ԴԻՄԱԿ

Մարգարը տեղը չէր գտնում: Նա խառնված էր: Քայլերն արագացրեց դեպի մոտակա մթերային խանութ: Կինը` Լենան, ասել էր` ինչ գնի, ու ինքը թղթի կտորի վրա գրել էր ամբողջ գնվելիքը: Խանութի վաճառողները բոլորն էլ ծանոթ էին և բազմիցս, փող չեղած ժամանակ, իրենց պարտքով ապրանք էին տալիս, հետո աշխատավարձի օրերին իրենք փակվում էին: Իրենցը հաշվարկով է, ամեն ինչ հաշվարկով է. հացը հաշվարկով է, շորը հաշվարկով է, միսը հաշվարկով է: Լենան է հաշվարկը պահում, ու մի բան էլ հետ գցում: Մտածեց` բա որ Լենան չլիներ իր կինը, ինքը ի՞նչ էր անելու: Լենան տնարար է, տնտեսվար, ուշադիր ու ամենակարող: Ճիշտ է, փնթփնթան է ու մեկ-մեկ իր վրա էլ է խոսում, բայց ոչինչ, մայրն էլ է շատ հավանում, ու կարծես մայրն ու Լենան մեր ու աղջիկ են, ինքն է օտարը:

Զանգի կոճակը չկարողացավ սեղմել և ոտքով զգուշերեն հարվածեց դռանը: Այդպես որդին էլ է անում, երբ իջնում է բակ խաղալու, տուն մտնելուց բոյը չի հասնում զանգի կոճակին ու ոտքով հարվածներ է հասցնում դռանը:

Մայրը դուռը բացեց ու վրա տվեց.

– Ա՛յ բալա, զանգեիր աղջիկները կգային, կօգնեին էլի, ո՞նց ես ծանր-ծանր այսքանը հանել չորրորդ հարկ:

Չթողեց մայրը օգներ: Ինքը գնումները տեղափոխեց խոհանոց ու հետևից եկող մորը հարցրեց.

– Բա Լենան չի եկե՞լ:

– Չէ, զանգեց ասաց, որ կուշանա, թղթերի մեջ սխալ կա, չի գտնում:

– Բա երեխաներն ո՞ւր են:

– Երկրորդ հարկի Անժելի թոռան ատամհատիկն է, երեխաներին կանչել են ատամհատիկ:

Մարգարն անցավ իրենց ննջարան` շորերը փոխելու: Կոստյումի գրպանից հանեց հրավիրատոմսը և դրեց պահարանի վրա տեսանելի տեղում, որ Լենան տեսնի, հագավ  սպորտային շորերն ու անցավ լողասենյակ` լվացվելու:

– Լենան զանգեց ու ասաց, որ սխալը գտել է, արդեն տուն է գալիս: Սպասենք Լենան գա, նոր հացը դնեմ, չէ՞:

– Հա, թող Լենան գա, համ էլ երեխաները կգան ու միասին հաց կուտենք: Մարգարն անցավ ճաշասենյակ, հեռուստացույցը միացած էր, հնդկական հերթական սերիալն էր, որը մայրը սիրով նայում ու տխրում էր ամեն վատ միջադեպից, անեծք տեղում չարին` իրենց բարբառով` իրենց զանգեզուրյան, սյունիքյան բարբառով, որ սիրտը հովացնի:

– Մա՛մ, ալիքը փոխե՞մ, թե նայում ես,- ձայն տվեց մորը:

– Չէ՛, արդեն նայել եմ, դա կրկնություն է:

Ոչ մի հետաքրքիր բան չկար հեռարձակվող: Մի կողմ դրեց ձեռքի հեռակառավարիչը` ալիքը թողնելով հնդկական սերիալի վրա ու մոտեցավ գրապահարանին:

Անցած կիրակի կիսատ էր թողել «Տեսլայի» ուսմունքի ուսումնասիրումը և էջը ծալել:

Բացեց ու խորացավ…

Արտակի ճիչը սթափեցրեց.

– Պապա՛, գարոխ եմ բերել, աղանձ եմ բերել, պապա՛, Էդգարի ատամհատիկն էր, Անժել տատիկն ա տվել, կուտե՞ս, պա՛պ, է՜նքան համով ա, պա՛պ ջան, է՜նքան համով ա…

Մարգարը գրկեց Արտակին ու սեղմեց կրծքին.

– Պապան մռութդ ուտի, դու ավելի համով ես:

Արտակը պոկվեց հոր գրկից ու նետվեց խոհանոց, որտեղից լսվում էին կնոջ ու աղջիկների ձայները:

«Տեսլային» նորից տեղավորեց գրապահարանում, ու ինքն էլ խոհանոց գնաց:

Խոհանոցի սեղանին ամեն ինչ արդեն դրված էր:

– Լե՛նա, բա ինչի՞ ինձ չասացիր, որ եկել ես:

– Դու այնքան խորասուզված էիր կարդում, որ չուզեցի քեզ խանգարել:

– Լե՛նա, ի՞նչ ենք ուտելու:

– Չգիտեմ, մաման ա էփել:

– Քրճիկ եմ եփել, Մարգա՛ր:

– Մա՛մ, , բա քրճիկը ձմեռը չե՞ն եփում:

– Հա՛, Մարգա՛ր ջան, մի քիչ թթու էր մնացել, ափսոսս եկավ, որ թափեմ, ասացի քրճիկ եփեմ, դու շատ ես սիրում:

– Շնորհակա՛լ եմ, մա՛մ ջան:

Մանկության օրերի համը նորից առավ բերանում: Մայրը համեղ է պատրաստում: Լենան միշտ ասում է. «Մաման ինձանից լավ է պատրաստում»…

– Մարգա՛ր, վեր կաց, անցի անկողին:

– Էս քնե՞լ եմ,- աչքերը բացեց Մարգարը:

– Հա, հացից հետո նստեցիր բազմոցին ու քնեցիր, էնքան անուշ էիր քնել, որ չուզեցի քեզ հանել:

– Բա մաման, երեխաները ու՞ր են:

– Մաման աղջիկների հետ իրենց սենյակում քնած են, Արտակն էլ` մեր:

– Վա՜յ, մամա ջան, էս ինչքա՞ն շատ եմ քնել:

– Էն ի՞նչ հրավիրատոմս էր դրված ննջարանում:

– Լե՛ն, մեր տնօրենի տղայի հարսանիքին ենք հրավիրված կիրակի օրը:

– Հա՜,  ես էլ կարդացի հասկացա, բա ո՞նց ենք անելու:

– Չգիտեմ, դու ասա, Լե՛նա, ես նման տեղերում քիչ եմ եղել:

– Մարգա՛ր, ա՛յ Մարգար,- արդեն իրենց սենյակում փաթաթվելով Մարգարին շշնջաց Լենան:

– Հա, Լե՛ն, վա՜յ, վա՜յ, վա՜յ,, խելոք մնա, -Լենայի ձեռքը իր սպորտային վարտիկից դուրս հանելով ասաց Մարգարը,- համ էլ Արտակին կարթնացնես:

– Մարգա՛ր, քեզ մի գաղտնիք ասե՞մ:

–  Հա, Լե՛նա, ասա՛:

– Մարգա՛ր, քո քարտին ահագին խնայած գումար ունեմ:

– Անկողնու սառնությունը հաճելի էր, և Մարգարը հաճելիորեն գրկել էր կնոջ իրանը ու սեղմել իրեն:

– Մարգա՛ր, ասում եմ վաղը գնանք երկուսիս համար էլ շոր առնենք: Ոչ դու կարգին շոր ունես, ոչ էլ`  ես: Հետո էլ ամառ ա գալիս, երեխաներին էլ ամառային շորեր կառնենք:

– Բա վարկը ո՞նց ենք փակելու:

– Դե Աստված մեծա, մի լույս կտա, հետո էլ արձակուրդներին Սիսիան ենք գնալու գյուղ:

– Լույսը բացվի, բարին հետը,- շշնջաց Մարգարը, ու աջ ձեռքն էլ մտցրեց վերմակի տակ`

Լենային քաշելով դեպի իրեն…

Հոգնել է Մարգարը: Նա ոտքերը հազիվ քարշ տալով ու երկու մեծ պայուսակ բռնած հլու-հնազանդ քայլում է Լենայի կողքից, լսում Լենայի շաղակրատանքը, լսում է ու չի լսում, ուղղակի քայլում է` մտքում հաշվարկ անելով այդ ահռելի ծախսը, որ կատարեցին ու մտածում, որ դեռ հարյուր հազար դրամ էլ բաժնի պետերով պետք է տան` նվերի համար:

«Բա լավ չէ՞ր, որ բաժնի պետ չէր, դոկտոր չէր, և ոչ – ոք իրեն նման տեղեր չէր կանչում և ավելորդ ծախսեր էլ չէին ունենում: Յոթ ամիս առաջ, երբ դոկտորականը պաշտպանեց, իրեն բաժնի պետ նշանակեցին, ու զանգերը սկսվեցին: Մոռացված բարեկամներն էլ են սկսել զանգել և պատեհ- անպատեհ առիթներին կանչում են: Էս փողն էլ չի հերիքում ու չի հերիքում»,- կտրվեց մտքերից Լենայի բարձր խոսելուց:

– Հա՛, ի՞նչ անենք, թող մի անգամ էլ մենք ֆիրմային խանութից առևտուր անենք, ի՞նչա, մնացածը մեզանից լավն ե՞ն, իրենց հալալա, մեզ հարամ:

–   Թո՜ւ, էս ոնցա ինքը զզվում շորերի առևտրից. ամեն անգամ Լենան`  էսի հանի, էնի հագի, կոշիկդ հանի, շալվարդ հագի, դու մնա էստեղ, ես գնում եմ մի գույնը բերեմ, էն փորձի: Թո՜ւ, էլ ես խանութ եկողը չեմ, առավելապես էս ֆիրմային խանութները, որ բոլորը քեզ են նայում, կողքերդ պտտվում են` ամենաթանկերն առաջարկելով: Թու՜…

– Մարգա՛ր, սուրճ խմենք, հա՞:

– Լե՛նա, տանը կխմենք էլի, հոգնել եմ:

– Բա դրա համար եմ ասում էլի, դու էն ժամանակից էլ սրճարաններ չէիր գալիս: Մենք

ամբողջ կուրսով գնում էինք, դու չէիր գալիս: Հիմա ես եմ վճարելու, արի՛ գնանք:

-Դե որ դու ես վճարելու, չեմ գալիս:

-Լա՜վ , լա՜վ, դու կվճարես,- կչկչաց Լենան:

Սուրճից հետո տաքսիով տուն մեկնեցին:  Տանն ուրախությանը չափ ու սահման չկար: Երեխաները հերթով փորձում էին իրենց  շորերը և հրճվանք ապրում: Մայրը հուզվեց` ժակետի արժեքն իմանալով:

-Վո՜ւյ, Լե՛նա ջան, իմ այսքան տարիքիս էս գույնի ժակետը ո՞նց հագնեմ:

-Մա՛մ ջան, իսկը քո տարիքիա, էլ ավել բաներ մի՛ ասա:

-Երկար արև ունենաս, բա՛լա:

Մարգարի հոգնածությունը կարծես թե անցավ:

«Ափսոս հայրս շուտ մահացավ ու չտեսավ այս ամենը»,- մտքերի մեջ ընկավ Մարգարը…

Մարգարը երբեք նման հարսանիքների չէր եղել, ու հիմա ամեն ինչ իրեն հեքիաթ էր թվում: Սեղանները շատ ճոխ էին, ու հարսանիքը շատ բազմամարդ էր: Իրենք բաժնի պետերով իրենց կանանց հետ առանձին սեղանի էին նստած: Լենան այս նոր հագուստով հրաշալի էր նայվում ու տարերքի մեջ էր: Մարգարի դեմքից, ինչպես Լենան է սիրում ասել, նամռոտությունը դուրս չէր գալիս, թեպետ Լենան անընդհատ ոտքով ոտքին խփում էր ու մեկ –մեկ էլ բոթում, որ ժպտա:

Դե ժպտալ չի կարողանում, ո՞նց ժպտա: Դե ե՞րբ է ժամանակ ունեցել ժպտալու, որ ժպտա, որ դեմքը ժպիտի սովոր լինի: Ինքը չորրորդ դասարան էր, որ հայրը մահացավ, ու հոգսը մնաց իր ու մոր վրա: Քույրերը իրենից մեծ էին, և մայրը չէր թողնում, որ գոմ մտնեին, ասում էր` աղջիկներ են, թող վրաներից գոմի հոտ չգա: Եվ ամբողջ հոգսը մնաց իր ու մոր վրա:

– Մարգա՛ր, գոմը,  Մարգա՛ր, հորթը հանդից բեր, Մարգա՛ր, ջուրը կապի, Մարգա՛ր, ցախ չունենք: Ու Մարգարը դասերից հետո վազում էր, դասերից առաջ վազում էր, վազում, որ հասցներ: Չհասցներ, բա ի՞նչ աներ, ո՞վ պիտի աներ: Կարոտ մնաց գյուղական մանկական խաղերին ու մինչև հիմա էլ կարոտում է: Դպրոցն ավարտելուց հետո բանակ եկավ: Երևանում Ստալիչնի պոլկում ծառայեց:

Հարևանները մորը հարցնում էին.

– Ո՞վ ունեք ծանոթ, որ Մարգարը Երևանում ա ծառայում: Էլ չգիտեին, որ Երևանը սկզբում Մարգարի համար դժոխք էր:

Մտածում էր, որ տանը մոտիկ լիներ, մեկ-մեկ տուն կգնար ու մորը կօգներ, հիմա խեղճ մերը մենակ է այդ ամբողջն անում, բա ո՞նց է անում, որ գոնե էշը սատկած չլիներ, էլի ահագին օգնություն էր: Բանակում ազատ օրեր էին տալիս, ինքը գնալու տեղ չուներ, դուրս էր գալիս քաղաք` ման գալիս, թե կարող է իրենց կողմերից մեկին հանդիպի ու կարոտն առնի:

Պատերազմի տարիներն էին, բոլորն էլ վատ էին ապրում, ու իր աչքը ոչ մի բանի վրա չէր: Մենակ ձգտում էր երեկոյան հասցնի հանկարծ ուժինից չուշանա:

Մի օր համալսարանի մոտով անցնելիս նախանձով նայում էր ու մտածում.«Յարաբ տեսնես ես կարա՞մ էստեղ սովորեմ: Գեղեցիկ ուսանողներ էին անցնում, իրենից մեծ ու փոքր, և ինքը նախանձով էր նայում նրանց»: Ու որոշեց. «Ես պիտի այստեղ սովորեմ»:

Փող չուներ, որ զանգեր տուն: Մորը նամակ գրեց, որ Երևան գնացող լինի, գրքերն ուղարկեն` պարապի: Լավ էր` մայրն ուղարկեց ու ազատ ժամերին օրն անց էր կացնում իր գրքերի մեջ, իր թվերի հետ: Լենան բոթեց կողից:

-Մարգա՛ր, ու՞ր ես, էլի գնացիր…

Մարգարը սթափվեց հիշողություններից ու ժպտաց: Շուրջը աղմուկ էր` երաժշտություն, ծիծաղ, ուրախություն:

-Մարգա՛ր, մի բաժակ խմի, թող տրամադրությունդ փոխվի, ա՛յ մարդ, թե չէ ոնց որ սգվոր լինես,- արդեն ականջին փսփսաց Լենան:

Մարգարը բաժակը ձեռքն առավ ու ոքի կանգնեց: Լենան զարմացած նայում էր նստած տեղից: Սեղանակիցները լռեցին ու հետաքրքիր հայացքով սկսեցին նայել չխոսկան Մարգարի դեմքին:

– Եկե՛ք խմենք ուղտի կենացը:

Բոլորի հայացքներում զարմանք նկատվեցին: Կողքին նստած մեծամիտ Հովհաննիսյանի քիթն ու աչքերը իրար հետ դարձան հարցական նշան և ցանկացավ փռթկացնել:

Եկե՛ք խմենք այն ուղտի կենացը, որը պիտի գա ու չոքի յուրաքանչյուրիս դռանը: Այն ուրախության ուղտի կենացը, որն այսօր չոքել է պարոն Աղաբեկյանի դռանը և այսօր որդի է ամուսնացնում: Ասենք` պարոն Աղաբեկյանի աչքը թող լույս լինի, նորապսակներին առողջություն ու հաջողություն և Աստված տա, որ բոլորս արժանանանք նմանատիպ ուրախության: Մարգարը խոսքն ավարտեց ու բերնեբերան լցված օղին քաշեց գլխին:

Լենան ուրախացած հպարտորեն նայեց ամուսնուն: Նա իրեն լավ զգաց, որ ամուսինը շատ լավ խոսեց ու անգամ օղի խմեց:

Մարգարը նստեց ու հետ ընկավ աթոռին: Նրա աչքին ամեն ինչ գեղեցիկ էր երևում: Ձեռքը գցեց Լենայի աթոռի թիկնակին ու իրեն լավ զգաց: Լենան կատվի նման վզախառը գլխով հենվեց ամուսնու թևքին ու շշնջաց:

– Ապրե՛ս, ա՛յ այդպես, միշտ ժպտա, ապրե՛ս:

Հարսանիքը եռում էր, եռում էր սեղանը, և Մարգարը անպակաս չէր եռքից:

Մարգարը տաքսուց իջավ ճոճվելով: Լենան մտել էր Մարգարի թևը, չէ, թևատակը ու ճոճվելով բարձրացան տուն: Տանը բոլոը քնած էին, ու Մարգարը ժպտում է, չէ, Մարգարի ժպիտը, որ գծագրվել էր, էլ չէր ջնջվել ու մնացել էր այնպես, ինչպես գծագրվել էր առաջին բաժակը խմելուց հետո, Լենայի` ոտքին խփելուց ու բոթելուց հետո ու այդպես էլ մնացել էր:

–  Մարգա՛ր, մտի լվացվի, որ պառկենք, վաղը երկուսս էլ գործի ենք:

Մարգարը չէր զգացել, թե ինչպես է կոստյումը և վերնաշապիկը Լենան իր վրայից պոկել ու արդեն կախել աթոռի թիկնակից:

Մարգարը մտավ լողասենյակ ու, ըստ սովորության, դուռը ներսից փակեց: Բացեց լվացարանի ծորակը ու նայեց դիմացի հայելուն: Դիմացին կանգնած մեկն անմիտ հայացքով նայում էր իրեն ու ժպտում: Մարգարը ցանկացավ հասկանալ, թե ով է դիմացը կանգնած, բայց չճանաչեց, ավելի ճիշտ ծանոթ դիմագծեր տեսավ, բայց չհասկացավ, թե ով է: Գլուխը մտցրեց սառը ջրի տակ ու նորից նայեց. դիմացը թաց դեմքով մեկը ժպտում էր իրեն: Մարգարը ցնցեց գլուխն ու աչքերը ճպճպացրեց: Դիմացի կանգնածը կատարեց նույնը: Մարգարը հենվեց լվացարանին ու դեմքը մոտեցրեց հայելուն: Դիմացի կանգնածը նույնը կատարեց ու ժպտալով մոտեցավ Մարգարին: Վերջինս սևեռվեց ու տեսավ ծանոթ դիմագծեր, տեսավ դիմացինի ժպտացող դեմքին մի անծանոթ տխրություն, որը միայն աչքերի մեջ էր երևում:

Տեսավ իր աչքերը, հետո` քիթը, բերանը, ականջներն ու իրեն այնպիսին, ինչպիսին ինքն իրեն գիտեր: Մարգարը սկսեց ծիծաղել, ծիծաղել, հետո սկսեց քրքջալ, հետո` խրխնջալ երկա՜ր, շա՜տ երկար, ու խրխինջը փոխվել զռռոցի, ու զռռում էր Մարգարը բարձր-բարձր:

-Դուռը բա՛ց արա, Մարգա՛ր, ցավդ տանեմ, դուռը բաց արա,- ճչում էր Լենան:

Մարգարը չէր լսում: Դեմքից լվանում էր դիմակը`  ձիու դիմակը, էշի դիմակը, ժպիտը, դեմքին դաջված ժպիտը: Քերում էր դեմքը, եղունգները մտցնում էր աչքերի տակը ու քաշում մինչև ծնոտը, լվանում էր դեմքը ջրի տակ ու նորից քերում, քերում ու քերում, որ ժպիտը մաքրվի, դիմակ- ժպիտը մաքրվի: Հետո տեսավ իրեն, իր դեմքը, իր մշտապես հոգսաշատ դեմքը ու լսեց Լենայի ձայնը:

– Մարգա՛ր, բա՛ցի, Մարգա՛ր ջան:

Մարգարը դուռը բացեց ու արյունոտ, ճպռպորած երեսով կանգնեց Լենայի առջև:

– Դեմքիս դիմակն էի մաքրում, էն ժպիտի դիմակը…

                                                                        ՄԱՀ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *