ԴԱՐԻ ԴԵՄՔԸ ԱՐՎԵՍՏԻ ՀՄԱՅԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է. ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ

-Պարոն Միրզոյան, ստեղծագործական հարուստ եւ երկար ճանապարհ եք անցել, ասացեք, խնդրեմ, որտեղի՞ց է գալիս Ձեր արվեստը, որտե՞ղ է նրա ակունքը:
-Դժվար հարց է: Իմ կարծիքով` ինչ-որ լինում է, աստծու կամքով է: Բայց յուրաքանչյուր անհատի, առավել եւս` ստեղծագործող մարդու կյանքում ծննդավայրը մեծ ազդեցություն է թողնում, որովհետեւ կարեւոր է, թե նա որտեղից է գալիս, զարգացման ինչ ընթացք է ապրում: Իմ ծննդավայր Սալվարդ գյուղի շռայլ բնաշխարհն ինձ տվել է ամեն ինչ տեսնելու, զգալ հնարավորությունները: Իմ ստեղծագործության ակունքը, հավանաբար, հիմնականում հենց այդտեղից է գալիս:
Չեմ հիշում` երբ եմ սկսել նկարել, ոնց եմ սկսել, ոչ ոք ինձ նկարել չի սովորեցրել, ոչ ոք չի ասել է` նկարիր: Դա, երեւի, բնատուր էր:
Հետագյում, երբ Սիսիան եկավ նկարիչ Զաքար Խաչատրյանը եւ եղբոր հետ հիմնեցին Սիսիանի մանկական ստուդիա, ես 10 տարեկան էի, արդեն նկարում էի: Նկարներս ցույց տվեցի նրան: Նրա մոտ սովորելու երկու տարիները ինձ համար բացեցին արվեստի ճանապարհը, որը եւ տարավ ինձ:
Զաքար Խաչատրյանի` Սիսիան գալը, արվեստի ստուդիա հիմնելը, իմ կարծիքով, ոչ միայն ինձ, ընդհանրապես` Սյունիք աշխարհի համար մեծ նշանակություն է ունեցել: Անցյալ դարի վաթսունականները մի ժամանակաշրջան էր, որ ոչ մի տեղ ոչ կարգին երաժշտական դպրոց կար, ոչ կարգին` նկարչական դպրոց: Ստուդիա բացելու եւ երեխաներին արվեստին հաղորդակից դարձնելու` Զաքար Խաչատրյանի այս մոտեցումը կարեւոր նշանակություն ունեցավ Սիսիանի հետագա մշակութային կյանքում:
-Սիսիանի մանկական ստուդիայից մինչեւ Ազգային պատկերասրահի տնօրեն, մինչեւ ՀՀ Ժողովրդական նկարիչ, մինչեւ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչում ընկած ժամանակը ի՞նչ ճանապարհ էր Ձեզ համար:
-Երկա~ր ճանապարհ, արվեստագետի մի ո~ղջ կյանք: Գյուղում ծնվելը լավ է` բնության պես մաքուր ես մնում, բայց երբ Սիսիանից տեղափոխվեցինք Երեւան, նոր աշխարհ բացվեց, նոր իրականություն, նոր միջավայր, նոր հնարավորություններ, քանի որ մեծ քաղաքը արվեստագետին շատ բան է տալիս: Երեւանում երկու տարի ուսանեցի հրաշալի վարպետներ Սահակ Սահակյանի, Գերասիմ Ոսկերչյանի մոտ, ծանոթացա հանրապետության ճանաչված նկարիչների հետ, առաջին անգամ տեսա Մարտիրոս Սարյանին, Զարդարյանին, Աբեղյանին, մյուսներին, ծանոթացա եվրոպական, ռուսական, հայկական կերպարվեստին: Իսկ երբ 1964 -ին առաջին անգամ Մոսկվայում, Լենինգրադում տեսա հրաշալի ճարտարապետությունը, Նեւայի ափը, արվեստի ակադեմիան, գիտի, որ Զաքար Խաչատրյանն էլ է այդտեղ սովորել, մեծ բեկում առաջացավ իմ մեջ եւ նկարիչ դառնալու մեծ ցանկություն, ու մի ներքին ձայն հուշեց, որ պետք է անպայման սովորեմ այդ կրթական կենտրոնում:Note0001
Այդ ժամանակներում, անշուշտ, դժվար էր Ակադեմիա ընդունվելը, սովորելը: Ինչպե՞ս դարձաք Լենինգրադի արվեստի ակադեմիայի ուսանող:
-Երեւանում սովորելու տարիներին արդեն մասնակցում էի մրցույթների, ցուցահանդեսների, «Ավանգարդ» թերթից ստացել էի առաջին մրցանակս: 1965-ին բացվեց իմ առաջին անհատական ցուցահանդեսը, որին ներկա էին հանրապետության` ժամանակի ճանաչված նկարիչները: Արտաշես Լալայանցը, որ հորս ընկերն էր, հրավիրել էր Էդվարդ Իսաբեկյանին, Մկրտիչ Սեդրակյանին, ուրիշների` իմ աշխատանքը գնահատելու: Նրանք խորհուրդ տվեցին սովորել Լենինգրադում կամ`Մոսկվայում: 1967-ին դպրոցն ավատելուց հետո հայրիկիս հետ մեկնեցի Լենինգրադ: Սկզբում ինձ շատ օգնեց հրաշալի նկարիչ Կիպարիսովը,  Ակադեմիայում դարձա ազատ ունկնդիր, մեկ տարուց ավելի հաճախեցի այնտեղ: 1968-ին ընդունվեցի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտ, կես տարի սովորելուց հետո թողեցի եւ 1969 -ին ընդունվեցի արվեստի ակադեմիա: Սովորեցի գերազանց, ունեցա դիպլոմի հրաշալի պաշտպանություն: 75-ին կնոջս ու որդուս հետ վերադարձա Երեւան:
-Ինչո՞ւ չմնացիք Լենինգրադում:
-Նկարիչն իր ծննդավայրում, իր հայրենիքում, հայրենի հողի վրա պիտի ապրի, ստեղծագործի, կրի նրա եւ ցավը, եւ դարդը, եւ երջանկությունը, եթե, իսկապես, ուզում է լինել հայրենիքի նկարիչը:
-Ինչպե՞ս սկսվեց նկարչի, արվեստագետի Ձեր` արդեն երեւանյան կյանքը:
-Մշակույթի նախարար Ռուբեն Պարսամյանի առաջարկությամբ հրավիրվեցի գեղարվեստի ակադեմիա: 13 տարի եղել եմ ակադեմիայի գեղանկարի եւ կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, ղեկավարել եմ ստեղծագործական արվեստանոց: 2002-ին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի առաջարկով աշխատանքի եմ հրավիրվել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում: Իմ աշխատած տարիներին կոլեգաներիս հետ կարողացանք Ազգային պատկերասրահին նոր շունչ տալ, եւ դա բոլորը տեսան, գնահատեցին: Աշխատանքի մեջ, ինչ խոսք, բացթողումներ էլ եղան, բայց ամեն ինչ արվեց, որ Ազգային պատկերասրահը դառնա Հայաստանի ամենակարեւոր մշակութային օջախներից մեկը:
-Դուք հիմա Ազգային պատկերասրահի տնօրենի խորհրդականն եք:
-Այո: Նաեւ ղեկավարում եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը: Դա էլ բարդ կառույց է, որովհետեւ առանձնապես ոգեւորված չեմ մեր հանրապետության այսօրվա կրթական համակարգից: Այնտեղ մեծ աշխատանք կա անելու, բայց համոզված եմ, որ իմ բնավորությամբ, քանի որ ես անտարբեր մարդ չեմ, եւ ես-ը սիրող մարդու իմ հատկանիշներով, սիրում եմ ամեն ինչ անել ի շահ գործի, եւ աշխատասիրությամբ, կկարողանամ այդ բաժինն էլ դարձնել առաջատար եւ համապատասխանեցնել մեր ժողովրդի կրթական չափանիշներին:
– Այսքան բազմազբաղ եւ ծանրաբեռնված լինելով պատասխանատու պաշտոններով`  ստեղծագործական աշխատանքին ե՞րբ եք ժամանակ հատկացնում…
-Ստեղծագործական գործունեությունն ինձ համար եղել է առաջնային: Լինել դասախոս, տնօրեն, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, տարբեր կոչումների արժանացած մարդ, ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, վերջերս էլ դարձա Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, դրանք շատ հաճելի են, բայց ես համարել եմ, որ նկարիչը պետք է անի այն, ինչ որ աստված տվել է իրեն: Իսկ ինչ աստված է տվել, մեծ պարգեւ է: Ինձ համար մեծ երջանկություն է, երբ կարողանում եմ օրվա մեջ որոշակի ժամանակ նվիրել ինձ պարգեւ տրված արվեստին: Ես միշտ աշխատել եմ: Ամեն մի լուսաբացը, ամեն մի օրը ինձ համար եղել է ստեղծագործական երջանկության, նուրբ մտածելակերպի, սիրո, արվեստի հանդեպ մի բան ավելին անելու ժամանակ: Աստծուց շնորհակալ եմ` այդ շնորհքն ինձ տալու համար: Դա ինձ օգնում է նաեւ ապրել: Հաճախ եմ մտածում` ի՞նչ կլիներ, եթե չլիներ այս հրաշալի արվեստը: Թեկուզ դու ես նրան ստեղծում, բայց ինքն է քեզ պահում, եւ դու պարտական ես նրան: Դրանով քո կյանքը, կյանքի իմաստը արժեւորում ես: Գրեթե ամեն օր իմ միտքը, իմ ձեռքը, իմ զգացմունքը ես փոխանցում եմ կտավին, թղթին, որպեսզի ինձ երջանիկ զգամ, իմաստալից զգամ, որ իսկապես աստծու տված շնորհքը օգտագործեմ:Note0003
-Դուք արժանացել եք բազմաթիվ մրցանակների, պարգեւների, կոչումների: Ձեզ համար ի՞նչ են դրանք:
-Համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են` կոչումները պետք չեն: Դրանք  անհրաժեշտ են: Ես ժողովրդական նկարիչ եմ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր: Մեկ ամիս առաջ Ռուսաստանի ակադեմիայի նախագահության առաջարկով ինձ տրվեց Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչում, ինչը ես շատ բարձր եմ գնահատում: Մեր անկախության 25 տարիների ողջ ժամանակաշրջանում որեւէ մեկին նման առաջարկ չի արվել: Ռուսաստանի կերպարվեստի, մշակույթի մասին խոսելը  համաշխարհային չափանիշի բարձրագույն գագաթներից մեկի մասին խոսել է, արժանանալ նման արժանիքի` մեծ պատիվ է ոչ միայն ինձ համար, այլեւ` մեր ժողովրդի:
-Դուք նաեւ մեր անկախությունից երկու տասնամյակ անց արտասահմանում` Ռուսաստան, Լեհաստան, անհատական ցուցահանդեսներ բացած եզակի նկարիչներից եք:
-Հենց այնպես չեն Ռուսատանում եւ Լեհաստանում բացվել իմ անհատական ցուցահանդեսները. իմ եւ ստեղծագործական տարիքը, եւ արժանիքները թույլ են տալիս ընդունել ցուցահանդեսներ բացելու այն առաջարկները, որը կարեւորում եմ: Սանկտ Պետերբուրգում բացված անհատական ցուցահանդեսը նվիրված էր Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300 ամյակին, հրավիրվել եմ նաեւ Մասկվայի` Ռուսաստանի պետական ժամանակակից պատմության թանգարանից: Լեհաստանից ստացած հրավերը նվիրված էր Եղեռնի 100 ամյակին, եւ ես մեծ պատասխանատվությամբ ու սիրով եմ ընդունել այդ հրավերներն ու մասնակցել դրանց: Անհատական ցուցահանդեսներ եմ բացել նաեւ Հայաստանում: Կողմնակից չեմ հենց այնպես տարեկան մեկ ցուցահանդես բացելուն, նույն նկարները եւ էստեղ եւ էնտեղ ցուցադրելուն: Նկարիչը պետք է այնպես ցուցադրվի, որ ասելիք ունենա:
-Արվեստն իր խորքում նաեւ քաղաքականությո՞ւն է:
-Արվեստը չի կարող կյանքից դուրս լինել: Ինչպիսի մարդ պիտի լինես, որ չզգաս քո շրջապատը, ուզում ես դրան քաղաքականություն ասա, ինչ ուզում ես` ասա: Դու կաս քո միջավայրի եւ քո ապրած իրականության մեջ: Գոյայի ժամանակի Իսպանիայի իրականությունը նրա նկարներում է: Գոյան չէր կարող ուրիշ կերպ ստեղծագործել: Նույնը` Կարավաջոյի շրջանը` այլ երկրում: Պոմպեյի արվեստի ժամանակաշրջանում երեւում է ֆրանսիական հեղափոխությունը: Բոլոր մեծ նկարիչները իրենց ժամանակաշրջանի արտահայտողն են եղել: Ռուբենսը, ով նաեւ դեսպան էր, ներկայացրել է իր ժամանակի մտածելակերպը, եւ նրա կտավներում այդ ժամանակաշրջանի կյանքն է Նիդեռլանդներում: Կամ` պետք է լինել Նարեկացու նման, որը դուրս է որեւէ կոնկրետ պատմական ժամանակից, եւ ժամանակից վեր է, կամ` հանճար, կամ` ֆանատ, կամ` հիվանդ: Այս բոլորը մարդուն բնորոշ են, դրա համար չենք կարող անտեսել քաղաքականությունը, պատմական իրավիճակը, ժամանակաշրջանը: Դարի դեմքը արվեստի հմայիչ լռությունն է…
-Նարեկացին դուրս է որեւէ կոնկրետ ժամանակից, իսկ արվեստը կարո՞ղ է բնությունից բարձր լինել:
-Նման բան չի կարող լինել, որովհետեւ Աստված արդեն վաղուց արարել է աշխարհը եւ արարել է կատարյալ. մարդը չի կարող սրբագրել նրան: Այդ արարչագործությունից վեր ոչինչ չկա: Անցյալ տարի Մոսկվայում բացված իմ ցուցահանդեսի խորագիրն այսպես էր կաչվում` «Богом уже давно все придуман, мы не придумаем ничево, нам бог дает свае часть как жить, мы ето отвечаем»:
-100 տարի առաջ մեր ժողովուրդը եղեռնազարկ եղավ, ու «եղեռնը դեռ ապրում է մեր մեջ»: Դուք ինչպե՞ս անդրադարձաք այդ թեմային:
-Այս տարի ապրիլին Լեհաստանում բացված Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված իմ անհատական ցուցահանդեսը կոչվում էր «Հայկական սիմֆոնիա»: Չեմ ընդունում, որ 100 ամյակը լալկանությամբ, հոռետեսությամբ, մորթվածի հոգեբանությամբ, սպանություններով են ներկայացնում: Ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը 100 տարին հաղթահարել, ապրել է, հիմա պիտի արարենք, ստեղծագործենք եւ աշխարհին ցույց տանք` ինչպիսի ժողովուրդ ենք:
Ցուցահանդեսին ներկայացրել էի 60 աշխատանք, մարդիկ տեսան եւ ասացին` սա վերածնունդ է, ազգի վերածնունդն է: Իմ կարծիքով` սա է ամենակրեւորը:Փարավոն-Միրզոյան
-Սիմֆոնիա` այսինքն` ներդաշնակություն, համանվագ, դուք ներքուստ ներդաշնա՞կ եք ինքներդ ձեզ, ձեր շրջապատին, բնությանը:
Ներդաշնակվելու համար ճանապարհ պիտի անցնել, իսկ մենք` եւ ես, եւ մեր ժողովուրդը այդ ճանապարհն անցել ենք:Նոր ծնվող երեխայի համար Եղեռնը պետք է լինի հիշողություն, պահանջ, ոչ թե` ամենօրյա մտածելակերպ: Ի վերջո` մարդն աշխարհի վրա ապրում է եւ զարգացմամբ: Բոլոր երկրներում էլ պատերազմներ են եղել: Մեր ժողովրդի համար դա, անշուշտ, մեծ ողբերգություն էր, մենք հայտնվեցինք կործանման եզրին, բայց մեր հավաքական ուժը կարողացավ Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտում ցույց տալ, որ ինքը պետք է հաղթի, պետք է ապրի, դրանից հետո էլ Շուշիի, Ղարաբաղի հաղթանակը ցույց է տալիս մեր ժողովրդի` աշխարհում լինելու, ապրելու, ստեղծագործելու եւ շարունակվելու էությունը: Իմ կարծիքով` դա է էականը:
-Ձեր գեղակարչությունը գույների սիմֆոնիա է: Ձեզ համար գո՞ւյնն է առաջնային, գի՞ծը, թե…
-Գիտեք` ինձ համար առաջնային է արվեստը: Գույնը, գիծը, տոնը միասնական պետք է լինեն: Եթե դրանցից մեկը պակասում է, ինչ-որ բան այն չէ: Լուրջ նկարիչը ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում: Դա գալիս է ներքին զգացմունքից, ներքին մղումից: Ամեն անգամ մի նատուրա նկարելիս, մի կնոջ նկարելիս նրան պիտի իմ միջով անցկացնեմ-արտահայտեմ: Տեսեք` կնոջ նկար եմ նկարել, դեմքը չկա, քիթը, բերանը չկան, բայց բոլորը գիտեն` ով է: Էնքան մեծ վարպետություն պիտի ունենաս, էնքան մեծ կոմպոզիտոր լինես թե գծի, թե գույնի, որ շատ քիչ միջոցներով կարողանաս արտահայտել մարդու կերպարը եւ նրա ներաշխարհը:
– Օրվա, պահի տրամադրությունը կարո՞ղ է դառնալ ստեղծագործության խթան: Ի՞նչ տրամադրություններ, զգացողություններ են գերիշխում Ձեր գեղանկարչության մեջ:
-Կյանքն ընդհանրապես ինքնին խթան է: Իսկ արվեստն այնպիսի բնագավառ է, որ, որպես մարդ, որպես արվեստի կրող, կամա-ակամա, դու առաջատար ես: Այն բոլոր խնդիրները,  բոլոր հարցերը, որ կապված են քո ժողովրդի, քո ընտանքի, քո իմաստի, երկրագնդի, մարդու հետ, արվեստագետը մի քիչ այլ կերպ է ընկալում: Արվեստագետը չի կարող անտարբեր լինել, եթե աշխարհում որեւէ տեղ, կամ` իր ժողովրդի, իր հարազատների հետ որեւէ ողբերգություն է լինում: Եթե տեսնում ես, որ քո հայրենիքից, քո քաղաքից, քո երկրից մարդիկ թողնում-հեռանում են, ինչպե՞ս կարող ես դրա մասին չմտածել, չտեսնել այն բացասական երեւույթները, որ այսօր կան մեր երկրում: Ինչպե՞ս կարող ես չուրախանալ այն լավից, որ նույնպես կան: Ապրած բոլոր օրերը, տրամադրությունները արվեստագետի վրա մի քիչ այլ ազդեցություն են ունենում: Գուցե` նրանից է, որ նա ավելի էմոցիանալ է, ավելի տպավորվող: Եվ քանի որ արվեստն էլ քո մեջ է, կարողանում ես որոշ ժամանակ կտրվել իրականությունից, զբաղվել քո ստեղծագործությամբ, քո կյանքով: Ինձ մեծ ցավ է պատճառում, որ մեր ժողովուրդը երկրից գնում է:
-Դա արտահայտվո՞ւմ է ձեր նկարներում:
– Նկարչության մեջ կարող են ինչ-որ երանգներ մտնել, գծի, ձեւի, էմոցիայի, տրամադրության նկարներ ստեղծվեն, բայց ես լավատես մարդ եմ, եւ իմ առաքելությունը երկրագնդի վրա բարություն շաղ տալն է:
-Յուրաքանչյուր արվեստագետ գալիս եւ իր խոսքն է բերում, իր կարեւոր, գլխավոր  ասելիքը: Ո՞րն է Ձեր  հիմնական ուղերձը:
– Աշխարհին բարություն, սեր պարգեւել, մարդկանց հաճույք պատճառել, սեր նվիրել: Սա է իմ արվեստի հիմնական առաքելությունը:
-Արվեստի ճանապարհը տառապալից՞ ճանապարհ է:
-Երբ ասում եմ` սեր եւ բարություն պետք է սերմանենք, դա այնքան էլ հեշտ չէ: Դա տանջալից ճանապարհ է: Բոլորն էլ կարող են նկարել, երգել, պարել, բայց իրենց ժողովրդի պատմության, կերպարվեստի, երաժշտության մեջ ներդրում ունեցող պրոֆեսիոնալ մարդիկ եզակիներն են: Հազարավոր նկարիչներ կան աշխարհում էլ, մեր երկրում, բայց արվեստ ստեղծողները քիչ են:
-Ինչքան խորն է ապրումը, տառապանքը, այնքան ստացվա՞ծ է ստեղծագործությունը:
-Գիտեք` ամեն ինչ աստծու ձեռքում է, եւ մենք նրանից չենք կարող առաջ ընկնել: Աստված տալիս է այնքան, որքան պահանջում է:
-Հավատո՞ւմ եք աստծուն:
-Միանշանակ:
-Ձեր նկարներից մեկը կոչվում է «Աշնան բանաձեւ»: Եթե հնարավոր է` խնդրում եմ բանաձեւեք Ձեր գեղանկարչությունը:
-Ունեմ ոչ միայն աշնան բանաձեւ, ունեմ տարվա բոլոր եղանակների, կանանց պլաստիկայի բանաձեւը: Խնդիրը բառն օգտագործելու մեջ չէ: Դու նկարով ստեղծում ես իրավիճակը, ձեւը: Ամեն մի ստեղծագործության մեջ ես հենվում եմ կենդանի մտածելակերպին, իմ առջեւ դրված հարցը ինքն է գալիս: Իմ վերջին նկարը, որ նոր է, կոչվում է «Հիշողության գորգ»: Պատմական նշանակության հին գորգը, որ  դար է ապրել, ժամանակ է անցել, մաշվել է, թողնելով միայն հիշողությունը: …Ինտերերի միջոցով, արվեստի լեզվով, գունային հարաբերության միջոցով  ասում եմ`… հիշողությունը միշտ կա: Այս կտավում հիշողությունը դարձել է հիմքը: Մնացածը էսօրվա ինտերերն է, էսօրավ ծաղիկներն են, էսօրվա լուսաբացը: Մյուս նոր նկարը, որ թվում է` նատյուրմորտ է, կոչվում է` «Հորս շիրմաքարի ծաղիկները»: Մի քիչ պատմեմ, թեկուզ նկարը չեն պատմում: Նատյուրմորտում երկու դատարակ աթոռներ են: Վերջերս մայրս հեռացավ կյանքից: Ծիծեռնակը նրա հոգին է: Իմ նկարչությունը իմ կյանքի ապրած օրերն են եւ իմաստավորված են դրանով: Իսկ Ձեր` ինչպես բանաձեւենք իմ արվեստը հարցին պատասխանեմ «Հորս շիրմաքարի ծաղիկները» կտավով` այնտեղ եւ ես եմ, եւ պապերս են, եւ տատերս են, եւ հայրս է, եւ մայրս է… իմ ապրած կյանքն է իմ նկարչությունը:
-Սեփական ձեռագիրը գտնելու, սեփական ուղին բացելու Ձեր ճանապարհին ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը, ով ազդեցություն է թողել Ձեզ վրա:
-Երբ ուզում ես քո լեզուն գտնել, քո խոսքը գտնել, չես կարող չուսումնասիրել համաշխարհային արվեստը եւ չընդօրինակել: Դեռ ուսանելու տարիներին ուսումնասիրել եւ սովորել եմ թե իտալական, թե ֆրանսիական, թե ռուսական ու համաշխարհային նկարիչներին: Ինչպես կարող ես ուսումնասիրել ու չսովորել: Ես ուսումնասիրել եմ բոլորին, որ ինձ գտնեմ: Եւ եկավ մի ժամանակ, երբ հասկացա, որ սա ես եմ: Այսօր իմ կտավները դիտողները, առանց ստորագրությունը կարդալու, վստահ ասում են` սա Փարավոն Միրզոյանն է: Այդտեղ է, որ դու գտել ես, դու խոսում ես քո լեզվով: Մարդ պետք է իր խոսքն ունենա: Տերյան, Սահյան, Իսահակյան, Պաստեռնակ, Չարենց կարդում ես, եւ չես շփոթում միմյանց հետ: Նկարչության մեջ էլ է այդպես: Նկարչությունը, պոեզիան, երաժշտությունը էնքա~ն համահունչ են:
-Քանի որ խոսվեց պոեզիայից, հիշեցի Ճապոնական հայտնի ասացվածքը` բանաստեղծությունը խոսուն նկար է, նկարը` լուռ բանաստեղծություն:
-Այո, հենց այդ մասին էի ասում: Ինձ ավելի պոեզիան է գրավում: Ինձ հրապուրում է ծավալով` փոքր, կարճ խոսքը, որն ավելի շատ բան է ասում:
-Այդ դեպքում` ո՞ւմ պոեզիայի հետ համեմատության եզրեր կարող եք գտնել ձեր գեղանկարներում:
-Այդ մասին առանձնապես չեմ մտածել: Բայց արվեստաբան Էլեն Գայֆեճյանն իմ արվեստի մասին գրելիս օրինակներ է բերել Բունինից: Դա, թերեւս, պատահական չէ: Նա գտել է պոետին եւ համադրել նկարչին: Այսօր բարձր եմ գնահատում Հովիկ Հովեյանի պոեզիան: Նման պոեզիա պակասում էր մեր գրականության մեջ: Հովեյանի վերջին 5-6 տարվա պոեզիան շատ ինքնատիպ է իր ձեւի, իր մոտեցման մեջ: Նա տեսնում է իմ ստեղծագրծությունը, ես լսում եմ նրա պոեզիան, ինչ-որ մի թել կա, բայց նա իր լեզվով է խոսում, ես` իմ լեզվով:
-Դուք եւ մեծանկարներ ունեք, եւ փոքր չափի կտավներ: Ստեղծագործության չափը էակա՞ն է` ասելիքի բովանդակային առումով:
-Այո: Դու չես կարող որեւէ մոնումենտալ աշխատանք անել, որը ինտերերին համապատասխան չլինի:  Վերջին տարիներին ստեղծել եմ մի քանի մեծանկար` «Արցախ», «Ծովից ծով Հայաստան», «Սյունիք», «Հայաստան»: Յուրաքանչյուր ստեղծագործություն ինքն է իր չափը պարտադրում: Մեծ ասելիքը փոքր չափի մեջ կաշկանդվում է:
– Կյանքը հարահոս ընթացք է. չասվածի, չարվածի փնտրտուք, նորի բացահայտում…
-Քանի ապրում եմ, ամեն օրը ինձ համար արժեք է, եւ ամեն օր մի նոր բան անելու ցանկությամբ շարունակում եմ անցնել ինձ տրված ճանապարհը: Միշտ զարմացած եմ եղել այն նկարիչների վրա, որ 50 տարի նկարում են նույն ոճով: Իմ մտածողությամբ, իմ զգացմունքով չի կարող այդպես լինել: Երբ դու 20 տարեկան ես, ուրիշ զգացմունք է, 40-ում` ուրիշ մտածելակերպ ունես, ուրիշ վերաբերմունք, քո արյան շրջանառությունն էլ է փոխվում… Կարծում եմ` ամեն ինչ դեռ առջեւում է: Եթե աստված տվել է ինչ-որ ժամանակաշրջան, ես պիտի անեմ այն, ինչ որ պահանջում է…
-Թե հնար լիներ աշխարհ գալ նորից…
-Ես շնորհակալ եմ աստծուց, որ այս ժամանակաընթացքն է ինձ նվիրել, եւ ես ապրում եմ լիարժեք կյանքով: Ուրախ եմ, որ ապրում եմ պատմական այս ժամանակահատվածում եւ ականատեսն եմ հայկական անկախ պետության ստեղծման: Եթե 5-6 հարյուր տարի հայ մարդը երազել է ունենալ այն, մենք ներկա ենք դրան:
-Ի՞նչ է Ձեր արվեստանոցը ձեզ համար` ապաստարա՞ն, փախո՞ւստ իրական աշխարհից:
-Իմ արվեստանոցը իմ դղյակն է: Ես այստեղ ապրում եմ, այստեղ շնչում եմ: Իմ ամեն ինչը սկսվում եւ շարունակվում է այստեղ:
-Ձեր դրական կողմերը:
-Ես լավ մարդ եմ: Փորձում եմ լինել լավ մարդ:
-Ձեր բացասական կողմերը:
-Հանդուրժող չեմ:
-Ի՞նչը չեք հանդուժում:
-Անարդարությունը, սուտը, դավաճանությունը;
-Պարոն Միրզոյան, քանի որ զրույցը սկսեցինք Ձեր մանկություն աշխարհից, ուզում եմ այն ավարտել նույն տեղից: 2005 թ-ին Ձեզ շնորհվել է Սիսիանի համայնքի պատվավոր անդամի կոչում: Սիսիանը, Սյունիքը, Սալվարդը ի՞նչ տարածք են ձեզ համար…Մեկը որպես ծննդավայր, մյուսը որպես մի աշխարհ, որտեղ մնացել է Ձեր պատանեկությունը, անհատի ձեւավորման՝ ձեր սկիզբը:
-Անկեղծ ասեմ` այդ չափանիշներից ես դուրս եմ: Ես ավելի մեծ չափանիշներով եմ ապրում: Ինձ համար նշանակություն չունի Սյունիքը, Շիրակը, Ղարաբաղը, ինձ համար գլխավորը  Հայաստանն է: Մեկ-մեկ ցանկություն եմ ունենում լինել Սալվարդում, որովհետեւ էնտեղ մանկությունս կա, բայց երբ վերջին անգամ տեսա` մեր տան փայտի դուռը փոխել են մետաղյա դռնով, կարծես իմ պապի, տատի, իմ մանկության հետ կապն էլ կտրվեց… Ես սրտաճմլիկ բաներ չունեմ, եւ ավելի շատ մտածում եմ մեր ամբողջական պետության մասին:
-Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:
-Ողջույններս` Սյունիքի ժողովրդին:
-Սիրով` կտանեմ:
Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
Սիսիան-Երեւան

4 մեկնաբանություն ԴԱՐԻ ԴԵՄՔԸ ԱՐՎԵՍՏԻ ՀՄԱՅԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է. ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ հոդվածին

  1. Andranik Nersisyan says:

    Erajshtutyunic@ ver e bnutyunic.

  2. Գեղեցիկ և բովանդակալից հարցազրույց էր…

  3. Vladik Lernashenci says:

    shnorhali mardun tariq@ shnorqa avelacnum.

  4. zaven says:

    Լրագրողը կարողացել է շատ դիպուկ հարցերով բացահայտել մեծ արվեստագետի էությունը։ Մեր ժամանակներում շատ քիչ կարեկի է հանդիպել նման բովանդակալից և արհեստավարժ հարցազրույցներ։ Շնորհավորում եմ Արևհատին։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *