ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԱԶԳԻ ԳԵՆԻՆ

«Անվտանգության խնդիրները` Հայաստանի բնակչության տեսանկյունից» թեմայի շուրջ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից մեր քաղաքի բնակիչների շրջանում անցկացված ուսումնասիրությունը առաջադրված հարցերի եւ դրանց տրված պատասխանների վերաբերյալ հետաքրքիր էր, ուստի մենք անհրաժեշտ համարեցինք մեր թերթում այն եւս տպագրված տեսնել:

Անուշ Ամիրյանը ծնվել է 1969թ-ին Սիսիանում: Տնային տնտեսուհի է, չի աշխատում որևէ հիմնարկ-ձեռնարկությունում, բայց, միևնույն է, աշխատում է, մշակում է սեփական տնամերձ հողամասը: Ունի 2 զավակ, մեկը` ուսանող, մյուսը`1-2 տարի հետո կդառնա: Կյանքը, ապրելակերպը թեև անտանելի է, բայց նա տանելի է համարում, որովհետև բնույթով է լավատես: «Շռայլությունը, շքեղությունը մեզ նմանների համար չէ»,-ասում է, բայց փառք է տալիս աստծուն և իր հումորին:
-Ի՞նչն է Ձեզ այսօր մտահոգում:
-Շա՛տ բան: Էս ի՞նչ օրի ենք: Աշխատանք չունեմ: Երեխաներիս չեմ կարող կարգին կրթության տալ, կիսատ-պռատ ապրում ենք: Ամուսինս Ռուսաստանում, եղբորս ընտանիքը` Ուկրաինայում, քրոջս ընտանիքը` Չելյաբինսկում: ՈՒ՞մ աչքն ենք լույս անում: Փայլուն երեխաներ ունեն, բայց արդեն հայերեն չեն գրում և կարդում: Տարիներով իրար երես չենք տեսնում: Ոչ մենք կարող ենք գնալ, ոչ նրանք կարող են գալ:
Իմ քաղաքի վիճակն է ինձ մտահոգում, մեր կանանց վիճակը,մեկի դեմքին ժպիտ չկա, դաշտերում, այգիներում խանձվում են, ինչ է` կարտոֆիլ ու կաղամբ մշակեն, որ տուն պահեն, երեխայի ուսման վարձը տան, դեռ շոր ու կոշիկ էլ գնեն:
-Ձեզ համար«անվտանգության խնդիրներ» գոյություն ունե՞ն, որո՞նք են դրանք:
-Իկարկե, ունեն: Երիտասարդները ճիշտ չեն դաստիարակվում, հեռուստացույցը պարզապես ավեր է անում, երեխաներս ինչ տեսնում` այն են սովորում, չեմ թողնում, արգելում եմ, բայց, հասկանու՞մ եք, իրենց սերնդակիցներից են «ետ ընկնում»: Ցավալի է: Ինձ համար անվտանգության խնդիր է ինտելեկտից զուրկ մարդու` պաշտոնյա դառնալը, «ջիպային և բջջային» մտածողությունը: Մարդիկ դարձել են նախանձ, անբարյացկամ: Միջակությունից է: Ինձ համար անվտանգության խնդիր է աղանդների անարգել գրոհը մեր մաքուր, զուլալ Սիսիան աշխարհի վրա:
-Ե՞րբ եք սկսել այդ խնդիրների մասին մտածել, ե՞րբ են դրանք սկսել իրենց զգալ տալ:
-Կոնկրետ ժամանակ չեմ կարող ասել: Երևի կամաց-կամաց կուտակվեց, կուտակվեց, ու այսօր նստվածք է տվել: Բարեկամությունից, հարևանությունից, շրջապատից կտրվում ենք. դատարկ ձեռքով ո՞ր հայը հյուր կգնա, գնալիս էլ… Երբ երեխաներս մեծացան, երբ տեսա, որ նրանց շորն ու կոշիկը չեմ հասցնում գնել, երբ ամուսինս ստիպված առաջին անգամ արտագնա աշխատանքի մեկնեց:
-Որո՞նք են Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքներն այսօր:
-Անհամերաշխությունը, տեղեկատվության, ճիշտ տեղեկատվության պակասը, ծերացող գյուղերը, դատարկվող գյուղական դպրոցները, փողով ընտրությունները, ստրկամտությունը, «հումանիտար օգնությունը», ապակողմնորոշող հեռուստացույցը, որը ամենամեծ սպառնալիքն է: Հենց նրա «շնորհիվ» ոչ միայն նոր սերունդը չգիտի, թե ինքն ով է, մենք էլ ենք սկսել կասկածել մեր ով լինելուն: Ո՞րն է այսօրվա մեր ազգային գաղափարախոսությունը. ջիպը, սերիալը, փողը, մինչդեռ մենք դաստիարակվել ենք այն ոգով, որ եղեռնից Մշո Կարմիր Ավետարան են փրկել մեր նախորդները:
-Ո՞ր ուժերն են այսօր ամենից մեծ սպառնալիքները ստեղծում Հայաստանի բնակչության համար(ՀՀ իշխանությունները, ընդդիմադիր քաղաքական ուժերը, ՀԿ-ները, Ադրբեջանը, Թուրքիան, միջազգային կազմակերպությունները):
-Ասեմ` մենք, ես. դու, մյուսը: Չեմ սիրում անորոշ պատասխան: Դա խուսափում է նշանակում: Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հայտնի կուսակցական ու հրապարակախոս մի կին պատգամավոր ասաց, թե` ես եմ մեղավոր, ուրեմն լավ չեմ աշխատել: Բայց այնպիսի տոնով ասաց, որ, բնավ, ինքն իրեն մեղավոր էլ չէր զգում: Սակայն իրականում նաև նա էլ էր մեղավոր: Ամեն մեկն իր հերթին ապակողմնորոշում է: Ինձ համար ամենաահավորն այն էր, որ մարտի մեկի դեպքերից հետո մերոնք մեզ անընդհատ Թուրքիայով և Ադրբեջանով էին սպառնում:
-Ո՞ր ուժերն են ի զորու ապահովելու Հայաստանի անվտանգությունը(ՀՀ նախագահը, ՀՀ իշխանությունները, ընդդիադիր կուսակցությունները, միջազգային կազմակերպությունները):
-Միայն մենք, մեր ժողովուրդը, նրա ազնիվ ինքնապաշտպանական բնազդը և մեր` հայի վերջին խելքը, որը երբեք առաջին չի դառնում: Կարծում եմ` բոլոր Ձեր թվարկած ուժերն ամենքն իր խաղն է խաղում, և բոլորն էլ` ժողովրդի գլխին: Սակայն, բոլոր դեպքերում, ի զորու են, թե ոչ, միշտ ու միշտ իշխանություններն են պարտավոր ապահովելու երկրի անվտանգությունը, որովհետև միշտ ցանկացած ամեն ինչի պատասխանատուն երկրում հենց իշխանությունն է:
-Որքանո՞վ է Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ազդում անձամբ Ձեր, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության վրա:
-Ինձ թվում է, որ դա հատուկ էլ չի կարգավորվում, որ մեր երկիրը լինի թույլ, խոցելի, հիվանդ, վիրավոր: Դա, գուցե, բոլոր ուժերին էլ ձեռնտու է, բայց ոչ` ժողովրդին ու պետությանը: Չկարգավորելով վտանգվում է հենց Հայաստան-Ղարաբաղ փոխհարաբերությունը, ինչը և փորձում են ոմանք շահարկել:
-Ո՞ր երկրներում է, ըստ Ձեզ, Հայաստանի համեմատ ավելի անվտանգ ապրելը: Դուք անձամբ եղե՞լ եք այդ երկրներում:
-Չգիտեմ, որևէ այլ երկրում չեմ ապրել, բայց այսօր տագնապ ունեմ և ամուսնուս, և քրոջս ու եղբորս ընտանիքների համար, որ օտար երկրում են, որքան էլ` ապահով, որքան էլ` բարեկամ, բայց` օտար, որովհետև մաշկի գույնն արդեն օտարություն է հուշում, իսկ այդ երկրներում էլ մարդիկ զերծ չեն մարդկային թուլություններից ու թերություններից: Մի բան էլ ավելացնեմ, սակայն. շատ հայերի բիզնեսը հենց օտար երկրներում է ծաղկում, քան Հայաստանում:
-Ո՞ր երկրներում է, ըստ Ձեզ, Հայաստանի համամատ ավելի վտանգավոր ապրելը: Դուք անձամբ եղե՞լ եք այդ երկրներում:
-Չեմ կարող ասել, չեմ եղել:
-Կարո՞ղ եք ներկայացնել «մեր թշնամին» արտահայտության բովանդակությունն ավելի մանրամասն. ինչպիսի՞ն է նա, ո՞վ է նա, ի՞նչն է նրան ամենից ճիշտ բնորոշում:
-Թուրքը գենորեն եկած թշնամի է ու մնալու է այնքան, քանի նրա խղճին ծանրացած է մեր արյունը: Բայց վայ այն հային, որ թուրքից ավելի վատն է և հային սպառնում է թուրքով ու սահմանից եկած կրակոցով: Մեր թշնամին մեր ազգի ոգին ջարդողն է, մեզ ստեր հրամցնողն է, մեր ազգային ակունքներից մեզ կտրողն է, մեր գաղափարախոսությունից մեզ հեռացնողն է, իսկ նրանք միայն մեր մեջ են: «Ոչինչ չի կարող կործանել այն ազգին, եթե նա ինքը չի ուզում կործանվել»: Սա ապացուցել է նաև մեր ողբերգական ու հերոսական պատմությունը:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք ապագայում անվտանգության և վաղվա օրվա երաշխիքի առումով, կլինի լա՞վ, թե՞ ավելի վատ, կապվա՞ծ է, արդյոք, դա ղարաբաղյան հակամարտության հետ:
-Հուսադրող ոչինչ իրականում չեմ տեսնում: Բայց հետևելով պատմական զարգացման օրինաչափություններին, կարծում եմ, որ այսպես չի մնա: 20-25 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ հզոր Սովետմիությունը կփլվի: Ես ամենից շատ ապավինում եմ մեր ազգի ներքին բնազդին, մեր ոգու կանչին:
-Ձեզ հետաքրքրու՞մ է ԶՄԼ-ների տրամադրած տեղեկատվությունը, վստավու՞մ եք դրանց:
-Հետաքրքրում է, և ինձ հետաքրքրող տեղեկություններ գտնում եմ: Բայց կցանկանայի, որ դա պետական մակարդակով լիներ: Եթե չես վստահում քո պետության թիվ 1 տեղեկատուին, նշանակում է` չես վստահում քո պետությանը: Ես կցանկանայի հակառակը լիներ: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ պետությունը, իմ հայ լինելը, իմ սիսիանցի լինելը, իմ դերը իմ ընտանիքում և կուզենայի, որ մեր պետական լրատվամիջոցները իրենց դերի կարևորությունը զգային, ոչ թե` արջի  ծառայությունը: Մասնավոր ալիքներին ոչինչ չեմ ասում, խոսքս պետական ալիքների մասին է: Մարտյան դեպքերն այնպես ներկայացրեցին, կարծես` հաղթել էին …թշնամու:

Զրույցը վարեց
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *