ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Կիրառելով ՀՀ կառավարության` «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)» որոշման պահանջները` ԿԳ նախարարությունը, իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման եւ գործունեության կարգի համաձայն, իրականացնում է հանրակրթական ուսումանկան հաստատության ղեկավարի հավաստագրման գործընթաց, որին մասնակցում են ինչպես գործող տնօրեններ, այնպես էլ` աշխատանքային փորձով մանկավարժներ` դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթներին մասնակցելու հեռանկարով:
Ի՞նչ է հավաստագրման կարգը, ո՞րն է նպատակը, եւ ինչո՞ւ էր հանրությունը բավականին հետաքրքրված տնօրենների հավաստագրման գործընթացով:
Այս եւ այլ հարցերի խնդրեցինք պատասխանել Լծենի հիմնական դպրոցի տնօրեն Կարապետ Ամիրյանին, ով, ի թիվս այլոց, նույնպես հաջողությամբ հանձնել է հավաստագրման քննությունը` ստանալով դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատելու հավաստագիր:

-Պարոն Ամիրյան, ի՞նչ է հավաստագրման գործընթացը:
-Ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրման գործընթացը նախ պետության հոգածությունն է առ դպրոցը, որի մասին այնքան շատ խոսվում էր վերջին 20 տարում: Ոչ միայն պետական հոգածություն, այլեւ` պետական հսկողություն հանրակրթության նկատմամբ, որը, ինչպես վերջերս շեշտեց նաեւ ՀՀ վարչապետը, մեր ազգի ապագան է: Սա նշանակում է նաեւ, որ դպրոցը իր դռները «փակում է» պատահական մարդկանց առջեւ, ու դպրոցի ղեկավարմանը կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր անցնում են հավաստագրման դժվարին, կարեւոր եւ պատասխանատու գործընթացը` գիտելիքի պաշարով, աշխատանքային փորձով, ղեկավարման, կազմակերպչական ունակություններով զինված:
Այն տնօրենները եւ մանկավարժները, ովքեր ցանկացել են հավաստագրվել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու, նախ դեկտեմբերին մասնակցել են մոտ մեկամսյա վերապատրաստման դասընթացիների, այնուհետեւ` քննությունների: Հարցաշարի 90 %-ը հաղթահարած դիմորդն իրավունք է ստանում մասնակցել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվող մրցույթներին` անկախ բնակության վայրից:
Այս տարվա օգոստոսի 1-ից ավարտվում է ուսումնական հաստատությունների շատ տնօրենների աշխատանքային պայմանագիրը մարզպետների հետ, եւ նրանք, նոր հիմունքներով, իրավունք ունեն մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին, որն անց է կացնելու դպրոցի խորհուրդը:
-Սա չի՞ սահմանափակում դպրոցի տնօրեն աշխատել ցանկացող մարդու իրավունքներն ու հնարավորությունները:
– Սա նպաստում է, որ դպրոցի տնօրեն ընտրվի բանիմաց, տեղյակ, գիտելիքներով զինված եւ պետության կողմից երաշխավորված մարդը: Անտեղյակ, չպատրաստված, վերապատրաստում չանցած եւ պետության կողմից չհավաստագրված մարդու համար դպրոցի տնօրենի պաշտոնն այլեւս «անհասանելի է» դառնում:
Հավաստագրված տնօրենը կամ տնօրենի թեկնածուն պիտի քաջատեղյակ լինի ոչ միայն իր մասնագիտությանը, այլեւ` երկրի Սահմանադրությանը, կրթության, հանրակրթության մասին օրենքներին, աշխատանքային, քաղաքացիական օրենսգրքերին, դպրոցի կանոնադրությանը, մանկավարժությանը, հոգեբանությանը վերաբերող շուրջ 800 հարցի: Այսինքն` լինի բազմակողմանի ցարգացած մարդ, որը տիրապետում է ոչ միայն իր մասնագիտությանը:
-Վերապատրաստման դասընթացներին մասնակցելը, քննություններին նախապատրաստվելը որքանո՞վ էր արդյունավետ, նոր գիտելիքներ տվե՞ց, թե՞ եղածով բավարարվեցիք:
-Մարդ միշտ էլ սովորում է: Աշխատանքի ընթացքում հատկապես առնչվում ենք այնպիսի խնդիրների, որոնք ոչ մասնագիտությանն են վերաբերում, ոչ ընդհանուր իմացությանը, բայց հաստատության ղեկավարը պարտավոր է իմանալ դրանք: Թե վերապատրաստման դասընթացը, թե հավաստագրման քննություններին նախապատրաստվելը խթան հանդիսացան խորացնել ընդհանուր գիտելիքները: Հարցի հոգեբանական կողմն էլ կա. ի վերջո, հարիր չէ, որ երկար տարիներ տնօրեն աշխատած մարդը քննություններին ներկայանա անպատրաստ եւ ձախողվի: Չէ՞ որ քեզ հետեւում է քո դպրոցը, քո համայնքը, քո ուսուցիչը, քո աշակերտը, եւ դու պիտի արդարացնես քո արժանի լինելը դպրոցի ղեկավարի պաշտոնին:
– Հա, ի դեպ, իսկապես որ հանրությունը բավականաչափ հետաքրքրված էր հավաստագրման գործընթացով, եւ հետեւում էր, թե որ տնօրենն ինչպես հանձնեց հավաստագրման քննությունը: Ինչո՞վ եք բացատրում այդ հետաքրքրվածությունը:
-Շատ բնական է, որովհետեւ դպրոցն այն հաստատությունն է, որտեղ սովորում են իրենց երեխաները: Բա` չիմանան` իրենց դպրոցի տնօրենն, իրոք, արժանի է այդ պաշտոնին: Մյուս կողմից` հավաստում է մեր ազգի հետաքրքրվածությունը ուսման եւ դպրոցի նկատմամբ, ցավոք, միայն դիտորդի դերով, պահանջողի, եւ ոչ` օգնողի: Ընտանիքի` դաստիարակողի դերը մենք նույնպես թողնում ենք դպրոցին, բարդում նրա ուսերին, մոռանալով, որ դաստիարակությունը տալիս է ընտանիքը, դպրոցն իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքը:
– Թեեւ արժեհամակարգը խաթարվել է մեզանում, կարելի՞ է, այնուամենայնիվ, ասել, որ գիտելիքը բոլոր ժամանակներում, նաեւ` այսօր եւ հետո էլ եղել է եւ լինելու է ամենաթանկ կապիտալը:
– Միանշանակ: Դա հաստատում է նաեւ այսօրվա հավաստագրման գործընթացը:
– Բայց, հատկապես միջին եւ ավագ սերունդը դժգոհում է կրթական նոր համակարգից` երանությամբ հիշելով խորհրդային կրթահամակարգը:
-Նախկին կրթահամակարգը համարում են ավելի լավը, քան` հիմա: Ես համամիտ չեմ դրան: Նախկին կրթահամակարգը տալիս էր ակադեմիական փայլուն կրթություն, բայց այն ժամանակվա թե հանրակրթությունը, թե բուհական կրթությունը հնարավոր չէր պրակտիկորեն կիրառել: Ես սերնդի այն ներկայացուցիչն եմ, որ մի կրթահամակարգում սովորել եմ, մյուս կրթահամակարգում աշխատում եմ, եւ ինքս զգում եմ հսկայական տարբերությունը: Հիմա զգալիորեն թեթեւացած է դասավանդման նյութը եւ այն նպաստում է աշակերտի բազմակողմանի զարգացմանը: Մյուս կողմկց` հիմա դպրոցին նույնպես տրված է կառավարման ինքնավարություն եւ ազատություն: Նախկին համակարգում թեեւ դպրոցը ղեկավարում էր տնօրենը, բայց` հրահանգավորում էր ժողկրթբաժինը: Այժմ կա կրթության եւ հանրակրթության մասին օրենքը, ինչի անհրաժեշտության մասին այնքան շատ էր խոսվում, որով մեծ ինքնավարություն է տրված դպրոցին` հանձին դպրոցի խորհրդի, որը համարվում է կառավարման բարձրագույն մարմինը: Փոքր դպրոցի համար, այն չնայած չի ծառայում իր նպատակին, բայց, միեւնույն է, ինքնավարությունը կա:
– Իսկ կա՞ր տարբերություն փոքր դպրոցի եւ մեծ դպրոցի տնօրենի նկատմամբ` պահանջների, պարտականությունների առումով հավաստագրման քննության ժամանակ:
-Ոչ մի էական տարբերություն: Դպրոցը տարրական է, հիմնական, միջնակարգ, ավագ թե վարժարան, ղեկավար մարմնին ներկայացվող պահանջները նույնն են:
-Կլինեն, բնականաբար, հավաստագրման քննությունը չհաղթահարած մասնակիցներ: Ի՞նչ է նախատեսվում նրանց համար:
– Տրվում է երկրորդ հնարավորություն:
– Ինչքա՞ն ժամանակ է կիրառելի հավաստագրման վկայականը:
-Այն տրվում է 5 տարի ժամկետով, որից հետո համարվում է ուժը կորցրած: Ուսումնական հաստատության տնօրեն դառնալ ցանկացող հավակնորդը նորից պիտի անցնի հավաստագրման նոր գործընթաց:
– Պարոն Ամիրյան, եթե ամեն ոք չի կարող դառնալ հաստատության տնօրեն, ամեն բուհավարտ կարող է դառնալ ուսուցիչ:
-Նույն գործընթացն իրականացվում է նաեւ ուսուցիչների համար: Պետության պահանջով ուսուցիչն անցնում է ատեստավորում: Եթե ատեստավորման ընթացքում նա բարձրացրեց իր տարակարգը, մինչեւ 50 %-ով բարձրանում է նաեւ նրա աշխատավարձը: Սա նույնպես կխթանի, որ ուսուցիչն աշխատի իր կատարելագործման վրա, բարձրացնի մասնագիտական հմտություններն ու կարողությունները: Թույլ գիտելիքներով մանկավարժի համար դպրոցի դռները նույնպես «կփակվեն»:
– Կարծում եք` ամեն ինչ օբյեկտի՞վ կլինի:
– Հավաստագրման քննությունը, որը անցանք, ինձ երաշխիք է տալիս այդպես մտածել, քանի որ քննություն վերցնող հանձնաժողովը շատ անաչառ էր:
– Ուսումնական հաստատության տնօրենի հավաստագիր ստացած կամ չստացած տնօրենի հեղինակությունը փոխվո՞ւմ է դրանից:
-Դե, նախ, ինքդ ես քեզանից գոհ մնում,  դրանով դպրոցի հեղինակությունը ոչ բարձրանում է, ոչ էլ` ընկնում: Չժխտելով տնօրենի դերը իր ղեկավարած դպրոցի կյանքում, ասեմ, սակայն, որ տնօրենը ինքը անհատ է, եւ նրանով չի կարող պայմանավորվել մի ողջ համայնքի կամ դպրոցի կրթական մակարդակը: Այնուամենայնիվ, հաճելի է, որ հավաստագրված ես վերադառնում քո ուսումնական հաստատություն, քո աշակերտների, ուսուցիչների մոտ, քո համայնք, ուր ապրում ես: Քեզ շնորհավորում են, դու էլ ապացուցում ես, որ արժանի ես այդ շատ պատասխանատու պաշտոնին:
– Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, դպրոցի կյանքում:
– Գրեթե` ոչինչ: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը նույն ձեւով: Բայց գիտակցության, հոգեբանության մեջ զգում ես, տեսնում ես այն հոգածությունը, հոգատարությունը, պետական վերաբերմունքն ու մոտեցումը դպրոցին, հանրակրթությանը, ինչը երաշխիք է տալիս հավատալու կրթության նկատմամբ հանրային եւ պետական վերաբերմունքի շրջադարձին:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *