ԴՈՒ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

21-րդ դարի մարդը չի կարող ապրել առանց ինֆորմացիայի: Ինֆորմացիայի մերօրյա աղբյուրները, բացի ինտերնետից, զանգվածային լրատվության միջոցներն են (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր և էլեկտրոնային թերթեր, ամսագրեր): Նշված լրատվամիջոցների սպառողներն են հասարակության գրեթե բոլոր անդամներն` առանց որևէ խտրականության: Երեխաները, դեռահասներն ու պատանիները, ովքեր գտնվում են դաստիարակության ու աշխարհայացքի ձևավորման շարունակական փուլերում,  շատ հարցերի շուրջ պատկերացում ու կողմնորոշում են ստանում հենց զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներով): Փաստորեն, ընտանիքի, դպրոցի, շրջապատող հասարակության հետ մեկտեղ զանգվածային լրատվության միջոցներն ունեն ուսուցողական, կրթական և դաստիարակչական դեր: Իսկ ինչպե՞ս են ԶԼՄ-ներն իրականացնում իրենց այդ գործառույթը: ԶԼՄ-ների ներկայացուցիչները գիտակցո՞ւմ են իրենց գործունեության կարևորությունն այդ առումով: Տպագիր որոշ ամսագրերի վրա նշվում է, որ արգելվում է դրանց վաճառքը 16 -ից ցածր տարիք ունեցողներին: Սակայն կան ամսագրեր, որոնք չունեն որևէ սահմանափակ ուղղվածություն, և վաճառքով բոլորին հասանելի են, բայց նրանցում երբեմն տեղ են գտնում 16 տարեկանից ցածրերին անթույլատրելի բովանդակությամբ նյութեր: Էլեկտրենային կայքերը, ամսագրերն ու թերթերը հասանելի են բոլորին, և յուրաքանչյուրը կարող է բացել ու կարդալ անխտիր ամեն ինչ: Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն արգելում է որոշակի ուղղվածության  ֆիլմերի ցուցադրումը   մինչև ժամը  24:00-ն, սակայն օրվա ընթացքում եթերում տեղ են գտնում դաստիարակչական առումով այնպիսի վնասակար ու բաց  դրվագներ, որ ուղղակի անթույլատրելի է: Դե իսկ արբանյակային հեռուստաալիքների մասին խոսելն ավելորդ եմ համարում, որովհետև դրանք թողարկում են ինչ կարող են, ինչ ուզում են և երբ ուզում են: Միայն խոսելով չէ, որ պետք է կասեցնենք բացասական երևույթներն իրենց բացասական ազդեցությամբ: Անհրաժեշտ  է դիմակայել չարիքին, քանի դեռ ողջ հասարակությունը չի դարձել այնպիսին, ինչպիսի հաղորդումներով ողողված է եթերը: Մի պարզ օրինակ. ագրեսիվությամբ հարուստ ամերիկյան ֆիլմերը նպաստում են հանցագործությունների և հանցագործների ավելացմանը հասարակության մեջ: Բայց չէ՞ որ մեր նպատակն այդ չէ: Յուրաքանչյուր լրատվամիջոց, իր իսկ հեղինակության բարձրացման համար, պետք է թողարկի կամ հրապարակի միմիայն կրթադաստիարակչական բարձր արժեք ունեցող հաղորդումներ կամ նյութեր: ԶԼՄ-ների ցանկացած ներկայացուցիչ պետք է մտածի իր իսկական կոչման մասին և բարեխիղճ ու պատասխանատու կերպով կատարի իր պարտականությունները: Ինչպես բժշկական կրթությունն ավարտելուց հետո բժշկի կոչում ստացողներն են երդվում իրենց աշխատանքում լինել ազնիվ և անաչառ, այնպես էլ լրագրողներն ու ԶԼՄ-ների աշխատողները նախ պետք է երդվեն լինել մաքուր` իրենց խղճի առջև, քանզի նրանք այսօր մանկավարժական գործընթացի ակամա մասնակիցներն են: Մեր հասարակությունն այնպիսին է, ինչպիսին ԶԼՄ-ներով ( հատկապես` հեռուստատեսությամբ) ներկայացվող տարբեր ժանրերի նյութերն են: Ուստի ցանկացած ԶԼՄ կարող է  ինչպես նվազեցնել բացասական երևույթներն ու ավելացնել դրականը, այնպես էլ կատարել հակառակ գործառույթը (լինի կամա, թե ակամա, դա արդեն էական չէ): Էականն արձանագրվող փաստերն են, որ մեր հասարակության մեջ օրըստօրե ավելանում են հանցագործներ, թմրամոլներ, աղանդավորներ, էմոներ, մարմնավաճառներ, ինքնասպաններ: Բայց կարող էր դա չլինել, կամ կարող էր լինել նվազագույնը:
Ժամանակին Հովհաննես Թումանյանն ասել է. «Զգույշ եղեք բառերի հետ. դրանց հետևում մի ամբողջ աշխարհ է թաքնված»:
Վերջում ուզում եմ ավելացնել Բրիթ Էդվալի խոսքերը.«Դու պետք է իմանաս, թե ինչ ես ասում, երբ քո ձայնով աշխարհն է բարբառում»:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *