ԴՊՐՈՑԻ` 130 ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է

«Վորլդ Վիժն» կազմակերպությունը տարածաշրջանի մի շարք համայնքների եւ դպրոցների հետ իրականացնում է ամենատարբեր ծրագրեր, որոնց մեջ պակաս կարեւոր տեղ ու դեր չունեն դպրոցների աշակերտական խորհուրդների հետ իրականացվող ծրագրերը: «Նման ծրագրերի նպատակը,- ինչպես ասաց կազմակերպության ներկայացուցիչ Գարիկ Գրիգորյանը,- դպրոցներում աշակերտական խորհրդի ուժեղացումն է եւ կրթական ոլորտի բարելավումը: Նման փոխհարաբերության արդյունքում դպրոցականներին սովորեցնում ենք նաեւ կրթական ոլորտը զարգացնող բիզնես ծրագրեր գրելու եւ ներկայացնելու ձեւը: Այս համագործակցության արդյունքում Բռնակոթի դպրոցի աշակերտական խորհուրդը, իր ընտրությամբ, «Վորլդ Վիժն» էր ներկայացրել կրթական ոլորտի ծրագիր, շահել դրամաշնորհ, եւ իր նախաձեռնությամբ ու մեր կառույցի հովանավորությամբ կազմակերպել ինտելեկտուալ մրցույթ` «Հայ ասպետ» հեռուստախաղի նմանությամբ»: Նա ավելացրեց նաեւ, որ Բռնակոթի դպրոցում կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթը անդրանիկն էր, բայց, հենվելով այս փորձի վրա, նման մրցույթներ կանցկացնեն շահառու մյուս դպրոցների աշակերտական խորհուրդների հետ, իսկ վերջում կանցկացնեն միջդպրոցային մրցույթ:
Երկամսյա նախապատրաստական աշխատանքից հետո դպրոցի հանդիսությունների դահլիճում 3 թիմերի մասնակցությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Այն մեծ խանդավառություն առաջացրեց թե՛ մրցող թիմերի, թե՛ նրանց երկրպագող աշակերտների, թե՛ հովանավոր կազմակերպության, թե՛ մրցույթը վարող` դպրոցի փոխտնօրեն Ռոզա Դավթյանի եւ՛ թե մրցույթը գնահատող ժյուրիի անդամների միջեւ:
Ամենակարեւորը` անաչառությունն էր, անկողմնակալությունը: Կարեւոր էր մրցելու, հաղթելու ոգին: Կարեւոր էր ինտելեկտի կարեւորումը, իմացության, գիտելիքի, հանդիսատեսի առջեւ գրագետ եւ գեղեցիկ հանդես գալու ջանադրությունը, կարեւոր էր թիմային աշխատանքի ու թիմային հաղթանակի գիտակցումը:
Մրցույթն ամփոփելիս պարզվեց, որ 3 թիմերի վաստակած միավորները գրեթե հավասար էին. հաղթողը նվազագույն միավորներով հաղթեց, պարտվողները նվազագույն միավորներով պարտվեցին, սակայն հաղթեց միջոցառման բովանդակային կողմը:
Բնական էր` թե հաղթողները, թե մյուս մասնակիցները եւ առավել աչքի ընկածները մրցանակներ ու նվերներ պիտի ստանային եւ ստացան: Բայց պայքարելու, մրցակցելու այն ոգին, այն ջանքը, համառությունը, որ ներդրեցին նրանք հանուն հաղթանակի, ամենամեծ ձեռքբերումն էր ու ամենամեծ պարգեւը իրենք իրենց եւ դպրոցին:
Մեկ հարցին՝ ավել, մեկ հարցին՝ պակաս պատասխանելը, մեր կարծիքով, թիմային աշխատանքի պարագայում այնքան էլ էական ու կարեւոր չէր: Կարեւոր էր այն ոգին, որ ունեին մրցակցող կողմերը, կարեւոր էր աշխատանքի այն արդյունքը, որ ստացան կազմակերպիչները, եւ կարեւոր էր համագործակցելու այն մոդելը, որ կա «Վորլդ Վիժնի» եւ Բռնակոթի դպրոցի աշակերտական խորհրդի միջեւ:
Նշելով, որ մրցույթը մնում է մրցույթ, եւ էական է նաեւ հաղթողին ճիշտ որոշելը, դպրոցի տնօրեն Գագիկ Բալասանյանը հավելեց նաեւ, որ սա մրցակցողների` կյանքի առաջին լուրջ քննությունն էր, ինչը հաջողությամբ հաղթահարեցին: Շատ կարեւորեց նաեւ մրցույթից անհրաժեշտ գիտելիքներ վերցնելը եւ դրանք կյանքում ճիշտ օգտագործելը:
Խոսելով դպրոցի շենքի` վերանորոգման խիստ հրատապության մասին, դպրոցի տնօրենը նշեց, որ գեղեցիկ միջոցառման վրա ստվեր գցեց, թերեւս, միայն դահլիճի անմխիթար ու անշուք տեսքը, միաժամանակ հայտնեց, որ կարծես ուրվագծվում է հիմնանորոգված շենք ունենալու հույսը, ինչի վկայությունը եւ առաջին քայլը համարեց տարածաշրջանում եզակի` ժամանակակից ուսումնական տեխնիկայով հագեցած էլեկտրոնային ուսուցման կաբինետի ստեղծումը: Ուրախությամբ իրազեկեց նաեւ, որ դպրոց են այցելել «Սոցներդրումների» հիմնադրամի պատասխանատուները, նայել շենքը, եւ, դպրոցական շենքի մեծության ու ահռելի ծավալի աշխատանքների պարագայում միանգամից հիմնանորոգում կատարելու անհնարինության պատճառով հավաստիացրել այն կատարել, գոնե, փուլ առ փուլ` սկսելով կաթսայատան եւ մարզադահլիճի հիմնանորոգումից:
Շատ շատերը, այդ թվում եւ դպրոցի տնօրենը, թե՛ հպարտությամբ, թե՛ մտահոգությամբ նշում են, որ հայ մտքին լույս տված վառ անհատականությունները, որ սերում են Բռնակոթի` 130-ամյա կենսագրություն ունեցող դպրոցից, իրավունք ունի եւ պարտավոր է արժանի լինել նրանց լուսապսակված անուններին ու թողած ժառանգությանը:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *