ԴՈՒ ԱՅՆ ԲԱՆԱԿՆ ԵՍ, ՈՐԻ ԶԻՆՎՈՐԸ ՉԻ ԶՈՐԱՑՐՎՈՒՄ…

Որովհետեւ…
Եւ հազար ու մի որովհետեւներ… Եվ դա մեր խաչն է՝ անջինջ ու դարավոր…
Հայոց բանակի կազմավորման 22-ամյակին էր նվիրված Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի ռազմագիտության եւ պատմության ուսուցիչներ Խաժակ Գեւորգյանի եւ Աիդա Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպված բաց դասը, որը «վարում էին» դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտները:
Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով օրերս սահմանի վրա քաջաբար նահատակված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի եւ ուկրաինական Մայդանում դիպուկահարի գնդակից զոհված հայորդի Սերգեյ Նիգոյանի հիշատակին՝ բաց դասի մասնակիցները ներկայացրեցին հայոց հաղթանակած բանակի կազմավորման, անցած մարտական ուղու մասին մանրամասներ՝ փառաբանելով ու փառավորելով հայ զինվորին, հայոց բանակը, հայ ժողովրդին, ով իր դարավոր պատմության բոլոր ժամանակներում «բահի փոխան զենքը ձեռքին» է վաստակել արժանապատիվ ապրելու իր իրավունքը:
Դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը, կարեւորելով դպրոցի տված ռազմահայրենասիրակvorotan24012014-1ան դաստիարակությունը, նշեց, որ յուրաքանչյուր հայ պարմանու եւ պարմանուհու մեջ պետք է փնտրել զինվոր: Խոսելով մեր պետականության կայացման, մեր երկրի անվտանգության պահպանման գործում հայոց հաղթանակած բանակի դերի եւ նշանակության մասին, նա անհրաժեշտ համարեց հիշեցնել հանրահայտ՝ «ով չի կերակրում իր բանակին, ստիպված է կերակրել ուրիշի բանակի» խոսքերը:
Վկայակոչելով Նժդեհի՝ «Հայրենիքները ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասից» խոսքերը՝ աշակերտները կարեւորեցին հենց դպրոցական նստարանից հայրենասիրական ոգի առնելը, հայրենաճանաչողությամբ դաստիարակվելը:
Աշակերտները մեկ առ մեկ թվարկեցին ՀՀ եւ Արցախի ազգային հերոսների անունները՝ համոզմունքով, որ  նրանցից յուրաքանչյուրը հայրենանվիրումի ու հայրենասիրության, հայրենակերտության մի-մի վառ կերոն է, որից արձակված լույսն է լուսավորում մեր անցնելիք ճանապարհը:
Բաց դասին իսկական «զինորական» հմայք տվեցին զինվորական համազգեստով պատանի երկրապահները, ովքեր նաեւ «զինվորաբար երդվեցին»  ծառայել ազգին եւ հայրենիքին:
Լուսինեն, Լիլիթը, Մանեն, Անդրանիկը, մյուսները հավաստիացրին, որ գիտակցում են հայ զինվորի եւ հայոց բանակի դերը եւ ավելի հարգանքով ու հիացմունքով լցվում նրա հանդեպ, ով այսօր ապահովում է իրենց խաղաղ կյանքը եւ ուսումը:
Պատմության ուսուցչուհի Աիդա Առաքելյանը նշեց, որ ապագա զինվորը ձեւավորվում է դպրոցական նստարանից, դաստիարակվում ռազմահայրենասիրական ոգով: «Զինվորի կոչումը արժանապատիվ եւ մեծագույն պարգեւ է»,- շեշտեց նա:
Աշակերտները հնչեցրեցին հայրենասիրական երգեր եւ բանաստեղծություններ:
Հայոց հաղթանակած բանակի կազմավորման 22 ամյակին նվիրված բաց դասի խորհուրդը «մահ իմացյալի» եւ «բայց երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի» կենսաձեւի իմաստավորումն էր՝  հանուն արժանավայել ապրելու եւ հարատեւելու…

«ՈՐՈՏԱՆ»
24.01.2014

4 մեկնաբանություն ԴՈՒ ԱՅՆ ԲԱՆԱԿՆ ԵՍ, ՈՐԻ ԶԻՆՎՈՐԸ ՉԻ ԶՈՐԱՑՐՎՈՒՄ… հոդվածին

  1. Shushan says:

    Շնորհակալություն ձեր հայրենանվեր գործի համար սիրելի ուսուցիչներ…

  2. ՍՎԵՏԱ says:

    Ծննունդդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ. Խաղաղություն թող լինի մեր տարածաշրջանում, որ էլ ոչ մի մայր որդեկորույս չդառնա…….

  3. Բալյան Իսկուհի says:

    Հայ ազգը միշտ էլ հզոր է եղել իր հայ ՄԱՅՐԵՐՈՎ,ովքեր հայկական բանակը համալրելու համար միայն քաջ զիվորներ են լույս աշխարհ բերել:

  4. Lusine Tadevosyan says:

    Փա՛ռք հայ զինվորներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են իրենց հայրենիքին:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *