է լավացել: Հողե քանդված տների հետ ես ի՞նչ պիտի անեմ, քանդվում է, բայց այն հարցերը, որ հնարավոր է լուծել, լուծում ենք»:
Տորունիքն ունի 133 բնակիչ, գյուղում 11 երիտասարդ կա, դպրոցում՝ 7 աշակերտ, 4 բարձր դասարանցի էլ հաճախում է Դաստակերտի դպրոց, նախադպրոցական տարիքի 9 երեխա ունեն, գյուղը նոր ծննդի է սպասում:
Համայնքապետն ավելացնում է, որ գյուղում խոշոր եւ մանր անասունների գլխաքանակն էլ է ավելացել, վարելահողերի 50 եւ ավելի %-ը ցանքատարածություններ են, հաճար, գարի են ցանում, հեկտարներով՝ ճակնդեղ:
Տիկին Անահիտին հիշեցրեցինք, որ նախորդ ընտրաշրջանում իրեն մեղադրում էին համայնքում չբնակվելու համար, ասաց, որ նման խնդիր չկա, բայց եւ ցանկացած պահի ինքը համայնքի բնակիչների կողքին է, ի վերջո նրանց հետ է 1991 թվակից, երբ գյուղն առանձնացել է Ախլաթյանի գյուղխորհրդից: «Հիմա առանց իրենց չեմ կարող, իրենք էլ՝ առանց ինձ: Հավատացեք»,- ասում է նա:
Ինչպես է պատկերացնում ընտրության հաջորդ օրը հարցին պատասխանում է. «Սովորական աշխատանքային օր, երբ կգամ իմ աշխատանքին, կլինեմ իմ համայնքի բնակիչների հետ, ինչպես ամեն օրը»:
Համայնքն իր կյքանով է ապրում, շնչում, եւ գյուղը կենդանի օրգանիզմ է, ինչպես այնտեղ ամպրող մարդիկ: Ասում է, որ կին լինելը չի խանգարում, հիմա նման տարբերություն չեն էլ դնում, եթե համայնքի համար խնդիր ես լուծում, մարդկանց հետ կարողանում ես շփվել, աշխատել, առնչվել, նստել-վեր կենալ, ի՞նչ կապ ունի սեռը: Կարեւորը աշխատանքն է:
Բայց, այնուամենայնիվ, չի մոռանում գարնանային տոների նախօրյակին շնորհավորել կանանց եւ ասել՝ գարնան նման գեղեցիկ լինեն: Գարունը գեղեցկացնում է բնությունը, կանայք էլ՝ գեղեցկացնեն կյանքը:
Զրույցը եզրափակում ենք շատ հետաքրքիր մի տեղում: Անահիտ Հակոբյանն ասում է, որ թեեւ սիրում է համայքնային աշխատանքը, շփումը, մարդամոտ է ու անմիջական, բայց իր կարտոֆիլի եւ իր լոբու սերմը ինքն իր ձեքով պիտի հողի մեջ դնի, ուրիշի չի վստահում:
-Բայց քանդելիս՝ խնդրեմ, դա արդեն քեֆ-ուրախություն է, համեցեք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
19.02.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *