ԳՈՌԱՑԵԼ ԵՆ, ՈՐ… ՇՇԿՌՎԵՆ, ԷՆ ԷԼ…

«Որոտան» թերթի սույն թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 11(102) համարում «Որպես բողոքի եւ բոյկոտի նշան` լքեցին աշխատասենյակը» վերնագրով հոդված  էինք տպագրել Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շուրջ ծավալված գործընթացների, իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու եւ մանկական կրթօջախում «կազինո» կառուցելու անթույլատրելի երեւույթը կանխելու համար ՄՊՍԿ-ի կոլեկտիվի ըմբոստացման մասին, ինչը «բարկացրել էր» այժմ արդեն նախկին քաղաքապետ Լ.Սարգսյանին, որը «անհնազանդ կոլեկտիվին կարգի հրավիրելու» ելքը գտել էր տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանին օգոստոսի 25-ի` թիվ 38 կարգադրությամբ աշխատանքից ազատելով: Մեկ ուրիշ կարգադրությամբ նույն օրը տնօրեն էր նշանակվել Սասուն Ներսիսյանը:
Մենք նշել էինք նաեւ, որ մինչ այդ Հենրիկ Մարտիրոսյանը հրաժարվել էր ինչպես սեփական դիմումով աշխատանքից ազատվելու` Լ.Սարգսյանի առաջարկից, այնպես էլ այդ օրերին արդեն ներսից փլված ու փլուզված քաղաքապետարանում ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու` իրենց կարծիքով` գայթակղիչ առաջարկներից եւ իր` աշխատանքից ազատված լինելու մասին կարգադրությունը կոլեկտիվին ներկայացրած քաղաքապետարանի պատասխանատու անձանց ներկայությամբ հայտարարել էր, որ իր իրավունքները պաշտպանելու է դատարանում:

Եւ ահա` սեպտեմբերի 8-ին Սիսիանի քաղաքապետարանի` իրեն աշխատանքից ազատման  կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի բռնագանձման հայցապահանջով Հ. Մարտիրոսյանը դիմել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը որոշում էր կայացրել հայցը վարույթ ընդունելու մասին:
Իր հայցապահանջում Հ. Մարտիրոսյանը նշել էր, որ իր աշխատանքային պարտականությունները սահմանված են ՄՊՍԿ ՀՈԱԿ կանոնադրությամբ, իսկ իրեն աշխատանքից ազատել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի եւ կարգի կոպիտ խախտմամբ: Դռնբաց դատական նիստում քննվեց քաղաքացիական գործն ըստ հայցի Հ. Մարտիրոսյանի` ընդդեմ Սիսիանի քաղաքապետարանի:
Ճիշտն ասած` ինքս հաճախ եմ մասնակցել թե՛ քաղաքապետարանի դեմ, թե՛ քաղաքապետարանի կողմից հարուցված դատական նիստերի եւ ականատեսը եղել, որ գրեթե բոլոր նիստերում էլ անպակաս է եղել զվարճանքն ու զավեշտը, որն ապահովել են քաղաքապետարանի պատասխանողները կամ ներկայացուցիչները: Բացառություն չէր նաեւ այս մեկը:
Դատաքննության ողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում էր Հ. Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու ակնհայտ միտումը: Պատասխանողի կողմից բերված բոլոր «փաստարկները եւ հիմնավորումները» ոչ միայն անհամոզիչ էին, այլեւ ընդգծում էին Հ. Մարտիրոսյանի գլխին սարքած լինելու իրողությունը, ինչը, սակայն, կատարվել էր չափազանց անգրագետ ձեւով, որը եւ շուռ էր եկել հենց սարքողների  գլխին:
Առաջին ակնհայտ միտումն այն էր, որ դեռեւս աշխատանքից ազատելու կարգադրությունը տալուց առաջ` 28.06.2008թ. Սիսիանի քաղաքապետի թիվ 01-12 կարգադրությամբ Հ.Մարտիրոսյանին հայտարարվել էր խիստ նկատողություն` վերջին նախազգուշացմամբ: Պատասխանողի ներկայացուցիչ Օվսաննա Մարկոսյանն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե իր քաղաքապետը կարգապահական ի՛նչ խախտման, ո՛ր ժամանակում կատարած խախտման համար է Հ. Մարտիրոսյանին կարգապահական տույժի ենթարկել, որը նշված չէ նաեւ քաղաքապետի կողմից ստորագրված հիշյալ կարգադրության մեջ: Նա ջանադրորեն պնդում էր միայն, որ Հ. Մարտիրոսյանը չի կատարել եւ արհամարհել է համայնքի ավագանու` վարձավճարները բարձրացնելու մասին որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման, ինչը, սակայն, որեւէ  կարգադրության տեսքով չի տրամադրվել Հ. Մարտիրոսյանին, բայց նա, ըստ Օվսաննա Մարկոսյանի, պարտավոր էր ավագանու կողմից ընդունված հիշյալ որոշումը կատարել, քանի որ  ավագանու նիստի մասին ինֆորմացիան հրապարակվել է տեղական հեռուստատեսությամբ եւ տպագրվել «Սիսիանի ձայն» թերթում:  Դատական նիստը վարող դատավորն անգամ հասկանալ  տվեց, որ` տեղական, նույնիսկ` համայնքային համարվող լրատվամիջոցներով (իսկ իրականում դրանք մասնավոր` Լ.Սարգսյանի որդու սեփականությունն են) հրապարակված տեղեկատվությունը, թեկուզ եւ` ավագանու նիստերի մասին, ենթակա չէ պարտադիր կատարման, իսկ Հ. Մարտիրոսյանը կարող էր եւ չլսել կամ չկարդալ այդ տեղեկատվությունը եւ պարտավոր էլ չէր լսել կամ կարդալ ամեն ինչ, ինչ հրապարակվում կամ հեռարձակվում է:
Սակայն ակնհայտ միտում հետապնդող զավեշտը դրանով չավարտվեց: Հենց դատարանում Հ. Մարտիրոսյանը տեղեկացավ, որ երբ քաղաքապետը ստորագրել է իրեն աշխատանքից ազատելու կարգադրությունը, նույն օրը եւ նույն պահին նրա կողմից ստացել է երկրորդ կարգապահական տույժը նույն բովանդակությամբ` խիստ նկատողություն` վերջին նախազգուշացմամբ: Սույն կարգադրությունը Օ. Մարկոսյանը դատարանին ներկայացրեց հենց նիստի ժամանակ, ինչը ենթադրել է տալիս, որ նա դատարան է բերվել դեռեւս նոր դրված ստորագրության թանաքը չչորացած` Հ. Մարտիրոսյանին աշխատանքից ազատելը «հիմնավորելու» համար, ինչը, սակայն, պրիմիտիվության հասնող հերթական մի քայլ էր, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է մինչեւ կարգապահական տույժի ենթարկելը գրավոր բացատրագիր պահանջելու հանգամանքը, ինչը չի կատարվել: Դատավորի հարցին, թե` «մեկ խիստ նկատողություն` վերջին նախազգուշացմամբ, արդեն տրվել է հայցվորին, որին պիտի որ հաջորդեր աշխատանքից ազատելու քայլը, ի՞նչ իմաստ ուներ նորից վերջին նախազգուշացմամբ տույժ տալ նրան», Օ. Մարկոսյանը, զգալով իրենց ստեղծած իրավիճակի ծիծաղելի լինելը, ինքն էլ ծիծաղեց` ասելով` «այդպես են վարվել, որ «սթափվի»: «Բայց հրամանը տվել ու ազատել եք` առանց «սթափվելու» համար ժամանակ տալու»,-հետեւեց դատավորի խոսքը: Դատավորի հաջորդ` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում հստակ նախատեսված են կարգապահական տույժի տեսակները, որոնք կարող են կիրառվել աշխատողների նկատմամբ եւ նրանցում նախատեսված չէ «խիստ նկատողություն`վերջին նախազգուշացումով» կարգապահական տույժի տեսակը», խոսքից Օվսաննա Մարկոսյանը նորից զգաց զավեշտալի իրադրությունը (երեւի կարգադրությունը գրելիս մտածել են, որ գլխի ընկնող չի լինելու) եւ պատասխանեց, որ այդտեղ թյուրիմացություն կա. իրենք ղեկավարվել են խորհրդային ժամանակների օրենսգրքով` մի քիչ ավելի խիստ լինելու համար, որին հետեւեց դատավորի`«ոչ ոք իրավունք չունի ավելի խիստ լինել, քան` նախատեսված է օրենքով» միտքը:
Որ ասում էինք` քաղաքապետարանում աշխատում եւ գործում են Սովետի «կառուցման ոգով», չէիք հավատում: Հիշեցի հայտնի ֆիլմից մի դրվագ.«Ինչի՞ ես գոռում: Գոռում ես,որ… շշկռվե՞մ…»: Շշկռելու փոխարեն իրենք շշկռվեցին իրենց միտումների որոգայթում: Ի վերջո` Օ. Մարկոսյանը, հստակեցնելով իր պատասխանը, հայտնեց, որ երկրորդ տույժը տրվել է Հ. Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու համար:
Փոխարեն իրենք ենթարկվեին օրենքներին, օրենքն են փորձել հարմարեցնել իրենց միտումներին, ինչը ձախողվել է:
Հ. Մարտիրոսյանն այդպես էլ «չսթափվեց» Լ. Սարգսյանի առաջին` «վերջին նախազգուշացումից» եւ նախընտրական լարված իրավիճակում, երբ ամեն մի ձայնը վճռորոշ էր, ստացավ երկրորդ` «վերջին նախազգուշացումը», սակայն ետ չկանգնեց դատարանով իր իրավունքները վերականգնելու խոստումից: Սյունիքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանը, հոկտեմբերի 2-ին կայացրած վճռով բավարարել է Հ.Մարտիրոսյանի հայցը: Դատարանը գտել է, որ Սիսիանի քաղաքապետի` Հ. Մարտիրոսյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին երկու կարգադրություններն էլ անհիմն են եւ չեն բխում ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներից, ուստի Սիսիանի քաղաքապետի 25.08.2008թ. թիվ 38 կարգադրությունը նրան աշխատանքից ազատելու մասին ճանաչել է անվավեր: Հ.Մարտիրոսյանը վերականգնվեց նախկին աշխատանքում` վերականգնելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատավարձը: Սիսիանի քաղաքապետարանից պետբյուջեի օգտին բռնագանձել է պետտուրքի գումարը:
Դրանից ընդամենը մի քանի օր հետո Լ.Սարգսյանը շատ հանդիսավոր պայմաններում ՄՊՍԿ-ի կոլեկտիվին է ներկայացրել իր կողմից աշխատանքից ազատված եւ դատարանով նախկին աշխատանքում վերականգնված տնօրեն Հ.Մարտիրոսյանին, հույս հայտնելով, որ «իր կողմից հետապնդված ու հաշվեհարդարի ենթարկված» կոլեկտիվը մի քանի օր հետո տեղի ունենալիք  համայնքապետի ընտրություններում իր վստահության քվեն իրեն կտա…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *