ԵԹԵ ԱՊՐԵՐ, ՆԱ ԿԼԻՆԵՐ 40 ՏԱՐԵԿԱՆ

… Թեեւ շատ հարաբերական է «…եթե ապրեր» ասելը: Հովիկը ապրում է բոլորի հիշողություններում, ապրում է ծնողների սրտում, անգամ` երկու քույրերի` իրենից շատ ու շատ տարիներ հետո ծնված երեխաների պատկերացումներում: Ապրում է` կրելով Ույծի մանկապարտեզի անունը, որի սանն է եղել, ապրում է հայրենի գյուղի գերեզմանատանը գրեթե ամեն օր դրվող թարմ ծաղիկների, մատուռում վառվող մոմոլույսի մեջ ու Էվելինա մոր` երբեւէ չցամաքող արցունքի նման:
1992 թվականի հունիսի 25-ին, արցախյան ազատամարտի ամենածանր օրերին, զորակոչվեց ծառայության: Քոչարյանների տանը սեղան բացվեց, բարի ծառայություն մաղթվեց Հովիկին, հաղթանակով` վերադարձ, ու ոչ մեկի մտքի ծայրով  անգամ չանցավ, որ Հովիկը… Ախր ընտանիքի առաջնեկն էր, օջախը շարունակողը, Քոչարյանների տան շառավիղը…
Բայց… 1993-ի հոկտեմբերի 28-ին, երբ զինծառայության ժամկետի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր….
Ույծը սեւ-սուգ կապեց այդ օրը: Հովիկը զոհվել էր Կուբաթլու-Զանգելանի շրջանի մարտերում:
Անցել է 20 տարի: Տարվա մեջ երկու անգամ` Հովիկի ծննդյան օրը` մարտի 3-ին եւ զոհվելու օրը` հոկտեմբերի 28-ին, Քոչարյանների տանը պարտադիր սեղան է բացվում, գինի է հեղվում նրա հիշատակի համար, ծննդյան օր են շնորհավորում, զոհվելու օրն են խնկարկում: «Էդ էլ իմ տղայի բաժինն է»,- ասում է երբեք չցամաքող աչքերով մայրը` Էվելինան: Ասում է` գիտակցում է, որ իր տղան էլ մեկն էր այն հարյուր-հազարավորիներից, ում արյան գնով ձեռք բերվեց արցախյան հաղթանակը, գիտակցում է ու հպարտանում, մխիթարվում,  սփոփվում է տունը լցնող թոռնիկներով, մի քանի օր առաջ լույս աշխարհ եկած 4-րդ թոռնիկով, բայց…եւ շարունակում է ապրել արդեն 20 տարի ձգվող իր «երկակի կյանքով». մեկը` իր տան, իր ընտանիքի, իր զավակների ու թեռների, իր բաղ ու բոստանի ու բոլորի համար, մյուսը` Հովիկի:  Ու Երբեմն էլ մեղավոր է զգում բոլորի առաջ, որ չի vorotan27.05.2013-1կարողանում քողարկել, թաքցնել իր չչորացող արցունքը, իր մշտամորմոք ցավը:
Ույծեցի հինգ երիտասարդ է զոհվել արցախյան ազատամարտում: Հովիկն է, որ հուղարկավորվեց հայրենի գյուղի գերեզմանատանը: Էվելինա մայրը այդպես ուզեց: Ասաց` խոնարհվում է Սիսիանի Պանթեոնում հուղարկավորվածների առաջ, գիտի դրա հարգն ու պատիվը, բայց… թող որդու գերեզմանն էլ իրեն մոտիկ լինի…
Դողդոջ ձեռքերով ցույց է տալիս Հովիկի` 1996 թ.-ի ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի կողմից ետմահու ստացած 1992-94 թ.թ.-ի մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանը, 2002 թ.-ի` «Արիության» եւ 2005 թ.-ի` Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար ստացած «Մայրական երախտագիտության» մեդալները:
…Եթե ապրեր, Հովհաննես Տարիելի Քոչարյանը կլիներ 40 տարեկան: Կյանքի 20 գարունը միայն  իբրեւ հիշողություն ապրող Հովիկը, սակայն, մեկն է այն ասուպներից, որ իր մահով լուսավորեց մեր մեծ հաղթանակի ճանապարհը` հավերժորեն պահ տրվելով հայրենյաց պատմության հերոսական էջերին եւ մեր հարատեւումի խորհրդին…

Ջուլիետա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ույծ
27.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *