ԵՍ ՆՐԱՆՑ ՔՐՏԻՆՔԻՆ ՄԵՌՆԵՄ

2010_13

Մենք, որ սովոր ենք հանրահայտ Արթուր Մեսչյանին տեսնել կիթառով, նվագախմբի հետ,  պատկառանք ներշնչող, հանդիսատեսի հուզախռով հայացքի ներքո, մենք, որ սովոր ենք այդ անվանը համահունչ ընկալել «Տարօրինակ մարդ արարած», «ՈՒ՞ր էիր, Աստված», «Առաջ գիտեի, հիմա՝ չգիտեմ» եւ մյուս երգերի ազնիվ թրթիռները, նրա հետ հանդիպելու այլ առիթ ունեցանք, եւ բեմից դուրս նա նույնքան պատկառելի, նույնքան՝ առինքնող, նույնքան սիրելի ու ինքնատիպ էր:  Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ ու ճարտարապետ Արթուր Մեսչյանը Սիսիանում էր ոչ համերգային ծրագրով. քարերի արդյունահանման եւ մշակման «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» գործարան նրա այցը աշխատանքային էր՝ ճարտարապետի ու  շինարարի իր հիմնական առաքելությամբ: Գործարանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մատենադարանի շինարարությանն անհրաժեշտ հիմնական քարատեսակներն արտադրվելու են «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» գործարանում:
Աշխատանքային իր թանկ ու սուղ ժամանակից Արթուր Մեսչյանը ժամանակ տրամադրեց նաեւ մեզ՝ ընձեռելով բացառիկ այս հարցազրույցի հնարավորությունը, ինչը հաճությամբ ներկայացնում ենք ընթերցողին:

-Արթուր Մեսչյանին իրականում տեսնելը եւ նրա հետ հարցազրույց վարելը երազանքի նման մի բան է եղել նրանց համար, ովքեր ձեւավորվել-դաստիարակվել են Ձեր երգով, Ձեր երաժշտությամբ, ընդվզողի, ինչու չէ, նաեւ` առաքյալի Ձեր կերպարով: Ինձ նույնպես թույլ եմ տալիս նրանցից մեկը համարել ու շնորհակալ լինել այս հարցազրույցի հնարավորությունն ընձեռելու համար եւ Ձեզ ուղղել իմ առաջին հարցը. Դուք Սիսիանում եղել եք նաեւ համերգային ելույթով,  այս անգամ ո՞րն է սիսիանյան այցի  առիթն ու նպատակը:
– Ես կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր այց է, քան՝ համերգայինը կարող է լինել: Զուտ գործնական, զուտ ճարտարապետական առիթով եմ  Սիսիանում:  Քարերի արդյունահանման եւ մշակման գործարանում ընտրում ենք Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության ամենակարեւոր ճարտարապետական մասի՝ ճակատային լուծումների քարատեսակները: Շատ ուրախ եմ, քանի որ այն, ինչ տեսա այստեղ, հարյուր տոկոսանոց նախադրյալ է Մատենադարանի ճակատային մասը կառուցել այնպես, ինչպես պատկերացնում ենք:
– Դերենիկ Դեմիրճյանը Մատենադարանի մասին ասել է. «Այստեղ լռում են 15 դարեր, ու ես լսում եմ այդ լռությունը»: Որպես նոր մասնաշենքի կառուցման ճարտարապետ՝ Ձե՛զ համար ինչ խորհուրդ ունի այն:
– Միայն՝ պատասխանատվություն: Եվ՝ շատ մեծ:
– Պատահական չէ նաեւ, որ Դուք եք դարձել նման կառույցի նախագծի հեղինակն ու ճարտարապետը:
– Նոր չեմ դարձել: Նախագիծը կատարվել է դեռեւս 80-ական թվականներին: Ցավոք, 88-ի  երկրաշարժի օրը շինարարությունը դադարեցվեց, ու երկար տարիներ կիսակառույցն այդպես էլ մնաց: Երկու տարի առաջ, բարեբախտաբար, հնարավորություն ստեղծվեց շարունակել այն: Սա բոլորովին նոր կառույց է, որը պիտի համապատասխանի Մատենադարանի այսօրվա պահանջներին: Նորակառույց մասնաշենքի շնորհիվ Մատենադարանի գլխավոր մասնաշենքը կդառնա թանգարանային մաս եւ ցուցասրահ, իսկ ամբողջ ինստիտուտը, ուսումնական կենտրոնը, ռեստավրացիոն արհեստանոցները կտեղափոխվեն նոր մասնաշենք: Ամենակարեւորը, նոր մասնաշենքում նախագծվել է նաեւ պահոցը՝ ժամանակակից անվտանգության, օդափոխության, պահպանության համակարգերով, որտեղ պահպանվելու են մեր ամենամեծագույն գանձերից մեկը՝ մեր ձեռագրերը:
– Կարելի՞ է ասել, որ դա Ձեր մեծ երազանքն էր, որ իրականություն է դառնում:
– Ճարտարապետության մեջ ռոմանտիկ արտահայտություններ չկան: Այն պատասխանատվություն է եւ մասնագիտական պատրաստականություն: Տա Աստված, որ նոր կառույցը համապատասխանի մատենադարանյան ժամանակակից պահանջներին:
– Սիրելի՛ Արթուր, Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարության ամենակարեւոր՝ ճակատային լուծումների համար հատկապես ինչու՞ եւ ինչպե՞ս ընտրվեց  Սիսիանի «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» գործարանում արտադրված քարը:
-Ընդհանրապես ցանկացած աշխատանք կատարելիս շատ կարեւոր է իմանալ, թե ում հետ ես աշխատելու: Քանի որ Մատենադարանը մեծ համալիր է ՝ ինժեներական մասերի հագեցածությամբ, գործընկերոջ ով լինելու հանգամանքն ավելի է կարեւորվում: Երկրորդ՝ անձը, ում հետ աշխատելու ես, շինարարությանն անհրաժեշտ նյութերն արտադրելու ի՛նչ արտադրական հնարավորություններ ունի իր գործարանում: Գառնիկի՝ վառ անձնավորություն լինելը  եւ գործարանի առկա հնարավորությունները հարյուր տոկոսանոց երաշխիք տվեցին, որ գլխավորապես աշխատենք  կոնկրետ այս գործարանի հետ:
– Դուք շրջեցիք արտադրամասերում, ծանոթացաք արտադրանքին, ի՞նչ տպավորություն ստացաք:
– Շա՛տ լավ: Ինձ համար գործարանը սկսվում է բանվորից, որին ես ճանաչում եմ շատ վաղուց՝ դեմքի արտահայտությունից: Խնդիրը քարը չէ, քար է, կտաշեն: Ամենամեծ արժեքը, հաստոցներից առաջ, որ ունի Գառնիկը, այդ հաստոցի կողքին աշխատող լավ տղաներն են, որոնց տեսա: Ես նրանց քրտինքին մեռնեմ:
– Սպասելի՞ էր Ձեզ համար, որ ճարտարապետի եւ շինարարի Ձեր ճաշակը գոհացնող եւ Մատենադարանի շինությանը վայել համապատասխան որակի ու տեսակի քարերը կգտնեիք մայրաքաղաքից բականաչափ հեռու բնակավայրում:
– Իհարկե, սպասելի էր: Ես սկզբում ասացի, որ ինձ համար շատ կարեւոր է, թե ում հետ եմ աշխատելու, եւ արդեն դա գիտեի: Մյուս կողմից՝ ինձ համար Հայաստանը փոքր երկիր է, եւ, ցավոք սրտի, հեռու տեղ չունի: Հեռու եւ մոտ լինելու խնդիր չկա:
Կարեւորն այն է, թե ինչպես ես զգում Հայաստանը: Իմ ուշադրության, իմ սիրո, իմ հարգանքի տարածքի  մեջ հավասարապես տեղ ունեն թե՛ Վանաձորը, թե՛ Շիրակը, թե՛ Սիսիանը: Արժեքային համակարգի տեսանկյունից Սիսիանը ոչ մի բանով պակաս չէ: Ինձ համար կարեւորն այն է, որ Սիսիանը երբեւէ գավառ չի եղել, որովհետեւ ունի զարմանալի բնակչություն, կռվող, թասիբով, վառ ժողովուրդ, ես էլ ունեմ մեծ թվով  ընկերներ: Հեռու-մոտ լինելը արժեքային համակարգի մեջ չպիտի դիտել:
– Սիրելի՛ Արթուր, թեեւ սիսիանյան Ձեր այս այցի հիմնական նպատակը գործնական է եւ շինարարության հետ առնչվող, բայց, կարծում եմ, զրուցել ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ եւ չխոսել նրա երգի, երաժշտության մասին, ճիշտ չի լինի:
-Քանի որ Սիսիանում եմ կոնկրետ ճարտարապետական ծրագրերով, երգով ոչ միայն չեմ զբաղվում, այդ մասին չեմ էլ ցանկանում խոսել ընդհանրապես:
Իմ մասնագիտությունը ճարտարապետությունն է, երաժշտությունը իմ հաճույքն է, որով մեկ-մեկ թույլ եմ տալիս ինձ զբաղվել:
Վերջերս համերգային մեծ շրջագայություն ունեցա: Այն նախատեսվեց միայն իմ արձակուրդի ընթացքում: Արձակուրդն ավարտվեց, երաժշտությունն էլ՝ հետը: Կիթառը փակվեց, դաշնամուրը փակվեց, եւ ասացի՝ տղերք, ի գործ:
– Եվ, այնուամենայնիվ, երգիչ-երգահան Արթուր Մեսչյանը եւ ճարտարապետ Արթուր Մեսչյանը նմա՞ն են իրար եւ խանգարու՞մ են իրար:
– Իհարկե, խանգարում են, որովհետեւ անհնար է միաժամանակ մի քանի գործով լուրջ զբաղվել: Երբ զբաղվում եմ ճարտարապետությամբ, երաժշտության մասին խոսք լինել չի կարող: Եղել է ժամանակահատված, որ երաժշտությամբ 7 տարի, նույնիսկ՝ 8 տարի չեմ զբաղվել: Եթե հաշվենք նաեւ իմ տարիքը, կտեսնենք, թե կյանքիս ընթացքում երաժշտությունն ինչքան քիչ տեղ է գրավել: Իմ կյանքի ընթացքում ունեցել եմ ընդամենը 60 համերգ, ընդամենը՝ 60: Եթե հաշվի առնենք, որ ամեն մի աստղ ամիսը 30 համերգ է տալիս, կտեսնենք, որ ես երաժշտության մեջ չեմ էլ մտել, քայլել եմ կողքից, ու չգիտեմ՝ ինչ է ստացվել, ինչ չի ստացվել: Սա է իրականությունը:
– Բայց Դուք սիրված եք թե՛ որպես ճարտարապետ, թե՛ որպես երաժիշտ:
– Ես ավելի շատ կգնահատեի, եթե ինձ որպես մարդ սիրեին: Մնացածը մասնագիտություններ են:
– Ձեր երգը նաեւ մի քանի սերնդի հոգու աղոթքն էր, ճաշակի եւ աշխարհընկալման չափանիշը: Մերօրյա սերունդը, ցավոք, չունի իր Արթուր Մեսչյանը, ու, դժբախտաբար, չգիտի նաեւ, թե ինչից է զրկված:
– Շատ պատասխանատու բաներ եք ասում ինձ համար: Ես միայն մի բան գիտեմ, որ ազնիվ եմ եղել իմ երաժշտության եւ իմ բանաստեղծության մեջ: Թե դա ինչ ազդեցություն է թողնում, ես չեմ որոշում: Ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է էսօրվան, ոչ ոք չգիտի, թե ով է ծնվել, ասենք, թիվ մեկ ծննդատանը եւ ինչ է բերելու նա: Ոչ ոք չգիտի: Դարձյալ ժամանակը ցույց կտա:
– Սիրելի՛ Արթուր, անցյալ տարի լրացավ Ձեր 60 ամյակը: Ինչպես կբանաձեւեք Ձեր անցած ճանապարհը:
– Հետաքրքիր էր, հետաքրքիր էր: Եվ կարող եմ ասել, որ ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ բավականին բան եմ տեսել, բավականին փորձություններով եմ անցել եւ մինչ օրս դեռ էդքան էլ չեմ փչացել:
– Քանի որ առջեւում մեծ ծավալի շինարարական աշխատանք է սպասվում, այս այցը գործարան կարելի՞ է համարել միայն որպես սկիզբ:
– Բնականաբա՛ր: Կարծում եմ, որ նվազագույնը ամիսը մեկ անգամ պետք է գամ, որովհետեւ պիտի տեսնեմ կտրվող յուրաքանչյուր քարատեսակի առաջին օրինակը, որ սիրտս հանգիստ լինի:
– Ի՞նչ կավելացնեք:
– Լա՛վ եղեք:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

 

984 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *