ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ` 36 ՏԱՐԻ ԱՆՑ

Երբ մեզ հրավիրեցին մասնակցել Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցի` 1973-74 ուս. տարվա 10-ի ա-ի շրջանավարտների` «Դասղեկի ժամ` 36 տարի անց» խորագրով ցերեկույթին, արդեն իսկ կռահելի էր նրա իմաստն ու խորհուրդը:

Արդեն` հասուն, ոմանք` տատ ու պապիկ, գրեթե բոլորը` ճերմակած, կյանքում կայացած այս մարդիկ ցանկացել էին հիշողության մաքուր ճանապարհներով ետ գնալ 36 տարի` կրկին պատանի դառնալու, կրկին լսելու սիրելի ուսուցիչ ու դասղեկ Ռիմա Սիմոնյանի մայրական խոսք ու խրատը, կրկին հավաստելու, որ ապրած 36 տարիների խառն ու խրթին, հեշտ ու դժվար կյանքը անզոր է եղել կտրել այն լուսեղեն կապը, շիջել այն ջերմ կրակը, մարել այն հոգեւոր լույսը, որ…կա աշակերտի եւ ուսուցչի, դասղեկի եւ սանի, պարզապես` մտերիմ ու հարազատ սրտերի միջեւ…
1974-ին Ռիմա Սիմոնյանը իր սիրելի 10-ի ա-ի հետ վարել է դասղեկի վերջին դասաժամը թիվ 2-ի դասասենյակներից մեկում. հետո կյանքը նրան Երեւան է տարել, իր աշակերտներին` յուրաքանչյուրին` իր ճամփով, բայց անցած 36 տարիներին ո՛չ սաներն են մոռացել իրենց` աշակերտ լինելը, ո՛չ` դասղեկը: Այդ տարիների ընթացքում էլ շարունակվել է նրանց կապը, փոխադարձ այցելությունները, միմյանցով հետաքրքրվելու, իրարով տխրել-ուրախանալու մարդկային պարզ փոխըմբռնումը: Մեկիկ-մեկիկ հավաքել-պահպանել է դասղեկ Ռիմա Սիմոնյանն իր սաների մասին բոլոր հուշերը, մեկիկ-մեկիկ պահել-պահպանել են սաները իրենց դասղեկի վսեմ կերպարի ուրվագծերը` պահելով լուսապայծառ ու սիրելի:
Սաներից մեկը` Վարդան Հակոբյանը, հուզմունքից կարկամել էր, երբ դասղեկն իրեն մեկնեց Վարդանի` Գերմանիայում ծառայելու ժամանակ ուսուցչին ուղարկած բացիկներից մեկը, հետագայում պատմաբան դարձած Արկադյա Բադալյանի հոգին խռովվեց, երբ ուսուցիչը հիշեցրեց 1968 թ.-ին «Որոտան» թերթում տպագրված «Ինչ եմ ուզում դառնալ» թեմայով շարադրության մեջ Արկադյայի խոստովանությունը. «Չգիտեմ` պատմություն առարկան եմ ավելի շատ սիրում, թե` ընկեր Սիմոնյանին»: Անդրեասը, Զավենը, Կարինեն, Ալետան, Կամոն, բոլորը, բոլորը տեղ ու տարածք ունեն դասղեկի տիեզերական սրտում, կյանքում, հուշերում, նաեւ` այսօրվա յուրաքանչյուր պահի ու վայրկյանի մեջ: Եվ գոյության, լինելիության այդ կերպն է, որ 36 տարի հետո էլ շարունակվում ու շարունակվելու է: Ռիմա Սիմոնյանը արդարի, բարու ազնիվ սերմեր է ցանել 10-ի ա-ի իր սաների հոգիներում, ու սերմը պարարտ հողում է ընկել, ու սաները նաեւ այսկերպ են երախտապարտ լինում իրենց սիրելի դասղեկին` Երեւանից Սիսիան հրավիրելով եւ կրկին դասղեկի հոգեհմա դաս անցկացնելով` գնահատում  ու գնահատվում, հասկանում ու հասկացվում: «Դասղեկի ժամին» պատշաճորեն նշվեց նաեւ սիրելի ուսուցչի ծննդյան 70 ամյակը, որը, ինչպես Ռիմա Սիմոնյանը խոստովանեց, մի քանի տասնամյակ եւս երկարացրեց իր կյանքը եւ եւս մի քանի տասնամյակ սիրելի սաների հետ լինելու եւ նրանց դասղեկը մնալու հաճելի զգացողությունը, սաներին էլ պարգեւելով հավերժ աշակերտ մնալու խորախորհուրդ պարգեւը:
Եթե ասեք, որ կյանքում ավելի ազնիվ ու վսեմ բան կա, քան` մարդկային փոխհարաբերություններ կոչվող բարձր ու առինքնող արժեքը, ընդամենը պիտի փորձեք հակառակն ապացուցել թիվ 2 միջն. դպրոցի` 1973-74 ուս. տարվա 10-ի ա-ի շրջանավարտներին եւ իրենց սիրելի դասղեկ Ռիմա Սիմոնյանին, ովքեր սիրով դասղեկի ժամ են անցկացնում անգամ դպրոցն ավարտելուց 36 տարի հետո էլ եւ դեռ անց են կացնելու…

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *