ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՒՍ ԱՊԱՀՈՎԵՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ:

Դպրոցականների առարկայական օլիմպիադան այս տարի եւս  ապահովեց աշակերտների ակտիվ մասնակցություն: Տարածաշրջանի 30 դպրոցներից 893 աշակերտ մասնակցեց օլիմպիադային: 102 աշակերտ 12 առարկայից գրավեց 1-3–րդ մրցանակային տեղեր: Առարկայական օլիմպիադայի մասին իրենց կարծիքն ու տպավորությունն են հայտնում կազմակերպիչներն ու մասնակիցները:

Խաչիկ ԽԱՉՈՒՄՅԱՆ
Օլիմպիադայի կազմակերպիչները ջանացել են տարածաշրջանը լավ ներկայացնել մարզում: Այդ ջանքերը ապարդյուն չեն անցել: Որեւէ բողոք կամ դժգոհություն չի գրանցվել: Այն անցել է ազնիվ մրցակցության պայքարում: Ինչպես միշտ, այս անգամ էլ պայքարը հիմնականում ծավալվել է քաղաքի դպրոցների միջեւ, բայց դրան անմասն չեն մնացել նաեւ գյուղական դպրոցները:
Մրցանակային 27 տեղ է գրավել թիվ 3 միջնակարգ դպրոցը, 19 տեղ` թիվ 2 միջն. դպրոցը, 16-ական տեղեր`4-րդ , 5-րդ դպրոցները, 14 տեղ` 1-ին միջնակարգը, 4-ական տեղեր Ույծի եւ Գորայքի դպրոցները: Կան աշակերտներ, որ մրցանակային 2-3 տեղ են գրավել մի քանի առարկայից, ինչը վկայում է նրանց պատրաստվածության մասին: Իրենց գիտելիքներով աչքի ընկած այդ աշակերտներն են` Էմին Խաչատրյանը, Հասմիկ Փանյանը, Կորյուն Գրիգորյանը (թիվ 5 միջն. դպրոց), Անահիտ Գեւորգյանը, Դավիթ Խուդավերդյանը, Ավագ Ասատրյանը, Մարիամ Ասատրյանը, Ալբերտ Հակոբյանը (թիվ 3 միջն.), Վահե Հարությունյանը, Անի Միքայելյանը, Սոնա Ավակիմյանը (թիվ 2 միջն.), Մարի Գրիգորյանը (թիվ 4 միջն.), Դավիթ Թեւանյանը (Ույծ), Նարեկ Դովլաթյանը (1-ին միջն.): Արդյունքների ամփոփումը վկայեց, որ բարձր դասարանների աշակերտների պատրաստվածությունն ավելին է, գիտելիքների իմացությունը` համակողմանի, ինչը պայմանավորված է ոչ միայն նրանց` դիմորդ լինելու հանգամանքով, այլեւ` լրացուցիչ ուսուցում ստանալով:

Արմիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Ույծի դպրոցի տնօրեն
Առարկայական օլիմպիադայի կազմակերպումը դրական է նաեւ այն առումով, որ բացի ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքներից, աշակերտները հետաքրքրվում եւ օգտվում են այլ աղբյուրներից, կողմնակի գրականությունից, ինտերնետ ծրագրերից: Գյուղական դպրոցի երեխայի համար օլիմպիադային մասնակցությունը կարեւոր է նաեւ շփման առումով, որի ընթացքում եւս ուսանելի շատ բան է տեսնում, սովորում եւ յուրացնում:

Երանուհի ԲԱԴԱԼՅԱՆ
Տոլորսի դպրոցի տնօրեն
Օլիմպիադային  մասնակցությամբ գյուղական դպրոցի աշակերտը ինքնահաստատման, ինքնաճանաչման փորձառություն է անցնում, որից մեծանում է վստահությունը իր գիտելիքների եւ իր նկատմամբ, այլեւս  չի թերագնահատում իրեն քաղաքի դպրոցների աշակերտների ներկայությամբ եւ համոզվում է, որ նրանցից պակաս գիտելիքներ չունի: Մեր դպրոցից 4 աշակերտ մասնակցեց տարածաշրջանային օլիմպիադային, թեեւ մրցանակային տեղեր չենք գրավել, բայց գեղեցիկ առիթ էր հասակակիցների հետ շփվելու: Մաղթում եմ, որ մեր տարածաշրջանը լավ հանդես գա նաեւ մարտին կայանալիք մարզային օլիմպիադային:

Հովիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Թիվ 5 միջն. դպրոցի տնօրեն
Քանի որ աշակերտական առարկայական օլիմպիադայի խնդիրը ոչ թե գերազանցիկներին, այլ` ստեղծագործական մտածողություն ունեցող երեխաներին բացահայտելն է, օլիմպիադան այդ հնարավորությունը ընձեռնում է: Կարեւորն այն է, որ օլիմպիադայի ավարտից հետո դպրոցում, քաղաքում ճանաչում են նման երեխաներին, որոնք մեր ապագան երեւելիներն ու նշանավորները պիտի դառնան:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *