ԳՐԱՎԱԾ ԲԱՐՁՈՒՆՔԸ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ՀԱՎԵՐԺ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԿԼԻՆԻ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ

ՏԻԳՐԱՆ ԼԵԳԴԱՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ` ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՁԵԶԱՆԻՑ

Ծնվել է 1968 թ.-ին: Սովորել է Սիսիանի թիվ 3 միջն. դպրոցում: 1984-1988 թ.թ.-ին սովորել է Աբովյան քաղաքի ավտոճանապարհային տեխնիկումում: 1988-1990 թ.թ.-ին ծառայել է խորհրդային բանակում: Սովորել է Մոսկվայի` Մ. Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում: Ավարտել է ՀՀ Գուղատնտեսական ակադեմիան:
1990 թ.-ին անդամագրվել է ղարաբաղյան շարժմանը: Կազմավորման առաջին օրվանից կամավորության սկզբունքով ծառայության է անցել ՀՀ ՀԱՏՈՒԿ գնդում: Սիսիանի ռազմական միավորումների կազմում մասնակցել է ազատամարտի բոլոր մարտական գործողություններին: Ծառայելով ՀՀ զինված ուժերում` շարքայինից հասել է փոխգնդապետի զինվորական կոչման:
1990 թ.-ին եղել է Սիսիանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
Զորացրվել է երկարատեւ զինվորական ծառայությունից: Պահեստազորի սպա է:
Զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ նախագահի եւ ԶՈՒ հրամանատարության կողմից պարգեւատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով եւ պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

-Պարո՛ն Պողոսյան, այսօր առնվազն մեծ ռիսկ եւ մեծ պատասխանատվություն է Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելը զուտ նրա համար, որ Սիսիանը ոտքից գլուխ հիմնախնդիր է: Բայց Դուք գնում եք այդ ռիսկին: Ինչո՞ւ:
-Այսօր, քան` երբեւէ, Սիսիանը կարիք ունի փոփոխության: Դա միանշանակ է: Միանշանակ է եւ այն, որ գործող քաղաքապետը պիտի թողնի իր տեղը, քանի որ նրա աշխատելու 4 տարիներն ապացուցել են, որ Սիսիանը այդ ընթացքում ավելի շատ կորցրել է թե արտաքին տեսքով, թե` բարոյական, հոգեւոր որակներով: Եվ դա բոլորիս է ցավ պատճառում:
Իսկ` լինելով սիսիանցի, ապրելով Սիսիանում պարզապես չի կարելի անտարբեր մնալ ու թողնել, որ այդպես շարունակվի: Այո, ես գնահատում եմ այդ ռիսկային վիճակը, բայց եւ ուժ ու կամք եմ տեսնում իմ մեջ` վերցնել այդ ծանր պատասխանատվությունը` մեր քաղաքում փոփոխություն կատարելու: Վստահ եմ նաեւ, որ գործող քաղաքապետի նման, 4 տարի աշխատելուց հետո, միայնակ չեմ մնա, ինչը արդեն գնահատական է նրա մասին:
-Գնալով սիսիանցիները խորապես հիասթափվում են տեղական ինքնակառավարման համակարգից եւ որեւէ ակնկալիք գրեթե չունեն հիմա: Հիասթափված մարդկանց մեջ հույսեր տածելը մեծ պատասխանատվություն չի՞ Ձեր կողմից:
-Անկախ ամեն ինչից` մեծ պատասխանատվություն է, որովհետեւ Սիսիանում այսօր ամենափոքր հարցն անգամ հիմնախնդրի տեսք ունի, քանի որ տարիներով չարվածը շարունակում է չարվել: Բայց եւ այնպես` ամեն ինչ լուծելի է, իսկ դրա համար հարկավոր է կոնկրետ քայլ. քայլը արդեն արված է` Սիսիանն ուզում է նոր համայնքապետ ունենալ:
-Ցավալի մի մտածողություն վերջին տարիներին իշխող դարձավ մեր գիտակցության մեջ, որ` ով էլ գա, նույնն է լինելու: Մարդիկ մեղավո՞ր են այդպես մտածելու համար:
-Մարդիկ մեղավոր չեն: Մարդկանց մեջ հավատն է կորել տեղի իշխանության, ղեկավարության հանդեպ: Այդ մտածելակերպն էլ կարելի է փոխել հակառակը ապացուցելով` լավ աշխատանքով, համայնքի, մարդկանց կյանքում նկատելի փոփոխություն անելով եւ նախորդների աշխատաոճը չկրկնելով:
Մարդիկ հաստատ նույնը չեն: Շատ բան պայմանավորված է տվյալ ղեկավարի` մարդ տեսակով, մտածողությամբ, արժեընկալմամբ, հոգեկերտվածքով, ապրած կյանքով ու անցած ճանապարհով: Նման որակներ կրող ղեկավարը հաստատ չի հիասթափեցնի իր համայնքի բնակչին:
-Բայց` ով եկավ, միայն իր թալանի մասին մտածեց, միայն ծախել-ծախծխելու մասին մտածեց, ու սիսիանցին լավ համայնքապետ ունենալու հույսը կորցրեց:
-Ես խոստումներ չտամ: Ժամանակը ամեն ինչ կբացահայտի, ինչպես որ բացահայտում է: Զինվորականի իմ կոչումը, անցած ճանապարհը եւ ապրած կենսագրությունը ինձ շատ բան են տվել` խոսքի տերը լինելու առումով:
-Համայնքի հիմնախնդիրները լուծել-չլուծելը երբեմն պայմանավորում են օբյեկտիվ-սուբյեկտիվ գործոններով, բայց համայնքի բնակիչը իր ղեկավարին առավելապես գնահատում է իր նկատմամբ ունեցած վերաբերմունքով:
-Համայնքը մի մեծ ընտանիք է, իսկ համայնքի ղեկավարը այդ ընտանիքի ամենամտահոգ, ամենաշատ խնդիրներ ունեցող բնակիչն է, ով, սակայն, որպես համայնքի մի անդամ, հավասար է բոլորին:
-Սիսիանցիների մեջ դեռեւս պահպանվել է 2008-ի համայնքապետի ընտրության ժամանակ Ձեր հանդեպ դրսեւորած մեծ վստահության հիշողությունը, եւ այն կրկին արթնացել է Ձեր` վերստին առաջադրմամբ: Ինչո՞վ եք բացատրում վստահության նման ալիքի պահպանումը առ այսօր:
-Նախ` իմ ամբողջ կյանքն ու կենսագրությունը անցել է այս փոքր քաղաքում: Ինչքանով ինձ ճանաչել են, ինչքանով ինձ գիտեն, այդքանով էլ այդ վստահությունը կա: Մյուս կողմից, երբ սիսիանցին տեսավ ու համոզվեց, որ ինձ հետ պայքարած ու «հաղթած» թեկնածուն ոչ միայն չարդարացրեց իրեն վստահողների, այլեւ` ողջ քաղաքի սպասելիքները, սկսեց մտածել, որ Տիգրան Պողոսյանը կամ` մեկ ուրիշը հաստատ ավելի լավ համայնքապետ կլինեին, քան` գործողը եղավ: Եվ սկսեցին նոր հույսեր կապել, նոր ակնկալիքներ ունենալ: Այդ ընթացքում եթե գործողը լավ համայնքապետ դառնար, հաստատ իմ կամ մեկ ուրիշի նկատմամբ նման հույսեր չէին կապի: Մի քիչ էլ վիրավորվածությունը մնաց սիսիանցիների մեջ, որ Աղասի Հակոբջանյանին մի կերպ քաղաքապետ սարքեցին:
-Ձեր` կրկին առաջադրվելուն այս հանգամանքը նպաստե՞լ է, թե` քաղաքական անսպասելի զարգացումներն են Ձեզ մղել մասնակցել ընտրապայքարին:
-Տեղական ինքնակառավարման մարմինը շատ ավելի քիչ քաղաքական կարող է լինել, քան` դարձնում են: Ուղղակի բոլորս տեսանք, որ գործող քաղաքապետը չարդարացրեց իրեն, եւ նրան փոխելու անհրաժեշտությունն է, որ կրկին պայքարում եմ համայնքապետի պաշտոնի համար: Եթե նա լավ աշխատեր, բոլորս կկանգնեինք նրա կողքին, եւ նրան փոխելու խնդիրը չէր առաջանա, նա էլ այսքան ոտ ու ձեռ ընկած` չէր փորձի պահել պաշտոնը:
-Սիսիանում միշտ էլ համայնքապետի ընտրությունները սուր պայքարով են ընթացել, եւ, որպես կանոն, միշտ էլ իշխանությունների հովանավորությունը վայելող թեկնածուներն են պարտվել:
-Այս անգամ էլ հաստատ այդպես կլինի: ԱԺ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ սիսիանցին ավելի շատ գնահատում է մարդուն` իր տեսակով, քան` «դաբրոներն» ու հովանավորներին: Այսօր առավել, քան` երբեւէ, գործողը սիսիանցու «դաբրոյին» չի արժանանա, որովհետեւ նրա «դաբրոն» իրենից չստացավ, այլ` իշխանություններից:
-Այսօր Սիսիանի համայնքապետի ընտրությունը վերածվել  է «դաբրոյի» եւ ժողովրդի ազատ կամարտահայտման համար պայքարի: Ի՞նչ արժեք ունի այս տեսակ «դաբրոն» եւ` ի՞նչ գին` ժողովրդի վստահությունը:
-«Դաբրոյով» ընտրված ղեկավարը երբեք պարտավորվածություն չի զգում ժողովրդի հանդեպ, ու պատասխանատու է ոչ թե նրան, այլ` «դաբրոն» տվողին: Ժողովրդի կողմից ընտրվածը, բնականաբար, ով էլ որ լինի, պատասխանատու է իր ընտրողի առջեւ եւ նրա վստահությունն է փորձում արդարացնել:
-Դուք ՀՅԴ անդամ եք, սակայն համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարին նախընտրեցիք գնալ ինքնաառաջադրմամբ: Ինչո՞ւ:
-ՀՅԴ անդամ եմ 1990 թ.-ից, սակայն, զինվորական ծառայության մեջ լինելով, դադարեցված է եղել կուսակցականությունս: 2008-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ կրկին այն ակտիվացրել եմ: Ինքնաառաջադրմամբ ընտրապայքարին մասնակցելու նպատակս է ասել, որ Սիսիանի համայնքապետը պիտի բարձր լինի կուսակցական շահերից, խմբային շահերից եւ լինի Սիսիանի ողջ բնակչության համայնքապետը: Իմ կուսակցական գաղափարները էլի թող մնան ինձ, բայց առաջնայինը պիտի լինի համայնքի եւ նրա բնակչի շահը, ոչ թե` կուսակցության կամ` կուսակիցների:
-Դուք զինվորական կենսագրութուն ունեք եւ զինվորականի ճանապարհ եք անցել: Քաղաքացիական հասարակությունը, սակայն, բոլորովին այլ նորմերով ու կանոններով է առաջնորդվում: Ի՞նչ կտա համայնքի ղեկավարին զինվորականի` Ձեր անցած ճանապարհը:
-Զինվորականի եւ քաղաքացիականի միջեւ տարբերությունը շատ էլ չէ: Օրենքներն են տարբեր: Բայց իրականում խնդիրը հրաման տալու եւ այն կատարելու մեջ է: Հրամանն ու կատարելը նույնը պիտի լինի նաեւ քաղաքացիական կյանքում` նույն կարգ ու կանոնով, նույն հետեւողականությամբ, նույն պահանջկոտությամբ, նույն սրտացավությամբ: Եթե այդպես չեղավ, ոչ մի լավ տեղաշարժ կամ փոփոխություն չի կարող լինել:
Իսկ որ զինվորական լինելը կամային ուժեղ հատկանիշներ, պատասխանատվության մեծ զգացողություն, կարգ ու կանոնով ապրելու եւ գործելու որակներ է ձեւավորել իմ մեջ, դա այդպես է, ինչը, կարծում եմ, ավելի կօգնի համայնքի ղեկավարի աշխատանքում:
-Ասում են` մարտի դաշտում սիսիանցին քաջ է ու խիզախ, քաղաքացիական կյանքում` խեղճ: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
-Բոլորովին խեղճ չի: Նրան միայն իր սոցիալական վիճակն է խեղճացնում, ինչից էլ օգտվում են մարդիկ` նրան մղելով ձայն ծախելուն, նրան սպառնալով աշխատանքից ազատել, նրան ճնշում եւ վախեցնում են: Բայց թե՛ 2008-ի ընտրությունը, թե՛ Մայիսի 6-ը ապացուցեցին, որ սիսիանցին ոչ միայն խեղճ չի, այլեւ` հանուն իր արժանապատվության պատրաստ է դեմ գնալ բոլոր ճնշումներին ու սպառնալիքներին: Նման վիճակ է ստեղծվել նաեւ հիմա, եւ սիսիանցին ինքը դեռ իր արժանապատվության խոսքը կասի սեպտեմբերի 9-ին:
-Եթե այսքանից հետո սիսիանցիները գնան եւ ընտրեն Աղասուն, ի՞նչ թասիբի մասին կարող է խոսք լինել, ասում են շատ սիսիանցիներ:
-Թող ընտրեն իրենց խղճի մտոք, թող ընտրեն առանց կաշառվելու, առանց բռնաճնշումներին ու պարտադրանքներին ենթարկվելու, առանց վախի` գնահատելով այն, ինչ ունեն, եւ գնահատելով եղածը փոխելու շանսը: Որովհետեւ հետո եւս 4 տարի ստիպված պիտի լինեն ունենալ այն, ինչ արդեն ունեն:
-2008-ի «ձախողումը» Ձեզ չի՞ վախեցնում:
-Վախը վաղուց հաղթահարված զգացողություն է` նախկին զինվորականի համար: Ինձ մտահոգում է սիսիանցիների ներկա վիճակը եւ քաղաքական այն գործընթացները, որով ցանկանում են պատերազմ հաղթած սիսիանցուն դարձնել հլու-հնազանդ, անդեմ ու ամորֆ զանգված:
Պիտի չզլանամ կրկնել հանրահայտ` յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր թագավորին ասույթը: Վերջնական խոսքը սիսիանցիներինն է. եթե ինքը արժանի է այն «թագավորին», որ արդեն ունի, թող նախապատվությունը տա նրան, եւ այլեւս չբողոքի, եթե արժանի չէ, թող իր ընտրությամբ ապացուցի: Մնացածը` կարծիք է ու ենթադրություն…
-Ի՞նչ եք մաղթում ընտրողին, Սիսիանին եւ սիսիանցուն:
-Մայիսի 6-ից հետո Սիսիանում ստեղծվել է բարոյահոգեբանական, քաղաքական մի իրավիճակ, որը միայն պատիվ կբերեր ցանկացած այլ համայնքի: Սիսիանը թող ամսի 9-ին արժանի լինի այդ բարձր պատվին, որ ինքն է սահմանել: Նվաճած բարձունքը ետ վերադարձնելը հավերժ պարտության սկիզբը կլինի…
Սեպտեմբերի 9-ը մայիսի 6-ի տրամաբանական շարունակությունը պիտի դառնա…

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *