ԵՍ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ՄՈՐՍ, ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ ՇԱՏ ՄԱՅՐԵՐ ՈՒՆԵՄ…

Ութ ամիս է` ինչ Անգեղակոթում հյուրընկալվել է Խաղաղության կորպուսի կամավոր Անդրեա Գրանտը: Նա աշխատում է աշակերտների հետ, դասավանդում է դպրոցում: Գյուղացիների սիրտը շահած բարի ժպիտով, մեղրագույն մազերով այս ամերիկուհին արդեն հասցրել է «դառնալ» անգեղակոթցի` նախասիրություններով, հումորով, էներգիայով: Նրա համար բավականին հետաքրքիր են գյուղը, անգեղակոթցու պարզ կյանքն ու կենցաղը: Տեսախցիկից անբաժան` նկարում է ամեն ինչ` գյուղական մի հին տուն, ցանկապատ, անգամ` ալյումինե հնամաշ թավա… Նրան կարելի է տեսնել գյուղի ցանկացած կետում, եւ միշտ` բարձր տրամադրությամբ: Վերջերս նրան հրավիրեցի  ճաշելու. «ուրբաթի» նման շատ լավ խոսում է հայերեն, համենայնդեպս`հասկացնում է ամեն ինչ: Անգլերենին հատուկ շեշտադրությամբ կիսվեց Անգեղակոթ ոտք դնելու իր առաջին տպավորություններով:
– Առաջին օրերին հուզված էի, մի փոքր վախ կար, բայց դա միայն սկզբում էր: Հիմա ինձ շատ լավ եմ զգում Անգեղակոթում: Աշխատանքով, եռուզեռով, բարի դեմքերով լի մարդկանց բավականին հետաքրքիր է գյուղի կյանքը, այն շատ է տարբերվում քաղաքի կյանքից ու իմ ապրած կյանքից: Գյուղի մարդը շատ աշխատասեր է, եռանդով լի: Գարնանը հողագործները հասցնում են ամեն ինչ մշակել` ամբողջ տարվա համար, եւ իրենց կյանքը կապում են այն մշակաբույսի հետ, որը մշակում են: Դա ինձ համար շատ հետաքրքիր է :
Անդրեան հասցրել է կարճ ժամանակում նկատել անգեղակոթցու լավագույն կողմերը, որի մասին ասում է`
Այստեղ թասիբը, պատիվը, մեծահոգությունը կարեւոր հասկացություն են: Որքան մեծ է մարդու թասիբը, այնքան բաց է նրա սիրտը: Նրանք պատրաստ են ցանկացած առիթով սեղան գցել: Գառնուկ են մորթում, և սկսվում է տոնախմբությունը…Հրաշք է: Հայերի հյուրասիրության մասին գիտեն բոլորը: Հայերը կարծում են` որքան շատ ես սեղան գցում, այնքան շատ քեզ է վերադառնում: Ես  տպավորված եմ հայերի, հատկապես` անգեղակոթցիների հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ:
Եվ մինչ մեծ ախորժակով համտեսում էինք բանջարեղենից միասին պատրաստած աղցանը, Անդրեան նշեց, որ իրեն անչափ գրավել է հայկական ավանդական խոհանոցն ու ուտեստների պատրաստման եղանակը: Մեծ ոգևորությամբ պատմեց, թե ինչպես է կարողացել պատրաստել ավելուկ, շուշան, սպաս, որն, ի դեպ, առաջին անգամ Անգեղակոթում է կերել և շատ է հավանել:
Գյուղում գրեթե բոլորին ճանաչում է: Եվ, ինչպես ինքն է ասում` «positive», ապա խոսում այն ամենի մասին, ինչն իրեն այդքան հիացրել է Անգեղակոթում:
-Երբ առավոտյան լույսը բացվում է, հայ կինն ամուսնուն ճանապարհում է աշխատանքի, իսկ ինքը զբաղվում է տնային գործերով: Իսկ տատիկնե~րը …չնայած ծանր աշխատանքին, «կոշտությանը», «կոպտությանը», անսահման բարի են… եւ` ավանդապահ: Փորձում են գեղեցիկ խորհուրդներով իրենց հարսներին սովորեցնել գյուղական այն ավանդույթները, որը եկել են դարերից: 
Երեկոյան արևն իր ամբողջ ուժով չի ուզում հեռանալ գյուղից` տեղը դժվարությամբ զիջելով գիշերվան, որ հաճախ զարմանում ես`  ինչո՞ւ արևն անընդհատ չի կարող լինել:  
Այստեղ մեծ շուքով են նշում տոները, օրինակ` Նոր տարին, Տրնդեզը: Անգեղակոթում այնպիսի նվիրումով են նշում Տրնդեզը, որ ինձ երջանիկ եմ զգում` իմանալու համար: Հայ կանայք են գեղեցկացնում այդ տոները, հայի օջախը դարձնում առավել իմաստալից, առավել կախարդական:
Նրա կարծիքով` երեխայի դաստիարակությունը հայ ընտանիքներում հիմնականում, եթե ոչ` ամբողջությամբ, մոր ձեռքերում է: Հայ մայրերը համառ են, հոգատար. նրանք  իրենց ուսերի վրա են կրում ընտանիքի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` երեխաների դաստիարակությունը:
Այնուհետև շատ վստահ ավելացնում է.
Իհարկե, բոլոր ազգերը միմյանցից տարբերվում են պատմությամբ, մշակույթով, սովորույթներով, մտածելակերպով, կենսակերպով, բայց մյուս ազգերի համեմատ` հայ մայրերը տարբերվում են առավել հոգատարությամբ և սիրով:
Հազիվ զսպելով արցունքները` այս նրբազգաց օտարերկրացին սկսեց պատմել  իր պատմությունը.
-Չկան այն բառերը, որ նկարագրեն, թե որքան եմ կարոտում մորս, ես շատ վաղուց կորցրել եմ նրան… բայց այստեղ զգացել եմ, թե ինչ է մայրական քնքշանքը, Անգեղակոթի կանայք առաջին իսկ օրվանից տվել են ինձ մայրական ջերմություն, հոգատարություն… Երբ հրավիրում են իրենց տուն, նստեցնում են պատվավոր տեղում, լցնում են թեյս, մոտեցնում են մուրաբան, շաքարավազը, և ամեն հոգատար վերաբերմունքից ակամա արցունքոտվում են սիրտս, հոգիս և հետո` աչքերս….նրանք բոլորը ինձ մոր նման են: Ես այստեղ շատ մայրիկներ ունեմ ու սիրում եմ բոլորին:
Չնայած Անդրեան Անգեղակոթում երկու տարի պիտի մնա, բայց բոլորովին չի բացառում, որ եթե հանդիպի լավ, խելացի տղայի, կամուսնանա ու կապրի այստեղ: Նրա կարծիքով` հայ տղամարդիկ ավելի ուշադիր են, հոգատար, ընտանիքասեր, գեղեցիկ, հաջողակ, տաքարյուն…
-Հայ տղամարդիկ աշխատասեր են, նվիրված, հայրենասեր, եւ, ի տարբերություն մյուս ազգերի տղամարդկանց, նաեւ հանգիստ են, բայց միևնուն ժամանակ` խանդոտ, և որքան խիստ, նույնքան` սիրալիր: Հարգալից են, սիրում են իրենց կանանց, երեխաներին և ամբողջ կյանքում աշխատում են հանուն ընտանիքի: Հայ հայրը մեծարված է ընտանիքի բոլոր անդամների կողմից` «Perfect»:
Ամերիկուհին զարմանքով արտասանում է «խոպան» բառը, որը շատ անհասկանալի է իրեն, որքան էլ երևույթը բացատրում ես, միևնուն է` նրա համար խորթ է…
Թվում է` քիչ բան է մնացել աշխարհում, որ քաղաքակիրթ մարդու զարմանքը շարժի…. Բայց արի ու տես, որ զարմանալ դեռ հնարավոր է…Անգեղակոթում իր հետ կատարված տարբեր դեպքեր պատմեց…Մեկը, սակայն, ավելի էր զարմացրել իրեն, և վերհիշելիս զգացվեց ակնհայտ հիացմունքը, որը դժվարանում էր բառերով արտահայտել… Ասաց, որ երբ մի անգամ տանը չի եղել, հարևանուհին պարանից հավաքել է իր լվացքը, որպեսզի շորերն անձրևից չթրջվեն… Տեսնել էր պետք` որքա~ն երախտապարտ էր և որքան զարմացած…
Զգացմունքներին տեղի չտալով, ավելացնում է`
-Այստեղ շատ բաներ կան, որ կմնան իմ հիշողության մեջ` ամենուր աննկարագրելի գեղեցկություն, ինքնատիպ բնություն: Ինձ զգում եմ ինչպես հեքիաթում` ապրում եմ քարից կառուցած բնակարանում, սնվում եմ բնական ուտելիքներով, շփվում եմ հաճելի մարդկանց հետ:  Խաղում եմ երեխաների հետ,  նրանք հիշեցնում են իմ մանկությունը, նրանց մեջ ինձ եմ տեսնում…
Այսպես է Անգեղակոթի կյանքը, ներողություն, իմ կյանքը Անգեղակոթում` լի հետաքրքիր երանգներով:
Երբ քայլելով հասանք մի կետի, որտեղից երևում էր ամբողջ գյուղը` փարթամ բնությամբ, ես նրան պատմեցի մի պատմությունը. «Աստված երբ ստեղծեց աշխարհը, բաժանեց երկրագունդը` ըստ ազգությունների: Լուր ուղարկեց, որ գան բոլոր ազգերը և այս աշխարհից վերցնեն իրենց բաժինը :
Եկան ֆրանսիացիները, գերմանացիները, ռուսները… Աստված իր առատաձեռնությամբ բոլորին հող տվեց: Երբ արդեն երկրագնդի ամբողջ մակերեսը բաժանված էր, Աստված ցանկացավ հանգստանալ: Հանկարծ  հեռվում աղմուկ բարձրացավ: Ինչ-որ մարդիկ եկան: Աստված զարմացավ` ովքե՞ր են այսքան ուշացումով գալիս ու հարցրեց .
-Դուք ո՞վ եք:
-Հայեր ենք: Ուշացանք, ներող եղեք: Եկանք` մեր բաժինը տաք:
Այդժամ Աստված պատասխանեց.
-Սիրելի զավակներս, ես այլևս բաժանելու բան չունեմ: Ի՞նչ անեմ:
Քիչ մտածելուց հետո ավելացրեց .
-Լավ, ձեզ կտամ այն բաժինը, որ պահել էի … ինձ համար:
Այդ պատճառով է, որ Հայաստանը կոչվում է «Երկիր դրախտավայր»:
Հարցիս` համամի՞տ է այս մտքին, Անդրեան պատասխանեց`
-Ամեն տեղ ծառեր կան, անտառներ, բայց միայն Անգեղակոթում եմ տեսել, որ հայ մարդը խոսի այգու տնկիների հետ, այնպես` ինչպես հայրը կխոսեր որդու հետ…Ամենուր թռչուններ կան, և մարդիկ նրանց կերակրում են հացի փշրանքով, բայց միայն այստեղ` Անգեղակոթում են նրանց հետ խոսում  իբր` ի՞նչ խաբար ես բերել… Հա, Անգեղակոթը մի փոքրիկ մասն է այդ դրախտավայրի:
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Անգեղակոթ

4 մեկնաբանություն ԵՍ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ՄՈՐՍ, ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ ՇԱՏ ՄԱՅՐԵՐ ՈՒՆԵՄ… հոդվածին

  1. Barers aynqan qic en vor artahaytem zgacacs, arcunqners hosum en ankax indznic, karotelem hayastan@, patmutyun@ hascrec indz I’m hucherov Sisian, eraxtapart em sisiancinerin, im harazat u lav @nkernerin, chnorhakal em hracq nyuti hamar:

  2. Seda Dallakyan says:

    Անդրեա ջան, շաաաաաաաաատ շնորհակալություն։ <3

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *