ԳՈՐԱՅՔՑԻՆ ՊԱՐԶ Է, ՄԻԱՄԻՏ ՈՒ ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ

Երբ Ձորերում ծիրանենին փթթում է ծաղկանկար զգեստի մեջ, Գորայքում ձյունը նոր-նոր քաշում է փեշերը:
Երբ Ձորերում գյուղացին սերմը հողին պահ տված- սպասում է  նրա  ծլելուն, Գորայքում նոր-նոր ակոս են բացում, ու երբ Ձորերում ձորեցիք հավաքած-ամբարած են լինում իրենց դաշտ ու այգու բերքը, գորայքցին շտապում է` առաջին ձյունից առաջ միայն հավաքել- համրել տարվա իր շահածն ու կորցրածը:

Երբ Ձորերում … Չէ՛, դա կապ չունի բոլորովին, որ գորայքցիներն էլ իրենց գյուղը սիրեն, իրենց հողը սիրեն, իրենց ավանդույթները շահեն-պահեն, ու ձմռան առատ ձյունից փակված ճամփեքին մնացած ծանոթ ու անծանոթ, օտար ու յուրային ճամփորդին հյուրընկալեն իրենց ջերմ օջախում: «Դրանից բացի,- ասում են համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ դպրոցի տնօրեն Մարտուն Թադեւոսյանը,- մայրուղուն մոտ լինելը եւս մեծ առավելություն է, բերքը-մթերքն իրացնելու շուկան կա, ապրանք ձեռք բերելը հեշտ է, և նպաստավոր արոտավայրերն ու առատ բուսականությունը անասնապահությամբ զբաղվելու լավ հնարավորություն են ստեղծում: Մեր բնակլիմայական պայմանները մեր առավելությունը լինելուց բացի նաև մեր դժվարությունն են ,- ավելացնում են նրանք, ու  բացատրում,- որ հողի` ցածր ջերմաստիճանի պատճառով, ի տարբերություն Ձորերի և միջին գոտու, իրենց մոտ հողերի բերքատվությունն է ցածր, ռիսկի գործոնը մեծ է, և շատ է բնությունից կախվածությունը: Անձրեւն էլ տեղում է այն ժամանակ, երբ դրա կարիքը բոլորովին չկա: Լուրջ է վառելիքի խնդիրը, պարարտանյութ տալու ժամանակ գյուղացին փող չունի, փող եղած ժամանակ` ժամկետներն են անցնում»: Իսկ երբ հարցրեցինք, թե պետական որևէ օգնություն, աջակցություն չկա՞ գյուղին, գյուղացուն, միաժամանակ պատասխանեցին, որ միայն այս տարվա` պետության կողմից հատկացվելիք փոխհատուցումը հույս տվեց նրանց, որ պետությունը սկսում է մտածել իրենց մասին, ու … հուսադրվեցին, և գուցե մյուս տարի ավելի շատ ցանքս կկատարեն: Այնուհետև գյուղապետն ասաց, որ երբ Արփա-Սեւան թունելը դեռ կառուցվում էր, Գորայքը վատ չէր ապրում, գորայքցին գումար ուներ ձեռքին, դրամ էր մտնում գյուղացու տունը` աշխատավարձի տեսքով, բայց թունելի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, ասես դժվարություններն ու հոգսերը վրա-վրա թափվեցին գյուղի գլխին: Դրան գումարվեց 2006-ի աննախադեպ երաշտը, 2007-ի` անասունների հիվանդությունը, և Գորայքում միանգամից անասնագլխաքանակի այնպիսի պակաս գրանցվեց, որ տխրեցնող է: Ասաց, որ եթե 2005-ի հունվարին գյուղն ուներ 1700 խոշոր, 1300-1400 մանր եղջերավոր անասուն, չհաշված տարվա  ծինը, ապա այս տարի միայն` 700-800 խոշոր, ու ոչ թե անկումից է պակասել այդ թիվը, այլ` անասնակեր չլինելու պատճառով անասունն են վաճառել: 53
Մինչ գյուղապետը գյուղացու «տխուր ձեռքբերումները» այս օրինակով էր ներկայացնում, դպրոցի տնօրենն այն պատկերեց աշակերտների թվի` կտրուկ նվազմամբ, ասելով, որ եթե 5 տարի առաջ Գորայքի միջնակարգ դպրոցն ուներ 128 աշակերտ, այս տարվա մայիսի վերջի դրությամբ` 84, սեպտեմբերին կունենան 75 աշակերտ, որովհետև ավարտած 10 հոգու փոխարեն դպրոց կհաճախի ընդամենը 5-6 երեխա: «Սա ոչ միայն դպրոցի, ոչ միայն գյուղի, այլև` երկրի ամենամեծ ցավն է»,- ցավով, շատ ցավով ընդգծեց դպրոցի տնօրենը:
Գյուղում 30 տան դուռ փակ է` կողպեք-բանալիով արդեն մի քանի տարի: Ոմանք Երևանում ապրում են վարձով եւ աշխատում այնտեղ, ոմանք գնացել են Ռուսաստան, ոմանք էլ հեռացել են երկրային կյանքից, իսկ նրանց ժառանգ-զավակներն այլ վայրերում են: Զրույցի այս հատվածում կարծես անկումային տրամադրություն համակեց բոլորիս, եւ երբ սթափեցնող` «Ի՞նչ է, գյուղում մի լավ բան չկա՞» հարցը տվեցի, թե՛ համայնքապետը, թե՛ դպրոցի տնօրենը միանգամից աշխուժացան. «Ինչպե՞ս չկա, շա՛ տ կա:
Գյուղը գազիֆիկացված է, «Աշտարակ կաթը» արտադրամաս ունի, արդեն տարուց ավելի է, որ «Գեոթիմ» կազմակերպությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում Ամուլ սարի` Վայոց Ձորի տարածքում, բայց նստավայրը Գորայքն է, ու ավելի քան 60 գորայքցի է աշխատում այդտեղ, և ոչ միայն` գորայքցի, այլեւ` հարեւան գյուղերից, անգամ` Վանաձորից: «Գեոթիմը» շատ բանով է օգնում գյուղին, մեխանիզմներ հատկացնում` անհրաժեշտության դեպքում, խմելու ջրի ջրագծի կառուցման 600 հազար դրամ համայնքային ներդրումը կատարեց եւ այլն: Դպրոցի տնօրենն էլ հավելեց, որ դպրոցն էլ գազիֆիկացված է, ուսման առաջադիմությունը վատ չէ, մարզային օլիմպիադաներում սաները վատ չեն դրսևորում իրենց, եւ հույս հայտնեց, որ այս տարվա 9 շրջանավարտից 6-7 հոգին հաստատ կընդունվեն պետական բուհեր: Նա չմոռացավ ավելացնել, որ դպրոցին եւ գյուղին քիչ օգնություն չի ցուցաբերում «Վորլդ Վիժն» կազմակերպությունը, դասասենյակներ է վերանորոգել, կահավորել, համակարգչային դասարան է բացվել, գործում է երիտասարդական կենտրոն. «Բայց այ` ինտերնետ կապ չունենք»,- ավելացրեց նա` հիշեցնելով, որ մեր օրերում առանց ինտերնետ կապի, միևնույն է, ետ ես մնում աշխարհի զարգացման տեմպից: Բայց թե՛ գյուղապետը, թե՛ դպրոցի տնօրենը, ասես միաբերան ու միակամ իրենց գյուղի ամենամեծ առավելությունը, ամենամեծ արժեքը համարեցին իրենց ժողովրդին` ասելով. «Պարզ, միամիտ, դյուրահավատ ժողովուրդ ենք: Հասարակարգ-համակարգի փոփոխությունը ժողովրդի հոգեբանության վրա չի ազդել` դիմացինին, կողքինին ընկալելու առումով: Առևտուր անող չենք: Դա լավ է, թե` վատ, չգիտենք, բայց` այդպես է»: Դրական համարեցին նաեւ երկար ժամանակ մոլականների հետ ապրած լինելը, որոնցից լավ հատկանիշներ են վերցրել, որ ոչ միայն իրենք, այլև հարեւան գյուղերի բնակիչներն էլ են իրենց մասին նույն կարծիքին: Իսկ երբ հարցրեցինք, թե ինչ խնդիրներ են լուծվել, եւ ինչ հիմախնդիրներ ունի գյուղը, համայնքապետը պատասխանեց. «Ունենք հրաշալի մշակույթի տուն, բայց որը վերանորոգման խիստ կարիք ունի, այնտեղ տեղակայված գրադարանում կա  9 հազար կտոր գրականություն, որը դժվար է պահպանվում կաթոցներից: Գյուղը տիպային է, բայց փողոցներն այնքան անհամաչափ են կառուցվել, որ հաճախ են խցանվում կոյուղագծերը, որի մաքրել-բացելը մեծ խնդիր է տեխնիկայի բացակայության պատճառով: Ոռոգման ջրի խնդիրը «պապենական» է, իսկ տեղանքի բարձրադիր լինելու պատճառով շրջակա ջրերը միայն խողովակաշարով կարող են գյուղ հասնել: 7-8 կիլոմետր երկարությամբ ջրատարի կառուցումը, որը պահանջում է 100-150 հազար դոլար, գյուղի ուժերից վեր է»: Գյուղապետը շատ կարեւոր համարեց խմելու ջրի հարցի լուծումը եւ հավելեց. «21 մլն դրամ արժողությամբ ջրագծի կառուցումը ֆինանսավորվել է Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով, իրականացվել ԾԻԳ-ի կողմից, փոխվել է ներքին ցանցի մի մասը, մյուս մասն էլ, հավանաբար, ուրիշ ծրագրով կկատարվի: Համայնքային` 3 մլն 300 հազար դրամի ներդրումը կատարվել է տարբեր կազմակերպությունների կողմից` 1 մլն 100 հազար դրամը` գյուղապետարանի, 600 հազար դրամը` «Գեոթիմի», 500 հազար դրամը` «Աշտարակ կաթի», 1 մլն 100 հազար դրամը` ԶՊՄ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, որոնցից անչափ գոհ ենք եւ մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց` օգտվելով ընձեռնված հնարավորությունից»: ԶՊՄ կոմբինատի տնօրենին իր շնորհակալությունը հայտնելու առիթը բաց չթողեց նաեւ Մարտուն Թադեւոսյանը, ավելացնելով, որ նա մոտ 3 մլն դրամ է հատկացրել դպրոցի տանիքի վերանորոգման համար, նրա հովանավորությամբ կատարվել է իր դպրոցի ուսուցիչներից մեկի սրտի վիրահատությունը, որը նոր եռանդով աշխատում է դպրոցում:
Հրաժեշտին հույս հայտնվեց, որ մեկ էլ կհանդիպենք ընտրություններից հետո, եւ գյուղապետի հետ կզրուցենք արդեն նրա` քառամյա ծրագրերից: Իսկ Գորայքում արդեն այդ ժամանակ առաջին ձյան շունչը կլինի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *