ԴԱՐԲԱՍՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Վերջին տարիներին Դարբաս գյուղում իրականացված եւ իրականացվող գրեթե բոլոր աշխատանքներն ու ծրագրերը կապված են Արամ եւ Արմեն Ստեփանյան եղբայրների անվան հետ: Եւ ամեն անգամ նրանք նորովի են զարմացնում ու հիացնում իրենց ձեռնարկներով: Հերթականը հայրենի գյուղում համայնքային տան կառուցումն է:

Նրանց նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ սեպտեմբեր ամսից Դարբասում սկսվել է համայնքային տան շինարարությունը, որտեղ կգործեն հացաթխման արտադրամաս, դեղատուն, վարսավիրանոց, հանդիսությունների սրահ եւ ամառային սրճարան:

Գեղեցիկ եւ ինքնատիպ շինությունը, որ կառուցվում է դարձյալ նրանց հովանավորությամբ վեր խոյացած Սուրբ Ստեփանոս եկեղեցու եւ թանգարանի հարեւանությամբ, գալիս է ամբողջացնելու գյուղի կենտրոնական հատվածը` աչք շոյող եւ սիրտ փառավորող համայնապատկերով:

Համայնքային տան նախագիծն արվել է Մոսկվայում, որտեղ ապրում եւ աշխատում են Ստեփանյան երղբայրները, շինաշխատանքները ղեկավարում է աշխղեկ համագյուղացի Վաչիկ Մարտիրոսյանը, շինարարությունում աշխատում է մոտ 20 մարդ, հիմնականում` համայնքի բնակիչներ: Նախատեսված է համայնքային տան շինարարությունն ավարտել ընթացիկ տարում:29136594_584062588615409_1747169146707116032_n

Դարբաս գյուղում քարը քարին դնելու, ամեն բացվող օրը շինարարի մուրճի զնգոցով սկսելու, ամեն կապված կամարի հետ վաղվա օրով հուսավառվելու մասին Արմեն Ստեփանյանը գրել է` Վաղվա օրվա գույները…
Լեռների կատարներին բազմած ճերմակափրփուր ամպերը խորհում են դրախտի արարման մասին: Այստեղ վայրի շուշանների եւ մանուշակների հայրենիքն է, որտեղ առավոտները լցված են եդեմական թռչունների երգով եւ կարմիր ժայռերից արտացոլված լույսով: Արծիվները ճախրում են անհուն երկնքում եւ ազդարարում, որ երկնքից տրված դրախտը պիտի հարատեւի:

…Իսկ փակ դռները, իսկ անծուխ օջախները, այդ խորացող թախիծը… Ո՞վ պիտի կանգնեցնի այս ողբերգությունը: Արամ Ստեփանյանն ունի իր բանաձեւը, որն արտահայտվում է մեկ բառով՝ աշխատանք: Ահա եւս մեկ հրաշք, որը կօգնի աշխատանքով ապահովել քսան մարդու եւ քսան դուռ փրկել սարդոստայնով ծածկվելու եւ փակվելու վտանգից… Այս հրաշակերտ շինությունը կլինի հրաշալի ժամանցի վայր: Մարդիկ կամաց-կամաց կհասկանան, որ դրախտը փրկելու միակ ճանապարհը կոչվում է «աշխատանք»:

…Լեռների կատարները ներկվում են սքանչելի գույներով: Մայրամուտն ազդարարում է, որ վաղվա օրը կլինի ավելի գեղեցիկ ու սքանչելի, քանզի աստված մեզ նվիրել է դրախտը…

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *