ԵԹԵ ԵՍ ԻՄ ԱՍՄՈՒՆՔԻՑ ՀԱՃՈՒՅՔ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ, ԶԳՈՒՄ ԵՄ ԾԱՓԵՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Դպրոցականների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն սերմանելու եւ զարգացնելու նպատակով մի քանի նախարարությունների, կազմակերպությունների, Անտարես հրատարակչության, Դասարան. ամ կրթական ծրագրի կազմակերպած ընթերցման օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող է ճանաչվել Սիսիանի թիվ 2-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Հրաչ Խալաթյանը:

Հրաչ, սիսիանցիները քեզ հաճախ են տեսնում բեմում՝ տարբեր միջոցառումների ժամանակ, եւ բուռն ծափերի արժանացնում: Ինչպե՞ս սկսեցիր ասմունքել:

-Երկրորդ դասարանում սովորելու ժամանակ առաջին անգամ դպրոցում փոքրիկ միջոցառման եմ մասնակցել, արտասանել եմ, ուսուցչունիները, կազմակերպիչները զգացել են , որ ունեմ ասմունքելու ձիրք, ու դրանից հետո ինձ ներգրավել են դպրոցի միջոցառումներում, այդպես սկսվել եմ ասմունքել: Սիսական գնդի ամյակներից մեկի ժամանակ հենց զորամասում արտասանել եմ  Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը» հայրենասիրական բանաստեղծությունը ու հենց այդ ժամանակ զգացել եմ, որ ասմունքը ինձ շատ հոգեհարազատ է, բանաստեղծությունն էլ հոգով զգացի, որովհետեւ հայրենասիրական էր:

Հրաչ, դու քանիցս ես մասնակցել ասմունքի՝ մարզային, հանրապետական մրցույթների, եւ երբեք ձեռնունայն չես վերադարձել:

-Առաջին անգամ 10 տարեկան էի, որ մասնակցել եմ Սայաթ-Նովային եւ Եղիշե Չարենցին նվիրված մրցույթին, որին կարող էին մասնակցել 11 տարեկանից, բայց ինձ թույլատրեցին, եւ Գորիսում անցկացված մարզային փուլում գրավեցի 1-ին տեղ, երկրորդը՝ Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին նվիրված մրցույթն էր: Մարզային փուլում գրավել եմ առաջին, Ծաղկաձորում անցկացված հանրապետական փուլում՝ երկրորդ տեղ:

-Դու օրերս հաճելիորեն նորից ուրախացրեցիր սիսիանցիներին, քո ընտանիքին, քո ուսուցիչներին, ընկերներին, բոլորիս՝ դառնալով ընթերցման օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթող:

-Ընթերցման օլիմպիադան նման էր ասմունքի մրցույթին, որովհետեւ սկզբունքները, կանոնները նույնն էին՝ ճիշտ շեշտադրում, արտահայտչականություն, սահուն ընթերցում: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր, քանի որ ամեն մրցույթի մասնակցելիս մտածում եմ, որ դա ոչ միայն ինձ համար է, ես Սիսիան եմ ներկայացնում եւ ամեն ինչ անում եմ Սիսիանի եւ իմ դպրոցի պատիվը բարձր պահելու համար:

-Ասում են՝ ճոխ-ճոխ նվերներ ես ստացել:

-Այո, հեռուստացույց, բազմաթիվ գրքեր, շոկոլադե սալիկների ընտրանի, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության կողմից՝ ապահովագրություն, պաշտպանության նախարարությունը կվերանորոգի մեր դպրոցի ռազմագիտության կաբինետը, գրքեր կհատկացնեն Սիսիանի գրադարանին, ամենակրեւորը՝ 2 ուղեգիր Փարիզ:

-Ո՞ւմ հետ ես գնալու:

-Դեռ չեմ որոշել, շատ կցանկանայի՝ քույրիկիս, բայց նա անչափահաս է, հայրիկիս կամ՝ մայրիկիս:

-Ի՞նչ են տալիս քեզ այդ մրցույթները:

– Ընթերցման օլիմպիադայի նպատակը ընթերցանության հանդեպ հետքրքրություն սերմանելն է, զարգացնելը: Մրցույթի ամփոփման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ չի լինի զարգածած պետություն, եթե չլինեն զարգացած մարդիկ, իսկ զարգացած մարդիկ կլինեն գիտելիքի շնորհիվ, իսկ գիտելիք ստանում են գրքից:

-Որոշել ես՝ ի՞նչ ես դառնալու:

-Ասմունքող-դերանսա: Ասմունքողներից շատ սիրում եմ Վլադիմիր Աբաջյանին, դերասաններից՝ Կարպ Խաչվանքյանին, Մհեր Մկրտչյանին:

-Հանդիսատեսի ծափը կարեւո՞ր է:

-Եթե ես իմ ասմունքից հաճույք եմ ստանում, զգում եմ նաեւ ծափերի անկեղծությունը: Իմ կարծիքով՝ ցանկացած ասմունքող, մինչեւ չհասկանա բանաստեղծությունը, բանաստեղծին, չի կարող լավ ասմունքել: Իսկ եթե լավ ես ասմունքում, ծափեր էլ են լինում:

-Չե՞ս մեծամտացել այդ հաղթանակներից:

-Չէ́, պետք չի գոռոզանալ եւ մեծամտանալ, որովհետեւ բոլորն էլ կարող են: Բայց ես չեմ սահմանափակվում այս հաղթանակներով:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
30.05.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *