ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՒՄ Է… ՍՊԱՍՈՒՄԸ

Միշտ երկյուղով, սրդողած, ակնածանքով  եմ գրել զինվորի, հայոց բանակի զինվորի մասին, լինի` նահատակ, լինի` մարտիրոս, լինի` վիրավոր, լինի` ազատամարտիկ: Իմ կարծիքով, գրիչս ուժ է առել, ոգեպինդ ու ջերմաշունչ է դարձել զինվորի սրբազան կոչումից, դերից ու ազգային խորհրդանիշ լինելու իրողությունից:
…Հայոց բանակի զինվորը` հայրենիքի զինվորը:

Բայց ուրիշ բան է զոհված, նահատակ, քարե հուշամատյան ու խաչքար դարձած զինվորի մասին գրելը, ուրիշ բան` … անհայտ կորած զինվորի: Վերջերս ինձ բռնեցի «մեղքի» մեջ, որ լրագրողի, հիշատակողի, մեծարողի, խնկարկողի ու վավերագրողի իմ գրիչը «մեղավոր» է ազնվագույն, լուսապսակ, պայծառ մի երիտասարդի հանդեպ, որը նույնպես զինվոր էր, Ազատամարտի զինվորը, որին, սակայն, ո՛չ նահատակի ճակատագիրը բաժին ընկավ, ոչ` հաշմվածի, ոչ` զոհվածի, այլ` ճակատագրերից, թերեւս, ամենաանհասկանալին, անհայտություններից, թերեւս, ամենաանորոշը, դաժաններից, թերեւս, ծանրագույնը, անցանկալիներից, թերեւս, ամենաանցանկալին…անհայտ կորածի ծանր խաչ-բաժինը:
…Մեր շրջանի միակ անհայտ կորած ազատամարտիկի` լուսապայծառ երիտասարդ Կարեն Բախշյանի մասին ահա առաջին անգամ գրում եմ միայն նրա` անհայտ բացակայությունից 17 տարի անց: Իսկ նա… 24 տարեկան էր` ընդամենը:
Հոդվածը գրելիս եւ` ընդհանրապես, մտածեցի,որ, թերեւս պատահականություն չէ, որ նա արյունակիցն ու ազգակիցն է մեկ ուրիշ լուսապսակ նահատակի` Աղվանի, պատահականություն չէ, թերեւս, որ երկուսի ծննդյան վկայականներում էլ գողտրիկ ու փոքրիկ Լծեն գյուղը պիտի ծննդավայր գրառվեր: Եվ ուրեմն պատահական չէ, որ երկու սրբազան անունները գրեթե միաժամանակ ու մեկտեղ են հնչում նրանցից յուրաքանչյուրի մասին խոսելիս… մի տարբերությամբ, որ …Կարենը չունեցավ շիրիմ, շիրմաքար եւ նրա անունին դաջվեց-մնաց անհայտ կորածի խաչը: Նրանք երկուսով զավակներն էին գեղեցկադեմ երկու քույրերի` Ամալյա եւ Ծաղիկ Մարդյանների: «Ամալյան էնքան բախտավոր էր, որ զավակի մահը չտեսավ,- զրույցների ժամանակ այսպես է ասում Ծաղիկը ու ավելացնում,- Աստված կարծես քրոջս խնայեց ու նրա եւ իմ որդիների համար մորմոքելու անտանելի ցավը ինձ «բաժին» տվեց: Քույրս չէր դիմանա, քույրս ավելի զգայուն էր… Բա ես ո՞նց տարա էդ ցավերը, ո՞նց դիմացա ու ո՞նց եմ դիմանում, ճակատս պնդեց, դիմացա: Զավենն էլ ¥Կարենի հայրը) չդիմացավ, տղամարդ էր, բայց` չդիմացավ, ես կին տեղով ոնց դիմացա, երեւի ես ավելի ուժեղ եմ, որ դիմանում եմ»,-ինձ հետ, բայց կարծես ավելի շատ ինքն իր հետ է զրուցում Կարենի մայրը` Ծաղիկը, ու անընդհատ զարմանում իր հոգու ամրության, իր «ճակատի պնդության» վրա, որ էդքանից հետո դեռ դիմացել ու դիմանում է: Հետո դիմանալու, «ճակատը պնդացնելու» իր «հայտնագործությունն» է բացատրում ոչ այն է ինձ, ոչ այն է` իրեն, բացատրում է, որ դիմացել է, որովհետեւ…սպասում է, անվերջ, անդադար, անընդհատ սպասում է որդուն` Կարենին, եւ հույսն է ապրեցնում, որ մի օր…
Ախր` ոնց հավատա, որ Կարենը չկա. ոչ մարմինը գտան մարտի դաշտում, ոչ որեւէ հետք, իր ու ապացույց, ինչին հավատա, ինչու հավատա: Ասում է` նույնիսկ դաշտ գնալիս, բանջարի, մասուրի գնալիս միայնակ է գնում` հույսը, սպասումը սրտում, տագնապն ու հավատը սրտում, որ հեսա մի թփի, ծառի, քարի ետեւից հնարավոր է` Կարենը դուրս գա, եթե ինքը միայնակ չլինի, գուցե, խուսափի մոտենալ, փարվել իրեն, կամաչի…
Ու սպասումը գիշեր-ցերեկ չի հարցնում, քուն ու արթնություն չի հարցնում, սպասումը Ծաղիկի սիրո, հավատի, ապրելու անբաժան, անդավաճան, անքնին ուղեկիցն է` 17 տարի ու ձգվելու է այնքան, մինչեւ որ մի օր… Ծաղիկ մայրիկի թոռնիկները երդվելիս Կարեն հոպարի արեւով են երդվում, Կարեն որդին շարունակվում է Կարեն թոռան անվան մեջ, անգամ` մեկամյա թոռնուհին է զանազանում հոպարի լուսանկարը մնացած բոլոր լուսանկարների մեջ ու կռացած-խոնարհված է իր անուշիկ պաչիկը դրոշմում հոպարի լուսանկարին:
Կարենի մորը` Ծաղիկին, հանդիպեցինք Լծենում, իրենց տանը: Կարենի մասին մի առանձնակի սիրով ու ջերմությամբ է խոսում: Ասում է, որ շատ ազնիվ էր ու շատ ուղղամիտ, մինչեւ հոգու խորքը վիրավորվում էր, որ իրեն հանկարծ չէին հավատում, երբեք չէր խաբում ու չէր սիրում, որ իրեն խաբում են: Բայց «խաբեց», դաժանորեն «խաբեց» Կարենը, երբ 93-ի հունվարին, ինչ-որ գործեր պատրվակ բռնելով, գյուղից Սիսիան գնաց: Պատմում է, որ հետո են իմացել, որ գնացել է մորաքրոջ տղայի` Աշոտի մոտ, զինվորագրվելու եւ Ղարաբաղ գնալու, բայց Աշոտը ետ է ուղարկել նրան` մորաքրոջ լեզվից թուղթ պահանջելով: Կարենն էլ ոչ թե Լծեն է գնացել մոր «լեզվից թուղթ բերելու», այլ` ուղիղ Ղարաբաղ, Մարտակերտի դիրքեր եւ միացել ղարաբաղյան ջոկատին: Ղարաբաղում գտնվելու մասին լուրը հետո է հասել հարազատներին: Իսկ ապրիլի 20-ին ղարաբաղյան մի ջոկատի 9 ազատամարտիկների անհայտացման սահմռկեցուցիչ լուրը Սիսիան հասնելուց հետո են իմացել, թե Կարենը որ ջոկատի մեջ էր կռվում. 9-ից մեկի զենքն էին գտել, մեկի հագուստը, մնացած 7-ից` ոչ մի լուր, ոչ մի հետք…ու մինչ օրս…իսկ եղբայրները պատրաստվում էին տեսակցության գնալ նրան…
Մայրն ասում է, որ շատ են հետաքրքրվել, փնտրել, դիմել հնարավոր բոլոր կառույցներին, ո՛չ մի տեղեկություն, ո՛չ մի հետք: «Սկզբում ասացին` իբրեւ լքել են մարտի դաշտը, հավատս չեկավ,-ասում է Ծաղիկը,- Կարենից սպասելի չէր մնան բան, որովհետեւ երբ կռիվ գնալուց խոսք էր լինում, ասում էր` 3 եղբայր ենք, մեկն ու մեկս պիտի կռվին մասնակցենք: Ավագ եղբայրներին` Նաիրիին ու Գեղամին բացառում էր, որովհետեւ ամուսնացած էին, ընտանիքատեր, իրեն էր առաջ գցում, գիտեր` պատերազմը խաղ ու պար է: Ու բոլորի փոխարեն ինքը վճիռ կայացրեց: Ես գիտեի` պատերազմն ինչ է. 2 հորեղբայրներս եւ 2 քեռիներս զոհվել են Հայրենական մեծ պատերազմում, ու հայրս մինչեւ կյանքի վերջին օրը չմոռացավ այդ ցավը: Բայց սա ուրի՛շ պատերազմ էր. թուրքին զավակ տաս, հետո… ումի՞ց ուզես»,- շարումակում է Ծաղիկը:
Զրուցում եմ մորաքույր Ծաղիկի հետ եւ մտածում, թե նրա հայրը որքան ճիշտ, բնորոշ ու խոսուն անուն է ընտրել դստեր համար` Ծաղիկ: Գեղեցիկ, շատ գեղեցիկ կին է Ծաղիկը, 17 տարիների հուսավառ սպասումը աչքերի մեջ` ավելի գեղեցիկ ու առինքնող է դարձրել նրա տեսքը, խոսքը, զրույցը: Համակ մայրական ջերմություն ու գորովանք է հորդում նրա խռովյալ, բայց լուսաբույր սրտից, հույսն ու սպասումը ավելի են բյուրեղացրել նրա հոգին, ազնվացրել դիմագծերը` աստվածամոր պատկերի նման սքանչելի ու մեղմաբարո: Դեմքի արտահայտությունից, ձայնի երանգից, անգամ` միմիկայից համոզվում ես, թե որքան զորավոր է մի օր որդուն գտնելու` նրա հավատը, որքան ապրեցնող` հույսը, որքան նվիրական անգամ` մորմոքը: «Հա՛, լինում է, որ քրոջս երնեկ եմ տալիս, որ նահատակ որդին իր կողքին հանգչում է, էս ինչ տեսակ դաժան բան է, որ էդպիսի երնեկ էլ եմ տալիս, իմ տղային էլ բերեին, տային ինձ, տեսնեի, համոզվեի, հող ունենար, գերեզման ունենար, հողը մխիթարում է, հողը սփոփում է: Մեկ էլ` ինչ իմանաս, ասում եմ` լավ է, որ չկա, գուցե մի օր…Էս անորոշությունն էլ եմ սիրում, հույսս մեծացնում է, ապրեցնում… Կարենի անունով խաչքար կանգնեցրինք անտառում, մի աղբյուրի մոտ, բավականին գործ արեցինք, բայց կիսատ է մնացել, Զավենն էլ էր ասում` լավ է, որ կիսատ է մնացել, հենց ավարտենք, ինձ կթվա, որ հաշտվում ենք Կարենի չլինելու մտքի հետ, ու էս խաչքարը նրա գերեզմանաքարը կդառնա: Զավենը մահացավ` աչքը ճամփին: Գուցե այդ գործերի կիսատ մնալն էլ խորհուրդ ունի, չավարտեցինք, որ հույսը չսպառվի… Լավ է, որ կիսատ մնաց…Իմ հույսն է դրանից շատանում, իմ սպասումը` երկարում եւ …ձգվում դարից երկար…»:
Լծենի անտառի մի փոքրիկ, գողտրիկ բացատում մի աղբյուր կա, խաչքար կանգնեցրին աղբյուրի մոտ` Կարենի անունով: Տեղացիները, հյուրերը հաճախ են լինում Կարենի աղբյուրի մոտ, ու առաջին կենացը, որ հնչում է, Կարենի համար է հնչում, ու արշալույսի առաջին շողը, որ խաչքարին է ընկնում, Կարենի անվան տառերին է ընկնում, ու վերջալույսի վերջին շողքը Կարենի անվան տառերին է ընկնում, ու ապրում է Կարենի անունը` աղբյուրի, խաչքարի, անտառի անքուն խշշոցի ու մոր հավերժական սպասումի մեջ…
…Եվ դարից երկար ձգվում է …Սպասումը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Մեկ Արձագանքման ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՒՄ Է… ՍՊԱՍՈՒՄԸ համար

  1. zaven says:

    Արևհատի հրապարակումները միշտ էլ աչքի են ընկնում փաստերի առատությամբ, նկարագրական առինքնող ոճով, լիրիկայով և բազմաթիվ այլ առավելություններով։ Դրա համար էլ դյուրին ու հաճելի է դրանք ընթերցելը։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *