ԵԹԵ ԱՄԵՆ ՈՔ ՍԱՀՅԱՆԻՑ ՄԵԿ ՔԱՌԱՏՈՂ ԻՄԱՆԱ, ԱՊԱ…

Ամեն ապրիլի 14-ին, արդեն 104 տարի, նարգիզների, ամպրոպների, որոտների, քարափների, ծիածանների, կանաչ-կարմիր երազների ետեւն ընկած մեր բոլոր խոհերն ու խորհերը, ոտաբոբիկ կարոտները ճամփա ընկած` Լորաձոր են գնում` Լորն ու Ձորը, նրա մաքուր մարդկանց, խառն ու խրթին, սեւ ու մթին, անբանի բարձ ու վերամբարձ աշխարհի համար հայտնաբերած պոետի ծնված օրվա շիրիմը համբուրելու: Ու Սահյանի ծնված օրը վերստին նորոգվում է մարդու եւ բնության միջեւ ծիածանված հարատեւի ուխտը: Բնության համերգին միանում-խառնվում է Սահյանական մտքի ու տաղի անեղծ, անասելի սիրով հունցված բառահամը, որը կյանքին հացաբույր է տալիս, ու անհնար է Լորաձորից չվերադառնաս քեզ ավելի մարդեղացած, ավելի զուլալված, ավելի աշխարհասեր ու մարդասեր չդարձած: Եվ աշխարհի մեծ ու փոքր համերգներին միանում է նրա ծննդյան օրվան նվիրված հոգեւոր ծեսը` խոնարհումի, խնկարկումի, երկյուղի եւ սիրո խոստովանության դող ու սարսուռով…

Քարափներ իմ քարափներ, ձեր շուրթերի վրա ես սարսուռ ու դող եմ…

Համո Սահյանի ծննդյան օրը նրա տուն-թանգարան այցելած բազում-բազմաթիվ այցելուների մեջ էին Եղեգնաձորից եկած դպրոցականները: Խմբի ղեկավարն ասաց, որ առաջին անգամն են սրբազան պոեզիայի այս վայրում, ու աղոթողի տրամադրությամբ շեշտեց, որ այս ձորաշխարհը տեղով պոեզիա է` ներշնչանք, այստեղ ամեն ինչ բանաստեղծական է ու չարտաբերված բանաստեղծություն:

Տուն-թանգարանի այցելուների մեջ էին վետերան ոստիկաններ: Նրանց այցը կազմակերպել եւ հոգացել էր Սիսիանի ոստիկանության բաժնի նորաստեղծ` վետերան ոստիկանների խորհրդի նախագահ Արամ Եղյանը, ով նշեց, որ սա թոշակառու ոստիկանների առաջին, բայց ոչ վերջին այցն է մշակութային օջախներ, ապա հավելեց, որ այցը կազմակերպել է այնպես, որ պապիկների հետ ներկա լինեն նաեւ նրանց թոռները: Նախատեսում է այցելություններ նաեւ Բակունցի, Սեւակի եւ այլ մեծերի տուն-թանգարաններ, քանի որ, ըստ նրա, վետերան ոստիկանները այս կերպ կարողանում են շփվել մեր մեծերի թողած արժեքներին, տեղեկանում են Սիսիանի, Սյունիքի, հայ մշակույթի երեւելիներին եւ իրենց փորձով բաց դաս հանդիսանում իրենց թոռներին:

Իրենց պապիկի` Թադեւոս Ավագյանի հետ Սահյանի տուն-թանգարան այցելած թոռնուհիները հիշեցրեցին Սահյանի «Իմ պապը» բանաստեղծությունը, ասելով, ու պապերի եւ թոռների` անխախտ ու չկտրվող շղթան մեր կյանքի հարստություններից է, եւ, ինչպես Սահյանն է իր պապից ժառանգել արարումի խորհուրդը, այնպես էլ իրենք են իրենց պապից ժառանգում իրենց տոհմի շարունակությունը:

Սահյանի ծննդյան օրվան իրենց հարգանքն ու խոնահրումն էին բերել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները: Լոր գյուղի ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը, չթաքցնելով լավ տրամադրությունը, ասաց, որ ժամանակին շատերն էին կասկածում տուն-թանգարան ստեղծելու, այն գործող օջախ դարձնելու` իր ջանքերի վրա, բայց իրենք կարողացան դա իրականություն դարձնել, ապա հավելեց, որ հերթական անգամ կարողացել է երկրի նախագահի միջնորդությամբ լուծել տուն-թանգարանի պահպանության ֆինանսական խնդիրը, բայց, ինչպես հավելեց համայնքային ներկայացուցիչը, դա խնդրի ժամանակավոր լուծում է, եւ պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկել Լորի տուն-թանգարանը պետական հոգածության տակ վերցնելու համար:

Տուն-թանգարանի վարիչ Քնքուշ Հարությունյանը ոչ միայն ետ չմնաց արտասանող դպրոցականներից, այլեւ նրանց համար Սահյանական պոեզիայի հրավառություն արեց` ասելով, եթե ամեն մեկը Սահյանից գոնե մեկ տող, մեկ քառատող իմանա, աշախարհի բարին մի քիչ կավելանա, եւ աշխարհն ավելի մարդկային եւ մարդեղացած կլինի:

Համո Սահյանի ծննդյան օրվա միջոցառումներն այնուհետեւ շարունակվեցին Լորի դպրոցում:

Ժխտելով պոետի` «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, ու չի պակասի աշխարհում ոչինչ» միտքը, նրա ծննդյան օրվա սրբազան տաճարի առջեւ ծնկածալ, անասելի երկյուղով ու վեհասքանչ հիացումով, ծեռն ի սրտին խոնարհումիս հավելեմ հենց իր կողմից իր ծնունդը բնութագրող տողերը`

Առանտվին, տվինառան,

Ու ոչ մեկը գլխի չընկավ,

 Որ աշխարհի կանաչկարմիր

Երազների ետեւն ընկած

 Երկու ոտ էլ ավելացավ:

Երազներից քարե ծաղիկ

Եվ քարեղեն հեքիաթ հյուսող

Երկու ձեռք էլ ավելացավ:

Ու թեկուզ այս մեղքերը շատ,

Վերքերը շատ աշխարհի մեջ

Մի նոր մեղք էլ,

Մի նոր վերք էլ ավելացավ,

Բայց նրա մեծ համերգներում

Մեր աշխարհի համ ու հոտով

 Մի նոր երգ էլ ավելացավ

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *