ԵՎ ԱՅՍՊԵՍ՝ ԴԵՊԻ Ո՞ՒՐ…

Ասում են՝ խորհրդային տարիներին սիսիանցի ուսանողները աթեիզմի քննությունը մեխանիկորեն են միշտ ստացել… և այդ հոգևոր բացը այսօր լցվել է տարբեր տեսակի աղանդավորների քարոզչություններով: Երբ փորձում ես զոմբիացած մեկին մի բան բացատրել, հարձակվում են վրադ, քիչ է մնում՝ հում-հում ուտեն…. «Աղանդավոր» բառից էլ կատաղում, գալիս են վրադ կռիվ…

Հունիսմեկյան նվերներ էինք բաժանում Նար-Դոս 1 հասցեում գտնվող հանրակացարանի շենքում Ֆելիքս Հովհաննիսյանի և այլ երիտասարդների հետ, երկու րոպե հետո պարզեցինք, որ շենքի մեծամասնությունը աղանդավոր է, ավելին՝ իրենց երեխաներին էլ ճամբար են ուղարկում «Կոմունալի» շենքում հաստատված, իրենց խոսքերով ասած, Գորիսից եկած ավետարանչականների մոտ, ովքեր քաղցրավենիքով, ուտելիքով իրենց կողմն են գրավում կիսասոված ժողովրդին: Երբ մորը բացատրում ես, որ պետք չէ երեխային այդտեղ ուղարկել, պատասխանում է՝ բա սոված է, դո՛ւք հաց տվեք, չուղարկեմ, համ էլ դրսում խաղալու տեղ չկա, ավետարանչականների մոտ էրեխեքի հետ ամբողջ օրը խաղեր են խաղում: Պատասխանում եմ՝ խմբակների ուղարկե՛ք, ասում է՝ էն ժամանակները չեն, որ պիոներ պալատում 200-300 դրամանոց վարձավճարով խմբակներ գործեն, հիմա 2-3000 դրամ է, բա ես էդքան փող ո՞ւնեմ: Ու այդպես մի ամբողջ շենք…

Կեսօրվա ժամերին՝ Սիսիանի զինկոմիսարիատի կողքով քայլելիս, կարելի է տեսնել տոպրակներով ինչ-որ տեղ շտապող մարդկանց, հատկապես՝ երեխաների: Հարց  է ծագում. ո՞ւր են գնում, այս երեխաները հիմա պետք է դպրոցում լինեին: Պարզվում է՝ գնում են Հ.ՈրոտնեցDSC00441ի փողոցում գտնվող Սիսիանի Հայ Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցի կոչվող հոգեորսների բույնը:

Հոգևոր-կրոնական գիտելիքներ չունեցող մարդկանց այդ երկար վերնագիր ունեցող աղանդը ծիծաղելի կերպով պնդում է, որ իր ու հազարամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միջև ոչ մի տարբերություն գոյություն չունի: Այս դեպքում մենք իրենց հարց ունենք ուղղելիք. տարբերություն չունենալու պարագայում ի՞նչ կարիք կա առանձնանալու և մի այլ՝ նոր տեսակի «եկեղեցի» հիմնելու բնակելի տանը: Եթե տարբերություն չկա, ի՞նչ կարիք կա կրկնամկրտություն անելու: Եթե տարբերություն չկա, ի՞նչ կարիք կա քրիստոնեական նոր ուղի ցուցանշելու, չէ որ մեր դարավոր եկեղեցին դա հավուր պատշաճի արել է ու անում է: Մնացած «չեղած» տարբերություններից էլ չենք խոսում:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը, երբ տարիներ առաջ սնունդ էր տալիս սոցիալապես անապահով խավին, փակվեց՝ ֆինանսների բացակայության պատճառով, և աղանդավորները ստանձնեցին այդ «առաքելությունը», այժմ իրենք են ճաշ տալիս սոցիալապես անապահովներին, և ոչ միայն՝ ճաշ…

Էլ չեմ կանգնեցնում այդ մարդկանց, չեմ համոզում, որ այդտեղ չգնան, մարդիկ սոված են, իսկ, ըստ Մասլոուի «պահանջմունքների բավարարման բուրգի», նախ անհրաժեշտ է բավարարել մարդկանց սննդի խնդիրը, հետո նոր միայն  անցնել հոգևոր կարիքների բավարարմանը… սակայն «մարդ միայն հացով չի ապրում»:

Այն իրավիճակ համար, որ այսօր տիրում է Սիսիանում, որ միայն Որոտնեցի փողոցում և նրա հարևանությամբ քանի-քանի աղանդավորական հավաքատեղիներ կան, որ սնկի պես աճել են, մեղավորը ես եմ, դու ես, իշխանություններն են, անտարբեր հասարակությունն է: Նախ՝ ինչո՞ւ քո ժողովուրդը սոված լինի, որ հոգեորսի ձեռքն ընկնի, ինչո՞ւ են իշխանությունները թույլ տվել, որ աղանդավորները գան և լցվեն մի փոքրիկ քաղաքում, ինչո՞ւ երկրի օրենսդրական դաշտը այնքան բաց լինի, որ եթե այսօր Հայ Առաքելական եկեղեցու զավակը դատի տա Եհովայի վկային կամ էլ ինչ-որ մի ուրիշ աղանդավորականի, համոզված չէ, որ իր քրիստոնյա երկրում իր շահերը կպաշտպանեն: Ինչո՞ւ մարդ չունենա այն վստահությունը, որ կարող է համարձակորեն դուրս գալ աղանդավորի դեմ՝ մեղադրելով նրան ազգադավության մեջ, և վերջում իրեն դավաճան չեն հանի: Ինչո՞ւ այսօր երիտասարդ տղաները նախընտրեն այլընտրանքային ծառայությունը և կոյուղի մաքրեն, միայն թե բանակային ծառայության և հայրենիքի պաշտպանության մասին իրենց մոտ չխոսվի: Դրանով թշնամու ջրաղացին թող նրանք ջուր լցնեն: Հենց միայն այս փաստը պետք է սթափեցնի մեր իշխանություններին, որ այն անկախությամբ, որով նրանք պարծենում են, կարող են կորցնել, քանի որ իրենց երկրում պոտենցիալ օձեր են տաքացնում, ովքեր օրհասական  պահին զենք չեն վերցնի, ավելին՝ բանալիներն էլ կհանձնեն թշնամուն:

Եվս մեկ հարց. մեր ինչի՞ն է պետք մտքի, խղճի, դավանանքի ազատության մասին օրենքը: Այն, որ այսօր ես հայ քրիստոնյա եմ, իմ Առաքելական Սուրբ եկեղեցու շնորհիվ է, ոչ թե 18-19-րդ դարում բուսած աղանդավորականների: Ինչո՞ւ մեր երկիրը այնքան ուժ չունի, որ աղանդավորական կառույցների գործունեությունը արգելող օրենք ընդունի, չէ որ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկում` Ֆրանսիայում, կարող են աղանդավորների գործունեությունը արգելող օրենք ունենալ, մենք՝ ո՞չ: Այսքանից հետո միայն մի բան եմ հասկանում, հույսներս մեր իշխանության վրա դնելով, մենք մի օր էլ հայ ազգ չենք լինի, այլ՝ ինչ-որ ժողովուրդ: Ուստի, հայե՛ր, ուղղակի խնդրանք, եթե ձեր կողքին տեսնում եք որևէ աղանդավորական կառույց գնացող մարդու, բարի գո՛րծ արեք ու փորձե՛ք բացատրել, որ սխալ ուղուց հետ կանգնի, իսկ եթե չկարողանաք, եկեղեցի՛ տարեք, այնտեղ հաստատապես օգնող կգտնվի, իրենք չեն գիտակցում` ինչ են անում, իսկ մենք պատասխանատու ենք նրանց համար:

Թող Աստված բոլորին սթափ խելք ու միտք տա, հատկապես՝ իշխանավորներին, որ, ինչքան հնարավոր է, շուտ քայլեր ձեռնարկեն…

Մարիամ Թորոսյան, Քրիստինա Այվազյան
1/11/2014

2 մեկնաբանություն ԵՎ ԱՅՍՊԵՍ՝ ԴԵՊԻ Ո՞ՒՐ… հոդվածին

  1. Ալլա says:

    ԵՎ ԱՅՍՊԵՍ՝ ԴԵՊԻ Ո՞ՒՐ…
    Ասեմ. Ոմանք դեպի հավիտենական կյանք, ոմանք էլ դեպի հավիտենական կրակե լիճ: Այսպես է մեզ սովորեցնում դարերի միջով անցած, մեր հայրերի հավատարմության շնորհիվ մեզ հասած Աստվածաշունչ Սուրբ Մատյանը

  2. izabela says:

    Hoyakap hodvats er Es inks bazmativ angam xosel em ayd mardkants het vitchel batsatrel sakayn tsavok srti intchpes grum e hexinak@ haskatsel em vor irok bolori mot nuyn HATSI XNDIRN E Ays snkeri nman atchats axandneri dem irok petutyun@ paykariAyd mardik irok azgi davatchanner en ete nrank davatchanum en irents kronin intch tarberutyun musulman te axandavor….Sisianum irok chat vat e joxovrdi sotsial -tntesakan vitchak@ Aytexi gyuxer@ 100 tari het en@nkel barekirt aprelakerpits Srti tsavov es nayum ayntexi xelatsi taxandavor erexanerin voronk hnaravorutyun tchunen bardzraguyn krtutyun stanalu aha ayd e himnakan patchar@Apsos…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *