ԴՈՒՔ ՈՐ ՉԳՐԵԻՔ, ԷԴ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԸ ՏԵՂԱԴՐՈՂԸ ՉԷԻ՜Ն…

Մեզ զանգահարեց մի քաղաքացի եւ ուրախ-ուրախ ասաց՝ «Դուք որ չգրեիք, էդ նստարանները տեղադրողը չէի՜ն…»: Ի պատասխան մեր՝ ի՞նչ նկատի ունեք հարցին զանգահարողը միանգամից ասաց, որ քաղաքի «Որոտան» ռեստորանի եւ «Որոտան» կինոթատրոնի դիմացի կանգառներում նստարաններ են տեղադրել եւ հորդորեց գնալ- տեսնել…
Եղանք նշված հասցեներում: Իրոք որ հաճելի էր, զարմանալիորեն՝ հաճելի: Հաճելի էր նաեւ գիտակցել, որ մեզ զանգահարողը կանգառ-ծածկոցների տեղադրումը պայմանավորում էր մեր գրելով, ինչը վարձքն է մեր արածի:
Սիսիանի  փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» միջազգային կազvorotan13122013-1մակերպության ֆինանսավորմամբ, «ՏԻՄ խրախուսման» ծրագրի շրջանակներում, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել է 8 կանգառ-ծածկոց եւ կառուցվել 2 հասարակական զուգարն, որի վրա ծախսվել է 11 մլն 550 հազար դրամ՝ ներառյալ 1 մլն 550 հազար դրամ համայնքային ներդրումը:
Ըստ փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանի՝ մեկ կանգառ-ծածկոցի գինը կազմել է 387 հազար 800, մեկ զուգարանի կառուցման գինը՝ 4 մլն 220 հազար դրամ: Նա տեղեկացրեց նաեւ, որ ձյան պատճառով որոշ աշխատանքներ մնացել են անավարտ, եւ գարնանը կկատարվեն հարդարման աշխատանքներ արդեն համայնքի կողմից:
Նոր կանգառ-ծածկոցների անհրաժեշտություն կլինի՞ մեր հարցին ի պատասխան Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կուսումնասիրվեն կանգառների տեղադրման արդյունավետությունը եւ, անհրաժեշտության դեպքում, կկատարվեն տեղափոխություններ:

Հ.Գ. Վերհիշեցի դեռեւս ամիսներ առաջ այդ մասին գրած մեր մի հրապարակումը, ինչի վերատպման անհրաժեշտությունը նույնպես զգացվեց՝ անաչառ եւ անկողմնակալ լինելու  հիմնավորմամբ:

«ՈՐՈՏԱՆ»
13.12.2013


“Արա Աղաս, բա դու խիղճ ունե՞ ս … “

vorotan24072013

… Որ` քաղաքապետ չկարացիր դառնաս, սաղ Սիսիանն ու ալամ աշխարհը գիտի, որ` խիղճ չունես, դա էլ իմացվեց, չնայած` ո՞վ չգիտեր որ, որ սաղ մեղքերդ սրա-նրա, մանավանդ` լրագրողների վրա բարդելու մեջ մի հատն ես, դա էլ նորություն չէր: Արա՛, Աղաս, բա դու սկի մարդ էլ չե՞ս…արա՛:
…Գոնե` մա՛րդ եղիր: Քո նախորդին,  դաժե` միկրոֆոնով ու հրապարակում «մեծատառով մարդ էին» կոչում, քեզ, ախր, սկի փոքրատառով էլ չեն կոչում է՜…
էս անտեր քաղաքի համար գոնե մի բան անեիր էլի` հանուն ոչ թե քեզ, այլ` հանուն քաղաքի ու, ասենք, թեկուզ «Որոտան» ռեստորանի դիմացի կանգառում ժամերով երթուղայինի սպասող սիսիանցիների համար մի նստարան դնել տայիր, մի ծածկ սարքել տայիր, որ կանգառում ժամերով սպասող մարդիկ գոնե պատսպարվեն անձրեւից, ցրտից, քամուց, փոշուց, արեւից, ձյունից, որ քո հորը օղորմի տան է՜…
Արա՛, բա դու սկի մա՛րդ էլ չե՞ս, արա՛…
Արա՛, որ մի անգամ էլ դո՛ւ էդ կանգառում մարշրուտկու սպասեիր, նոր կհասկանայիր` քաղաքապետը ո՛վ ա: Բա էդ ոնց ա, որ 12 մլն դրամ ես տալիս համայնքային բյուջից` քեզ համար ծառայողական մեքենա ես գնում` օրենք խախտելով: Արա՛, մի անգամ էլ էդ անտեր օրենքը սիսիանցիների համար  խախտիր էլի…
Արա՛, հա՛, լավ ա հիշեցի, հըլը լավ ա, որ էդ կանգառի էն երկու ծառերն էլ չեք էտա-հատել` հանուն համայնքային ներդրման տախտակ ու շինանյութի. մարդիկ, շատ սպասելուց հոգնած, մեկ-մեկ էլ հենվում են էդ ծառերին: Հա, դրա համար կարելի է քո հորը օղորմի տալ, որ էդ ծառերը չեք «նկատել», թե չէ` դրանց հերն էլ էիք անիծելու…
Արա՛, Աղա՛ս, բա քաղաքապետի` քո նախկին թեկնածու Գեւորգն ասում էր` Սիսիանի հարյուր ծառերը կտրել եք, որ նստարաններ սարքեք, արա՛, գոնե մեկը սարքեիք էլի` հենց էդ կանգառի համար:
Ֆրանսիաներում, բաներում, եվրոպաներում ման եկած, կուլտուրական, աչքը կուշտ, մարդ ես, աչքդ տեսած կլինի, մեզ նման` հո «մի ֆոտոխցիկի հույսին չե՞ս մնացել», ընդեղարանք կանգառ-մանգառ կա՞ր, ո՞նց էին  սարքե՜լ…
Թե` նման մանր-մունր բաների համար չէիր ժամանակդ  վատնելու` հանուն համայնքի:
Արա՛, բա դու որ դեռ քաղաքապետ չէիր, միամիտ սիսիանցիներին խաբում էիր, թե շատ հարցերի լուծում սկի ֆինանսից էլ չի կախված, սրտացավությունից ու հոգատարությունից ա կախված: Էդ էլ հո ասֆալտ չի, որ չկարաս, քաղաքապետ դարձար, սաղ բաները մոռացա՞ր, արա՛…
Արա՛, մեջդ էսքա՜ն մարդկություն չի՞ մնացել, որ գոնե էդ կանգառում մի նստարան դնել տաս, մի հատ էլ` ծածկ, որ սիսիանցիները չմոռանան, որ իրենց հինգ տարվա քաղաքապետը, գոնե, մարդ է, ոչ թե`…Չ՛…մարդ…

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ
24.07.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *