ԵԹԵ ՄԻԱՅՆ ՊԱՆԹԵՈՆՆԵՐՆ ԵՆ «ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ», ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ ՏՂԱՆԵՐԸ…

Եղիշե Նիկալյանի՝ գյուղի ծայրին գտնվող տան ճանապարհն անցնում էր կողպած դարպասների ու կիսափուլ պատերի կողքով: Մանկությանս ծաղկածիծաղ, աղմկաշատ ճանապարհը, որ հիմա մաշված-քրքրված մի ուղի է, կուչուձիգ եղավ տխրամած հայացքիս առաջ, խեղճացավ, ասես՝ ամաչեց ու քաշվեց իր երանելի հիշողության ոստրեի մեջ… Հասա Եղիշեի տուն: Բակի պարանին մանկական շորեր էին փռված… Ժպտացի, ու անասելի, անասելի ցավացնող տխրությունս քամին թռցրեց-տարավ լվածքի ծփանքի հետ:

Եղիշեի կնոջ՝ Սվետայի հետ զրուցելիս նախաբանի կարիք չեղավ. ինքն էլ, Եղիշեն էլ, ես էլ մանկության նույն զուլալ ու վճիտ աշխարհի բնիկներն ենք. հիմա, պարզապես, այստեղից տեղափոխվել ենք՝ մեզ հետ տանելով ու ապրեցնելով երբեք չխամրող, չմոռացվող մանկության ծիածանագույները…

Եղիշեն «ճիպոտը քոլից էր կտրել»: Սվետան նրան թեւ-թիկունք եղավ: Ռազմիկ հայրիկի եւ Ժենյա մայրիկի առաջնեկն էր, 4 եղբայրների ավագը: Ամուսնացել էր, հետո, չգրված օրենքի համաձայն, առանձնացել հայրական օջախից, տուն կառուցել գյուղի ծայրին, անտառի փեշին, այգիների մեջ… դեռ անավարտ շատ բան կար տանը…

-Եղիշին լավ եմ պահել, ուրիշները կասեն՝ թող իմ ամուսինը ինձ լավ պահի, սակայն ես էի իրեն լավ պահում… Ձեռքաջրով էր, բայց իր չարած գործերն էլ էի ես անում, որ դրսերից գար-տեսներ տանն ամեն ինչ կարգին է, եւ ուրախ լիներ… Ոսկի բնավորություն ուներ, մեր հարեւան Ռոզա մայրիկը միշտ ասում էր՝ Սվետա, Եղիշի հետ արժե ապրել… 33 տարի միասին ապրել ենք, 2 զավակ ենք մեծացրել, մի օր չեմ տեսել՝ Հայկը պատասխան ետ տար հորը, դա էլ իրենց ընտանքից էր գալիս: 5 երեխաներից որեւէ մեկը երբեք պատասխան չի տվել Ռազմիկ հայրիկին,-ասում է Սվետան, հետո ավելացնում, որ իր ուսուցիչը՝ ընկեր Մինասյանը, հաճախ է ասել՝ ապրես, Սվետա, քո ամուսինը միշտ դրսերում է 14358996_1673047033011139_5443169574457900474_nեղել, բայց դու Եղիշի մեջքը երբեք չես կոտրել, երբեք չես զանգել-ասել՝ տանը հաց չկա, փող չկա… Ու 33 տարի ապրել են սիրով, նվիրված…

Լծենի տղաներն առաջիններից էին, որ էն հերոսական ու ոգեղեն օրերին նետվեցին արցախյան ազատամարտի մեջ ու փառքով պսակեցին իրենց ճակատը: Հետո երբեք չհեռացան իրենց հրամանատարից ոչ թե նրա համար, որ համագյուղացի էին, ոչ միայն նրա համար, որ միասին էին անցել մանկության կանաչ արահետներով, այլ որ՝ պատերազմի կրակն էլ զոդեց նրանց ճակատագիրը: Նույն տղաների հետ Եղիշե Նիկալյանն էլ ապրիլյան քառօրյային գնաց, ոչ ոք նրան չէր զանգել, չէր կանչել:

-Ասացի՝ Եղիշ, մի գնա, այս անգամ էլ մի գնա, ասաց՝ ինձ չես կարող ետ պահել: Ես գոնե 55 տարի ապրել եմ, էն զինվորները 18 տարեկան են: Համարիր՝ քո տղան է խրամատում, ու օգնության կարիք ունի, չգնա՞մ… Նրան ետ պահել հնարավոր չէր: Բայց սիրտը կարծես գուշակում էր, տնից դուրս գալիս երկու-երեք անգամ գնաց-եկավ դռների մեջ, նայեց- ասաց՝ մենակ չմնաս, կգնաս Սիսիան Հայկի մոտ… Առավոտյան դուրս եկավ, հաջորդ օրը երեկոյան բոթը ստացանք… Կուզենայի, որ իր սիրած Լծենում թաղվեր, բայց իր հավիտենական հանգիստը գտավ իր մարտական ընկերների կողքին՝ Սիսիանի պանթեոնում: Ինքն իր հայրենիքինն էր, քան՝ մերը:

Սվետան ձմռանը Հայկի մոտ է եղել՝ Սիսիանում: Գյուղ էին եկել. այգին մաքրել-մշակելու ժամանակն է:

-Անցյալ տարի այս օրերին միասին մաքրեցինք, վարեցինք, ցանեցիքն: Էնքա՜ն գործ արեց, որ ողջ կյանքում հողամասում էդքան չէր աշխատել: Սի՞րտն էր վկայում, կարո՞տն էր առնում… Ինքը դրսի մարդ էր, ընկերության մարդ էր, զինվորական համազգեստի մարդ էր: Արցախյան պատերազմից հետո էլ էր զինվորական հագուստ հագնում: Երեկ նրա զգեստները, զինվորական շորերը հանել-արեւի եմ տվել, մտքովս էլ անցել է՝ բա որ հանկարծ գա ու ասի՝ կնիկ, շորերս բեր, ու շորերը պատրսատ չլինի, չի՞ ասի՝ կնիկ, ես քեզ էդպե՞ս եմ պահել, որ դու…,- ասում է Սվետան, հետո ուզում է ինձանից թաքցնել հուզմունքը, արցունքը… Չի լինում… Նարե թոռնիկը կրկին ժպիտ է բերում Սվետայի թաց աչքերին…

-Ո՞վ չգիտի, որ բոլորս ենք մահկանացու, բայց Եղիշը ափսոս էր, էնքան լավ մարդ էր, բարի էր, անսահման բարի, ողջ կյանքում մեկին մի վատություն չի արել, ողջ գյուղը գիտի, շրջապատը գիտի, ընկերները գիտեն, զինակիցները գիտեն,-ասում է, հետո ներողամիտ նայում ինձ՝ չէ, իմ ամուսինը չէ, դրա համար էր ափսոս, իսկապես՝ ափսոս էր…Սվետան ինչ պատմում է, սիրով է, ջերմ է, կարոտով է: Ասում է՝ Եղիշն անշահախնդիր էր… ու պատմում, որ մի անգամ մասուրի էր գնացել եղբոր կնոջ հետ: Ամենքին 2 տոպրակ մասուր են քաղել, վերջին պահին էլ՝ մեկական գոգ: Եղիշը գնացել է մեքենայով դաշտից տուն բերելու: «Ժպտաց, ասաց՝ ուրախ եմ, որ Տաթեւիկի նման ճարպիկ ես ու նրա չափ մասուր ես քաղել, բայց դուրս չեկար, որ… ագահ ես… Ասացի՝ այ Եղիշ, ես չանեմ, դու չանես, բա մեր տունը ո՞վ պահի, ասաց՝ ոչինչ, մենք մեր ձեւով կապրենք»: Էսպիսին էր նա, աչքը կուշտ, եղածով բավարարվող, ինքն իր ներաշխարհի հետ ներդաշնակ, դրա համար էլ բոլորը սիրում էին նրան: Մինասյանն էլ, Ազոյանն էլ միշտ ասել են, թե Եղիշը ինչ քաջագործություններ է կատարել 92-ին Լաչինում, Քալբաջարում… Ի՜նչ խնամքով էր մարտական մեդալները պահում, ասում էր՝ ամեն մեկը մի սխրանքի վկայություն է, ու պատվիրում՝ կնիկ, լավ պահիր, մի օր պետք է գալու… Հիմա այդ մեդալներին նորերն են ավելացել՝ ետմահուները… Մինչ այդ չէի կարողանում հասկանալ որդեկորույս մայրերի, նահատակ զինվորների այրիների վիշտն ու ցավը, անգամ՝ մխիթարությունը, հիմա հասկանում եմ, ցավում եմ… Ասում էր՝ Սվետա, ինձ չզանգես, հենց 7 օրս լրանա, նոր կփնտրես ինձ: Հիմա ասում եմ՝ Եղիշ, յոթ օրդ յոթ ամսի դարձավ, յոթ ամիսդ՝ տարի… Տարելիցդ է մոտենում, փնտրում ենք ու չկաս… Ապա դառնում է Նարե թոռանն ու ասում՝ Նարեն 4 ամսական էր, որ Եղիշը բարուրի մեջ թողեց, գնաց: Հիմա նա պապիկի գերեզմանին խունկ է վառում, ծաղիկ է դնում նկարի մոտ, իսկ պապը… Եթե տղա թոռնիկ ծնվի, կցանկանամ, որ պապի անունը կրի ու իր պապին նման լինի, որովհետեւ Եղիշները հատուկ են,-մեղմ ու թաց ժպտում է Սվետան… Ո՞վ կփորձի առարկել, որ Եղիշները հատուկ չեն…

Հ.Գ. Ետդարձս նույն ճանապարհով էր՝ ոտքի ու անցուդարձի կարոտ ճանապարհով: Թեպետ նույն ճանապարհը նաեւ գեղեցիկ շենք ունեցող Լծենի դպրոց է տանում, բայց հիմա դպրոցի 4 աշակերտի ոտք է միայն տրորում այն: Երբ մենք ավարտեցինք 8-րդը, 15 հոգի էր մեր դասարանը… Հիմա դպրոցում միայն 4 աշակերտ է սովորում… Նրանք էլ մի օր թեւ կառնեն-կգնան… Ու տեսնես հետո ո՞ւմ համար են ծաղկելու Լծենի չքնաղ անտառի ու դաղձաբույր, ուրցաբույր դաշտերի մանուշակներն ու անմոռուկները, եթե միայն պանթեոններն են «հարստանալու» մեր սուրբ նահատակ-զինվորների աճյուններով… Ու եթե միայն պանթեոններն են «հարստանալու», ինչի՞ համար են զոհվել տղաները…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

5 մեկնաբանություն ԵԹԵ ՄԻԱՅՆ ՊԱՆԹԵՈՆՆԵՐՆ ԵՆ «ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ», ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ ՏՂԱՆԵՐԸ… հոդվածին

  1. Ու տեսնես հետո ո՞ւմ համար են ծաղկելու Լծենի չքնաղ անտառի ու դաղձաբույր, ուրցաբույր դաշտերի մանուշակներն ու անմոռուկները….դառը իրականություն է,նույն պատկերն է Հայաստանի բոլոր գյուղերում…

  2. Isk erb es avarteci 10-rd@ 1989-in,Angexakoti dprocum kar 415 ashakert,Isk aysor miayn……..190… ужас!!!!!!

  3. ba vor es el asem 1983-i tivy , vaxenum em 4havataq!!!

  4. Արև ջան Ուր էլ գնան,
    Ինչ էլ դառնան
    Կռունկի թևով ետ են դառնալու
    Ուրիշի երկրում չկա արև տաք,
    Հայոց աշխարհն է մեզ փայփայելու:

  5. Mary says:

    Երանի օրեր, երբ մանուշակ և ուրց էինք քաղում, երբ վայելում էինք մանուշակի և ուրցի բույրը, որը ոչ մի վայրում դեռևս չեմ հանդիպել, և կարծում եմ, բացի Լծենից, ուրիշ ոչ մի տեղ չեմ էլ հանդիպի…մանկության վայրերն ու հոտերը անփոխարինելի են…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *