ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԿԵՐԱԿՆ Է

Հարդարման վերջին աշխատանքներն են կատարվում Աշոտավանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում:
Ինչպես տեղեկացրեց դպրոցի տնօրեն Հովսեփ Օհանյանը` անմխիթար ու պարապմունքների համար այլեւս անպիտանի դարձած դահլիճի հիմնանորոգումն իրողություն է դարձել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախանձախնդրությամբ, ով այդ նպատակի համար դպրոցին է տրամադրել 1,5 մլն դրամ:
Մարզադահլիճի հիմնանորոգմանը զուգահեռ` կատարվել են դրենաժային աշխատանքներ` կանխելու դահլիճի հետագա խոնավացումը, ինչի հետեւանքով էր հենց փտել եւ շարքից դուրս եկել ողջ հատակը:
Թեւե երբեմն-երբեմն սեփական միջոցներով դպրոցում կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել, եւ այն բավականին լավ է պահպանված, սակայն կառուցման օրվանից ի վեր այն չի հիմնանորոգվել: Ուստի մարզադահլիճի նորոգումը  լավ սկիզբ են համարում նաեւ շենքն ամբողջությամբ վերանորոգելու համար:
Հովսեփ Օհանյանը նշեց նաեւ, որ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգումը մեծ ուրախություն է պատճառել ոչ միայն դպրոցի 66 սաներին եւ ուսուցիչներին, ոչ միայն Աշոտավանի համայնքի բնակիչներին, այլեւ` հարեւան համայնքների դպրոցականներին ու երիտասարդներին, քանի որ, լինելով միակ մարզադահլիճը տարածաշրջանում, այստեղ են կազմակերպվում նաեւ միջհամայնքային, միջդպրոցական մարզական մրցումներն ու միջոցառումները, անգամ` համերգներ ու ներկայացումներ, քանի որ Աշոտավանը չունի նաեւ մշակույթի տուն:
Կարեւորելով դպրոցի դերը համայնքում, տնօրենն այն համարում է մայր մեղու, որի շուրջ համախմբվում ու ձեւավորվում է համայնքային կյանք: «Առաջ եթե համայնքն էր օգնում դպրոցին, հիմա դպրոցն է օգնում համայնքին` օգտագործելով նաեւ «Վորլդ Վիժն» կազմակերպության ընձեռած հնարավորությունները»,-ասում է Հ. Օհանյանը: Տնօրենը միաժամանակ ցավով նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում աշակերտների թիվը զգալի պակասել է` պայմանավորված տասնյակ ընտանիքների` գյուղից դուրս գալով, սակայն լավատեսությամբ հավելեց, որ հաջորդ ուսումնական տարում կունենան 8 առաջին դասարանցի` այս տարվա 4-ի փոխարեն:
Այս գիտակցումով ու այս հավատամքով է, որ հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում են դպրոցը կենսունակ ու աշխույժ պահելու համար` համայնքի կյանքի կենսառիթմը պայմանավորելով դպրոցի կենսառիթմով:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *