ԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՀՈՂԸ, ՈՐԸ ԴՈՒՔ ԵՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ…

Անգեղակոթյան ծագմամբ Վյաչեսլավ Թադեւոսյանը, ինչպես ինքն է ասում, պատահաբար է դարձել Նորավան գյուղի բնակիչ: Երբ ցանկանում էինք տեսնել նրան Նորավանում, այդ անուն-ազգանունը տարակուսանք առաջացրեց գյուղացիների մոտ, իսկ երբ ասացինք՝ լյոտչիկը, անմիջապես ցույց տվեցին նրա տան տեղը: Գյուղի երեխաներն էլ նրան «լյոտչիկ ձյձյա» են ասում: Վյաչեսլավ Թադեւոսյանն ասում է, որ իրեն՝ վաղուց «երկինքը» թողած տարեց մարդուն, հիմա մեծ բավականություն է պատճառում այդ դիմելաձեւը… որի մեջ խտացված է իր կենսագրությունը, ճակատագիրը, աշխատանքը, նաեւ՝ կյանքի իմաստավորումը:

«19 56 թվականին մեծ եղբայրս ինձ տարավ Բաքու, ուզեց, որ երաժտություն սովորեմ, ջութակ նվագեմ, բայց ես միայն մի բանի մասին էի երազում՝ լյոտչիկ դառնալ: Իսկ երբ գնացի բանակ, ծառայությունս Մոսկվայում էր, խնդրեցի, որ նման զորամասում ծառայեմ, ու առաջին անգամ իսկական լյոտչիկ տեսա, իսկական ինքնաթիռ: Ծառայությունս լավ կատարեցի, աչքի ընկա, ու ինձ ուղարկեցին մասնագիտական ուսումնարան սովորելու: Իմ երազանքը կատարվեց, ես դարձա օդաչու: Կեսկատակ-կեսլուրջ ասում էինք, որ օրվա մեջ 3 մայրաքաղաքում հաց ենք ուտում: Դա, իրոք, այդպես էր: Հատուկ չվերթով ամենօրյա փոստն էինք տանում…»,- պատմում է Վյաչեսլավ Թադեւոսյանը:

Ծնվել է Անգեղակոթում՝ 1940-ին, ապրել Բաքվում, ապա Մոսկվայում, իսկ 78-ին, դեպքերի բերումով, ընտանիքով տեղափոխվել Հայաստան: Աշխատանքի է անցել Երեւանի Էրեբունի օդանավակայանում: Բայց ազգությամբ ռուս բժշկուհի կինը, ինչպես ինքն է պատմում, չի կարողացել հարմարվել հայկական միջավայրում, եւ 2 տղաների հետ վերադարձել է Ռուսաստան…Բաժանվել են առանց ավելորդ խոսքուզրույցի, իսկ ինքը վերադարձել է իր ծննդավայր Անգեղակոթ… Փորձել է վերաշինել հայրական օջախը, նոր ընտանիք կազմել, ունեցել երկու զավակ, իսկ երբ 1986-ին արդեն գործարկվել է Սիսիանի օդանավակայանը, հրավիրվել է աշխատանքի որպես օդանավակայանի պետի տեղակալ եւ տեխնիկ… իր ասելով՝  «պատահականորեն» դառնալով նաեւ նոր բնակատեղի տեղափոխված Նորավանի բնակիչ: Պատմում է, որ մի հանձնարարություն կատարելու նպատակով իրեն ուղարկել են Նորավան, որը օդակայանին շատ մոտ էր, ու իր համար «հայտնաբերել է» եւ Նորավանի տեղը …ու 1988-ին ընտանիքով վերահաստատվել է Նորավանում:

Թվում է՝ սովորական մարդու սովորական կենսագրություն… Բայց՝ թվում է…

88-ից նրա կյանքն էլ շրջադարձորեն փոխվել է, ինչպես՝ բոլորիս կյանքը: Իսկ «լյոտչիկ ձյաձյայի» համար՝ կտրուկ…

«Արդեն ազգամիջյան բախումները սկսել էին… հիշու՞մ եք այն դեպքը, որ Նորավանի՝  2 հազար գլուխ ոչխարի հոտը գողացան… Գյուղսովետի նախագահ Վահրամ Բարսամյանի հետ անմիջապես մտանք շարժման մեջ, 84 հոգանոց ջոկատ կազմեցինք, համարյա ողջ գյուղը ոտքի կանգնեց կենսական նշանակության օբյեկտները պաշտպանելու:

Իսկ որքա՜ն կարեւոր էր օդանավակայանի աշխատանքը: Հիմա մի տեսակ կարծես մոռացության է տրվել, չեն ասում, չեն հիշում, չեն գրում, բայց այդ տարիներին՝ 89-92 թվականներին, հսկայական աշխատանք կատարեց Սիսիանի օդանավակայանը: 500-600 տոննա բեռ ենք տեղափոխել Ղարաբաղ: Մեկ թռիչքի ժամանակ տեղափոխում էինք 1 տոննա բեռ, դե պատկերացրեք՝ քանի թռիչք ենք կատարել:

Ողջ Սիսիանի ժողովուրդն էր օգնություն հավաքում, բոլոր հիմնարկները, կազմակերպությունները, ուղարկում էինք ամեն ինչ՝ սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, դեղորայք, ամեն-ամեն ինչ: Ու փոխադարձ վստահությունն այնքան մեծ էր, որ որեւէ մեկից որեւէ փաստաթուղթ չէինք վերցում…»:

Ասում է, որ երբ Բաքվի ղեկավարությունը գլխի էր ընկել, փոխել էին Ստեփանակերտի օդակայանի հայ պետին եւ  ադրբեջանցի նշանակել, ով արգելել էր Սիսիանից եկող թռիչքները: «Բայց օգնությունը տեղ հասցնելու ձեւը գտանք,- ասում է Սլավիկ Թադեւոսյանը,- թռիչքի ուղղությունը փոխեցիքն դեպի Մարտակերտի օդակայան: Թուրքերը դա էլ էին գլխի ընկել ու հերկել թռիչքուղիները: Սակայն կարողանում էինք վայրէջք կատարել թռիչքուղիների եզրերով… Ի՜նչ օդաչուներ էին, 3-4 երիտասարդ երեւանցի տղաներ, ափսոս, անունները չեմ հիշում…»:

Հետո, մտովի վերադառնալով այն պատվական օրերը, բազմաթիվ հետաքրքիր դեպքեր է հիշում, վերհիշում իր հանդիպումները նշանավոր մարդկանց հետ: Առանձնակի խանդավառությամբ պատմեց հետաձգված թռիչքի մի պատմություն, որի բոլոր ուղեւորները Ղարաբաղ թռչող հարսանքավորներ էին:

Ասում է, որ երբ այդ մասին տեղյակ պահեցին Սիսիանի շրջկոմի, գորկոմի ղեկավարությանը, նրանց նախաձեռնությամբ բոլոր հարսանքավոր-ուղեւորներին տեղափոխեցին Սիսիան, հրապարակում մի լավ հարսանիք կազմակերպեցին, նվերներ տվեցին, հետո ճանապարհեցին Արցախ…

…Թե ինչո՞ւ հետո կյանքը փոխվեց, մարդկային հարաբերությունները փոխվեցին, այդպես էլ չի կարողանում հաշտվել…

Իսկ մինչ օրս իր համար անբացատրելի է մնում այն, թե ինչու 1992 թվականի վերջին փակվեց այդքան կարեւոր եւ կենսական նշանակություն ունեցող Սիսիանի օդակայանը, հետո՝ թալանվեց ու դարձավ անպիտան… ու «լյոտչիկի» իր կենսագրությունը թերի մնաց…

Ասում է, ու աչքերը լցվում են: Ու կարծես իրեն մեղավոր է զգում, որ արցունքներ են երեւում. մտովի հանդիմանում է իրեն. տղամարդուն, լյոտչիկին, պատերազմի բովով անցած մարդուն արցունքը չի սազում՝ մտածելով, ապա փորձում է արդարացնել իր մարդկային «թուլությունը»… հուզմունքն ու արցունքը վերագրելով առաջացած տարիքին՝ եւ ասում է՝ դե մեծ մարդ եմ էլի… արդեն 75 տարեկան…

Բայց՝ հոգու մեջ երկինք ունեցող ու թռիչքի ճախրանքը վայելած մարդը չէր կարող ապրել առանց նոր «թռիչքի», եւ 53 տարեկան հասակում անմիջապես զինվորագրվել է արդեն կազմավորված հայկական բանակին, մասնակցել Արցախի ազատագրման մարտերին ու մարտական շարքերում մնացել մինչեւ 1999 թվականը, երբ արդեն պիտի կենսաթոշակի գնար:

  «1993 թվականի հունվարին դիմում գրեցի եւ մտա 3-րդ վաշտ, հրամանատարի տեղակալ, իսկ իմ առաջին մարտը մարտի 31-ին էր, երբ զոհվեցին մեր տղաները, նաեւ՝ Վուրգը»,-ասում է ու կրկին սեղմում կոկորդը եւ հուզմունքը կրկին փորձում արդարացնել… առաջացած տարիքով:

Զրուցեցինք նաեւ շփման գծում այս օրերին տեղի ունեցող մարտական գործողությունների, մեր զոհված տղաների, իր ստացած «Ծովակալ Իսակով», Վարդան որդու՝ «Գարեգին Նժդեհ» մեդալների, եւ այդ ֆոնին՝ ամենաանարժան ու պատահական մարդկանց եւս «Գարեգին Նժդեհ» մեդալավ «պարգեւատրելու» մասին: Ու կրկին ափսոսանքն էր, թե այն նիրական զարթոնքի տարիների արժեքները ինչո՞ւ այսպես էժանացան…

Ինքը, գոնե, իրեն դուրս է դնում էժանագին հարաբերություններից, ապա, նրբորեն փոխելով զրույցի թեման, սկսեցինք խոսել իր զավակներից: Ռուսաստանում ապրող ավագ որդիների հետ պահպանվել է փոխադարձ կապը: Իսկ 27-ամյա Վարդան որդին զինվորական է եւ ծառայում է Նորավանի զորամասում, մասնակցել է Աղոթարանի դիրքերը մեր ուժերի վերահսկողության տակ վերցնելու գործողություններին ու անչափ շատ է հպարտանում դրանով: «Աղոթարանի բարձունքից Սիսիանն այնքան գեղեցիկ է՝ ասես՝ ափիդ մեջ, ու դու աշխարհի տեր ու տիրակալն ես»,-ասել է որդին:

Հետո, կրկին անթաքույց հուզմունքով պատմում է, որ երբ Վարդանը հայրենիքի հանդեպ զիվորական պարքտն էր կատարում, բանակից ծնողներին ուղարկած նամակներից մեկում գրել էր՝ «Հայրիկ, ես հիմա պաշտպանում եմ այն հողը, որը դու քո ընկերների հետ եք ազատագրել: Ես հպարտանում եմ ձեզանով…»:

Հա, հենց այսպես՝ շատ հայկական, շատ՝ ազգային ճակատագիր, որ հայրերի, պապերի ազատագրած հողը որդիներն ու թոռներն են պաշտպանում, ու թանկ, անասելի թանկ գին ունի այդ հողը…հայ զինվորի արյան գինը…եւ սիրո վարձատրությունը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

28.01.2105

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *